Արթուր Ալեքսանյանի հաջորդ նպատակն Օլիմպիական խաղերի ոսկին է" />

2015-ի Հայասանի լավագույն մարզիկը

Արթուր Ալեքսանյանի հաջորդ նպատակն Օլիմպիական խաղերի ոսկին է

Կան մարզիկներ, որոնք ծնված են չեմպիոն դառնալու համար: Նրանք հաղթող են իրենց սպորտային բնավորության շնորհիվ, չհանձնվելու ու մյուսներին ևս ոգևորելու ուժի շնորհիվ: Այդպիսին է նաև հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի եռակի, Աշխարհի կրկնակի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:

Երկրորդ տարին անընդմեջ իր քաշային կարգում Ալեքսանյանն աշխարհում ճանաչվում է լավագույնը: Այս տարի նա միակն էր, ում հաջողվեց Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճել: Բնականաբար, 2015-ին նա դուրս էր մրցակցությունից ու երկրորդ անգամ ճանաչվեց Հայաստանի Լավագույն մարզիկ:

Իր հաջողություններին ու նվաճումներին ըմբիշը միշտ շատ հանգիստ է վերաբերվում, քչախոս է նաև իր ապրումների մասին խոսելիս. «Մեր երկիրը սպորտային է և շատ տաղանդավոր մարզիկներ ունի: Նրանցից առաջինն ընտրվելն, իսկապես, մեծ պատիվ է ինձ համար»:

Նա համոզված է, որ բարձունքում հնարավոր է մնալ միայն անընդհատ մարզումների շնորհիվ: Պատրաստվում է իր համար չափազանց պատասխանատու 2016 թվականին: Արդեն երկրորդ անգամ մասնակցելու է Օլիմպիական խաղերին ու փորձելու է իրականացնել իր ամենանվիրական երազանքը: Ալեքսանյանը խոստովանում է, որ երբեք չի թերագնահատում մրցակիցներին, բայց ոսկու համար իր հիմնական հակառակորդ համարում է իրանցի Ղասեմ Ռեզաիին:

«Աշխարհի առաջնությունում զգացի, որ ֆիզիկապես ու ֆունկցիոնալ ավելի եմ ուժեղացել: Դա նշանակում է, որ ես ու մարզչական շտաբը ճիշտ աշխատանք ենք կատարում: Իմ հաջորդ նպատակը Օլիմպիադայից ոսկով վերադառալն է»,- ասում է Ալեքսանյանը:

Նա շատ փոքր հասակից հետևել է հոր և հորեղբոր մարզումներին, ովքեր նույնպես զբաղվում էին հունահռոմեական ոճի ըմբշամարտով: Այդ ժամանակից էլ սիրել է մարզաձևն ու երազել հաջողությունների հասնել: Արդեն 8 տարեկանից առաջին քայլերն արել է Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցում, որտեղ շարունակում է մարզվել մինչ օրս:

«Իմ կարծիքով, աշխատասիրության ու կամային որակների շնորհիվ եմ կարողանում հաղթանակներ գրանցել: Հայրս, որը նաև իմ անձնական մարզիչն է, շատ է օգնում ինձ, մենք միասին ենք ուղղում սխալներս: Ամեն մի մրցաշարից հետո մոռանում եմ հաղթանակների ու պարտությունների մասին, սկսում եմ պատրաստվել նորին՝ իմ առջեւ դնելով նոր նպատակ»,- խոստովանում է Ալեքսանյանը:

Ըմբիշը նշում է, որ մանկուց է սովորել մարզական կյանքին, սիրում է ապրել կարգ ու կանոնով ու այդ ամենից դուրս իրեն չի պատկերացնում: «Հաղթանակներս իմ երկրին են պատկանում, անչափ հպարտ եմ, որ իմ շնորհիվ իմանում են Հայաստանի մասին: Դա միշտ ուժ է տալիս ինձ և օգնում հասնել հաջողության»,- նշում է նա:

Մի քիչ ամաչկոտ, բնավորությամբ հանգիստ. ահա այսպես է բնութագրում իրեն Արթուր Ալեքսանյանը: Սակայն այս հանգիստ մարդու մեջ հսկայական ուժ ու ձգտում կա:

Այն, որ մինչեւ 98 կգ քաշային կարգի անզիջելի առաջատարն Ալեքսանյանն է՝ չքննարկվող փաստ է: Պատահական չէ, որ նա երկար ժամանակ է գլխավորում է միջազգային ֆեդերացիայի վարկանշային աղյուսակը, վերջին երկու տարում չի կրել ոչ մի պարտություն:

Սա է հիմք հանդիսանում միջազգային մի շարք վերլուծաբանների համար ենթադրելու, որ 2016 թվականի Օլիմպիական խաղերին այդ քաշային կարգում ոսկե մեդալին ամենամոտը հենց հայ մարզիկն է լինելու: Անգլիական բուքմեյքերական ընկերություններից մեկն էլ արդեն նշել է, որ Արթուր Ալեքսանյանին հաջողվելու է Ռիոյում ոսկե մեդալ նվաճել:


Կարդալ ավելին JAMnews-ում