Գործող նախագահ Հաջիմբային դիմակայելու է ընդդիմադիր գործիչ Կվիցինիան։ Կհաղթի նա, ով պայմանավորվածություն ձեռք կբերի նախկին նախագահ Անկվաբի հետ" />

Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի

Գործող նախագահ Հաջիմբային դիմակայելու է ընդդիմադիր գործիչ Կվիցինիան։ Կհաղթի նա, ով պայմանավորվածություն ձեռք կբերի նախկին նախագահ Անկվաբի հետ

Ըստ պաշտոնական տվյալների՝ առաջին տեղում է Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Հաջիմբան։ Նրա օգտին է քվեարկել ընտրողների 23.6%-ը (20,304 մարդ)։

Երկրորդ տեղում է ընդդիմադիր գործիչ, Վրաստանի հետ պատերազմի վետերանների «Ամցախարա» կուսակցության առաջնորդ Ալխաս Կվիցինիան՝ 22% (19,032 ձայն)։

Ընդամենը հարյուր ձայն չի հերիքել Աբխազիայի նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբի հովանավորյալ Օլեգ Արշբային երկրորդ փուլ դուրս գալու համար։ Նրա օգտին է քվեարկել ընտրողներին 21.8 տոկոսը (18,931 քվե)։

Երկրորդ փուլը կանցկացվի սեպտեմբերի ութին։

______________

Ընտրություններն Աբխազիայում ավանդաբար անկանխատեսելի են համարվում, սակայն ներկայիս ընտրությունները,  կարծես, իրենց դրամատիկությամբ գերազանցել են նախորդները։

Այստեղ սոցիոլոգիական հարցումներ չեն անցկացնում, որոնք որոշում են այս կամ այն թեկնածուի վարկանիշը, չկան նաև էքզիթ-փոլեր։ Այդ պատճառով էլ հստակություն հայտնվում է միայն ընտրատեղամասերի փակվելուց և քվեների հաշվարկից հետո։

Երբ սկսվեց ձայների հաշվարկը պատկերը փոխվում էր ոչ թե ժամերով, այլ րոպեներով։

Առաջին արդյունքները, որպես կանոն, ստացվում են սակավաթիվ ընտրողներ ունեցող հեռավոր գյուղերից։ Այդ տվյալների համաձայն՝ ի սկզբանե առաջատարն էր Ալխաս Կվիցինիան։ Ավելի ուշ, երբ սկսեցին տվյալներ ստացվել ավելի խոշոր տեղամասերից, նրան սկսեց շրջանցել Օլեգ Արշբան։ Սակայն դա նույնպես ժամանակավոր էր․ արդյունքների հաշվարկի կեսից զգալի տարբերությամբ առաջին տեղում հայտնվեց Ռաուլ Հաջիմբան և արեն մինչև հաշվարկի ավարտն էլ չզիջեց իր մրցակիցներին։ Միաժամանակ մինչև վերջ պարզ չէր, թե ով է նրա հետ մրցակցելու երկրորդ փուլում։

Վճռորոշ դեր խաղացին Սուխումի №3 ընտրատարածքի տեղամասերից ստացված արդյունքները, որտեղ ձայների հաշվարկն անսպասելիորեն ձգձգվեց։

Առանց այդ տվյալների երկրորդ տեղում էր Արշբան, որը շրջանցում էր Ալխաս Կվիցինիային երկու հարյուր ձայնով։ Թվում էր, թե առավելությունը լիովին բավարար է հաղթանակի համար, հատկապես որ այդ տեղամասն այն վայրում է, որտեղ ծնվել և մեծացել է նախկին նախագահ Ալեքսանդր Ակվաբը, որի հեղինակության շնորհիվ էլ Արշբան ի սկզբանե համարվում էր ընտրարշավի ֆավորիտը։

Սակայն ամեն ինչ հակառակը եղավ․ Կվիցինիան, այդ տեղամասում շրջանցելով Օլեգ Արշբային, երկրորդ փուլ անցավ։


Երկրորդ փուլ անցած թեկնածուներ։ Ովքե՞ր են նրանք

Գործող նախագահ Ռաուլ Հաջիմբան Աբխազիայի 2004թ-ի դեռ առաջին այլընտրանքային ընտրություններից, երբ նա զիջեց Սերգեյ Բաղապշին, աբխազական քաղաքական էլիտայի ծանրաքաշ է համարվում։ Նույնը չես ասի Ալխաս Կվիցինիայի մասին, նա այդ քաշային կարգում նորեկ է։

Թեև նա վաղուց է քաղաքականությամբ զբաղվում․ վերջին տարիներին Կվիցինիան գլխավորում է ամենամեծ քաղաքական կազմակերպությունը՝ Վրաստանի հետ պատերազմի վետերանների «Ամցախարա» կուսակցությունը, սակայն մինչև վերջերս նախագահական նկրտումներ չուներ։ Ինչպես նա ինքն է խոստովանում, մասնակցությունն ընտրություններին նրա համար պատահականություն էր։

Ի սկզբանե «Ընդդիմադիր ուժերի դաշինքը», որի մաս էր կազմում «Ամցախարան», շեշտը դնում էր առավել փորձառու ընդդիմադիր քաղաքական գործիչ Ասլան Բժանիայի վրա։ Ապրիլի կեսերին Բժանիան կտրուկ հիվանդացավ՝ այնպես, որ ի վիճակի չէր մասնակել նախագահական ընտրություններին։ Ընդդիմությունը պնդում է, որ Բժանիային թունավորել են։

Եվ այդ ցայտնոտում ընդդիմության հորիզոնում հայտնվեց Կվիցինիայի թեկնածությունը։

Ալխաս Կվիցինիա

Կուսակցական աշխատանքից բացի Ալխաս Կվիցինիան պետական կառույցներում աշխատելու փորձ ունի։ Մինչև 2014թ-ը նա Սուխումի փոխքաղաքապետի պաշտոնն էր զբաղեցնում։

Ալխաս Կվիցինիայի պաշտոնյա լինելու անցյալը, որքան էլ պարադոքսալ չհնչի մի երկրում, որտեղ կոռուպցիան քրոնիկ հիվանդություն է, գրեթե անթերի է։ Համենայնդեպս, ոչ մի վարկաբեկող բան՝ նույնիսկ ամենաչնչին, այս ընտրարշավի մրցակիցները, որոնք ինն էին, այդպես էլ չգտան։

Հենց այդ առումով անթերի կենսագրությունը նրան թույլ տվեց իր նախընտրական արշավի ժամանակ շեշտը դնել կրիմինալի և կոռուպցիայի դեմ պայքարի վրա։

Եթե խոսենք Կվիցինիայի ֆիգուրի հանդեպ Կրեմլի վերաբերմունքի մասին, ապա նա հազիվ թե որևէ ալերգիա առաջացնի։

Թեև նախագահ Պուտինն ընտրություններից երեք շաբաթ առաջ Սոչիում հանդիպել էր իր գործընկեր Ռաուլ Հաջիմբայի հետ, Մոսկվան այս ընտրարշավի ժամանակ ցուցադրաբար չեզոքություն էր պահպանում։

Մոսկվայում հասկանում են, որ ցանկացած աբխազ քաղաքական գործիչ, որը հավակնում է գլխավոր աթոռին, հաշվի առնելով ռուս-աբխազական համագործակցության բարձր աստիճանն, ապրիորի դատապարտված է ընկերություն անել Կրեմլի հետ։ Եվ այս առումով Կվիցինիան բացառություն չէ։

Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ռաուլ Հաջիմբայի հետ Սոչիում։ 06.08.2019. REUTERS

Այժմ հաջորդ հինգ տարիներին Աբխազիայի նախագահ լինելու Ռաուլ Հաջիմբայի և Ալխաս Կվիցինիայի շանսերը կախված են նրանից, թե ով կարող է ստանալ աբխազական քաղաքականության ամենախարիզմատիկ ծանրաքաշ, 67-ամյա նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբի աջակցությունը։

Անկվաբը չէր համապատասխանում տարիքային շեմին (նախագահ կարող է դառնալ 35-65 տարեկան քաղաքացին), այլապես անձամբ կմասնակցեր նախագահական ընտրարշավին, այլ ոչ թե կսատարեր Օլեգ Արշբային։

Հավանաբար, Անկվաբը մեծ գին կուզի՝ վարչապետի աթոռը կամ ապագա կառավարությունն անձմաբ ձևավորելու հնարավորություն։

Համենայնդեպս, հենց նման պայման է առաջ քաշվել, ինչպես խոսում են վստահություն ներշնչող աղբյուրները, ընտրությունների նախօրեին Ալխաս Կվիցինիային, երբ խոսք է գնացել Ալեքսանդր Անկվաբի աջակցության մասին։

Սակայն այն ժամանակ նրանք պայմանավորվածության չէին եկել։ Արդյոք Անկվաբն այժմ կկարողանա պայմանավորվել Կվիցինիայի հետ, կամ արդյոք այդ պայմանը կընդունի Ռաուլ Հաջիմբան, դեռ բաց հարց է։ Սակայն հենց նրանից, թե ինչպես այն կլուծվի, կախված է, թե ով կդառնա Աբխազիայի հաջորդ նախագահը։

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով: 


Կարդալ ավելին JAMnews-ում