Հայաստանում մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը ոչ պաշտոնական, բայց իրական տոնական միամսյակ է կանանց համար" />

Լուսանկարներ. ինչ են դիզայներները խորհուրդ տալիս կանանց կրել 2018թ-ին, իսկ տղամարդկանց՝ նվիրել նրանց

Հայաստանում մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը ոչ պաշտոնական, բայց իրական տոնական միամսյակ է կանանց համար

Կանանց «տոնական միամսյակը» սկսվում է մարտի 8-ից՝ բոլորին հայտնի միջազգային օրվանից ու ավարտվում ապրիլի 7-ին, երբ Հայաստանում նշում են Մայրության և գեղեցկության օրը: Ոչ մի պաշտոնական և, առավել ևս, հարկադիր բան չկա, բայց այդպես է ստացվել, որ տղամարդիկ մի ամբողջ ամիս շնորհավորում են կանանց:

Տղամարդկանց, որոնք իրենց սիրելիների համար ցանկանում են լավագույն նվերն ընտրել՝ անկախ օրացույցային տոներից, JAMnews-ն առաջարկում է խորհուրդներ դիզայներներից:

Ինչ է նորաձև լինելու 2018թ.-ին պատմում է «5concept»-ի art-տնօրեն Իրինա Վանյանը:

Նորաձևության տներն արդեն ազդարարել են, որ 2018թ.-ի գույնը թանաքագույնն է: Իսկ սա նշանակում է, որ ձեր սիրելիին կարող եք նվիրել թանաքագույն երանգներ ունեցող հագուստ, աքսեսուարներ, ներքնազգեստ, հարդարման միջոցներ՝ շրթներկ, աչքերի ստվերաներկ և անգամ խնամքի պարագաներ:

Թարմ յասամանի գույնը (ultra violet) կամբողջացնի կնոջ լուքն ու կհաղորդի դրան թարմություն: Միաժամանակ խորհուրդ է տրվում այս քմահաճ երանգի հետ զգույշ լինել և կրել բացառապես այն պարագայում, երբ այն ներդաշնակ է մաշկի և մազերի գույնի հետ:

Թանաքագույնի ակտուալությունն ամենևին էլ չի նշանակում, որ պետք է մոռանալ մնացած բոլոր գույների մասին և խենթի պես պատվել «թանաքի» երանգներով: Հաջորդ տարվա համար նորաձև են լինելու նաև շագանակագույնը, պաստելային երանգները՝ կաթնագույնը, սպիտակին նման վարդագույնն ու կապույտը, ծիրանագույնը: Առանց վարանելու կարող եք գնել ցանկացած ոչ թանաքագույն նվեր, եթե կարծում եք, որ ձեր սիրելիին այդ երանգը լրացուցիչ շարմ չի հաղորդի:

Ամբողջովին մեկ գույն հագնելու (total look) տենդենցն ի դեպ ևս շարունակելու է ոճային լինել:

Հագուստի ընտրության հարցում պետք չէ կաշկանդվել: Դիզայներները առաջարկում են բազմապիսի կտրվածքներով հագուստ՝ լայն ու նեղ փողքերով, երկրաչափական պատկերներին նմանվող, կազմվածքը ընդգծող ու այն փոքր-ինչ թաքցնող: Եթե ձեր սիրելի կինը էքսպերիմենտների սիրահար է, ապա կարող եք գնել այնպիսի իրեր, ընտրել այնպիսի ոճեր, որոնք առաջին հայացքից, ձեզ անհամադրելի կթվան ու կստեղծեն պահարանում բացարձակ խառնաշփոթ:

Հաջորդ տարի կշարունակի նորաձև մնալ «օվերսայզ» ոճի հագուստը: Դա պարզապես մեծ չափսի հագուստ չէ: Այն պետք է կարված լինի հենց այդ ոճով: Նորաձևության տներն առաջարկում են «օվերսայզ» սվիտերներ, բլուզներ, տաբատներ, բաճկոններ: Եթե ձեր ընտրյալը դասական ոճի սիրահար է, շրջանցեք այս կետը:

Եթե ուզում եք ձեր կնոջը տոնական զգեստ նվիրել, կարող եք ընտրել զգեստներ, որոնք բյուրեղանման փայլերով են պատված կամ կարված են թավիշից և թավշանման կտորից: Նորաձև են բոլոր զգեստները, որոնք ունեն թափանցող հատվածներ՝ օրինակ փողքերի, թևերի կամ վզի հատվածում: Մետաղական աքսեսուարներով, արծաթագույն ու ոսկեգույն փայլերով զգեստները կմնան ակտուալ: Դրանք կարող են լինել շիֆոնից, գիպյուրից, կարող են զարդարված լինել ժանյակներով: Եվ բոլորովին կարևոր չէ՝ երկար թե կարճ զգեստ կնվիրեք:

Տաք հագուստի սիրահարներին կարող եք նվիրել խոշոր գործվածքներից գլխարկներ, շարֆեր, երկար բրդե ժակետներ, սվիտերներ, որոնք կարող են լինել ինչպես «օվերսայզ», այնպես էլ դասական: Ձեր սիրելին կուրախանա, եթե դրանք լինեն ձեռագործ աշխատանքներ: Նորաձև են նաև ժակետները՝ մորթյա կամ կաշվե հավելումներով:

Եթե մտավախություն ունեք, որ կարող եք սխալվել հագուստի չափսի ընտրության հարցում, նվիրեք զարդեր: Արծաթից և ոսկուց բացի նորաձև են ոչ թանկարժեք մետաղները: Կարող եք ընտրել փոքրիկ մատանիներ, որոնք կրում են մատների ծայրերին, մի քանի շերտից կազմված թևնոցներ ու վզնոցներ: Ակտուալ են թե՛ շղթաները, թե՛ քարերը, թե՛ հուլունքները և թե՛ բոլորը` մեկում:

Դիզայներները առաջարկում են մաքսիմալ մեծ պայուսակներ, որոնք նման են պարկի: Գործնական կանանց պահարանում նման պայուսակները կարող են օգտակար նվեր դառնալ՝ ամենօրյա օգտագործման համար: Բայց մի մոռացեք, որ եթե ձեր կինը կարճահասակ է կամ փոքր-ինչ լիքը կազմվածք ունի, նման պայուսակները ընդգծելու են այդ հատկանիշները: Տվյալ պարագայում կարող եք ընտրել փոքրիկ պայուսակներ՝ մետաղական շղթաներով: Կարող եք ընտրել բաճկոնի կամ սվիտերի գույնի և նույն պրինտի պայուսակներ, գունավոր մորթիներով և քարերով պատված տարբերակներ, քառակուսի, կլոր, եռանկյուն կամ ուղանկյուն տեսքով պայուսակներ:

Պրինտեր և կրկին պրինտեր… Ինչպես այս տարի, 2018-ին էլ  պահարանը զարդարարելու են պրինտերով վերնաշապիկները, սվիթշոթերը, կոստյումները, տաբատները, պայուսակները և մնացած ամեն ինչը: Կարող եք ընտրել վանդակավոր պրինտեր, երկրաչափական նախշեր, ծաղիկներով կամ կենդանիներով պատված տարբերակներ, ուղղահայաց գծեր: Դիզայներները առաջարկում են պրինտերի լայն ընտրանի, որոնք կարող են նրբացնել կազմվածքը՝ ճիշտ ընտրություն կատարելու դեպքում: Պահանջված են հատկապես փոփ-արթ ոճի պրինտերը, որոնք նման են հագուստի վրա պատկերված ժամանակակից արվեստի փոքրիկ նմուշի:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում