100 կով, երկու խանութ, հարյուրավոր գնորդներ. երբ ամբողջ բիզնեսը տեղակայված է մի գյուղում, որտեղ ոչ ոք չի ապրում" />

Միայնակ ֆերմերը՝ ինչպես բիզնես աշխատացնել Հարավային Օսիայում

100 կով, երկու խանութ, հարյուրավոր գնորդներ. երբ ամբողջ բիզնեսը տեղակայված է մի գյուղում, որտեղ ոչ ոք չի ապրում

Լուսանկարը՝ Գանա Յանովսկայայի

Այս ապրանքանիշը Հարավային Օսիայում գիտեն բոլորը: Երկու «Ֆերմեր» խանութ Ցխինվալում, որոնցում ապրանքը վաճառասեղանին չի մնում: Այս փոքր կաթնամսային կայսրությունը ստեղծել է ֆերմեր Ռոբերտ Սիուկաևը: Նա ասում է, որ իր տնտեսությունում այժմ ավելի քան 100 կով կա:

Սակայն ընդամենը 5 տարի առաջ այս ամենը չկար: 

Ռոբերտ Սիուկաևը գյուղի իր տնտեսությունում: Լուսանկարը՝ Գանա Յանովսկայայի

34

ամյա Սիման Ռոբերտի կինն է: Ամուսինը նրանից 10 տարով մեծ է: Սիման մեծացել է Վլադիկավկազում՝ Հյուսիսային Օսիայում: Քաղաքի աղջիկ լինելով՝ նա ամուսնացել է Ռոբերտի հետ, որը ծնողների հետ ապրում էր Ելտուրա գյուղում:

Նախկինում այս գեղատեսիլ վայրը մեծ բնակավայր էր: Սակայն երբ 9 տարի առաջ Սիման տեղափոխվեց այստեղ ապրելու, նրա նոր ընտանիքը միակն էր գյուղում: Այս տարիներին ոչինչ չի փոխվել. լույսը վառվում է միայն Սիմայի և Ռոբերտի բակում, իսկ ամբողջ գյուղում միայն լքված տներ և ցախատներ են:

Սիուկաևներն այն ժամանակ 8 կով ունեին, սակայն պահում էին բացառապես իրենց համար, որպեսզի սնունդ ունենան: Իսկ բիզնեսը սկսվեց պատահական և անսովոր կերպով:

«Ամեն ինչ դժբախտությունից սկսվեց», — ասում է Ռոբերտը

2012թ-ին Սիուկաևների տունն այրվեց, և նրանք բառացիորեն փողոցում հայտնվեցին:

Ռոբերտը մոտակայքում էր՝ արոտավայրում: Նրա ընտանիքը տանն էր:

«Ընկերներս վազելով եկան ինձ մոտ, նրանք այդ ժամանակ գյուղում էին: Տունն այրվո՜ւմ է, տունդ այրվո՜ւմ է, բղավում էին նրանք: Ես, որքան ուժ ունեի, վազեցի և աղոթում էի Աստծուն, որ հանկարծ երեխաներիս բան չլինի: Դեռևս հեռվից այրվող տան կողքը տեսա Սիմային, նա գրկել էր մեր կրտսեր տղային: Աղջիկս նույնպես կողքն էր: Մնացած ամեն ինչ այդ պահին ինձ համար կարևոր չէր», – պատմում է Ռոբերտը:

Հրդեհից հետո նրանք սկսել են ապրել երկաթյա վագոնում, և պետք էր ինչ-որ կերպ գումար վաստակել ապրելու համար: Ծնողներն արդեն այն տարիքում չէին, որ տնտեսությանն օգնեին, իսկ հրդեհից հետո ընդհանրապես տեղափոխվեցին քաղաք: Եվ Ռոբերտն ու Սիման որոշեցին ֆերմերությունը բիզնես դարձնել:

«Մեզ այն ժամանակ իշխանություններն օգնեցին. ֆիննական տիպի տուն նվիրեցին, որն ուներ երկու ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, բաղնիք: Իհարկե, ստիպված էինք մեծ ներդրում անել, որպեսզի տունն ամուր դառնար: Մենք այն ամբողջությամբ աղյուսով ենք պատել: Եվ դեռ շատ բան կա անելու, սակայն գլխավորը ջուրն ու ջեռուցումն է», – ասում է Ռոբերտը:

Այդ նույն 2012թ-ին Սիուկաևները պարտքերի մեջ են խրվել, վարկ վերցրել և առաջին անգամ սկսել են աշխատել ոչ թե իրենց, այլ շուկայի համար:

Լուսանկարը՝ Գանա Յանովսկայայի

Նախևառաջ, նրանք էլի կովեր են գնել: Եվ սկսել են պաշտպանվել արջերից:

«Ասում են, որ իմ տարիքի կանայք սովորաբար իրենց համար այլ կյանք են ցանկանում: Իսկ ես ինձ այստեղ եմ լավ զգում, սովորել եմ: Միայն թե արջերից եմ վախենում: Մի անգամ առավոտյան սանդղամուտք դուրս եկա, Ռոբերտն այդ ժամանակ կաթն էր տեղավորում մեքենայում: Եվ լսում եմ, թե ինչպես են առավոտյան լռության մեջ սարից քարեր գլորվում: Հայացքս բարձրացրի, տեսնեմ 50 մ հեռավորության վրա տան մերձակայքում գտնվող բլրի վրա արջ է նստած: Մարդու պես հետույքի վրա էր նստած: Մայր արջ էր քոթոթների հետ: Հետո նա վեր կացավ և հեռացավ անտառ: Գիշերն անձրև էր եկել, և արջը երևի թրջվել էր, վեր կենալով՝ նա թափահարեց իրեն, և ես տեսա նույնիսկ, թե ինչպես են նրա մորթուց տարբեր կողմեր կաթիլներ գլորվում», – պատմում է Սիման:

Ռոբերտն ասում է, որ բորենիներն ու գայլերն այստեղ հազվադեպ երևույթ չեն, սակայն արջերի հետ առավել բարդ է:

«Ամռանը հաճախ է արջը կովերիս հետևից ընկել: Կանգնած նայում ես ու ոչինչ չես կարող անել: Մենք հիմա դրա պատճառով շուն ենք պահում: Տարածքը դեռևս ցանկապատված չէ, միայն գոմն է փակ, որտեղ կովերը ձմեռում են: Իսկ ամռանը նրանք ազատ արածում են», – ասում է նա:

 Կ

ովերի քանակը յուրաքանչյուր տարի աճել է՝ քաղաքում նրանց արտադրանքի պահանջարկին համապատասխան: Եվ աշխատանքն ավելի ու ավելի շատ է դարձել. ժամանակին ձմռան կեր պատրաստել, ամռանն արդեն դրա համար գումար նախատեսել, զարթնել առավոտ կանուխ, կաթնամթերքը քաղաք տանել:

Ռոբերտի ու Սիմայի աշխատանքի բաժանումը հետևյալն է:

Ռոբերտը կովերին է հետևում, պատրաստի արտադրանքը քաղաք է տանում և վերահսկում է երկու խանութների ամբողջ աշխատանքը: Բացի այդ, նա ամեն օր մեծ աղջկան դպրոց է տանում, իսկ կրտսեր տղային՝ մանկապարտեզ:

Իսկ Սիման կովերին է կթում և պատրաստում ողջ արտադրանքը՝ պանիր, կաթ, թթվասեր, կարագ, մսամթերք: Տանը կարգուկանոնի և ընտանիքի համար ուտելիք պատրաստելու պատասխանատվությունը նույնպես նրա վրա է:

«Հիմա արդեն հեշտ է, – ասում է նա, – տարբեր տեսակի տեխնիկա ունենք՝ կթելու սարք, ստերիլիզատոր»:

Ապխտած միս՝ ավանդական բաղադրատոմսով: Միսը պետք է բարակ շերտերով կտրատել, աղ և համեմունք անել և թողնել մի քանի օր մնա: Այնուհետև պետք է մսի շերտերով պինդ լցնել ցանցը ռուլետի պես, այնուհետև ուղարկել ապխտարան: Ռոբերտն ասում է, որ իր պապը միշտ այդպիսի ռուլետներ էր պատրաստում ինքնաշեն ապխտարանում, իսկ նա գործարանայինն ունի: Այդ արտադրանքն իր խանութներում բարձր պահանջարկ ունի, թեև այդպիսի ռուլետի մեկ կիլոգրամն էժան չէ՝ 400 ռուբլի [մոտ $7]:

Երեխաներին դպրոց և մանկապարտեզ, ինչպես նաև արտադրանքը Ռոբերտը «Նիվայով» է տանում, որում սառնարան է տեղադրել: Ասում է, որ ուրիշ մեքենա այդտեղով պարզապես չի անցնի, ճանապարհը շատ վատն է: Ձմռանը ձյուն է, ամռանն՝ անձրևոտ եղանակին, ցեխ:

Խանութները նա բաժանել է՝ ըստ արտադրանքի տեսակի. մեկում կաթնամթերքն է և հավկիթը, մյուսում՝ միսն ու մսային արտադրանքը:

«Երբ մսի բարձր պահանջարկ է լինում, Հարավային Օսիայի սահմաններից դուրս կովեր ենք գնում և ներկրում: Դեկտեմբերին՝ Ամանորի նախօրեին, նույնպես մի քանի կով գնեցինք և սպանդանոց տարանք: Սակայն դրանցից 5-ը անսպասելիորեն հորթ ունեցան: Երևի վաճառողն ինքը չգիտեր այդ մասին: Մենք նրանց, բնականաբար, գյուղ վերադարձրինք և թողեցինք այնտեղ: Ամանորյա այդպիսի նվեր ստացվեց. գնեցինք հինգ կով, ստացանք 10-ը», — պատմում է Ռոբերտը:

Իսկական օսական խաբիջեն (պանրով կարկանդակ) պատրաստելու համար անհրաժեշտ է այս առանձնահատուկ պանիրը: Թարմ կաթի մեջ գցում են կովի չորացրած ստամոքսից մի հատված և թողնում են գիշերը մնա: Գիշերվա մեջ կաթը սկսում է կտրվել: Այնուհետև այդ զանգվածը սկսում են գնդի տեսքով հավաքել և ֆորմայի մեջ են գցում: Շիճուկն աստիճանաբար առանձնանում է, իսկ գունդը՝ պնդանում: Դա էլ հենց պանիրն է, որը հետո պահում են աղաջրի մեջ: Լուսանկարը՝ Գանա Յանովսկայայի

Իրենց բիզնեսն էլ ավելի ընդլայնել Սիուկաևները չեն պլանավորում: Նրանք դեռ մրցակցում են ներկրվող արտադրանքի հետ:

Ռոբերտի խանութում մեկ կիլոգրամ տավարի միսն արժե 300 ռուբլի (5 դոլարից ավել). ներկրված միսը 350 ռուբլի է (մոտ 6 դոլար):

Մոտավորապես նույնպիսի տարբերություն է կաթնամթերքի պարագայում. Ռոբերտի արտադրած մոտ մեկ լիտր կաթը կարելի է գնել 60 ռուբլով (մոտ 1 դոլար), իսկ ներկրված կաթն արժե 70-100 ռուբլի (մոտ 1.50 դոլար):

 Ռ

ոբերտ Սիուկաևը հազվադեպ մարդ է Հարավային Օսիայում: Կաթնամթերք այստեղ գրեթե ոչ ոք չի արտադրում, ամեն ինչ բերվում է Ռուսաստանից: Ռոբերտը վստահ է, որ իր բիզնեսը հեռանկար ունի.

«Չնայած բոլոր դժվարություններին և խնդիրներին, սա հեռանկարային շուկա է: Աշխատանքս էլ այնքան լավն է՝ մարդկանց թարմ, բնական և օգտակար մթերք եմ հասցնում»:

Լուսանկարը՝ Գանա Յանովսկայայի

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում