Բողոքում է ոչ միայն հասարակությունն, այլ նաև Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազորը" />

18-ամյա Աննա Պավլիկովան Ռուսաստանում բանտ կնստի «Մակդոնալդսում» խոսակցություների համար

Բողոքում է ոչ միայն հասարակությունն, այլ նաև Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազորը

Մոսկվացի Աննա Պավլիկովան 18 տարեկան է: 2018թ-ի մարտից (նա այն ժամանակ դեռ 17 տարեկան էր) Աննան ու ևս տասը երիտասարդ Ռուսաստանում կալանքի տակ են, նրանց լուրջ ժամկետ է սպառնում. երիտասարդներին մեղադրում են էքստրեմիստական խմբավորում ձևավորելու համար:

Ինչպես գրում է ռուսական «Նովայա գազետա» պարբերականը, 2017թ-ի վերջին դեռահասները ստեղծել են «Նոր վեհություն» հասարակական շարժումը: Իրենց խնդիրները նրանք քննարկել են «Մակդոնալդսում» անցկացվող հավաքների ժամանակ: Մասնակցել են «ընտրողների գործադուլին», որը ձմռանն անցկացնում էր ընդդիմադիր հակապուտինյան առաջնորդ Ալեքսեյ Նավալնին: Մասնակցել են «Մոսկվացիները՝ հանուն տրոլեյբուսի» երթին և «Նեմցովի հիշատակի երթին»:

• Տեսանյութ. թե ինչպես էին Ռուսաստանում գործադուլ անում ընտրողները

Դեռահասների դեմ այն մեղադրանքով քրեական գործը, թե «Նոր վեհությունն» էքստրեմիստական հանրություն է, հարուցվել է կազմակերպության շարքերում ներդրված իրազեկողների վկայությունների հիման վրա, գրում է «Նովայա գազետան»: Նրանցից մեկն էլ հենց գրել է կազմակեպության կանոնակարգը, որում փորձագետները հետո «բռնության գաղափարախոսության պրոպագանդայի հատկանիշներ» են գտել:

Ըստ քննության վարկածի՝ «Նոր վեհության» անդամները պատրաստվում էին զավթել իշխանությունը, նոր կառավարություն ստեղծել և նոր Սահմանադրություն ընդունել. համենայնդեպս, այդպես է ասվում կազմակերպության ծրագրում, որը նույնպես կազմել է իրազեկողներից մեկը:

Շարժումը «Մակդոնալդսի» սեղանների շուրջ գոյություն է ունեցել ընդամենը 3 ամիս:

Աննա Պավլիկովայի ձերբակալումը

Ինչպես պատմել է Պավլիկովայի մայրն «ՕՎԴ-ինֆո» պարբերականին, նրա դստերը ձերբակալել են իրենց մոսկովյան բնակարանում լուսադեմին:

«Առավոտյան հինգն անց կեսին մոտ մեր դուռը սկսեցին ուժեղ թակել, բղավել: Մենք ողջ ընտանիքով վեր թռանք, ընդհանրապես չէինք հասկանում, թե ինչ է կատարվում: Ինչ-որ անծանոթ ասում էր դռան ետևից, թե մենք նրանց տունը ջրել ենք: Մենք այդպիսի հարևան չգիտենք, բայց, այնուամենայնիվ, արագ բնակարանը նայեցինք, նման բան չկար, ամենուր չոր էր, ոչ մի տեղից չէր կաթում: Իսկ նա բղավում էր, թե դուռը բաց արեք: Այդ ժամանակ ոստիկանություն զանգահարեցինք և ասացինք, որ մեր տուն ինչ-որ ավազակներ են փորձում ներխուժել, օգնեք: Այնտեղ ինչ-որ բան ստուգեցին և ասացին, որ դրանք ավազակներ չեն, դա հենց ոստիկանությունն է, թույլ տվեք նրանց ներս մտնել»:

Նրանց բնակարանը մի քանի ժամ խուզարկել են, առգրավել ողջ տեխնիկան՝ նոթբուքերը, բջջային հեռախոսները, պլանշետները: Աննային տարել են հարցաքննության:

Մեկուսարան

Բանտում Աննա Պավլիկովայի մոտ առողջական խնդիրներ են առաջացել: Չնայած դրան՝ դատարանը հրաժարվել է որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը:

Հուլիսի 26-ին կայացած դատական նիստին Պավլիկովան տեսակապով էր մասնակցում:

«Նրա դեմքն ուռած էր և գունատ, խիտ մազերը երկու ծամ էր արել: Ձեռքերը չէր իջեցնում, նյարդայնացած մատներն էր համրում և ջղաձգվում, մի քանի անգամ չդիմացավ և սկսեց արտասվել», – պատմել է «Նովայա գազետայի» թղթակիցը:

«Ես ոչ մի տեղ չեմ փախչի, ոչ ոքի վրա ճնշում չեմ գործադրի, – դատավորին ասում էր Աննան՝ մի քանի անգամ չդիմանալով և արտասվելով: – Շատ եմ խնդրում խափանման միջոցը փոխել ցանկացած այլ միջոցի, միայն թե՝ ոչ բանտ»:

Հասարակության արձագանքը

Դատարանի որոշման վրա չազդեց նաև այն, որ Աննայի համար երաշխավորագիր էին ներկայացրել հասարակական գործիչներ, գիտնականներ, իրավապաշտպաններ:

Ռուսաստանում մարդու իրավունքների հարցերով լիազոր Տատյանա Մոսկալկովան նույնպես կարծում է, որ Պավլիկովային մեկուսարանում պահելը փախանման ավելորդ միջոց է:

Այս իրավիճակում մի քանի քաղաքացի առաջարկել է Մոսկվայում Մայրերի երթ կազմակերպել՝ ի աջակցություն Աննա Պավլիկովայի և նրա ընտանիքի: Պահանջը Պավլիկովային կալանքից ազատելն է:

Երթը կկայանա օգոստոսի 15-ին Մոսկվայի կենտրոնում:


Կարդալ ավելին JAMnews-ում