Սահմանապահները հրաժարվել են թույլ տալ ռուս բայքերներին երկիր մուտք գործել" />

«Գիշերային գայլերին» Վրաստան չեն թողել

Սահմանապահները հրաժարվել են թույլ տալ ռուս բայքերներին երկիր մուտք գործել

Մոտ 50 ռուս բայքերներ չեն կարողացել Վրաստան մտնել: Նրանց մուտքն արգելել են վրացի սահմանապահները: Բայքերները փորձել են Վրաստանի տարածք մտնել ուշ գիշերին: Սակայն սահմանապահները նրանց անձնագրերում «չեղարկված է» կնիքն են դրել:

Վրաստանի ԱԳ փոխնախարար Շալվա Խուցիշվիլին բացատրել է, որ սահմանապահներն իրավունք ունեն ինքնուրույն որոշում կայացնելու արտասահմանյան քաղաքացիներին թույլ տալ մտնել երկիր, թե թույլ չտալ: «Նրանք իրավունք ունեն հարցնելու այցի նպատակի մասին և պահանջելու լրացուցիչ տեղեկատվություն և, ելնելով դրանից, համապատասխան որոշում կայացնելու», – նշել է Խուցիշվիլին:

Տեղեկատվությունը հաստատել են նաև բայքերները: «Ռուս-վրացական երիտասարդական միության» ղեկավար Իրակլի Կիպիանին հրապարակել է բայքերներից մեկի անձնագիրը՝ Վրաստան մուտքն արգելող կնիքով: Բայքերներից ոմանք սոցցանցերում գրել են, որ, ըստ իրենց ունեցած տեղեկությունների, մինչև մայիսի վերջ Վրաստանի մուտքը ռուս մոտոցիկլավարների համար փակ է:

«Բոլորդ, ովքեր կանգնած եք սահմանին, վերադարձեք Վլադիկավկազ», – գրել է բայքերներից մեկը՝ Դմիտրի Խրիպկովը:

«Վրաստան չենք թողնելու կրեմլյան մոտոցիկլավարներին». Վրաստանում արդեն մի քանի օր է ստորագրություններ են հավաքում այս պահանջով:

«Գիշերային գայլեր» ռուս բայքերների խմբավորումը Կրեմլի աջակցությունն ունի: Բացի այդ, նրանց առաջնորդ Ալեքսանդր Զալդոստանովը բազմիցս հանրության առջև հայտնվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Խմբավորման անդամները մայիսի 9-ին պլանավորում էին Վրաստանում լինել ֆաշիզմի հանդեպ տարած հաղթանակը նշելու համար: Նրանց ճամփորդությունները տարբեր երկրներ հաճախ առճակատմամբ են ավարտվում: Բայքերներն այսպես կոչված «գեորգյան ժապավեններով» են ճամփորդում, որոնք հետխորհրդային երկրներում հաճախ ընկալվում են որպես ռուսական իմպերիալիզմի և խորհրդային օկուպացիայի խորհրդանիշ:


Կարդալ ավելին JAMnews-ում