Մեղադրյալը խոստովանել է ամերիկացիների՝ հոր և որդու սպանությունը որսորդական հրացանով" />

19-ամյա հովիվն ընդմիշտ բանտում կհայտնվի, եթե ապացուցվի, որ ամերիկացիների ընտանիքին ինքն է սպանել

Մեղադրյալը խոստովանել է ամերիկացիների՝ հոր և որդու սպանությունը որսորդական հրացանով

 Դուշեթիի Խադա կիրճում ոստիկանությունը ձերբակալել է ամերիկացիների ընտանիքի՝ ամուսնու, կնոջ և 4-ամյա երեխայի սպանության կասկածյալին: Նա 19-ամյա հովիվ է ով արդեն խոստովանել է, որ որսորդական հրացանով կրակել է Ռայն Սմիթին և նրա 4-ամյա որդուն: Ձերբակալվածը պնդում է, որ կոնֆլիկտը սկսվել է լեզվակռվից: Ինչ վերաբերում է Ռայն Սմիթի կնոջը՝ Լորային, ապա նա, փորձելով վիճաբանության վայրից փախչել, ընկել է անդունդն ու մահացել:

Այս մանրամասները հայտնի են դարձել Վրաստանի ներքին գործերի նախարարությունում կայացած հատուկ բրիֆինգի ժամանակ: Ըստ ՆԳՆ տվյալների՝ հուլիսի 6-ին «112» ծառայություն հաղորդում է ստացվել Վրաստանում ապրող ամերիկացիների ընտանիքի անհետացման մասին: Նույն օրը Ցվերի բնակավայրում իրավապահները հայտնաբերել են կորածների մեքենան և նրանց անձնական իրերը: Նույն օրը կիրճում՝ ջրվեժի մոտ, հայտնաբերվել է Լորա Սմիթի մարմինն՝ առանց բռնության հետքերի:

Բրիֆինգին հաղորդվել է, որ մեղադրյալը Ռայն Սմիթի մարմինը թողել է դեպքի վայրում, իսկ երեխայի մարմինը թաքցրել է ոչ հեռու վայրում:

Reginfo տեղեկատվական գործակալությունը հաղորդում է, որ հովիվն իր ցուցմունքներում պնդում է, թե ամուսնական զույգին և նրանց երեխային ուղեկցել է դեպի ջրվեժ, նրանք այնտեղ լուսանկարվել են, նա օգնել է Լորա Սմիթին, երբ վերջինս սայթաքել է և քիչ է մնացել, որ ընկնի անդունդը: Ըստ հովվի՝ հենց դա է առաջացրել Ռայն Սմիթի զայրույթը, վիճաբանություն է սկսվել, որը կռվի է վերածվել, որի ժամանակ էլ նա սպանել է ամերիկացուն: Երեխան սկսել է լացել, և «ես ստիպված եմ եղել նրան էլ սպանել», իսկ կինը փորձել է փախչել և անդունդն է գլորվել: Ըստ հովվի՝ գործած հանցագործությունը թաքցնելու նպատակով նա տեղում թաղել է երեխային:

Մահացած Ռայն և Լորա Սմիթներն արդեն 6 տարի է՝ Վրաստանում էին բնակվում: 2012թ-ից նրանք կրկնակի քաղաքացիություն ունեին: Քննությունը վարվում է Վրաստանի ՔՕ 109-րդ հոդվածի (մաս երկրորդ, «Բ» ենթակետ և մաս երրորդ՝ «Ա» ենթակետ) համաձայն, որը ենթադրում է երկու և ավելի մարդու սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներով, անփաչահասի սպանություն՝ առանձնակի դաժանությամբ, ինչը ցմահ ազատազրկում է ենթադրում:

Մեղադրյալի մեղսունակությունը պարզելու համար հոգեբուժական փորձաքննություն կանցկացվի:


Կարդալ ավելին JAMnews-ում