Բժիշկները զգուշացնում են. բոտուլոթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը " />

2017-ին Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 12 դեպք, թունավորվածներից մեկը մահացել է

Բժիշկները զգուշացնում են. բոտուլոթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը

2017 թ.-ին Հայաստանում գրանցվել է սննդային ծանր թունավորման` բոտուլիզմի 12 դեպք, մեկ մարդ մահացել է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Արմավիրի, Տավուշի, Արարատի և Վայոց ձորի բնակիչները թունավորվել են տնային պայմաններում մարինացված ծիծակի, վարունգի և լոլիկի պահածոների օգտագործման պատճառով:

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն ախտահարում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգը: Հիվանդության հարուցիչը Clostridium botulinum-ն է, որը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Այն աճում և զարգանում է անօդ պայմաններում:

 

Այս հարուցիչը կարելի է արդյունավետ ոչնչացնել հատուկ սարքերում` ավտոկլավներում, բարձր ճնշման և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ:

 

Պետք է իմանալ, որ բոտուլոթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:

Հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս թունավորված սնունդն ուտելուց 2-3 ժամ հետո, երբեմն էլ՝ մինչև 12 օր ժամանակահատվածում:  Թունավորվածի մոտ կարող է նկատվել սրտխառնոց, փսխում, փորլուծություն կամ փորկապություն, գլխապտույտ, բերանի չորություն, տեսողության, խոսքի, շնչառության և կլման ակտի խանգարում, երկտեսություն, կոպի իջեցում, բբերի լայնացում, ռնգախոսություն, սրտի աշխատանքի դանդաղում, հավասարակողմ կաթված:

ՀՀ առողջապայության նախարարությունը տեղեկացնում է, որ բոտուլիզմից խուսափելու համար հարկավոր է`

  • խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
  • սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով,
  • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե
  • չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
  • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:

Կարդալ ավելին JAMnews-ում