Վրացական մաֆիայի բոս համարվող, այսպես կոչված «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին" />

Ֆրանսիայում և Հունաստանում կալանավորվել են տասնյակ վրացի քրեական հեղինակություններ: Հատուկ գործողության ժամանակ ուղղաթիռներ են օգտագործվել

Վրացական մաֆիայի բոս համարվող, այսպես կոչված «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին

Հունաստանի և Ֆրանսիայի ոստիկանական ծառայություններն ապրիլի 16-17-ին վրացի քրեական հեղինակություն, այպես կոչված «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլիի և նրա քրեական խմբավորման մոտ 40 անդամների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների ձերբակալման հատուկ գործողություն են իրականացրել:

«Կովկաս-Նորմանդիա» անվամբ հատուկ գործողությունն անցկացվել է միաժամանակ երկու երկրներում:

Հատուկ գործողությունը Հունաստանում: Լաշա Շուշանաշվիլիի կալանավորումը, 2018թ-ի ապրիլի 17: Աղբյուրը՝ primecrime.ru

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ հունական Սալոնիկ քաղաքում հատուկ գործողությանը մասնակցել է հատուկ հակաահաբեկչական ստորաբաժանման 100 մարտիկ, օգտագործվել է ոստիկանության ուղղաթիռը: Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունը դիմադրության է հանդիպել և կրակ բացել: Երկու մարդ վիրավորվել է:

Կալանավորվածների տանն անցկացրած խուզարկության արդյունքում Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է փող, գողացված թանկարժեք իրեր, տեխնիկա և կեղծ փաստաթղթեր: Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ միայն Սալոնիկում խումբը կողոպտել է 56 տուն և մի քանի գրավատուն: Վերջին տարում խմբավորման հասցրած վնասը գերազանցել է 1 մլն եվրոն:

Վրացական քրեական խմբավորումը կալանավորվել է Հունաստանում Ֆրանսիայի դատախազության կողմից տրված եվրոպական օրդերի (EAW) հիման վրա, որը Լաշա Շուշանաշվիլիի և կալանավորվածներից մի քանիսի արտահանձնման հարցում է արել:

Միաժամանակ հատուկ գործողություն է անցկացվել Ֆրանսիայում: Կայենում, Մոնտոբանում և Ռենում կալանավորվել է Վրաստանի 14 քաղաքացի և Հայաստանի 1 քաղաքացի: Նրանց թվում է եղել «օրենքով գող» Ալեքսանդր Կոբալաձեն և այլ քրեական հեղինակություններ: Կալանավորվածների խմբում է եղել նաև հայտնի վրացի ռեփեր և արտիստ Կաբուն (Կախա Աբուաշվիլին), որն ընկերական հարաբերությունների մեջ է քրեական հեղինակություններից մեկի հետ: Կալանավորվածների թվում 4 կին կա: Ենթադրվում է, որ այդ խումբը հարյուրավոր տներ և խանութներ է թալանել Ֆրանսիայի հյուսիս-արևելքում:

Ռեն քաղաքի դատախազ Նիկոլա Ժակեն հայտարարել է, որ վրացական մաֆիայի անդամների ձերբակալման «Կովկաս-Նորմանդիա» գործողությունը պլանավորվել է մի քանի ամիս, և դրա արդյունքը «Հունաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի իշխանությունների համագործակցության պտուղն է»:

Իրականացված հատուկ գործողությունը վերջին ժամանակների ամենամասշտաբայիններից մեկն է: Ֆրանսիական դատախազության տվյալներով՝ դրան մասնակցել է մոտ 300 ժանդարմ:

Վրաստանի կենտրոնական քրեական ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Մամուկա Չելիձեն հաստատել է, որ Վրաստանն ատիվորեն մասնակցել է հատուկ գործողություններին:

Լաշա Շուշանաշվիլիի կալանավորումը, 2018թ-ի ապրիլի 17, աղբյուրը՝  primecrime.ru

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», 56-ամյա Լաշա Շուշանաշվիլին հետխորհրդային տարածքի «գողական աշխարհի» առաջնորդներից մեկն էր և սակավաթիվներից մեկը, որն ազատության մեջ էր: Շուշանաշվիլին, որը գողական աշխարհում հայտնի է որպես «Ռուսթավցի Լաշա», հետախուզման մեջ էր, և նրա արտահանձնում է պահանջում միանգամից մի քանի պետություն, որոնց թվում է Իսպանիան, Ռուսաստանը և Վրաստանը:

Վրացական քրեական խմբերը լուրջ խնդիր են դարձել եվրոպական երկրների համար, ինչն, իր հերթին, կարող է կասկածի տակ դնել ԵՄ և Վրաստանի միջև վիզային ռեժիմի պահպանման նպատակահարմարությունը: Այս մասին առավել հաճախ հիշեցնում է Գերմանիան: Մարտի սկզբին Գերմանիայի ներկայացուցիչները ժամանել էին Թբիլիսի, որտեղ բանակցություններ էին վարել Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ: Հանդիպմանն արծարծվել է  համատեղ գործողությունների անհրաժեշտության, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների իրականացման հարցը:


Կարդալ ավելին JAMnews-ում