Փողոցային արվեստի այս նմուշները սիրվեցին հենց այն պահից, երբ հայտնվեցին Հայաստանի մայրաքաղաքում " />

Ինչպես նկարիչները հմայք հաղորդեցին Երևանի կամարանցումներին

Փողոցային արվեստի այս նմուշները սիրվեցին հենց այն պահից, երբ հայտնվեցին Հայաստանի մայրաքաղաքում

Դուրս ես գալիս տանից ու անցնում ծաղկած ծառերով այգու միջով, կամ էլ միանգամից հայտնվում կառամատույցում՝ փոքրիկ նավակների ու ծովի ալիքների կողքին: Ու այս ամենը՝ խորը ձմռանը Երևանում, ուր ոչ մի ծով էլ չկա: Սա հատուկ էֆեկտներով համակարգչային խաղ չէ, այս տպավորությունը ստեղծվում է բնակելի շենքերի նկարազարդ կամարանցումների շնորհիվ:

2015 թվականին Երևանի քաղաքապետարանը քաղաքի համաչափ զարգացման ծրագրով նախատեսեց նաև բնակելի շենքերի բակերի ու կամարանցումների բարեկարգում ու նկարազարդում: Ծրագրի արդյունքում երևանյան շուրջ 110 բակերում հայտնվեցին փողոցային արվեստի այս յուրահատուկ նմուշները:

Կամարազարդարումը սկսվել է քաղաքի կենտրոնական մասից։ Առաջին աշխատանքները հայտնվեցին Աբովյան, Ամիրյան, Նալբանդյան փողոցների շենքերի կամարանցումներում։

Ապա «փողոցային գեղանկարչությունը» տարածվեց նաև Երևանի ծայրամասերում: Երևանում 300 կամարանցում կա, սակայն քաղաքային իշխանությունները դրանցից միայն 130-ն են հարմար համարել նկարազարդման համար: Չեն գեղեցկացվել այն դալանները, որոնք Երևանի խորհրդանիշը համարվող տուֆից են կառուցված:

Նկարազարդումից առաջ կամարանցումը նախ վերանորոգում են, այնուհետև նկարիչներին տալիս են խնդիր՝ ներկայացնել կոնկրետ էսքիզներ: Ընտրությունը, թե որը կհայտնվի այս կամ այն կամարանցումի տակ, կատարում է Երևանի գլխավոր դիզայները:

Ծրագրի առաջին փուլում նկարներն արել են միայն երիտասարդ, ուսանող նկարիչները, երկրորդ փուլում նրանց միացել են ավագ գործընկերները՝ Երևանին բերելով նոր համ ու հոտ ու այլ մայրաքաղաքներից տարբերվելու ևս մեկ հնարավորություն:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում