Երգել, բուժվել, սելֆի անել արձանների հետ" />

10 երթուղիներ Վանաձորում

Երգել, բուժվել, սելֆի անել արձանների հետ

Եվ այսպես, գնում եմ Վանաձոր քաղաք՝ սովետական տարիներին Կիրովական, ավելի վաղ Ղարաքիլիսա կոչվող, Հայաստանի հյուսիսում, Երևանից մոտ 120կմ հեռավորության վրա գտնվող, իր մեծությամբ երրորդը Հայաստանում: Երկու ժամ հանրային տրանսպորտով՝ և ես Վանաձորի ավտոկայանում եմ: Վանաձորցիներին հարց ու փորձ եմ անում և սկսում ծանոթությունը քաղաքի հետ: Իսկ ձեզ ներկայացնում եմ իմ ցուցակը՝ ինչ կարողեք անել Վանաձորում մեկ օրվա ընթացքում:

1. Երգել

Կենտրոնը Հայքի հրապարակն է, որտեղ գտնվում են քաղաքի, նաև Լոռվա մարզի տեղական կառավարման մարմինները: Այստեղ է նաև Վանաձորի խորհրդանիշը՝ «Գուգարք» հյուրանոցի շենքը: Այս հրապարակում ամեն ինչ հաշվարկված է՝ կա բնական եղևնի, որը, տեղացիների խոսքերով, Ամանորին ստանձնում է քաղաքի տոնածառի «պաշտոնը»: Բեմ կա, որը նախատեսված է քաղաքի բացօթյա միջոցառումների համար: Ինչպես նաև ինձ նման մոլի երաժշտասերների համար, որոնք պարզապես սիրում են բարձրաձայն երգել ցանկացած բեմի վրա:

 

2. Բուժվել

«Վանաձոր-Արմենիա» առողջարանի այգին հայտնի է եղել դեռ Խորհրդային միության տարիներից՝ ոչ պակաս, քան առողջարանը: Աշունն այն արդեն ներկել է իր ուզած գույներով, նաև «վտարել» է բոլորին: Առողջարանը բաց է միայն ապրիլից հոկտեմբեր: Այս ահռելի տարածքում միայն տնօրենին հանդիպեցի՝ Սարգիս Ամիրյանին: Նա էլ առողջարանի գովքն արեց. Հայաստանում այն միակն է, որտեղ կոմպլեքս բուժում է իրականացվում՝ տորֆով և հանքային ջրերով:

3. Խմել… թթու ջուր

Տեղացիներն այնպես են գովաբանում Լոռի հանքային ջուրը, որ չխմելը պարզապես հանցանք կլիներ: «Թթու ջուր»՝ այդպես են կոչում տեղի հանքային ջուրն ու աղբյուրը, որտեղից այն բխում է: Բըռռ, իսկականից թթու է, բայց շատ փափուկ, նման չէ մյուս հանքային ջրերին: Ի դեպ, այն Հայաստանում չի շշալցվում և չի վաճառվում խանութներում:

4. Մշակութային երեկո անցկացնել

Քաղաքի անբաժանելի մասն է կազմում ավելի քան 80 տարեկան դրամատիկական թատրոնը: Ցավոք, չեմ հասցնի ինչ-որ ներկայացում դիտել, քանի որ երեկոյան այստեղ չեմ լինի: Համ էլ այստեղ ամեն օր չէ, որ ներկայացում կա…

Ուրեմն մնաց կերպարվեստի թանգարանը 1000-ից ավելի ցուցադրանմուշներով: Բայց ցուրտ եղանակին այստեղ մտնելը անհնար է. ջեռուցում չկա, դրա փոխարենը կա վերանորոգման խիստ կարիք:

Այ, մշակույթի պալատը վերանորոգվել է, այստեղ կազմակերպվում են Վանաձորի համերգներն ու տարբեր մշակութային միջոցառումները, կա նաև կինոդահլիճ: Երկրաշարժից հետո երկար ժամանակ շենքը կիսավեր է մնացել, և անգամ որոշվել էր, որ այդպես էլ մնա՝ որպես երկրաշարժի մասին հիշեցում: Սակայն Շառլ Ազնավուրի շնորհիվ այն վերականգնվել է և վերանվանվել հենց նրա անունով:

5. Խնձորի բերքահավաքի մասնակցել

Մեր հայտնի գրողներից Ստեփան Զորյանն է այստեղ ապրել, ու Վանաձորում է գտնվում նրա տուն-թանգարանը: Գրողի սիրելի խնձորի այգին էլ է այստեղ («Խնձորի այգին» Ս. Զորյանի հայտնի պատմվածքի անունն է): Ամեն տարի այս օրերին թանգարանը բերքահավաքի տոն է կազմակերպում: Բայց խնձորենիների վրա ընդամենը մեկ-երկու պտուղ եմ տեսնում:

Տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանն ասում է, որ ուշացել եմ բերքահավաքի տոնից…

6. Առևտուր անել

Աաա, սիրտս խնձոր ուզեց: Գնամ տեղացիների ասած «Լաչինի միջանցք» (Լաչինի միջանցքն իրականում Հայաստանը և Արցախը միացնող տարածքն է): Այստեղ կարելի է գտնել ԱՄԵՆ ԻՆՉ. թարմ ձկից մինչև օգտագործած մագնիտոֆոն, խաշի մսացուից ու պանրի տեսականուց մինչև տարբեր տեսակի կողպեքներ, և իհարկե խնձոր ու էլի լիքը մրգեր:

7. Սելֆի անել արձանների հետ 

Աղմկոտ և փոշոտ նեղլիկ ճանապարհի կողքին տեղ են գտել Վանաձորի ամենահետաքրքիր 2 արձանը: Մեկը Դուդուկի արձանն է՝ նվիրված վարպետ Ատոյին, Վանաձորի հայտնի դուդուկահարին: Ի դեպ, հաճախ արձանի կողքին կարելի է դուդուկի հնչուններ լսել:

Իսկ մյուսը Համբույրի արձանն է: Ճիշտն ասած, ես շատ երկար նայեցի, մինչև հասկացա, թե որտեղ է համբույրը:

Եվս մեկ արձան այս աշնանն է հայտնվել քաղաքում՝ Վանաձորի գլխավոր փողոցի մայթին: Այն նվիրված է եղեռնի 100-րդ տարելիցին: Դե, ինչպես կարող էի սելֆի չանել բրոնզե թուրը ձեռքիս:

8. Հանրահավաքի մասնակցել 

Նստեցի Արցախ պուրակի նոր ներկված նստարաններից մեկին բրդուճ ուտելու: Սա քաղաքի ամենամարդաշատ հատվածն է: Երիտասարդությունն էլ է այստեղ շատ՝ պուրակի կողքին Վանաձորի պետական համալսարանն է գտնվում: Կողքիս նստած տատիկն էլ պատմեց, որ այս պուրակը միշտ եղել և մնում է Վանաձորում տեղի ունեցող հանրահավաքների վայրը: Ասեմ, որ չնայած նոր ներկված նստարանների առկայությանը, պուրակն անխնամ, անմխիթար վիճակում է:

9. Եկեղեցի գնալ

Հայաստանում էլ ի՞նչ քաղաք, որ եկեղեցի չլինի: Իսկ Վանաձորում՝ 1,2,3,4,5… նույնիսկ 6 եկեղեցի կա, նաև ռուսական ուղղափառ: Դեռ Երևանից գալու ճանապարհին տեսա Կոտրած եկեղեցու ավերակները: Հենց Կոտրած եկեղեցու սև քարից էլ առաջացել է Վանաձորի առաջին անունը (Ղարաքիլիսիա՝ Սև եկեղեցի):

Սակայն վանաձորցիները սիրում են հպարտանալ, ինչպես իրենք են ասում, հին եկեղեցով՝ սուրբ Մարիամ Աստվածածնով:

Մի քանի րոպե, և ես հին եկեղեցուց հասա Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին, որը համեմատաբար նոր է կառուցվել: Հայերը շարունակում են եկեղեցի կառուցել, չնայած դրան, որ ավելի շատ ընդունում են և պաշտում հին տաճարները:

10. Կողպեք կախել կամուրջին

Մեկ այլ եկեղեցի էլ գտնվում է հայազգի մեծահարուստ գինեգործ Վասիլ Թայիրովի ամառանոցի բակում (19-րդ դարի վերջ): Ի դեպ, 1999-ից Թայիրովների տունը վերածվել է Գուգարաց թեմի առաջնորդարանի: Դե, հասանք Թաիրովների տուն, ուրեմն շարժվենք առաջ, քանի որ փոքրիկ կամուրջն ինձ տանում է արդեն դեղնած այգի: Բայց մինչև այգին հասնելը, կանաչ կամրջի կողքով եմ անցնելու: Սիրահարներն այստեղ կողպեք են կախում՝ որպես իրենց սիրո հավերժության խորհրդանիշ: Դե, հիմա սիրո կողպեքներին ավելացավ նաև իմը:

Հրապարակվել է՝ 09.10.2016

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում