Կրեմլն ապատեղեկատվություն է տարածում Լուգարա կենտրոնի մասին, ասում են փորձագետները" />

17 երկրների փորձագետ այցելել է Թբիլիսիի Լուգարա լաբորատորիաներ։ Ի՞նչ է գրված եզրակացությունում

Կրեմլն ապատեղեկատվություն է տարածում Լուգարա կենտրոնի մասին, ասում են փորձագետները

Լուսանկարը՝ Ռիչարդ Լուգարայի անվան առողջապահության հանրային հետազոտական կենտրոնի կայքից

Ռիչարդ Լուգարայի անվան առողջապահության հանրային հետազոտական կենտրոնը Թբիլիսիում ընդունել է 17 պետությունների մասնագետների։ Այցելության նպատակը պարզելն էր, թե ինչ է տեղի ունենում այն լաբորատորիայում, որին Ռուսաստանը մեղադրում է կենսաբանական զենքի արտադրության համար։

Թբիլիսի է ժամաել 23 պատվիրակ աշխարհի 17 երկրից՝ Ավստրիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Իրաքից, Հունգարիայից, Իտալիայից, Կամերունից, Կոլումբիայից, Մալայզիայից, Մալիից, Մյանմարից, Չեռնոգորիայից, Ղազախստանից, Չիլիից, Ուգանդայից։

 

Կենտրոնի տեսչական ստուգումն անցկացվել է մանրէաբանական և թունավոր զենքի արգելման և տրամադրման կոնվենցիայի շրջանակում։ Վրաստանն այդ կոնվենցիային միացել է 1996 թ-ի մայիսի 22-ին։ Լինելով կոնվենցիայի անդամ՝ Վրաստանը պարտավոր է լիարժեք հաշվետվություն և սպառիչ տեղեկատվություն տրամադրել կենսաբանական ուղղությամբ իր սեփական հնարավորությունների մասին։

 

Փորձագիտական եզրակացությունում ասվում է, որ ստուգման մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ հաստատության գործունեության հետ։ Միաձայն ընդունված հաշվետվությունում ասվում է, որ լաբորատորիան ապահովում է իր աշխատանքի թափանցիկությունն, ու նրա ողջ գործունեությունը կապված է միայն տարբեր հիվանդությունների կանխարգելման հետ։

«Օբյեկտը թափանցիկ է աշխատում։ Փորձգետների խումբը հաստատության հայտարարագրած պրոֆիլակտիկ, գիտական և խաղաղ նպատակներին չհամապատասխանող ոչինչ չի հայտնաբերել», – ասված է եզրակացությունում։

Սկանդալային լաբորատորիա

Լուգարա լաբորատորիայի շուրջ հերթական իրարանցումը բարձրացրել է Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն։ 2018թ-ի սեպտեմբերի 11-ին Մոսկվայում նա մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել։

Գիորգաձեն, մասնավորապես, հայտարարել էր, որ այդ կենտրոնն իրականում կենսաբանական զենքի արտադրման գաղտնի լաբորատորիա է։

•Լուգարա Լաբորատորիան, և ինչու է դրա դեմ փորձում պայքարել Կրեմլը

• Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ մեղադրանքներում անսպասելիորեն հայտնվել է Վրաստանը

Գիորգաձեն այս մեղադրանքներն առաջին անգամ չէ հնչեցնում։ Մի քանի տարի է արդեն, ինչ ռուսական լրատվամիջոցներում Լուգարա լաբորատորիան պարբերաբար հրամցվում է որպես Ռուսաստանի գրեթե գլխավոր սպառնալիք, քանի որ այդտեղ ամերիկացի զինվորականներն իբր անմիջականորեն ռուսական սահմանների մոտ կենսաբանական զենք են մշակում կամ արտադրում, որը Ռուսաստանի դեմ էլ հենց մտադիր են օգտագործել։

ԱՄՆ և Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարություններով են հանդես եկել, որոնցում ընդգծել են, որ Թբիլիսիի մոտ գտնվող Լուգարա լաբորատորիայի գլխավոր առաքելությունը համաճարակների ժամանակին հայտնաբերումն է և դրանց կասեցումը։

Հետազոտական կենտրոնը տեղակայված է Թբիլիսիի օդանավակայանից ոչ հեռու։ Այն բացվել է 2011թ-ին Ալեքսեևկա ավանում։ Կենտրոնը զինված է բարձրագույն ժամանակակից չափանիշներին համապատասխան տեխնիկայով, դրան շնորհվել է կենսաբանական անվտանգության երրորդ աստիճան։ Դա նշանակում է, որ կենտրոնում աշխատանքը տարվում է ցանկացած տեսակի մանրէների հետ՝ բացառությամբ ծայրահեղ վտանգավոր պաթոգենների, օրինակ, սիբիրախտի և ժանտախտի։

Լուգարա հետազոտական կենտրոնը Թբիլիսիի արվարձանում կառուցվել է ԱՄՆ ֆինանսական օգնությամբ, իսկ 2013թ-ից աշխատում է լրիվ ծանրաբեռնվածությամբ։ Ի սկզբանե այն գտնվում էր պաշտպանության նախարարության, հետագայում՝ ՆԳՆ վերահսկողության տակ, իսկ այսօր՝ առողջապահության նախարարության։

Բի-Բի-Սիի հետաքննությունը

Բի-Բի-Սին մանրակրկիտ լրագրողական հետաքննություն է անցկացրել Լուգարա լաբորատորիայի գործունեության մասին։ Բրիտանական առաջատար ընկերությունը լաբորատորիային 11-րոպեանոց հետազոտական ֆիլմ է նվիրել, որում խոսվում է այն մասին, որ Ռուսաստանի իշխանություններն ու լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում այդ լաբորատորիայի մասին, որ դրա հասցեին հնչած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։

Լրագրող Ստիվ Ռոզենբերգն այցելել է Լուգարա լաբորատորիա, բազմաթիվ հարցազրույցներ ձայնագրել ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Մոսկվայում, այդ թվում՝ Իգոր Գիորգաձեի հետ։ Գիորգաձեն չի կարողացել Բի-Բի-Սիին ապացույցներ տրամադրել լաբորատորիայի հասցեին արված մեղադրանքների վերաբերյալ։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք նրա հայտարարությունները սովորական ապատեղեկատվություն չեն, Իգոր Գիորգաձեն պատասխանել է. «Չգիտեմ»։

 
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում