Ադրբեջանցի փորձագետի մեկնաբանությունը. ինչո՞ւ տեղի ունեցավ «մարտի կոտորածը» " />

Մի քանի հազար ադրբեջանցի է զոհվել Բաքվում ուղիղ հարյուր տարի առաջ

Ադրբեջանցի փորձագետի մեկնաբանությունը. ինչո՞ւ տեղի ունեցավ «մարտի կոտորածը»

Մարտի 31-ին լրանում է Բաքվում տեղի ունեցած «մարտի կոտորածի» հարյուրամյա տարելիցը: 1998թ-ից այդ իրադարձություններն Ադրբեջանում պաշտոնապես կոչվում են «ադրբեջանցիների ցեղասպանություն»:

1918թ-ի մարտի 31-ին Բաքվում սպանվել է, ըստ տարբեր գնահատականների, 3-ից 12 հազար խաղաղ բնակիչ՝ հիմնականում ադրբեջանցիներ: Աղբյուրների մեծ մասը համակարծիք է, որ նրանք հիմնականում «մուսուլմաններ» են եղել, ինչպես այն ժամանակ անվանում էին ադրբեջանցիներին:

Խորհրդային պատմագրությունը պնդում է, որ 1918թ-ի մարտ-ապրիլի իրադարձությունները քաղաքացիական պատերազմի մարտեր էին նախկին Ռուսական կայսրության տարածքում, որոնք տևել են 1918-ից մինչև 1922թթ-ը:

Այդ իրադարձությունների ուսումնասիրությունը դժվարանում է մի քանի գործոնի պատճառով: Առաջին հերթին, աղբյուրների տեղեկատվությունը հաճախ տարբերվում է իրարից, այնպես որ, միևնույն իրադարձության մի քանի վարկած է ստացվում, և այդ վարկածները հաճախ հակասում են միմյանց: Երկրորդ հերթին, աղբյուրները տարբեր կերպ են մեկնաբանում իրադարձությունները:

Երրորդ հերթին, Բաքվի քաղաքական կյանքում 1918թ-ին ամեն ինչ այդքան հեշտ չէր. այնքան կուսակցություններ, շարժումներ, էթնիկ խմբեր կային, որ հաճախ դժվար էր որոշակիորեն ասել, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել հայերի և ադրբեջանցիների կամ ինչ-որ երկու կուսակցությունների միջև. յուրաքանչյուր կուսակցության ներսում կարող էին լինել տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ, իսկ էթնիկ խմբի ներսում՝ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Առանձին խումբ էին կազմում կարևոր հասարակական ֆիգուրները, կրոնական կամ արհեստակցական միությունները. այդ ամենը միասին կազմում էր այն ժամանակվա Բաքվի յուրօրինակ խճանկարը:

Բաքուն 1918թ-ին, Իչերիշեհեր

Քաղաքական համատեքստը Բաքվում 1918թ-ին

Մինչև 1918թ-ն Ադրբեջանն 90 տարի գտնվում էր Ռուսական կայսրության կազմում: Եվ երբ 1917թ-ի նոյեմբերին Ռուսաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, և իշխանության եկան բոլշևիկներն, Ադրբեջանում «իշխանության որոշակի վակուում» առաջացավ:

Իրականում դա նշանակում էր միանգամից մի քանի իշխանությունների և իշխանության հասնելու հավակնություններ ունեցող խմբերի մրցակցություն:

Փաստացի երկու իշխանական կառույց կար: Դրանցից մեկը կոչվում էր «Բանվորների, զինվորների և նավաստիների պատգամավորների Բաքվի խորհուրդ», որն ուներ Գործադիր կոմիտե, կամ, ինչպես այն բոլորն էին անվանում, «Գործկոմը» որպես գործադիր մարմին, և այն տեղակայված էր Բաքվում: Մյուսը կոչվում էր «Անդրկովկասյան սեյմ», և դրա կենտրոնը գտնվում էր Թիֆլիսում, ինչպես այն ժամանակ անվանում էին ներկայիս Թբիլիսին:

Բաքվում այն ժամանակ մոտ 400 հազար մարդ էր բնակվում, և քաղաքի ամենամեծ էթնիկ խմբերն էին ադրբեջանցիները (մոտ 183 հազար մարդ), ռուսները (մոտ 95 հազար) և հայերը (մոտ 88 հազար):

Էթնիկ համայնքներին ներկայացնում էին երկու կոմիտե, դրանք նման էին ավագանիների. Բաքվի հայկական բնակչությունը ենթարկվում էր Հայ ազգային կոմիտեին, իսկ մուսուլմանները՝ Մուսուլմանական հասարակական կազմակերպությունների Բաքվի կոմիտեին:

Միաժամանակ շատ ազդեցիկ էր Բաքվում նաև հայկական «Դաշնակցություն» կուսակցությունը [հայկական ազգային կուսակցություն – JAMnews]: Մուսուլմանների շրջանում, իր հերթին, շատ հայտնի էր «Մուսավաթ» («Հավասարություն») կուսակցությունը, որը պայքարում էր խորհրդային Ռուսաստանին Ադրբեջանի ենթարկվելու դեմ:

Քաղաքական ճգնաժանը ստեղծվել էր ոչ միայն այս բոլոր (և մի քանի այլ) կուսակցությունների և կազմակերպությունների առկայության պատճառով, այլ, առաջին հերթին, այն պատճառով, որ դրանք բոլորն ակտիվորեն պայքարում էին յուրաքանչյուր իշխանական կառույցի ներսում ազդեցություն ձեռք բերելու համար:

Ամեն ինչ սկսվեց «ռուսական ռուլետկայից»

Քաղաքականից բացի Բաքվում նաև պարենային ճգնաժամ սկսվեց: Սնունդը չէր հերիքում, քաղաքում լարվածությունն աճում էր, և լուրեր էին պտտվում, որ ամբողջ պարենը «քրիստոնյա զինվորականներին է բաժին ընկնում»:

Ավարատվում էր առաջին համաշխարհային պատերազմը, ռուսական կայսրության բանակի զորքերը վերադառնում էին ճակատից, այդ թվում, Բաքվի նավահանգստով: Այդ պատճառով 2018 թ. գարնանը շատ ռուս և հայ զինվորներ էին գտնվում Բաքվում [Ռուսաստանի կայսրությունում մահմեդականները չէւն զորակոչվում`JAMnews]:

Բաքվում այդ օրերին ճակատից վերադարձող զորքեր կային՝ Ռուսական կայսրության նախկին բանակը՝ ռուսներն ու հայերը: Մուսուլմաններին սկզբունքորեն չէր կարելի ծառայել ռուսական բանակում, նրանց չէին զորակոչում: Մուսուլման զինվորականներն՝ այսպես կոչված «վայրի դիվիզիան», կամավորներ էին և նույնպես մասնակցել էին Առաջին աշխարհամարտին: «Վայրի դիվիզիայի» 120 հոգանոց ջոկատը տեղակայվել էր երկրի հարավում՝ Լենքորան քաղաքում:

Սպաները ձանձրանում էին: Եվ ահա հիշեցին «ռուսական ռուլետկայի» մասին:

Սպաների թվում էին ադրբեջանցի խոշոր արդյունաբերողների երեխաները: Նրանք նոր էին Լենքորանից վռնդել ռուս բոլշևիկներին: Սպաները ձանձրանում էին: Եվ ահա նրանք հիշում են «ռուսական ռուլետկայի» մասին:

Ատրճանակը լիցքավորվում է մեկ փամփուշտով, որից հետո թմբուկը մի քանի անգամ պտտեցվում է այնպես, որ խաղացողները չիմանան, թե որտեղ է փամփուշտը: Դրանից հետո խաղացողները հերթով բախտն են փորձում՝ կրակելով իրենց գլխին:

Երկրի խոշորագույն արդյունաբերողներից մեկի՝ Հաջի Զեյնալաբդին Թագիևի որդի Մամեդի բախտն այդ ժամանակ չէր բերել:

Հաջորդ օրը մուսուլմանական դիվիզիայի 15-20 սպա «Էվելինա» շոգենավով Բաքու են մեկնում Մամեդ Թագիևին հայրենի հողում թաղելու համար:

Հաջի Զեյնալաբդին Թագիևը ոչ միայն խոշոր արդյունաբերող էր, այլ նաև հայտնի բարերար և լուսավորիչ, նրան «ժողովրդի հայր» էին անվանում:

 

Թ

աղումից 3 օր անց՝ մարտի 29-ին սպաները որոշում են Լենքորան վերադառնալ: Կառատույցում նրանք պատահականորեն հանդիպում են բոլշևիկների ջոկատին: Այնտեղ ոմն Շևկունով է լինում, որին դրանից երկու շաբաթ առաջ «մուսուլմանական դիվիզիան» ստիպել էր փախչել Լենքորանից: Նա սպաների մեջ ճանաչում է իրեն նեղացնողներին, և ընդհարում է տեղի ունենում, որից հետո սպաներին թույլ չեն տալիս մեկնել: Նրանք գնում են Գործադիր կոմիտե պարզելու, թե պատճառը որն է, և այդ ժամանակ նրանց գնդակահարում են: Սպաներին զինաթափում են:

Մուսուլմանները բողոքում են

Դրանից հետո Բաքվում սկսվում են մուսուլման բնակչության ցույցերը. մարդիկ պահանջում էին «մուսուլմանական դիվիզիայի» սպաներին վերադարձնել զենքը:

Մարտի 30-ի առավոտյան ժամը 9-ի կողմերը Բաքվի բոլոր շուկաները փակվել էին, մուսուլմաններն ու հայերն իրենց թաղամասերի շուրջ սկսում են խրամատներ փորել: Քաղաքում զինված պարեկներ են հայտնվում: Չնայած դրան՝ երկու կողմերը փորձում են հարցին խաղաղ լուծում տալ: Բանակցություններ են վարվում Բաքխորհրդի Գործկոմի և մուսուլման պատվիրակների միջև:

Հաջողվում է մուսուլմաններին զենք վերադարձնելու պլան մշակել, որին կողմ են արտահայտվում նաև հայկական համայնքի ներկայացուցիչները:

Չնայած բոլոր ճիգերին՝ Բաքվում գրեթե միանգամից հրաձգություն է սկսվում:

«Իսմայիլիա» շենքը կառուցել է վաճառական Մուսա Նագիևն ի հիշատակ իր զոհված որդու՝ Իսմայիլի: Այն ժամանակ այս շենքում էր տեղակայվում Մուսուլմանական բարեգործական ընկերությունն, իսկ հիմա՝ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պրեզիդիումը: 1918թ-ի իրադարձությունների ժամանակ այն հրդեհվել էր:

Ո՞վ առաջինը սկսեց

Երեկոյան 5-ի մոտ Բաքվի ծայրամասերում անսպասելիորեն կրակոցներ հնչեցին, և մեկ ժամվա ընթացքում մարտերը համակեցին ամբողջ քաղաքը: Դրանք ընթանում էին մուսուլմանական և հայկական թաղամասերի սահմանների երկայնքով:

Այն ժամանակվա խոշորագույն մուսուլման գործիչներից մեկը՝ Անդրկովկասի մուսուլմանական ազգային խորհրդի ղեկավար Ալի-Մարդան Թոփչիբաշևը հիշում էր, որ քաղաքում նա առաջին կրակոցները լսել էր մարտի 30-ի երեկոյան ժամը 17-17.30-ի սահմաններում:

Անդրկովկասի մուսուլմանական ազգային խորհրդի ղեկավար Ալի-Մարդան Թոփչիբաշևը

Ականատեսների վկայություններն այն մասին, թե ով է առաջնը սկսել կրակել, արմատապես տարբերվում են: Բոլոր կողմերը միմյանց են մեղադրում:

Ականատեսների մեծ մասն այն կարիծիքին է, որ հրաձգությունը շարունակվել է ողջ գիշեր: Բոլշևիկները կրակում էին այն տների ուղղությամբ, որտեղ թաքնվում էին «մուսավաթականները»: Նրանք պատասխանում էին: Հաջորդ առավոտյան բոլշևիկներին են միանում դաշնակները, և այն, ինչ բոլշևիկները մարտեր էին անվանում, սկսում է կրել ազգային հատկանիշով սպանդի բնույթ:

Հրաձգությունը դադարեցնելու քաղաքական առաջնորդների փորձերն ապարդյուն էին: Հանդիպումները ձախողվում էին, քանի որ պատվիրակները չէին կարողանում հանդիպման վայր հասնել մշտական կրակոցների պատճառով:

Հրաձգության մեկնարկից մեկ օր անց քաղաքում իրավիճակն արդեն չէին վերահսկում նույնիսկ բոլշևիկները:

Մարտերի մեկնարկից անմիջապես հետո Բաքխորհրդի Գործկոմը Հեղափոխական պաշտպանության կոմիտե է ստեղծում և մարտերի ժամանակահատվածում իշխանությունը փոխանցվում է նրան: Դրա կազմում էին Բաքվի խորհրդում ներկայացված առանցքային կուսակցությունների առաջնորդները: Այն գլխավորում է բոլշևիկ Ստեփան Շահումյանը:

Ստեփան Շահումյանը՝ Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահը

Ապրիլի 1-ին

Թոփչիբաշևը, որը փաստացի ներկայացնում էր մուսուլմանական համայնքը, հաջողացնում է հեռախոսով խոսել Շահումյանի հետ: Նրանցից պահանջում են մուսուլմաններից կազմված խաղաղ պատվիրակություն արագ կազմավորել: Մինչև ցերեկը ժամը 12-ը ժամանակ է տրվում Գործկոմի շենք հասնելու համար: Քաղաքում տեղի ունեցող դեպքերի պատճառով հասնում են միայն երեկոյան 5-ին: Նիստը բացվում է 5:30:

Այն բացում է բոլշևիկ Պրոկոֆի Ջափարիձեն՝ Բաքխորհրդի նախագահը.

«Ես երբեք այս ձևով և այս իրավիճակում ստիպված չեմ եղել ժողով հրավիրել: Սակայն ստիպված եմ համակերպվել փաստի հետ: Այս պատերազմը մենք չենք սկսել: Մենք ստիպված էինք ընդունել մեզ նետված մարտահրավերը, քանի որ չէինք կարող համաձայնել Խորհրդային իշխանության տապալման հետ»:

Այնուհետև կարդում են Խորհրդային իշխանության վերջնագիրը.

  • Ճանաչել խորհրդային իշխանությունը,
  • քաղաքից դուրս բերել և մուսուլմանական, և հայկական զորամասերը,
  • տարածաշրջանում երկաթուղու աշխատանքների վերականգնման համար միջոցներ ձեռնարկել:

Մուսուլման առաջնորդներն ընդունում են այդ պայմանները:

Ժողովին մասնակցածներից ընտրվում է 5-հոգանոց բազմազգ պատվիրակություն: Նրանք սպիտակ դրոշով քաղաք են մեկնում, որպեսզի հաղորդեն ձեռք բերված խաղաղության մասին: Սակայն չեն հասցնում դա անել: Նրանց գնդակահարում են, և այդպես էլ չի պարզվում, թե ով է դա արել: Կենդանի է մնում այդ խմբի միայն մեկ մասնակից՝ Հաջի Մոլլա Ջավադը:

Ապրիլի 1-ի երեկոյան իրավիճակը վատթարանում է: Դաշնակները քաղաքում լուրեր են տարածում, թե իբր քաղաքի հին հատվածում՝ Իչերիշեհերում մուսուլմանները թալանում և սպանում են ռուսներին:

Իչերիշեհեր

 

Այդ լուրերին ի պատասխան Կասպյան նավատորմի ռուս նավաստիները, որը գտնվում էր Բաքվի նավահանգստում դեռևս Ռուսական կայսրության ժամանակներից, կրակ են բացում Իչերիշեհերի ուղղությամբ: Հետո նրանք որոշում են այնուամենայնիվ պատվիրակություն ուղարկել այնտեղ: Պատվիրակությունը համոզվում է, որ «240 քրիստոնյա տղամարդ, կին և երեխա (այդ թվում՝ բազմաթիվ հայեր) գտվում են…անվտանգության մեջ»:

Երեք ժամ անց, սակայն, նրանք ստիպված են լինում վերադառնալ, քանի որ նոր հաղորդագրություններ են ստացվում, թե «իբր Ամրոցից իրենց հեռանալուց հետո մուսուլմանները կոտորել են բոլոր քրիստոնյաներին»:

Պատվիրակությունը կրկին համոզվում է, որ քրիստոնյաներին ոչինչ չի սպառնում և բոլոր խոսակցությունները դադարեցնելու համար ամրոցի մուտքի մոտ 20 նավաստի է կանգնեցվում:

Հաջորդ օրը՝ ապրիլի 2-ին, քաղաքը սկսում է ուշքի գալ: Փողոցներից սկսում են հավաքել դիերը, զննել այրված շենքերը:

Պարսիկ հյուպատոս Մոհամեդ Սայիդ Մարագային իր հիշողություններում գրում էր, որ միայն ինքն իր մարդկանցով փողոցներից և բակերից հավաքել է ավելի քան 5 հազար մուսուլմանի մարմին:

Հետևանքները

Այդ իրադարձությունների հետևանքները իրադարձությունների տարբեր մասնակիցներ տարբեր կերպ էին նկարագրում:

Բոլշևիկ Ստեփան Շահումյանը գրում էր.

«Մարտերի արդյունքները մեզ համար փայլուն են: Հակառակորդն ամբողջապես ջախջախվեց: Մենք նրանց պայմաններ թելադրեցինք, որոնք առանց առարկության ստորագրվեցին: Սպանվածները երկու կողմից էլ մոտ երեք հազար հոգի են… [Դաշնակների զորքերի] մասնակցությունը քաղաքացիական պատերազմին մասամբ ազգային ջարդերի բնույթ հաղորդեց, սակայն դրանից հնարավոր չէր խուսափել: Մենք գիտակցաբար էինք դրան գնում: Մուսուլմանական աղքատ զանգվածն ուժեղ տուժեց, սակայն այն այժմ համախմբվում է բոլշևիկների և Խորհրդի շուրջ»:

«Մուսավաթ» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Մամեդ Էմին Ռասուլզադեն, արամտապես այլ իրավիճակ էր տեսնում.

«Անդրկովկասին վտանգ է սպառնում ոչ թե հարավից, որտեղ թուրքական զորքերն են, այլ Հյուսիսից: Մեզ վրա այնտեղից են հարձակվում հրով ու թրով… Պետք է բոլոր միջոցներով դեմ դուրս գալ բոլշևիկներին, հյուսիսի գրոհին»:

Բաքվում Մեծ Բրիտանիայի հյուպատոս Ռոնալդ Մաքդոնելը գրում էր.

«Ժամանակին ես ցույց էի անում Հայ ազգային խորհրդի առջև և հիմա էլ պնդում եմ, որ նրանք իրենց պատմության մեջ ամենամեծ սխալը թույլ տվեցին, երբ աջակցեցին բոլշևիկներին՝ ընդդդեմ մուսուլմանների: Այդ քաղաքականության համար ամբողջ մեղքը պետք է դնել «Դաշնակցություն» հայկական քաղաքական կազմակերպության վրա»:

Բաքվում Պարսկաստանի հյուպատոս Մոհամեդ Սայեդ Վեզարե Մարագեին այդ իրադարձությունները որակել է որպես տեղական մուսուլման բնակչության ազգային կոտորած, որը սադրել էին հայկական զինված ուժերը:

Այս բոլոր իրադարձությունները հանգեցրին Բաքվում բոլշևիկների դիրքերի ուժեղացմանը, ինչը նրանց թույլ տվեց երեք շաբաթ անց ստեղծել Բաքվի կոմունան և բաքվում Խորհրդային Ռուսաստանի քաղաքականությունն իրականացնել: Սակայն մարտի կոտորածը նրանց նաև վատ ծառայություն մատուցեց. նրանք զրկվեցին շրջանների աջակցությունից:


Կարդալ ավելին JAMnews-ում