Ռուսական կոկոշնիկներով երեք երկրպագուները իշխանամետ պրոպագանդիստական ընկերության ղեկավարի ընտանիքի անդամներն են։ Իսկ ընկերությունը կասկածվում է մասշտաբային կոռուպցիայի մեջ" />

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի թալիսմա՞ն: Թե՞ կոռուպցիայի օրինակ

Ռուսական կոկոշնիկներով երեք երկրպագուները իշխանամետ պրոպագանդիստական ընկերության ղեկավարի ընտանիքի անդամներն են։ Իսկ ընկերությունը կասկածվում է մասշտաբային կոռուպցիայի մեջ

«Կոկոշնիկներով եռյակը». լուսանկար, որը հայտնի է դարձել: Ձախից աջ. Դմիտրի Գնատյուկ՝ «ԻՄԱ» ընկերությունների խմբի թոփ մենեջեր, որն ապահովել է Ռուսաստանում վերջերս կայացած նախագահական ընտրությունների «կրեատիվ ուղեկցումը» և երկար տարիներ համագործակցում է Մոսկվայի կառավարության հետ: Նրա կողքին կինն է՝ Իննա Կալենսկայան և եղբորորդին՝ Յուրին

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը շարունակում է հանդիսատեսին և դիտողներին ամենատարբեր տպավորություններ պարգևել:

Կոկոշնիկներով երկրպագուները

Հուլիսի 1-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության Ռուսաստան-Իսպանիա խաղի հեռարձակման ժամանակ տեսախցիկը երեք ռուս երկրպագուների ցուցադրեց, որոնք նստած էին կոկոշնիկներով (ռուսական հին գլխասարքեր) և հոթ-դոգ էին ուտում: Նրանց լուսանկարն արագ տարածվեց համացանցում, իսկ կոկոշնիկներով երկրպագուները «մեմ» դարձան:

«Մեմերի» մասին ներքևում կպատմենք, իսկ մինչ այդ՝ կադրում հայտնվածների մասին, քանի որ նրանք, ինչպես պարզվել է, սովորական մարդիկ չէին:

Անսովոր ընտանիք

Ինչպես պատմել է Ազատություն ռադիոկայանը, Դմիտրի Գնատյուկը, կինը՝ Ելենա Կալենսկայան և նրա եղբորորդին՝ Յուրի Գնատյուկը, սերտորեն կապված են «ԻՄԱ խումբ» հոլդինգի հետ, որի կազմում մի քանի խոշոր խորհրդատվական ընկերություն կա:

Դմիտրի Գնատյուկի ավագ եղբայր Անդրեյը հոլդինգի ղեկավարն է: Դմիտրին փոխնախագահի պաշտոնն է զբաղեցնում:

ԻՄԱ խումբը հաջողությամբ զբաղվում է քաղաքական խորհրդատվությամբ և սերտորեն համագործակցում է ռուսական իշխանությունների հետ:

ԻՄԱ խմբի պատմությունը

1989թ-ից ընկերությունը սկսել է սովորական հրատարակչական բիզնեսով զբաղվել, սակայն արդեն հաջորդ տարում նրա հիմնական խնդիրը «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության տեղեկատվական աջակցությունն ապահովելն էր:

Այս կուսակցությունը Ռուսաստանում խոշորագույնն է, իսկ դրա նախագահը երկրի ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է: Վլադիմիր Պուտինի 18-ամյա պաշտոնավարման ողջ ընթացքում Պետդումայի պատգամավորների մեծ մասը «Միասնական Ռուսաստանի» ներկայացուցիներն են եղել:

ԻՄԱ-ն տարբերանշաններ է մշակում, ձևավորել է «Միասնական Ռուսաստանի» կայքն ու փիար-ուղեկցությամբ է զբաղվում: Ինչպես գրում է Ազատություն ռադիոկայանը, ԻՄԱ խմբի ամենակայուն վաստակը Մոսկվայում ընտրությունների լուսաբանումն է: 2011թ-ից ընկերությունը պետբյուջեից ուղղակիորեն ավելի քան 16 մլն դոլար է ստացել Ռուսատսանի մայրաքաղաքում տարբեր ընտրությունների տեղեկատվական աջակցության դիմաց:

Գնատյուկների հոլդինգը 2018թ-ի նախագահական ընտրություններից առաջ շահել է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության լուսաբանման մրցույթը:

Կիսաապացուցված կոռուպցիա

Transparency international անկախ միջազգային կազմակերպության հակակոռուպցիոն հետաքննությունը, որը նվիրված էր Ռուսաստանին և հրապարակվել էր 2017թ-ին, ցույց էր տվել, որ ԻՄԱ խումբը 2011թ-ից շահել է մոտ 400 պետական գործարք՝ մոտ 40 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:

Այդ գումարները ծախսվել են ընտրողների քաղաքական տրամադրությոնները պարզելուն ուղղված էքսկլյուզիվ սոցիոլոգիական հետազոտությունների և խորհրդատվական աջակցություն ստանալու համար:

Transparency international-ի փորձագետ Ստանիսլավ Անդրեյչուկը պնդում է.

«ԻՄԱ խումբը քաղտեխնոլոգիաների շուկայում ամնահայտնի կառույցներից մեկն է, որն աշխատում է հիմնականում իշխանությունների հետ և միլիարդավոր ռուբլու պետական գործարքներ է ստանում: Մեզ, նախևառաջ, հետաքրքրում են այն փաստերը, երբ ընտրարշավի ֆինանսավորման համար ծախսվում են բյուջետային միջոցներն, ինչն անթույլատրելի է: ԻՄԱ խմբի դեպքում մենք շատ մեծ կասկածներ ունենք, որ իշխանության թեկնածուներին տրամադրվող նրանց ծառայությունները հաճախ ֆինանսավորվում են հարկատուների հաշվին»:

Կեղծ մրցակիցներ

ԻՄԱ խմբի շահած պետական մրցույթների ազնվությունն անկախ փորձագետների կասկածն է հարուցում: Նախևառաջ, որովհետև տենդերների մեծ մասին մասնակցել են նույն ընկերություններն, ընդ որում, դրանցից մի քանիսը սերտորեն կապված են եղել հոլդինգի հետ:

Օրինակ, «Նոր լրատվամիջոցների դպրոց» ընկերությունը պարբերաբար մրցակցում է Գնատյուկների հոլդինգի հետ տարբեր մրցույթների ժամանակ: Եվ հաճախ պարտվում է նրան: Ինչպես պարզվել է, «Նոր լրատվամիջոցների դպրոցի» գլխավոր տնօրեն Կսենյա Իլյինան միաժամանակ «ԻՄԱ-քոնսալթինգի» գլխավոր տնօրենի խորհրդականն է:

Իսպանիայի հավաքականի հանդեպ տարած հաղթանակից հետո լրատվամիջոցները կոկոշնիկներով երկրպագուներին անվանեցին Ռուսաստանի հավաքականի նոր թալիսման: Սակայն Դմիտրի Գնատյուկի աշխատանքի առանձնահատկությունների մասին լրատվամիջոցները չեն հիշատակում:

«Մեմերը»

Այս թեմայով «մեմերը» համացանցում փոթորիկ են առաջացրել: Հրապարակում ենք առավել ծիծաղաշարժներից մի քանիսը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում