Մի քանի ամիս նրանք պահանջում էին աշխատավարձի բարձրացում, իսկ այսօր կանգնեցրել են մետրոն" />

«24 տարի է՝ գետնի տակ եմ աշխատում». մետրոպոլիտենի գործադուլ անող աշխատակիցների պատմությունները

Մի քանի ամիս նրանք պահանջում էին աշխատավարձի բարձրացում, իսկ այսօր կանգնեցրել են մետրոն

Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատակիցները՝ մեքենավարները, վերահսկիչներն ու այլք, մի քանի ամիս զգուշացնում էին գործադուլ անելու մտադրության մասին: Նրանք պահանջում էին աշխատավարձերի բարձրացում 45%-ով։ Գործադուլը հունիսի 3-ին ուշ երեկոյան, աշխատանքային օրվա ավարտից հետո:

Հունիսի 4-ի առավոտյան մետրոն արդեն չէր աշխատում: Մայրաքաղաքում տեղաշարժվելը դժվարացել էր: Ավտոբուսներն ու երթուղայինները չէին հասցնում կանգառներում առաջացած հերթի մեջ սպասարկել բոլորին: Վարորդներն որոշ կանգառներ պարզապես անտեսում էին.  մեքենաների լցվածության պատճառով:

Ստեղծված իրավիճակում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մեղադրում է գործադուլ անողներին: Նա հայտարարել է, որ գործադուլը վատթարացնում է քաղաքացիների կյանքի պայմանները: Քաղաքապետարանը հրաժարվում է բավարարել մետրոյի աշխատակիցների պահանջներն ու ի սկզբանե հրաժարվել է բանակցություններից: Նրանց հետ հանդիպել է իշխող «Վրացական երազանքի» պատգամավոր Բեքա Նացվլիշվիլին: Նրա խոսքով՝ գործադուլի իրավունք ունի երկրի ցանկացած քաղաքացի, և քաղաքապետարանը պետք է առաջին քայլն անի և բանակցություններ սկսի:

«Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Սուլխան Սալաձեն տրանսպորտային կոլապսի համար մեղադրել է ոչ թե գործադուլ անողներին, այլ քաղաքապետարանին, քանի որ այն դեռ մեկ ամիս առաջ էր տեղեկացվել հնարավոր գործադուլի մասին և «այդ ժամանակահատվածում պետք է միջոցներ ձեռնարկեր, որոնք թույլ կտային խուսափել մետրոյի չաշխատելու դեպքում առաջացած կոլապսից»:

«Նման գործադուլներ արվում են նաև այլ երկրներում և քաղաքներում: Մետրոյի աշխատակիցներն, ըստ օրենքի, գործադուլի իրավունք ունեն, սակայն այն չպետք է նման տրանսպորտային աղետի վերածվի, ինչպես մեզ մոտ, իշխանությունները պետք է հոգային այդ մասին», — ասում է Սալաձեն:

Գործադուլ անողների մի մասն, այդ թվում՝ մեքենավարները, երկրորդ օրը հացադուլ հայտարարեցին: Նրանք վրաններ խփեցին Գլդանիի դեպոյի մոտ և սպասում են իրենց պահանջների կատարմանը: Ափսոսանք հայտնելով բնակչության համար ստեղծած անհարմարությունների վերաբերյալ, նրանք, այնուամենայնիվ, պնդում են, որ այլ ելք չունեն:

______________________

Արչիլ Լորդենիձե, 43 տարեկան, մեքենավար:

Մետրոյում եմ աշխատում արդեն 17 տարի: Մեզ մոտ աշխատանքային գրաֆիկն այնպիսին է, որ լրացուցիչ գումար հնարավոր չէ վաստակել: Մենք լողացող գրաֆիկ ունենք՝ աշխատանքային գերծանրաբեռնված ռեժիմով: Աշխատում ենք ծանր պայմաններում՝ վիբրացիա, բարձր լարման ազդեցություն, ուղևորների հսկայական թվի անվտանգության համար պատասխանատվություն: Այդ ամենը մեզ՝ մեքենավարներիս, վրա է: Աշխատանքից տուն ենք վերադառնում ֆիզիկապես և հոգեպես հոգնած: Հանգստանալու համար նախատեսված ժամանակն այլ աշխատանք գտնելու վրա չես ծախսի: Միջինում ամսական 150 ժամ ենք աշխատում: Եթե բախտներս բերում է, և ստիպված ենք լինում աշխատել տոն օրերին, օրինակ, Զատիկին, աշխատավարձը կարող է հասնել 1200 լարիի (500 դոլար):

4 երեխա ունեմ: Ավագը 13 տարեկան է, կրտսերը՝ մեկ տարեկան 8 ամսական: Կինս չի աշխատում: Ծնողներըս թոշակառուներ են, ինձ հետ են ապրում: Միայն ես աշխատանք ունեմ:

2013թ-ից մեր աշխատավարձերը չեն բարձրացրել: Փոխարենն այդ ընթացքում թանկացել է մթերքը, վառելիքը, էլեկտրականությունը: Ամեն ամիս ստիպված եմ պարտքերի մեջ ընկնել, աշխատավարձս չի հերիքում: Թբիլիսիի քաղաքապետն ասում է, որ ոստիկանների և փրկարարների աշխատավարձն ավելի քիչ է, քան մերը: Սակայն մեզ ի՞նչ դրանից: Յուրաքանչյուրը պետք է պահանջի իր աշխատանքի դիմաց արժանի վարձատրություն:

Խաթունա Չիտիշվիլի, 47 տարեկան, մետրոպոլիտենի կենտրոնական անցակետի հերթապահ

Ես այստեղ եմ ոչ միայն համերաշխության զգացումից: Շատերն են վախենում ղեկավարության արձագանքից, վախենում են կորցնել աշխատանքը: Մենք, ըստ էության, ոչ թե աշխատավարձերի բարձրացում ենք պահանջում, այլ այն 2013թ-ի գնողունակության մակարդակին հասցնել:

Ես մետրոյում եմ աշխատում 12 տարի, սկսել եմ 2006թ-ին որպես վերահսկիչ, այնուհետև՝ որպես կենտրոնական անցակետի հերթապահ: Աշխատանքային գրաֆիկս այսպիսին է. երկու օր աշխատում եմ, երկու օր հանգստանում: Աշխատանքային օրը կազմում է 12 ժամ, կես ժամ ընդմիջում ունեմ, սակայն կայարանը չեմ լքում, միևնույն է, 30 րոպեում ոչինչ չես հասցնի, այնպես որ, հանգստանում եմ նույնպես թունելում:

Քաղաքական գործիչները մեզ մոտ են գալիս, երբ, օրինակ, նոր վերանորոգած գնացքներ են շահագործման հանձնվում: Ես կոչ եմ անում մեր քաղաքապետ Կախա Կալաձեին գալ մեզ մոտ սովորական մի օր, առանց որևէ տոնակատարությունների և տեսնել, թե իրապես ինչ պայմաններում ենք մենք ստիպված աշխատել:

Ամբրոսի Նիշնիանիձե, 47 տարեկան, մեքենավար-ինստրուկտոր

Ես մետրոյում եմ աշխատում արդեն 24 տարի: Միջին աշխատավարձ 1300 լարի է (ավելի քան 500 դոլար): Հայտնի փաստ է, թե ինչպես է կյանքը թանկացել 2013թ-ից ի վեր: 2016թ-ին պետք է հանձնաժողով ստեղծվեր, որը կդիտարկեր աշխատավարձերի հարցը: Մեզ խոստացել էին նաև բարձրացնել աշխատավարձերը: Ամեն ինչ թանկանում է: Իսկ մենք ոչ կարողանում ենք լրացուցիչ աշխատանք գտնել, ոչ էլ ստացած աշխատավարձով ընտանիք պահել:

Էկա Մաչավարիանի, վերահսկիչ

Մետրոյում եմ աշխատում 11 տարի: Հիմա մենք մի բան ենք խնդրում՝ բարձրացնել աշխատավարձերը: Ես, օրինակ, ստանում եմ 450 լարի: Աշխատանքային պայմաններն, օրինակ,  թթվածնի պակասն, առանձին թեմա է, տվյալ պահին մենք դրան չենք անդրադառնում:

Ավտո Մկերվալիձե, 64 տարեկան, փականագործ-եռակցող

Վարձավճարը պետք է համապատասխանի կատարած աշխատանքին: Ես, օրինակ, ստանում եմ 848 լարի և 40 լարի հավելավճար աշխատանքի վնասակար պայմանների համար (ընդհանուր մոտ 360 դոլար): Մետրոյում չորրորդ տարին եմ աշխատում: Մենք պահանջում ենք, որպեսզի քաղաքապետարանն ու տրանսպորտային ընկերությունն ուշադրություն դարձնեն մեր խնդիրներին. ի՞նչ իմաստ ունի իմ աշխատանքը, դրա ծանր պայմանները՝ ծուխն ու փոշին, եթե աշխատավարձի կեսը ծախսում եմ դեղորայքի վրա:

Ասեմ՝ իմանաք, մետրոյի աշխատակիցները մինչև կենսաթոշակի տարիքի չեն հասնում: Մեզ օրենքով, աշխատանքից ազատելով են սպառնում և անգամ նրանով, թե կբռնեն, սակայն մենք ամեն ինչ անում ենք օրենքի շրջանակում և չենք վախենում սպառնալիքներից: Մեր պահանջներն արդար են: Մենք ուզում ենք աշխատավարձերի 45 տոկոս ավելացում: Համաձայն ենք, որ միանգամից չբարձրացնեն, այլ փուլ առ փուլ, թող այս տարի 10 տոկոս բարձրացնեն, մյուս տարի՝ 15%… Ի վերջո, ինչ-որ մեկը պետք է, չէ՞, մեզ վրա ուշադրություն դարձնի:


Կարդալ ավելին JAMnews-ում