Ո՞ւմ և ինչքա՞ն է պարտք երկիրը" />

2016 թ.-ին Հայաստանի պետական պարտքն աճել է մոտ 900 մլն դոլարով

Ո՞ւմ և ինչքա՞ն է պարտք երկիրը

Հայաստանի պետական պարտքը 2016թ. դեկտեմբերի 31-ին կազմել է 5.93 մլրդ դոլար, նախորդ տարի այս ժամանակ այն կազմում էր 5.07 մլրդ դոլար: Այսինքն, 2016թ. ընթացքում պետական պարտքը ավելացել է մոտ 900 մլն դոլարով կամ 16,9%-ով: Ընդ որում, նոր ձևավորված կառավարության օրոք՝ 2016թ. սեպտեմբերի 30-ից, պարտքն աճել է մոտ 373 մլն դոլարով: Տվյալները հրապարակել է Ֆինանսների նախարարությունը:

2016թ. ավարտին պետական պարտքի կազմում արտաքին պետական պարտքի մասնաբաժինը կազմել է 4.79 մլրդ դոլար՝ 80.85%:

Չնայած, որ արտաքին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ գտնվում է թույլատրելի 60%-ի շրջանակում, այնուամենայնիվ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ արտաքին պարտքի վտանգավորությունը գնահատելու կարևորագույն ցուցանիշը պարտքի և արտահանման ծավալների հարաբերակցությունն է: Իսկ այդ ցուցանիշով Հայաստանի արտաքին պարտքը վաղուց գերազանցել է կայունության շեմը. 2016թ. ՀՀ արտաքին պարտքի և արտահանման ծավալների հարաբերակցությունը կազմել է 295% ` թույլատրելի 200%-ի փոխարեն:

Lragir.am կայքը գրում է, որ 2016 թվականը Հայաստանի համար այնքան էլ հաջող չդասավորվեց. տնտեսական աճը նախատեսված 2.1%-ի փոխարեն կազմեց 0.5%, տարվա ընթացքում նվազեցին արտերկրից ուղարկվող դրամական փոխանցումները (տրանսֆերտները), նվազեցին օտարերկրյա ներդրումները, պետական պարտքը աճեց՝ հիմնականում արտաքին աշխարհից եկող բացասական ազդակների պատճառով:

Արտաքին պարտքի մեծ մասը՝ 84%-ը բաժին է ընկնում միջազգային կազմակերպություններից ստացված վարկերին: 2016-ի ավարտին Հայաստանի համար առավել խոշոր վարկատու է հանդիսացել Զարգացման միջազգային ընկերակցությունը (IDA), որին բաժին է ընկնում արտաքին պարտքի 32.6%-ը:

Բացի այդ Հայաստանը պարտք է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին (17.7%), Ասիական զարգացման բանկին (14.9%), ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամին (3.8 %):

Այս կզմակերպություններից վերցված գումարները ծախսվել են տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման, Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման, միջպետական ճանապարհների շինարարության, Գյումրու քաղաքային ճանապարհները բարեկարգելու նպատակով, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում տարածաշրջանային աղբավայր ստեղծելու, Վեդու ջրամբարի կառուցման վրա:

ՀՀ խոշորագույն վարկատու պետությունը Ճապոնիան է, որին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին պարտքի 7,1%-ը: Վարկատու երկրների ցուցակում են նաև Գերմանիան (3%), Ֆրանսիան (2,4%), Ռուսաստանի Դաշնությունը (1,5%), ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները (0,6%):


Կարդալ ավելին JAMnews-ում