Հայաստանի փոքր բնակավայրերի դպրոցները պետք է փրկե՞լ, թե՞ փակել։ Դեռ պարզ չէ, թե ինչ կլինի։ Փորձագետի, մանկավարժի ու դպրոցի տնօրենի կարծիքը" />

3 դասարան մեկ սենյակում․ երեխաները ուրախ են, ուսուցիչները՝ մոլորված

Հայաստանի փոքր բնակավայրերի դպրոցները պետք է փրկե՞լ, թե՞ փակել։ Դեռ պարզ չէ, թե ինչ կլինի։ Փորձագետի, մանկավարժի ու դպրոցի տնօրենի կարծիքը

դպրոց, փոքր դասարան, կոմպլեկտավորված դասարան, բարեփոխում, школа, маленький класс, укомплектованный класс, реформы

Հայաստանում գործում է 1410 դպրոց, որտեղ սովորում է 387 135 աշակերտ և դասավանդում է 31 708 ուսուցիչ։

Այս թվերի մեջ ներառված են նաև փոքր գյուղերի դպրոցները, որտեղ մինչև տասը աշակերտ կա։ Նախորդ կառավարության օրոք ավելի քան տասը նման դպրոց փակվեց։ Այն ժամանակ ավելի նպատակահարմար են համարել գումար ծախսել ավելի մեծ դպրոցների վրա, իսկ փոքր բնակավայրերից երեխաներին մեքենաներով կամ ավտոբուսներով բերել այդ դպրոցները, ինչը մեծ գումար չէր պահանջում։

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները՝ հեռավոր գյուղերում

Հայաստանի դպրոցներում և մանկապարտեզներում բացակայում են տարրական հիգիենայի պայմանները

2018թ․իշխանափոխությունից հետո նոր կրթության նախարարը խոստացավ այլ մոտեցում ցուցաբերել։ Արայիկ Հարությունը հայտարարեց, որ փոքր բնակավայրերի դպրոցները կպահպանվեն։ Այդ նպատակով մտադրություն կար մեկ հարկի տակ միացնել դրանք մանկապարտեզների, գրադարանների և մշակույթի տների հետ, այդպիսով կրճատելով շահագործման ընդհանուր ծախսերը։

Պատմում ենք այդ փոքր դպրոցների շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Ուսուցիչների թիվը գերազանցում է աշակետների քանակը

Հայաստանում 35 դպրոց կա, որտեղ սովորում է մինչև 10 աշակերտ։

Կան դպրոցներ, որտեղ ընդամենը մեկ աշակերտ է սովորում։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Գեղաքար և Շիրակի մարզի Շաղիկ համայնքներում։ Գեղաքարի դպրոցի մի աշակերտին դասավանդում է 2 ուսուցիչ, իսկ Շաղիկի դպրոցի միակ աշակերտն ունի 3 ուսուցիչ։

Կոմպլեկտավորված դասարանի աշակերտները։ Լուսանկարը՝ JAMnews

Սյունիքի մարզի 35 դպրոցներից 8-ում սովորում են մոտավորապես տասը կամ ավելի քիչ աշակերտ։ Սրանցից ամենաքիչ աշակերտներով դպրոցն Ագարակ գյուղում է։ Այստեղ սովորում է ընդամենը 2 աշակերտ, որոնց դասավանդում է 3 ուսուցիչ։ Բայց այս դպրոցն ունի և 4 աշխատակից: Այսինքն 7 հոգի աշխատում են այդ երկու աշակերտի համար։

Առավել տխուր վիճակ է Շիրակի մարզի Աշոցքի տարրական դպրոցում։ Այստեղ սովորում է երկու աշակերտ, որոնք ունեն ընդամենը մեկ ուսուցիչ։

Կոմպլեկտավորված դասարաններ և այլ խնդիրներ

Իրավիճակին լուծում տալու նպատակով հանրապետության շատ գյուղերի դպրոցներում փոքրաթիվ աշակերտներով դասարանները միավորում են, ստեղծելով կոմպլեկտավորված դասարաններ։ Օրինակ, 5-րդ և 6-րդ դասարանցիները միասին են սովորում։

Փոքր դպրոցները գրավիչ չեն ուսուցիչների համար, քանի որ դասաժամերը քիչ են, աշխատավարձը՝ ցածր։ Այդ պատճառով դրանք ունեն նաև մասնագետների խնդիր, և եղած ուսուցիչները մի քանի առարկա են դասավանդում։

Փորձագետի կարծիքը

Կրթության ոլորտի փորձագետ Մարինա Գալստյանն ասում է, որ փոքր դպրոցներում դասարանները կոմպլեկտավորում են ռեսուրսների օպիմալ ծախսման նպատակով, բայց այդպիսով ավելին են կորցնում՝ դասավանդման որակը:

Նա հատկապես սխալ է համարում տարրական դասարանների կոմպլեկտավորումը, որոնց խնդիրն է աշակերտներին ինքնուրույն հանձնարարություն կատարելու հմտություններ հաղորդել, կրթության հիմք դնել:

Սևաբերդ գյուղի դպրուցում։ Լուսանկարը՝ JAMnews

Փորձագետը համարում է, որ կոմպլեկտավորված դասարանների գոյությունը հակասում է երեխաների կրթություն ստանալու իրավունքին․

«Ինչո՞ւ պետք է գյուղի աշակերտը տուժի այն պատճառով, որ այդ բնակավայրում իր տարիքի երեխա չկա։ Կրթության իրավունքի տեսանկյունից բազմակոմպլեկտ դասարանները պետք է բացառել։ Եթե մեկ երեխա կա մի դասարանում, նրա հետ առանձին է պետք պարապել։

Ես նաև դեմ եմ դպրոցը փակելուն և երեխաներին այլ հաստատություն տեղափոխելուն, քանի որ կրթօջախը փակելու դեպքում տուժում է համայնքը։ Որովհետև դպրոցը միայն կրթական միավոր չէ, այլ նաև որոշակի ռեսուրս է գյուղի համար։ Նույնիսկ կարող եմ ասել՝ դպրոցն է գյուղը պահում»։

Ինչ են ասում երեխաները

«Դասերն արագ գրում ենք, որ խաղալիքներով խաղանք», – ասում է Սևաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի երկրորդ դասարանի աշակերտ Արծրուն Վարդանյանը։

Արծրունը դասարանում։ Լուսանկարը՝ JAMnews

Արծրունն ու Թեհմինե Դրբոյանը դպրոցի երկրորդ դասարանցիներն են, ուրիշ երկրորդ դասարանցիներ չկան։ Նրանք սովորում են կոմպլեկտավորված դասարանում՝ առաջին և չորրորդ դասարանի աշակերտների հետ։ Նրանց դասարանում մի սեղան է հատկացված:

Արծրունն ուրախ է․քանի որ դասարանում այլ աշակերտներ կան, ուսուցիչն իր հետ դաս անելու շատ ժամանակ չի ունենում: Ասում է նաև, որ արդեն սովոր է մեծ դասարանում սովորելուն, չի ցանկանում ինքն ու Թեհմինեն առանձին դասարանում սովորեն։ Չնայած տարիքային տարբերությանը, կոմպլեկտավորված դասարանի բոլոր աշակերտներն ընկերացել են։

Թեհմինեն ու Արծրունը։ Լուսանկարը՝ JAMnews

Թեհմինեն ու Արծրունը երազում են բժիշկ դառնալ։ Իսկ հիմա նրանց ամենամեծ ցանկությունն է, որ շատ ազատ ժամանակ ունենան ու խաղան։

«Որ ավելի մեծ դպրոցում սովորեի, լիքը կխաղայի», – թյուր տպավորություն ունի Արծրունը։

Սևաբերդի դպրոցի մասին

Դպրոցն ունի 19 աշակերտ՝ 5 դասարան։ Կոմպելեկտավորված են նաև 6-րդ և 8-րդ դասարանները, 11-րդ ու 12-րդ դասարանները: Միայն 9-րդ և 10-րդ դասարաններն են առանձին սովորում։ Դպրոցը չունի 3-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններ։

Դպրոցը գտնվում է Կոտայքի մարզում։ Հիմնադրվել է 1956 թվականին։

Դպրոցն ուսուցիչների պակաս էլ ունի։ Դրա համար ամեն մասնագետ մի քանի առարկա է դասավանդում, օրինակ՝ քիմիա և ֆիզկուլտուրա, տեխնոլոգիա և հասարակագիտություն։

Սևաբերդի դպրոցի բոլոր դասարանների աշակերտները։ Լուսանկարտ՝ JAMnews

Ուսուցիչը համարում է կոմպլեկտավորումը «անարդյունավետ»

Սևաբերդի եռակոմպլեկտ դասարանի ուսուցիչ Անուշ Հովհաննիսյանը չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը․

«Մի խոսքով կնկարագրեմ այս իրավիճակը՝ անարդյունավետ։ Աշակերտը տուժում է միանշանակ։ Առաջին դասարանում տառ, թիվ, մասնիկ եմ սովորեցնում, չորրորդ դասարանը քննական է, պետք է քննության համար պարապենք։

Մոլորված եմ։ Երկկոմպլեկտը դեռ ոչինչ, եռակոմպլեկտն անհասկանալի է։ Ես էլ եմ դժվարանում. ռոբոտի աշխատանք ես կատարում։ Պետք է հիշես՝ ում, ինչ տվեցիր, որ պահին ում մոտենաս, ոչ մեկին ազատ չպետք է թողնես։ Միաժամանակ երեք դասարանի հետ աշխատելն անհնար է»։

Անուշ Հովհաննիսյանը եռակոմպլեկտ դասարանում։ Լուսանկարը՝ JAMnews

Ուսոցչուհին պնդում է, որ լավագույն լուծումը երեխաներին առանձին դասարաններում սովորելու հնարավորություն ապահովելն է։ Կարծում է, որ այդ դեպքում երեխաների կրթության որակը տեսանելի կլինի։

Տնօրենի պատասխանը

«Քանի որ դպրոցի աշակերտների թիվը քիչ է և դպրոցի ֆինանսավորումը տեղի է ունենում աշակերտների թվով, դրա համար էլ, եթե կոմպլեկտավորում չլինի, աշխատողներին չենք կարողանա աշխատավարձ վճարել։ Գումարը շատ քիչ կլինի:

Իդեալական կրթություն է, երբ մեկ ուսուցիչը մեկ աշակերտի դասավանդի, ինչպես լինում է անհատական պարապմունքների ժամանակ։ Բայց հասկանալի է, որ դպրոցն այդքան ֆինանսական միջոցներ չունի։ Իմ կարծիքով, եթե ուսուցիչը կարողանա ճիշտ խմբային մեթոդներ կիրառի, կարող է կոմպլեկտավորված դասարանում պարապելը արդյունավետ դարձնել», – ասում է Սևաբերդի միջնակարգ դպրոցի տնօրեն Էդգար Նիկողոսյանը։

Նա էլ է կարծում, «եթե դպրոցը պահենք, կկարողանանք գյուղն ու համայնքը պահել»։ Ասում է նաև, որ երեխաները մեծ սիրով են գալիս դպրոց, որովհետև սա իրենց միակ գնալու տեղն է։

Աշակերտներին ավելի շատ գիտելիք ապահովելու նպատակով, տնօրենը նախատեսում է համագործակցել այլ դպրոցների հետ, որպեսզի աշակերտները հեռավար ուսուցման մեթոդով մասնակցեն այլ դպրոցների բաց դասերին։

Կրթության նախարարությունն էլ է կողմ ներդնել այսպես կոչված «հեռավար ուսուցման մոդելը»։ Այն ենթադրում է, որ մեծ կրթօջախների ուսուցիչներն առցանց դասեր կանցկացնեն բոլոր գյուղական դպրոցների համար, որոնք ունեն դրա կարիքը։


Կարդալ ավելին JAMnews-ում