Աբխազիայում անցկացվում է անհայտ մարզական մրցաշարերից ամենահեղինակավորը" />

Ֆուտբոլ առանց FIFA-ի

Աբխազիայում անցկացվում է անհայտ մարզական մրցաշարերից ամենահեղինակավորը

Աբխազիայում ConIFA-ի հովանու ներքո անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը սփոփանք էր այն հավաքականների համար, որոնք դեռ չեն մասնակցում համաշխարհային մրցաշարերի:

Նույնիսկ մի կողմ թողնելով այն թափը, որով Սուխումում անցկացվեց առաջնության գունեղ արարողությունը, ի սկզբանե համաշխարհային լրատվամմիջոցների հետաքրքրությունը մրցաշարի հանդեպ երաշխավորված էր: Եվ դա բացատրվում է ավելի շատ քաղաքական, քան մարզական բաղադրիչով:

ConIFA առաջնությունը արևմտյան լրատվամիջոցների շրջանում հայտնի է որպես «չճանաչված կամ սեփական տարածք չունեցող անջատողական երկրների և ազգերի մրցաշար»: Չնայած՝ իրականում այն FIFA-ի կազմ չմտած ֆուտբոլային ֆեդերացիաների առաջնություն է:

Վաղուց ինքնուրույն ապրող Աբխազիան, Հյուսիսային Կիպրոսն ու Սոմալիլենդը մրցաշարում ներկայացված են տարբեր պատմական տարածաշրջանների հավաքականների հետ միասին, որոնք սեփական անկախության մասին չեն էլ մտածում: Հազիվ թե Լապլանդիան կամ Ռեցիան, որոնց թիմերը մասնակցում են առաջնությանը, հավակնում են ավելիին, քան ունեն այժմ: Մեծ քաղաքականության հետ նրանք գործ չունեն, նրանց առաջին հերթին ֆուտբոլն է հետաքրքրում:

«Սա ամենահեղինակավոր միջազգային ֆուտբոլային մրցաշարն է, որի մասին դուք դեռ երբեք չեք լսել», – այսպես է մրցաշարը ներկայացրել The Christian Science Monitor-ը: Եվ թերևս դա Աբխազիայում անցկացվող առաջնության ամենաճշգրիտ սահմանումն է: Մրցաշարին մասնակցում է 12 հավաքական: Հետաքրքրությունն առաջնության հանդեպ իրոք մեծ է: Հարյուրից ավելի արտասահմանյան լրագրողներ հավատարմագրված են լուսաբանելու այն:

Խաղերի ուղիղ հեռարձակումը կարելի է տեսնել ոչ միայն համացանցում, այլ նաև շատ երկրների հեռուստաալիքներով:

Չնայած նրան, որ ՖԻՖԱ-ն չի ճանաչում այս առաջնությունը և դրանում մասնակցող հավաքականներին, այնուամենայնիվ իր ներկայացուցիչներին ուղարկել է:

Թիմերի կարգը բավականին տարբեր է: Խմբային փուլից հետո երևում է, որ ամենաուժեղները Աբխազիայի, Հյուսիսային Կիպրոսի, Արևմտյան Հայաստանի, Պադանիայի, Լապլանդիայի և Քուրդիստանի հավաքականներն են: Այդ թիմերում լավ ֆուտբոլիստներ են խաղում, ոմանք նույնիսկ հեղինակավոր եվրոպական առաջնությունների են մասնակցում: Դրանց զուգահեռ կան նաև ակնհայտ «սիրողական» հավաքականներ:

Այսպես, Չագոս կղզիների հավաքականը աբխազիայի և Արևմտյան Հայաստանի խմբում անցկացրած երկու խաղերի ընթացքում 21 գոլ է բաց թողել՝ հակառակորդի դարպաս ոչ մի գնդակ չուղարկելով:

Աբխազների հետ խաղի ժամանակ տեղացի երկրպագուներն այնքան խղճացին Չագոսի անօգնական ֆուտբոլիստներին, որ ամբողջ մարզադաշտը միահամուռ կերպով սկսեց գոռալ` Չագո՜ս, Չագո՜ս, և սեփական խաղացողներից լրիվ լուրջ պահանջեցին այլևս գոլ չխփել աֆրիկացիներին:

Ինչ-որ առումով երկրպագուների կոչն ազդեց Աբխազիայի հավքականի վրա: Նրանք սահմանափակվեցին 9 գոլով, սակայն կարող էին ևս մի քանի տասնյակ խփել:

Չագոսի թիմում Մանդարին ազգանունով երկու ֆուտբոլիստ կա, և դա տեղի սրամիտներին աֆրիկացիների անհաջող խաղի պատճառները հասկանալու բանալի տվեց. «Երկու մանդարին, և ոչ մի նարինջ: Ո՞ւմ հետ խաղան: Բացի այդ ցիտրուսներն ամռանն իրենց անհարմար են զգում: Իրենց սեզոնը չէ»:

Սակայն իրենց հայտնիությամբ Մանդարին եղբայրները զիջում են Ճապոնիայի կորեացիների հավաքականի խաղացողին, ում անուն-ազգանունն անձնագրով բոլորովին աբխազական է՝ Շոթա Այբա:

Ինքը ֆուտբոլիստն, ով նույնիսկ չէր կասկածում այդպիսի հայտնիության մասին (նա դաշտ է դուրս եկել ընդամենը մեկ անգամ որպես փոխարինող) բավականին լուրջ հայտարարել է, որ իր անուն-ազգանունը բոլորովին կեղծանուն չէ: Խաղից անմիջապես հետո նրան իր հովանու տակ առան Այբա գերդաստանի ներկայացուցիչները և նույնիսկ խոստացան, որ եթե մրցաշարում դադար լինի, հյուրին ընտանեկան հավաքի կհրավիրեն, որին Շոթա Այբան կներկայացվի իր աբխազ եղբայրներին:

Կորեացին իր հերթին որպես շնրոհակալություն ցուցաբերած ուշադրության համար խոստացել է ոչ միայն Աբխազիայի, այլ նաև Այբա աբխազական ազգանվան պատմությունն ուսումնասիրել: Իր մտադրությունների լրջությունն ապացուցելու համար նա արդեն մի քանի աբխազերեն բառ է սովորել:

Իհարկե մրցաշարը առանց սկանդալի չանցավ: Որոշ տեղացի երկրպագուների համար տհաճ անակնկալ էր Արևմտյան Հայաստանի առանց այդ էլ ուժեղ թիմի կազմում երկու տեղացի ֆուտբոլիստներ Արմեն Կապիկյանի և Ռուսլան Տրապիզոնյանի հայտնվելը: Հատկապես, որ այդ թիմը առաջնությունում Աբխազիայի հիմնական հակառակորդն է:

«Նրանց համար լավ կլինի, որ Աբխազիայի դեմ խաղում չհայտնվեն դաշտում», – ասում են հայրենասիրական մղումներ ունեցող տեղացի երկրպագուները:

Այս ամենի «մեղավոր» Արմեն Կապիկյանն, ով Չագոսի հավաքականի դարպաս 4 գնդակ ուղարկեց, շփոթված հայտարարել է, որ Աբխազիան իր հայրենիքն է, նա իհարկե երկրպագում է նրան, սակայն Արևմտյան Հայաստանն էլ օտար վայր չէ իր համար՝ իր նախնիներն են այնտեղից:

Չնայած պետք է նշել, որ Կապիկյանն ու Տրապիզոնյանը Աբխազիայի հավաքականի ընդլայնված կազմ նույնիսկ չէին մտել և միայն դրանից հետո են ընդունել Արևմտյան Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկը:

Սակայն տեղացի երկրպագուների մեծ մասն ընմբռնումով է մոտենում ֆուտբոլիստների ընտրությանը, իսկ Արևմտյան Հայաստանի թիմը իրեն հարմարավետ է զգում: Նրանց Սուխումում դիմավորել են ավանդական աբխազական հյուրընկալությամբ և դրան գումարվել է տեղի բավականին մեծ հայկական սփյուռքը:

«Սոչիի հայկական համայնքը մեզ օդանավակայանում դիմավորեց, ճանապարհեց մինչև սահման և այսպես ասած ձեռքից ձեռք փոխանցեց Աբխազիայի համայնքին, որն էլ մեզ մինչև հյուրանոց հասցրեց: Շատ հաճելի էր նման հյուրընկալությունը», – ասում է Արևմտյան Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Անուշավան Շահնազարյանը:

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ


Կարդալ ավելին JAMnews-ում