Բնության սիրահար Սուրենն ընտանիքով տեղափոխվել է մի տարածք, ուր ոչ ոք չի ապրում, ու իր վրա վերցրել այս կողմերն այցելող զբոսաշրջիկների հոգսը " />

Ֆոտոսեսիա․ «Սուրիկի լիճ»՝ նոր տեսարժան վայր Հայաստանի հարավում

Բնության սիրահար Սուրենն ընտանիքով տեղափոխվել է մի տարածք, ուր ոչ ոք չի ապրում, ու իր վրա վերցրել այս կողմերն այցելող զբոսաշրջիկների հոգսը

Հայաստանի հարավում, Կապան տանող ճանապարհի ձախ կողմում վերջերս հայտնվել է մի փայտե ցուցատախտակ՝ «Սուրիկի լիճ», ու դեպի ձորը տանող սլաք:

Առաջին հայացքից, նեղ ճանապարհը վտանգավոր է թվում, բայց չնայած դրան շատ զաբոսաշրջիկների է գրավում։

Այս ձորը տարիներ շարունակ հայտնի է եղել որպես «Քարահունջի բաղեր»։ Այտեղ Քարահունջ գյուղի բնակիչները զբաղվել են այգեգործությամբ և գինեգործությամբ: Ձորի շրջակայքում պահպանվել են գինու հին հնձաններն ու մառանները։ 

Այստեղ են գտնվում նաև Հայաստանի հարավային մարզի՝ Սյունիքի, հայտնի ժայռափոր քարանձավները, որոնք նախկինում բնակիչների համար ծառայել են որպես կացարաններ:

Տարիների ընթացքում այս տարածքի հողերը դարձել են անմշակ, մարդիկ լքել են բնակավայրը։ Եվ դրա պատճառը հենց այստեղ բերող դժվար ճանապարհն է եղել։ Հին ժամանակներում այն առավելապես էշով էին անցնում։ Ժամանակի հետ երիտասարդները դադարեցին այս կողմերում այգիներ մշակել, միայն տարիքով քարահունջեցիներն էին գալիս դրանց տիրություն անելու։  

Իսկ 1990թթ-ականներից այգիները, կարելի է ասել, անտեր մնացին։ Ու հենց այդ տարիներին ձորում բնակություն հաստատեց քարահունջեցի Սուրեն Հարությունյանը։ Հիմա միայն նրա ընտանիքն է այստեղ ապրում։ 

Երբ նոր էին տեղափոխվել, կնոջ հետ այգի էր մշակում, անասուններ պահում։ 6  երեխա են մեծացրել՝ երբեք հեշտ չեն ապրել:  

Ինչպես Սուրենն է ասում, ինքը բնությանը կապված մարդ է, դրա համար՝ բացի ընտանիքի հոգսը քաշելուց, նաև սկսել է բացահայտել տարածքը:

Ինքն ու կինը` Անուշը, տարիներ շարունակ գետինը փորելով ու ինքնահոս ջրերի ակունքներ բացելով, կարողացել են էլեկտրականություն ստանալ ու լիճ ստեղծել։ Հենց դա էլ այժմ տարածաշրջանում հայտնի է որպես «Սուրիկի լիճ»:  

Սուրենի կինը միշտ նրա կողքին է և ամեն կերպ օգնում է ամուսնուն․

«Ինձ համար կնոջ ու տղամարդու գործ չկա։ Նույնիսկ լճի տարածքը փորելիս տեխնիկա չենք օգտագործել՝ երկուսով մեր ձեռքերով ենք փորել: Ամեն ինչ անում եմ, որ մեր երեխաներին իրենց նպատակին հասցնենք: Այգի եմ մշակում, օղի եմ թորում, թուզն եմ հավաքում, վաճառում, տան գործերն եմ անում ու հասցնում նաև այս կողմերն այցելող հյուրերին ընդունել՝ զբոսաշրջիներին»

Սուրենի նպատակն է դարձել այս տարածքը բոլորին հայտնի դարձնելը։ Դրա համար վերջերս վերականգնել է մոտակա կիրճում գտնվող հնձաններից մեկը, պահպանելով դրա նախկին տեսքը: Հնձանը գետնի տակ փորված հատուկ ավազան է գինի ստանալու համար: Եվ հիմա իր այգու խաղողի գինին Սուրենն այստեղ է մշակում։ Խաղողը լցնում է ավազանի մեջ, ճմլում, գինին քահում ու պահում կճուճներում՝ այնպես, ինչպես արել են նախկինում:  

Այս կողմերը եկող զբոսաշրջիկներին Սուրենը պարտադիր ցույց է տալիս հնձանը, պատմում գինի ստանալու ավանդույթի մասին ու վերջում հյուրասիրում իր պատրաստածը:

Լճի շրջակայքում էլ Սուրենը թանգարանի պես տեղադրել է այս տարածաշրջանում գտնված բազմաթիվ խաչքարեր ու այլ հնագույն իրեր:

Ամեն բան ձորում մտածված է՝ բազմաթիվ հյուրերի հետաքրքրասիրությունը բավարարելու համար։ Նրանցից շատերը օտարերկրացիներ են՝ քայլարշավների ու վրանային հանգստի սիրահարներ: 

«Տեսնելով զբոսաշրջիկների հետաքրքրվածությունը մեր մշակույթով ու ապրելակերպով, որոշեցինք մի քարանձավը դարձնել հյուրերի համար սենյակ: Նպատակ ունեմ այսպես մի քանիսը վերականգնել», – պատմում է Սուրենը:

Բայց զբոսաշրջիկներին վճարովի ծառայություններ մատուցելու մասին խոսակցությունը Սուրենի համար տհաճ են. 

«Ես այս ամենն անում եմ իմ մշակութային արժեքները աշխարհին ցույց տալու համար, ոչ թե գումար աշխատելու, բայց ստիպված եմ։ Երեխաներս արդեն մեծ են, կարիքներն օրեցօր շատանում են: Չնայած դրան երբեք գին չեմ ասում ոչ ոքի։ Ով ինչքան կարող է, այդքան է վճարում: Այստեղ եկող հյուրը երբեք չպիտի հեռանա գումարի պատճառով», – վստահեցնում է Սուրենը: 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում