25-ամյա անկախություն

Վրաստանը հոբելյար է

25 տարի առաջ նախկին խորհրդային հանրապետություն Վրաստանը հայտարարեց իր անկախացման մասին: Ի՞նչ ճանապարհ է այն անցել այս տարիների ընթացքում: Հիշենք Վրաստանի նորագույն պատմության կարևորագույն տարեթվերը:

1991թ. մարտի 31

Համաժողովրդական հանրաքվեի «Համաձա՞յն եք արդյոք, որ 1918թ-ի մայիսի 26-ի ակտի հիման վրա վերականգնվի Վրաստանի պետական անկախությունը» հարցին քվեարկելու իրավունք ունեցող բնակչության 98%-ը դրական պատասխան է տվել: 1991թ-ի ապրիլի 9-ին հանրաքվեի արդյունքների հիման վրա Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի պետական անկախության վերականգնման մասին:

1991թ. մայիսի 26

Անկախ Վրաստանն ընտրեց առաջին նախագահին: Դա Ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկն էր՝ 52-ամյա Զվիադ Գամսախուրդիան:

Զվիադ Գամսախուրդիա: Լուսանկարը՝ Էլեֆտեր Լապաչիի

1991 թ. դեկտեմբերի 22

Թբիլիսիում քաղաքացիական պատերազմ սկսվեց: Գամսախուրդիայի ղեկավարած իշխանության ու ըմբոստացած զինվորականների և քաղաքական գործիչների միջև դիմակայությունը հանգեցրեց զոհերի և ավերածությունների: Թբիլիսիի կենտրոնով տանկեր էին շրջում, լսվում էին արկերի պայթյուններ: Ավելի ուշ քաղաքական դիմակայության էպիկենտրոնը տեղափոխվեց Սամեգրելո: Պատերազմն ավարտվեց գործող իշխանության տապալմամբ և երկրից Վրաստանի նախագահ Գամսախուրդիայի վտարմամբ: Երկիրը գլխավորեց «Ռազմական խորհուրդը»: Քաղաքացիական պատերազմը շարունակվում էր երկու տարի:

Թբիլիսյան պատերազմ, 1992թ: Լուսանկարը՝ Ջեմալ Կասրաձեի

1992թ. մարտի 7

«Ռազմական խորհրդի» հրավերով Մոսկվայից Վրաստան ժամանեց Էդուարդ Շեվարդնաձեն, ով հետագայում (1995թ-ի նոյեմբերին) դարձավ երկրի երկրորդ նախագահը: Շեվարդնաձեն փաստացի երկիրը ղեկավարեց 11 տարի:

Էդուարդ Շեվարդնաձեն, 1992թ: Լուսանկարը՝ Էլեֆտեր Լապաչիի

1992թ. օգոստոսի 14

Աբխազիայում ռազմական գործողություններ սկսվեցին: ԽՍՀՄ փլուզումից հետո Աբխազիայում և Հարավային Օսիայում անկառավարելի գործընթացներ էին տեղի ունենում, որոնք ձեռնտու էին Ռուսաստանին: Այս տարածաշրջանները պահանջում էին առանձնացում Վրաստանից: Ռազմական գործողությունները սկզբում սկսվեցին Հարավային Օսիայում (1990թ.), ավելի ուշ՝ Աբխազիայում: Աբխազական պատերազմը շարունակվում էր 13 ամիս և ավարտվեց Աբխազիայի անկախության հռչակմամաբ: Ոչ Աբխազիայի, ոչ էլ Հարավային Օսիայի անկախությունը չի ճանաչվել Թբիլիսիի և նրա միջազգային գործընկերների կողմից: Աբխազական և հարավօսական պատերազմի արդյունքում զոհվել են հազարավոր մարդիկ: Տարբեր ժամանակահատվածների կոնֆլիկտների արդյունքում ընդհանուր առմամբ մոտ 250 հազար էթնիկ վրացի ճանաչվել է բռնի տեղահանված և փախստական:

Օչամչիր, 1992թ. Լուսանկարը՝ Ջեմալ Սիրբիլաձեի

1995թ. օգոստոսի 24

Վրաստանի խորհրդարանն ընդունեց Սահմանադրությունը:

1999 թ.

Վրաստանը դարձավ Եվրախորհրդի լիիրավ անդամ: «Ես վրացի եմ, այդ պատճառով էլ եվրոպացի եմ», – այս խոսքերը Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան արտասանեց 1990թ-ին Եվրախորհրդի Գլխավոր ասամբլեայի նիստին:

 

2003թ. նոյեմբերի 25

2003թ-ի նոյեմբերին Թբիլիսիում սկսվեցին ժողովրդական ելույթներ Շեվարդնաձեի իշխանության դեմ, ինչն էլ հանգեցրեց նախագահ Շեվարդնաձեի հրաժարականին և Վրաստանում քաղաքական իշխանության փոփոխության: Այս իրադարձությունները հայտնի են որպես «վարդերի հեղափախություն»: Հետագայում, 2004թ-ի հունվարին, նախագահական ընտրությունների արդյունքում հաղթեց Միխայիլ Սահակաշվիլին և դարձավ Վրաստանի երրորդ նախագահը:

Միխայիլ Սահակաշվիլիի երդմնակալությունը, 2004թ. Լուսանկարը՝ Էպեֆեր Լապաչիի

 2004թ. հուլիս

 «Վարդերի հեղափոխությունից» հետո 2003թ-ին երիտասարդ ռեֆորմատորներից բաղկացած կառավարությունը ձեռնամուխ եղավ բազմակողմանի բարեփոխումների:

Ամենանշանակալին ոստիկանության բարեփոխումն է: 2004թ-ին լուծարվեց ճանապարհային ոստիկանության դեպարտամենտը: Մեկ ամսվա ընթացքում վրացական ճանապարհներին ընդհանրապես ոչ մի ճանապարհային ոստիկանություն չկար: Դրանից հետո մեդիաարշավ սկսվեց նոր աշխատակիցների ներգրավման համար: Ոստիկանությունում աշխատանքի անցնելու հետաքրքրվածություն ցուցաբերածների 15%-ը կանայք էին:

Ոստիկանության աշխատակիցների ամսական աշխատավարձը սահմանվեց 450 դոլարին համարժեք լարի, այն դեպքում, որ դրանից առաջ այն կազմում էր 30 դոլար:

Ընտրական փուլն անցան 2467 կին ու տղամարդ, հետո նրանց համար երկշաբաթյա մարզական կուրսեր անցկացվեցին, հանձնվեց հատուկ ստեղծված համազգեստ՝ ամենաերևացող մասում կրողի ազգանունով: Նոր ոստիկաններին «Մակարով»-ի փոխարեն տվեցին իսրայելական արտադրության ատրճանակներ: 2004թ-ի օգոստոսին նոր ոստիկանությունը սկսեց աշխատել:

Հանցագործությունների մակարդակը զգալիորեն կրճատվեց. ոստիկանությունը կաշառք չէր վերցնում: Մյուս կողմից՝ որոշ փորձագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ մեղադրում էին կառավարությանը հանցավորության դեմ պայքարում մարդու իրավունքների խախտման հետ կապված ապօրինի և հակաօրինական մարտավարություն կիրառելու համար:

  2005թ. փետրվար

Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիային մահացած գտան: Ըստ պաշտոնական վարկածի, Ժվանիան թունավորվել էր շմոլ գազով ջեռուցման համակարգի անսարքության հետևանքով:

Զուրաբ Ժվանիայի ընտանիքը վարչապետի թաղմանը, 2005թ. Լուսանկարը՝ Էլեֆտեր Լապաչիի

 2007թ. նոյեմբերի 7

Իշխանությունները ուժի կիրառմամբ ցրեցին Թբիլիսիում ընդդիմության կազմակերպած խաղաղ ցույցը: Նույն օրը հատուկ ջոկատայինները ներխուժեցին «Իմեդի» հեռուստաընկերության շենք, որը պատկանում էր օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլիին: Իշխանության պնդմամբ, երկրում հեղաշրջում էր պլանավորվում Պատարկացիշվիլիի և ռուսական հատուկ ծառայությունների միջոցով:

Արտակարգ դրություն հայտարարվեց: Իրավիճակը մեղմելու համար նախագահ Սահակաշվիլին 2008թ-ի հունվարին վաղաժամ նախագահական ընտրություններ նշանակեց, որոնց արդյունքում էլ երկրորդ անգամ ընտրվեց նախագահ:

Ռուսթավելիի պողոտա, 2007թ-ի նոյեմբերի 7: Աղբյուր՝ netgazeti

2008թ. օգոստոսի 12

Ռուս-վրացական պատերազմ: 5-օրյա պատերազմի ընթացքում երկու կողմերից էլ հարյուրավոր մարդիկ զոհվեցին: Վրաստանը կորցրեց Աբխազիայի և Հարավային Օսիայի որոշ շրջանների վերահսկողությունը. հազարավոր էթնիկ վրացիներ «բռնի տեղահանվածներ» դարձան, իսկ Ռուսաստանը 2008թ-ի օգոստոսի 26-ին ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Դա Եվրոպայում 21-րդ դարի առաջին պատերազմն էր:

Գորի, 2008թ-ի օգոստոս: Լուսանկարը՝ REUTERS

2012թ. հոկտեմբերի 1

Խորհրդարանական ընտրություններում հաղթեց «Վրացական երազանք» կուսակցությունը, որի արդյունքում ավարտվեց Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցության 9-ամյա կառավարումը: Դա առաջին խաղաղ իշխանափոխությունն էր անկախ Վրաստանի պատմության մեջ: Մեկ տարի անց տեղի ունեցան նախագահական ընտրություններ, և երկրի 4-րդ նախագահ դարձավ Գիորգի Մարգվելաշվիլին:

 

“Վրացական երազանքի համակիրները տոնում են ընտրությւոններին տարած հաղթանակը: 2012թ-ի հոկտեմբերի 1: Հեղինակ՝ Ալեքսեյ Կուդենկո, “Սպուտնիկ

2014թ. հունիսի 27

Վրաստանը ստորագրեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր, որով ևս մեկ անգամ հաստատեց իր եվրաատլանտյան ուղղվածությունը: Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության գլխավոր գործիքն է եվրոպական չափանիշներին և Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից պետությունների նորմերին մերձենալու համար: Բացառված չէ, որ Վրաստանի քաղաքացիներն արդեն այս տարի՝ երկրի անկախության 25-րդ ամյակին, կկարողանան Եվրոպա մեկնել առանց վիզայի: Այսօր Վրաստանը Եվրամիությունից սպասում է առանց վիզային ռեժիմի մասին որոշմանը:

2016թ. նոյեմբերի 8

Վրաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ: Դրանց ընթացքից է կախված անկախ Վրաստանի պատմության ժամանակագրական շղթան:

 Հրապարակվել է 26.05.2016


Կարդալ ավելին JAMnews-ում