Հանգստանալ նվազագույն ծախսով և առանց հյուրանոցի՝ հեղինակը փորձարկել է և հաջողել " />

24 ժամ Դուբայում

Հանգստանալ նվազագույն ծախսով և առանց հյուրանոցի՝ հեղինակը փորձարկել է և հաջողել

Ընկերուհուս հետ հասանք Դուբայ՝ ծաղկապատ օազիս անապատի կենտրոնում: Երկու աղջիկ ենք՝ մեր ուսապարկերով ու մի մեծ պայուսակով, որը լի է սնունդով և ամենակարևորը՝ մի քանի լիտր ջրով: Չէ որ մենք եկել ենք մի երկրիր, որտեղ բենզինը 4 անգամ էժան է ջրից:

Մենք որոշել ենք փորձել, արդյո՞ք հնարավոր է հանգստանալ Դուբայում առանց մեծ ծախսի և առանց հյուրանոցի:

11.00

Օդանավակայանում ենք, որոշել ենք հասնել կենտրոն՝ որտեղ Դուբայ մոլն է, Բուրջ Խալիֆան ու Դուբայի շատրվանները: Մենք պետք է նստենք ավտոբուս և հասնենք այն տերմինալը, որտեղից հնարավոր է մետրոյով գնալ կենտրոն:

Հասարակական տրանսպորտի գները սկսում են 3 դիրհամից ($1), դա նվազագույնն է, տարածությունից ելնելով գինը բարձրանում է մինչև 10 դիրհամ ($3): Տաքսին ևս տարբերակ է, բայց ավելի թանկ է: Այստեղ նվազագույն գումարը հաճախորդը պարտավոր է վճարել միայն նրա համար, որ նստել է տաքսի, դրանից հետո գինն ավելանում է՝ կիլոմետրերեր, սպասելավճար: Օդանավակայանից մինիմալը 25 դիրհամ է ($7):

Ի դեպ – Դուբայում հանրային տրանսպորտում տղամարդկանց և կանանց նստելատեղերն առանձին են: Այսինքն առանձնացված է կանանց հատվածը, սակայն կանայք կարող ենք հանգիստ կանգնել նաև տղամարդկանց հատվածում, իսկ այ տղամարկանց բախտը չի բերել. կանանց հատվածում կանգնելու համար 100 դիրհամ ($27) կտուգանվեն: Թեև երբ տղամարդկանց հատվածում արդեն կանգնելու տեղ չկա, իսկ կանանց հատվածում դատարկ նստարաններ են լինում, նույնիսկ տուգանքը հետ չի պահում որոշ համարձակների նստել արգելված հատվածում:

1

12.00

Մենք արդեն Դուբայի սրտում ենք՝ Դուբայ մոլում: Այս քաղաքում մոլերն են ամենամարդաշատ տեսարժան վայրերը: Դուբայ մոլը համարվում է աշխարհի ամենամեծերից մեկը՝ 1000-ից ավելի խանութներ և ֆիրմաներ, տարբեր ժամանցի վայրեր և, իհարկե, անվճար ինտերնետ: Այստեղ կարող ես մի քանի օր շրջել ու անընդհատ նոր բան հայտնաբերել՝ նույնիսկ ձյուն, թեև արհեստական:

2

arhestakan dzjun

Մոլի զուգարանները իսկական հանգստի գոտի են՝ երեխաների համար նախատեսված առանձին սենյակներով: Ի դեպ, նմանատիպ սենյակներ կան նաև տղամարդկանց զուգարաններում, քանի որ տղամարդիկ չափազանց ուշադիր են երեխաների նկատմամբ, նրանք գրեթե միշտ գտնվում են տղամարդկանց գրկին, երբ կանայք առևտուր են անում:

Ուզում էինք մեր իրերը թողնել մի տեղ՝ ձեռքներս թեթև լինի: Եվրոպական երկրների փորձից ելնելով նախօրոք մտածել էինք օգտվել սուպերմարկետի պահոցից, բայց… պարզվեց, նման բան չկա Դուբայում: Այստեղ գողության համար ձեռք են կտրում, գողությունը այստեղ ընդունված չէ: Այնպես որ, կարող եք հանգիստ ձեր իրերը թողնել՝ որտեղ ցանականաք, մենք դրանում համոզվել ենք:

Ի դեպ – Այցելեցինք նաև ոսկու շուկայի թաղամասը, որը տարօրինակորեն համարվում է ավելի ցածր կարգի վայր: Այստեղ ամեն քայլափոխի ոսկու խանութներ են, որոնց ոչ մի բանով աչքի չընկնող լուսամուտներից միանգամից “աչքի են ընկնում» տարատեսակ ոսկյա վզնոցներ: Կան վզնոցներ, որոնք կշռում են մի քանի կիլոգրամ և արժեն միլիոնավոր դոլարներ, էլ չեմ ասում ադամանդյա մանյակների մասին: Այդտեղ գտնվող անշուք խանութներից գրեթե ոչ մեկը հատուկ անվստանգության համակարգ չունի: Մեզ ասացին, որ դրա կարիքը չկա՝ գողությունը Դուբայում բացառված է խիստ պատժի պատճառով:

3

13.00

Մենք դեռ Դուբայ մոլում ենք. սկզբում անհանգստանում էինք, հագնե՞լ ուսերը կամ ծնկները բաց հագուստ: Մի փոքր շրջելուց հետո հասկացանք, որ սևազգեստ, դեմքերը փակ կանանց կողքին շատ հանգիստ քայլում են կարճ փեշերով և թափանցիկ հագուստով տուրիստները: Ու ամենահետաքրքիրն այն է, որ այդ ամենը ներդաշնակ էր՝ յուրանքանչուրն իրեն հոգեհարազատ կերպարով էր: Արաբ կանայք հիմնականում սևասգզեստ են, իսկ տղամարդիկ՝ ամբողջությամբ ճերմակ: Դա խորհրդանշական է, և Դուբայի կենտրոնում կա նաև «Սև ու սպիտակ” արձանը:

4

5

Ի դեպ – Տուրիզմը զարգացնելու համար մուսուլմանական այս երկիրը  պատրաստ է հետ կանգնել իր դարավոր ավանդույթներից և թույլ տալ տուրիստներին հագնել այն, ինչ վայել չէ իր հասարակության համար: Փողոցում քայլելիս ոչ մի անգամ անախորժ իրավիճակում չհայտնվեցինք՝ ոչ մի կորած թաղամասում, ոչ մի ժամի, անգամ միայնակ, երբեք չզգացինք նույնիսկ մի փոքր վտանգ: Հետո պարզեցինք, որ կնոջը դիպչելն այստեղ տղամարդու համար կարող է «ճակատագրական» լինել ընդհուպ մինչև արտաքսում երկրից:

13.30

Մենք վերջապես դուրս եկանք Դուբայ մոլից և ուղևորվեցինք դեպի ծով՝ ձմեռային ցուրտ Հայաստանից փախած տուրիստները կարոտ են ամառային արևին: Հեռախոսիս քարտեզն ասում էր, որ ծովափն ընդամենը 3 կմ-ի վրա է գտնվում: Էլ ինչ տրանսպորտ, որոշեցինք քայլել ու նաև բացահայտել քաղաքի կենտրոնը: Սակայն շատ արագ համոզվեցինք, որ դա այդքան էլ հեշտ չէ: Քայլե՞լ Դուբայում, մոռացեք:

Այստեղ տարվա կեսը չափազանց շոգ է (+50-ի շրջանակներում), այդ իսկ պատճառով ամեն ինչ արված է, որպեսզի մի վայրից մյուսն անցնելը լինի հնարավորինս փակ, օդամղիչների սառեցվող տարածքով: Անգամ կանգառներն այստեղ փակ են ու կոնդիցիոներով ապհովված: Եվ մեր 3 կմ-ոց ճանապարհը կրկնակի երկարեց, որպեսզի մենք կարողանանք շրջանցել բազմապիսի մագիստրալները (Դուբայում երթևեկությունը չափազանց խիտ է, քանի որ այստեղ բոլորը մեքենայով են տեղաշարժվում):

17.00

Հասանք ծովափ, բայց արդեն բավականին ցուրտ էր: Դե գոնե կարողացանք մի փոքր պառկել, հանգստանալ: Ծովն էլ իր խաղաղությունը մեզ բերեց: Արդեն մթնում էր, և պետք էր գիշերակացի վայր գտնել: Ծովափը բացառվում էր. դրա մասին զգուշացնում էին ցուցանակները. պետք էր փնտրել այլ վայր: Որոշեցինք սկզբի համար վերաադառնալ Դուբայ մոլ, քանի որ այն բաց էր մինչև կեսգիշեր:

21.00

Դուբայ մոլի ինֆոկենտրոններից մեկում հարցրինք, արդյոք կա՞ մոտակայքում որևէ ակումբ: Պարզվեց, հենց մեր կողքին՝ Բուրջ Խալիֆայում գտնվում է “Արմանի” ակումբը, ուր աղջիկների մուտքն անվճար է:

Հեռախոսազանգով գրանցվելով (այլ կերպ հնարավոր չէ մուտք գործել ակումբ) սկսեցինք պատրաստվել: Ակումբի «դրեսկոդը» թելադրում էր բարձրակրունկ կոշիկով մուտք գործել, իսկ ես չունեի: Սկսեցինք վազվզել մոլի խանութներով, գտանք հնարավորինս էժան բարձրակրունկները՝ 40 դիրհամով ($11) ու շարժվեցինք դեպի ակումբ:

01.00

Ստուգելուց հետո, արդյոք կան մեր անունները նախօրոք գրանցվածների ցուցակում, մեզ թույլ տվեցին ներս մտնել աշխարհի ամենաբարձր շենքը՝ Բուրջ Խալիֆան: Մեր հույսերը, թե այստեղ մենք կհանդիպենք նաև տեղացիների, չարդարացան՝ պարզվեց, արաբները բոլորովին այլ վայրերում են հանգիստն անցկացնում, և դրանք անհասանելի են օտարերկրացիների համար:

Ի դեպ – Տեղացի արաբները իրենց երկրում փոքրամասնություն են կազմում: Այստեղ հիմնականում աշխատում են օտարերկացիներ՝ իմիգրանտներ Հնդկաստանից, Պակիստանից, Ֆիլիպիններից, որոնց 90 տոկոսը չգիտի արաբերեն:

 

Արաբական էմիրություններում առաջին լեզուն անգլերենն է, և նույնիսկ տեղացի արաբները խանութում կամ սրճարանում ստիպված են անգլերեն խոսել, քանի որ սպասարկող անձնակազմը չգիտի արաբերեն: Սակայն այս իրավիճակը չի խանգարել, որ տեղացիները ստեղծեն այնպիսի օրենքներով երկիր, «զարգացած ֆեոդալիզմ», որտեղ միայն իրենք են երկրի տերը:

Ոչ մի օտարերկրացի չի կարող իրեն լիարժեք քաղաքացի զգալ, այն պարզ պատճառով, որ քաղաքացիությունն այս երկրում միայն արյունով է փոխանցվում: Նույնիսկ խառը ամուսնությունների դեպքում երեխան չի ստանում քաղաքացիություն:

02.00

Ակումբում բոլոր տղամարդիկ ցանկանում էին ցույց տալ իրենց ֆինանսական հնարավորությունները, դա արտահայտվում էր շամպայնի հրավառություն պատվերով: Որ պատկերացնեք, թե ինչ կարժենար այդ հրավառությունը, ասեմ, որ մեկ բաժակ հյութն այստեղ արժե 40 դիրհամ ($11) իսկ մեկ փոքր շիշ ջուրը՝ 30 ($8):

03.00

Մեզ քաղաքավարի ժպիտով դուրս հրավիրեցին. ակումբը փակվում է, ինչպես մնացած բոլորը Դուբայում: Եվ մենք կրկին դրսում ենք, իսկ լուսաբացին դեռ 4 ժամ կա:

Քայլեցինք, անտարբեր անցանք փակ հարմարավետ կառուցված կանգառների կողքով, քանի որ այստեղ էլ է արգելված գիշերել:

Ի դեպ – Գիշերային զբոսանքի ընթացքում ծանոթացանք մի ֆիլիպինցի աղջկա հետ, որը պատմում էր, թե ինչքան մեծ խնդիրների մեջ էր ինքն ընկնում, երբ իր արաբ ընկերոջ հետ ձեռք-ձեռքի տված քայլում էր փողոցով: Ոստիկանությունը ստուգում է իրար թևանցուկ արած զույգերին, արդյոք նրանք ամուսնացած են, եթե ոչ, ապա տուգանվում են: Ֆիլիպինցի աղջիկն ասաց, որ նման խստության հիմնական պատճառն այն է, որ շատ ֆիլիպինցիների համար երազանք է դառնալ արաբի երկրորդ կամ գոնե երրորդ կինը:

white and black

04.00

Մեկ ժամ քայլելուց հետո մենք գտանք շուրջօրյա պիցերիա, որտեղ դիմավորեցինք լուսաբացը մի կտոր պիցցայով և կողքի շուրջօրյա սուպերմարկետից գնած մի գավաթ տաք սուրճով:

Հենց հաջորդ օրը մենք տեղավորվեցինք հյուրանոցում և միակ բանը, որ ցանկանում էինք՝ քնելն էր: Մեր նապատակին՝ մեկ օր ապրել առանց հյուրանոցի, ծախսելով ընդամենը կոպեկներ՝ մենք հասել էինք, փորձարկոըւմն ավարտվել էր «հաղթանակով»:

Իսկ Հայաստան վերադառնալիս մեկ այլ փորձարկում կատարեցինք՝ օդանավակայանում մեզ դիմավորող հարազատները զարմացած նայում էին երկու սևազգեստ նիքափով կանանց և չգիտեին, թե ինչ լեզվով խոսել:


Կարդալ ավելին JAMnews-ում