«Կանաչ հեղափոխության» հեղինակը մեկ ամիս առաջ է իր գաղափարը կյանքի կոչել, բայց արդեն համագործակցության բազմաթիվ առաջարկներ է ստացել " />

Ֆոտոսեսիա․ Էկոձողիկներ բամբուկից՝ այլընտրանք պլաստիկին

«Կանաչ հեղափոխության» հեղինակը մեկ ամիս առաջ է իր գաղափարը կյանքի կոչել, բայց արդեն համագործակցության բազմաթիվ առաջարկներ է ստացել

Գևորգ Գասպարյանը հնդկեղեգի (բամբուկի) ցողուններից էկոձողիկներ է պատրաստում՝ այլընտրանք պլաստիկից ձողիկներին: Պլաստիկի օգտագործման դեմ իր պայքարը նա անվանում է «կանաչ հեղափոխություն»

 Ըստ բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետազոտության՝ 2030 թվականին պլատիկի թափոնների ծավալը կավելանա 40 տոկոսով։ Դրանց այրման հետևանքով քաղցկեղը կարող է խոցել ավելի շատ մարդկանց և վտանգել կենդանիների հարյուրավոր տեսակների գոյությունը: Հիմնադրամը հանդես է գալիս կոչով բոլոր երկրների կառավարություններին․կրճատել պլաստիկից իրերի արտադրությունը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ թափոնների անվտանգ ոչնչացման համար։ 

Գևորգն ապրում է Հայաստանի հարավում գտնվող Կապան քաղաքում, 33 տարեկան է, աշխատում է ցանցային ադմինիստրատոր։ Բայց համակարգչի մոտ նստել չի սիրում: Իրեն բնության մարդ է համարում, անգիր գիտի իր ծննդավայրի բոլոր գողտրիկ անկյունները: 

Աշխատանքից հետո արշավներ ու վրանային ճամբարներ է կազմակերպում, Հայաստանից և արտերկրից ժամանած զբոսաշրջիկներին ուղեկցում Սյունիքի ու Արցախի լեռներն ու անտառները: Ժամանակ է գտնում նաև մեղվապահույթամբ զբաղվելու համար: 

«Էկոձողիկների գաղափարը հուշեց բնապահպան ընկերներիցս մեկը: Սկսեցի ուսումնասիրել 1000-ից ավելի բույսեր, որոնք աճում են մեր մարզի՝ Սյունիքի անտառներում: Կանգ առա բամբուկի վրա: Գրականությունում նշված է, որ թունավոր չէ, արմատները լյարդի համար օգտակար են, որպես դեղաբույս բժշկության մեջ շատ են օգտագործում, սերմերը՝ սննդի մեջ։ Ու սկսեցի բամբուկ հավաքել ու փորձնական նմուշներ պատրաստել», – պատմում է  Գևորգը:

Զբոսանք անդունդի վրայով

Հայաստանի առանձնատների քաղաք Գորիսը՝ լուսանկարներով

Համոզված է․բամբուկից պատրաստվող ձողիկներն անվտանգ են առողջության համար, հետևաբար, երեխաներին էլ կարելի է թույլ տալ օգտագործել դրանք։ Վստահեցնում է, որ հդկեղեգից պատրաստած իր ձողիկները տհաճ համ և հոտ չունեն, նաև ամուր են և պիտանի են բազմակի օգտագործման համար:

Լույսը չբացված Գևորգն անտառի ճամփան է բռնում՝ անբաժան ուսապարկով, մի կտոր հաց ու պանրով ու բամբուկ հավաքելու իր գործիքներով: 15-20 կմ ճանապարհը ոտքով, հեծանիվով կամ մեքենայով է հաղթահարում՝ կախված տեղանքի բարդությունից:

Բամբուկն աճում է Կապանի անտառների բարձրադիր գոտիներում, հիմնականում ջրային տարածքներին մոտ: 

Գևորգը մի քանի ժամ ունի բամբուկ հավաքելու ու քաղաք վերադառնալու համար՝ չի սիրում ուշանալ աշխատանքից:

Մոտ մեկ ամիս առաջ է գաղափարը կյանքի կոչել ու Facebook սոցիալական կայքում գրառումով հայտարարել դրա մասին։ Եվ արդեն համագործակցության բազմաթիվ առաջարկներ ունի՝ թե Հայաստանից, թե արտերկրից: Ձողիկների փորձնական նմուշներն արդեն ուղարկել է հետաքրքրվողներին, էկոգործունեությամբ զբաղվող տարբեր ընկերություններին ու սրճարաններին: 

«Մենք մեր գաստրոնոմիկ նախաձեռնության՝ Arm Food Lab-ի համար, օգտագործում ենք Գևորգի պատրաստած ձողիկները։ Առաջին հերթին, մենք դեմ ենք պլաստիկին, երկրորդ հերթին, օգտագործում ենք բացառապես տեղական մթերք։ Նրա գաղափարը մեծ բացահայտում էր մեզ համար։ Ձողիկները շատ գեղեցիկ են, հաճելի ու հարմար», – ասում է Դիլիջանի Arm Food Lab փորձարարական խոհանոց-ստուդիոյի հիմնադիր Անի Հարությունյանը:

Էկոձողիկներ պատրաստելու համար երկար ժամանակ չի պահանջվում: Անտառից նոր բերված անմշակ բամբուկի կանաչ ցողունը, որը ծղոտի է նման, Գևորգը մի քանի րոպեում վերածում է ձողիկների։ Հետո լվանում է դրանք, չորացնում ու հատուկ վառարանների մեջ ջերմային մշակման ենթարկում։ Ահա և ողջ տեխնոլոգիական գործընթացը։ 

«Բամբուկն աճում է գարնան սեզոնից մինչև աշուն, այդ ընթացքում պետք է քաղեմ ու պահեսատվորեմ ողջ տարվա համար: Փորձել եմ պատրաստել նաև էկոձողիկների կանաչ՝ փափուկ տեսակը, բայց դրանք 2-3 օր հետո դեֆորմացվում են։ Իսկ այս պինդ տեսակները երկար են դիմանում, կարող են պահպանվել ամիսներով: Մեկ բամբուկից միջինը 5 էկոձողիկ եմ պատրաստում՝ մեծ, միջին ու փոքր չափսերի։ Որպես բիզնես դեռ չեմ նայում այս ամենին, փորձում եմ կանաչ հեղափոխություն անել, նոր մշակույթ ձևավորել», – ասում է Գևորգը: 

Սակայն մեծաքանակ պատվերներն այնումենայիվ դրդում են էկոձողիկների հեղինակին մտածել ժամանակի ընթացքում Կապանում արտադրություն հիմնելու մասին։ 

«Հիմա միայնակ եմ անում, երբեմն տանեցիներն են օգնում։ Եթե հետաքրքրությունը շարունակվի, մասնագետների հետ կխորհրդակցենք, բամբուկի սերմերը կաճեցնենք ու կբազմացնենք: Գուցե ընտանեկան բիզնես հիմնեմ կամ ընկերներով ընդլայնենք գործը, աշխատատեղեր ստեղծենք, բրենդ մտածենք։ Լավատես եմ», – ասում է Գևորգը:


Կարդալ ավելին JAMnews-ում