Փորձագետներից շատերի կարծիքով՝ գործող նախագահին այլընտրանք չկար ամենասկզբից" />

100 ամենագնացներ սլացել են Բաքվի կենտրոնով՝ ի պատիվ նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի տարած հաղթանակի

Փորձագետներից շատերի կարծիքով՝ գործող նախագահին այլընտրանք չկար ամենասկզբից

Այսօր՝ 2018թ-ի ապրիլի 11-ին, Ադրբեջանում կայացան արտահերթ նախագահական ընտրություններ, որոնցում, ըստ նախնական տվյալների, հաղթեց գործող նախագահ Իլհամ Ալիևը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների ակտիվությունը կազմել է 74,51 տոկոս:

Քվեարկության ավարտից մեկ ժամ անց «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության շտաբ-բնակարանում մամուլի ասուլիս է կայացել, որին նախագահական ընտրությունները հայտարարվել են կայացած:

«Քվեարկության մասնակցել է 3,9մլն ընտրող: Exit-poll հարցումների տվյալներով՝ Իլհամ Ալիևի օգտին է քվեարկել ընտրողների 80%-ը: Ադրբեջանցի ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարել հօգուտ Իլհամ Ալիևի», — հայտարարել է իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը:

«Ենի Ադրբեջան» կուսակցությունն Ադրբեջանի ավտոմոբիլային ֆեդերացիայի հետ միասին, չսպասելով քվեարկության վերջնական արդյունքներին, ավտոարշավ էր կազմակերպել Բաքվի կենտրոնում՝ նշելու Իլհամ Ալիևի հաղթանակը:

Ինչպես հաղորդում է «Trend» տեղեկատվական գործակալությունը, ավտոարշավին մասնակցել է մոտ 100 offroad ավտոմեքենա: Նրանք մեկնարկել են Հեյդար Ալիևի կենտրոնից, անցել կենտրոնական փողոցներով և պողոտաներով և վերադարձել մեկնարկային կետ:

Նախագահական ընտրություններին մասնակցել է 7 թեկնածու.

Իլհամ Ալիևը՝ «Ենի Ադրբեջան» կուսակացությունից,

Գուդրաթ Հասանգուլիևը՝ «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից,

Արազ Ալիզադեն՝ Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից,

Ֆարաջ Գուլիևը՝ «Վերածննդի ազգային շարժումից»,

Ռազի Նուրուլաևը՝ «Ֆրոնտիստների նախաձեռնող խմբից»,

Հաֆիզ Հաջիևը՝ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից,

ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը,

Սարդար Մամեդովն՝ Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունից

Սակայն միակ իրական թեկնածուն էր համարվում գործող նախագահ Իլհամ Ալիևը:

Ամերիկյան «Artur J.Finkelstein and Associates» կազմակերպության արդյունքների համաձայն՝ Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 85,57%-ը, մնացած թեկնածուներից ոչ ոք չի հավաքել նույնիսկ 3 տոկոս ձայն:

Ֆրանսիական «Opinion Way» կազմակերպությունը «Հանուն քաղաքացիական հասարակության» խորհրդատվության և օգնության անկախ կենտրոնի հետ միասին նույնպես հրապարակել են նախագահական ընտրությունների ժամանակ անցկացված «exit poll»-ի արդյունքները: Նրանց տվյալներով նույնպես գործող նախագահ Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 86,53 տոկոսը:

Խախտումներ և/կամ դրանց բացակայություն. նախնական տվյալներ

Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը հայտարարել է նախագահական ընտրություններին քվեարկության հետ կապված բողոքների բացակայության մասին:

Սակայն լրագրողները հակառակն էին հայտարարում: «Մեյդան Թի-Վի» առցանց հեռուստատեսությունը հաղորդել է, որ Բաքվի Նիզամիի երկրորդ ընտրատարածքի համար 25 ընտրատեղամասում լրագրողին բռնությամբ դուրս են արել տարածքից՝ չնայած նրան, որ նա ցույց էր տվել իր վկայականը: Ինչպես նշում է առցանց հեռուստատեսությունը, ընտրությունների ժամանակ տարբեր ընտրատեղամասերում այլ լրագրողներ նույնպես պատմել են, որ իրենց համար խոչընդոտներ էին ստեղծվում նկարահանման ժամանակ:

Ադրբեջանում հերթական ընտրությունները պետք է կայանային 2018թ-ի հոկտեմբերին: Սակայն այս տարվա փետրվարի 5-ին նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով երկրում արտահերթ նախագահական ընտրություններ էին նշանակվել ապրիլի 11-ին: Սահմանադրական փոփոխություններից հետո նախագահման ժամկետը երկարաձգվել էր. այժմ այն 7 տարի է (նախկին հինգի փոխարեն): Միևնույն մարդուն վերընտրելու սահմանափակումը չեղարկվել էր:

«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ», «Ժողովրդական ճակատի կուսակցություն» և «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել էին ընտրությունները բոյկոտելու մասին:


Կարդալ ավելին JAMnews-ում