Վրաերթները բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարների կեսից ավելին են կազմում " />

107 մարդ է Բաքվում մահացել ավտովթարների հետևանքով 2019թ-ին

Վրաերթները բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարների կեսից ավելին են կազմում

2019թ-ի անցած 11 ամսում Բաքվում 488 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որոնցից 294-ը՝ հետիոտնի վրաերթներ են։ Եվ դրանց հետևանքով զոհվել է 107 մարդ, վիրավորվել՝ 187, հաղորդում է Report-ը։

2018 թ-ին հարաբերակցությունը գրեթե նույնն էր․ 619 ՃՏՊ կեսից ավելին կազմում էին վրաերթները։

• Թքիբուլի․ վրացական քաղաք, որը սովոր է մահվան

• Երևանում տրանսպորտային բարեփոխման մասին․ փոփոխություններ շուտ չեն լինելու

Ամենից հաճախ մարդիկ մեքենայի տակ են ընկնում օրվա մութ ժամերին չլուսավորված հատվածներում, հաղորդում է Բաքվի ճանապարհային ոստիկանության վարչությունը։ Սակայն վրաերթներ տեղի են ունենում նաև վերգետնյա և ստորգետնյա հետիոտնային անցումների մոտ։

Վարչության ներկայացուցիչ Վագիֆ Ասադովն ասում է, որ դեպքերի մեծ մասը տեղի է ունենում ոչ միան վարորդների մեղքով, այլ նաև հետիոտնների։

«Հետիոտներին խորհուրդ ենք տալիս չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները, քայլել մայթերով կամ օգտվել անցումներից։ Հատկապես մութ ժամերին։ Ինչպես նաև՝ ձգտել ականջակալներ չկրել ճանապարհն անցնելիս և հագուստին լույսն անդրդարձնող ժապավեններ փակցնել», – ասում է ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Վագիֆ Ասադովը։

Նա հավելում է, որ իրենք պլանավորում են ուժեղացնել հետիոտնների նկատմամբ վերահսկողւոթյունը, որպեսզի նրանց հետ սովորեցնեն ճանապարհը չթույլատրված հատվածով անցնելուց։

Այժմ ճանապարհը ոչ ճիշտ հատվածով կամ լուսաֆորի կարմիր լույսի տակ հատելու համար հետիոտններին տուգանում են 18-20 մանաթով [շուրջ $10-12]։ Դա հիմնականում կիրառվում է քաղաքի կենտրոնում, որտեղ մեկ խաչմերուկում միանգամից մի քանի ոստիկան կարող է հերթապահել։

Բաքվի կենտրոնի աշխույժ խաչմերուկներից մեկն ամենաակտիվ ժամին

Վարորդները մեղադրում են հետիոտններին, հետիոտնները՝ քաղաքային իշխանություններին

Վարորդները որպես վրաերթների հիմնական պատճառ այն են համարում, որ շատ հետիոտններ ճանապարհային երթևեկության կանոնները չգիտեն։

«Սեփական անձնական փորձից կարող եմ ասել, որ հետիոտնը հաճախ չգիտի, օրինակ, կարգավորվող խաչմերուկի կանոնները և փողոցն անցնում է մեքենաների համար կանաչ լույսի տակ՝ մտածելով, թե այն իրեն է վերաբերում։ Այնպիսի տպավորություն է, որ Բաքվում մարդիկ ավելի շատ վախենում են ավտոբուսից ուշանալուց, քան վաղաժամ այն աշխարհում հայտնվելուց։ Կարծում եմ, որ դպրոցներում արժե այս բոլոր կանոնների լուրջ ուսուցում ներմուծել։ Անարդար է վարորդներին մեղադրելը․ վերջերս նրանք սկսել են շատ ավելի լավ վերաբերվել հետիոտնին։

Երբեմն էլ իրենց են վնասում՝ փորձելով խուսափել վրաերթից։ Եվս մեկ խնդիր է այն, որ և աշնանը, և ձմռանը շատերը սև կամ մուգ գույնի հագուստ են կրում, երեխաներին էլ են այդպես հագցնում, իսկ մթության մեջ դա մարդուն «անտեսանելի» է դարձնում վարորդի համար։ Շատ երկրներում օգտագործում են լույսի անդրադարձիչներ, որոնք ամրացվում են հագուստին կամ լույսն անդրադարձնող տարրերով հագուստ կամ կոշիկ են գնում։ Սակայն մեզ մոտ դա դեռևս շատ հազվադեպ է հանդիպում», – ասում է վարորդ Լեյլա Հուսեյնովան։

Հետիոտններն էլ իրենց բողոքներն ունեն նրանցից, ովքեր նախագծում են փողոցներն ու անցումները։

«Այո, հաճախ հետիոտնը ճանապարհն անցնում է չթույլատրված մասով, սակայն երբեմն նա պարզապես ելք չունի։ Մոտակա անցումը հեռու է կամ ընդհանրապես չկա։ Բացի այդ, «զեբրերը» սկսել են հաճախ փոխարինել ստորգետնյա կամ վերգետնյա անցումներով, որոնց մեծ մասն անհարմար է․ անգամ հարաբերականորեն երիտասարդ և առողջ մարդու համար է դժվար դրանցից օգտվելը։ Հաճախ էլ լինում է, որ ճանապարհներն ընդլայնելիս քաղաքային իշխանությունները պարզապես մոռանում են մայթ թողնել կամ կառուցել կամ էլ խորհրդանշական կես մետր են թողնում, որի կեսը զբաղեցնում են լպիրշաբար կայանած ջիպերը։ Այդ դեպքերում մարդիկ ստիպված են անցնել երթևեկելի մասով», – բողոքում է հետիոտն Ֆարհադ Միքայիլովը։

Հաճախ վրաերթի զոհ են դառնում հավաքարար կանայք, որոնք ավլում են արագընթաց ավտոմայրուղիները։ Սակայն այդ դեպքերում վրդովված քաղաքացիներն արդեն բողոքում են ոչ թե վարորդներից, այլ պաշտոնյաներից, որոնք հավաքարարներին նման վտանգավոր աշխատանքի են ուղարկում՝ հատուկ տեխնիկա օգտագործելու փոխարեն։


Կարդալ ավելին JAMnews-ում