Այստեղ ավելի թանկ է, բայց հաճախորդներն՝ ավելի շատ են, քան այլ տեղերում: Ոմանք գալիս են համեղ ուտելու, ոմանք՝ աշխատողներին աջակցելու մտադրությամբ " />

Ֆոտոռեպորտաժ Գյումրիի սրճարանից, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդիկ

Այստեղ ավելի թանկ է, բայց հաճախորդներն՝ ավելի շատ են, քան այլ տեղերում: Ոմանք գալիս են համեղ ուտելու, ոմանք՝ աշխատողներին աջակցելու մտադրությամբ

Գյումրիի կենտրոնական հրապարակին հարող փողոցում արդեն 7 ամիս է, ինչ գործում է յուրահատուկ մի սրճարան՝ «Արեգակ» անունով։ Սրճարանին կից նաև փուռ է գործում:

Այստեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդիկ՝ դաունի համախտանիշով ու աուտիզմով, լսողության ու շարժունակության խնդիրներով: Նրանք պատրաստում են հացի յուրահատուկ տեսակներ, կրուասաններ, սենդվիչներ, սուրճի տարբեր տեսակներ, իրենք էլ մատուցում են դրանք հաճախորդներին։

Այստեղ են աշխատում նաև հաշմանդամություն ունեցող երեխաների 4 մայրիկներ։

• Բիզնեսի նոր ձև Հայաստանում, որն օգնում է մարդկանց խնդիրները լուծել

Հոլանդացիները Հայաստանում՝ տեղացի ձեռնարկատերեր

Տարանջատել բիզնեսն իշխանությունից՝ նոր կառավարության առաջին քայլերը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը սրճարանում

«Արեգակ» ներառական սրճարանի մասին Հայաստանում շատերը գիտեն: Այստեղ սուրճ խմելու են գալիս բազմաթիվ սովորական ու հայտնի մարդիկ, տարբեր երկրների դեսպաններ։ Ոմանք գալիս են տեսնելու, համոզվելու, որ այսպիսի սրճարան կա, ոմանք՝ օգնելու այս նախաձեռնությանը ու համեղ տեսականիից օգտվելու։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին սրճարանում

Սրճարանի աշխատողներն՝ իրենց մասին

Դաունի համախտանիշ ունեցող Միքայելը փուռ-սրճարանի հացթուխի օգնականն է։ Պարծենում է՝ «աստղայինը տարել է», բոլորը ցանկանում են իր հետ նկարվել, շուտով նաև ստորագրություն են խնդրելու։

22 տարեկան երիտասարդի համար աշխատելը երազանք էր, որի իրականացման համար կարմիր թել էր կապել դաստակին։ Այդ երազանքը կատարվել է։ Հիմա էլ այլ երազանքի թել է կապել՝ ցանկանում է ընտանիք կազմել.

«Ընտանիք օր ունենամ, կըռնամ էրեխուս բերեմ ստեղ, աչքի լուս կուդան ընձի, կըսեն պապա ես դարձե, հետո կմեծընա հաց թխել կսորվցնեմ»։

Իսկ բարմենի օգնական ժպտերես Հովհաննեսը մեր գնալու օրը շատ չէր ժպտում։ Դաունի համախտանիշով երիտասարդն ամեն ամիս, երբ աշխատավարձի համար ստորագրում է փաստաթուղթը, հուզվում է.

«Ամեն անգամ սիրտս կլցվի, գուլամ։ Առաջին անգամ ստորագրի պրծա, չոքա գուլայի։ Հետո ծնունդս էստեղ էրեցին, մոմեր փչի», – էլի հուզվելով պատմում է Հովհաննեսն ու գրկում ընկերոջը՝ բարմեն Ռազմիկին։

«Հաշմանդամություն ունեցող մարդիկ շատ փխրուն են։ Իրանց հետ միշտ ժպտալով բդի աշխատիս, ջղայնացած չբդի էղնիս, չնայած իրանց հետ ջղայնացած չես կռնա էղնի, որովհետև իրանք դրական էմոցիաներ կուդան», – ասում է Ռազմիկն ու ավելի ամուր գրկում Հովհաննեսին:

«Արդեն 18 տարի հաշմանդամություն ունի իմ երեխան։ Պատկերացում ունեի, թե ուր եմ գալիս աշխատելու։ Տանը դու մենակ գործ ունես քո երեխայի հետ, իսկ այստեղ մի քանիսն են, ու նրանց հետ պիտի կարողանաս աշխատել։ Շատ բարդ է, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի է, երբ հասնում ես այն արդյունքին, ինչ հիմա ունենք», – հերթական կրուասանը պատրաստելով ասում է տիկին Անահիտը։

Իսկ մաքրության պատասխանատու Անուշն այս ամիսների ընթացքում մի բան է նկատել.

«Կան մարդիկ, որ մտածում են, թե հաշմանդամություն ունեցողների փոխարեն ուրիշներն են աշխատում։ Գալիս տեսնում են, որ մենք ենք իսկապես աշխատում, զարմանում են»։

Ինչպես հայտնվեց Արեգակը

Գյումրին ունի երկու «Արեգակ»։ Սկզբից, 2008թ-ին ստեղծվեց «Էմիլի Արեգակը»՝ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ռեսուրս-կենտրոնը։ Այն հիմնադրվել է «Հայկական Կարիտաս»-ի ու «Ավստրիական Կարիտաս»-ի օգնությամբ։

Այս ցերեկային կենտրոն է հաճախում հաշմանդամություն ունեցող 70 երեխա։ Ամենափոքրիկները երկու տարեկան են, մեծերը՝ 18: Նրանց այստեղ օգնում են զարգացնել ֆիզիկական ու մտավոր կարողությունները։ Նրանք ֆիզիոթերապևտիկ օգնություն են ստանում, խոսքային, երաժշտական, հոգեբանական և արտ-թերապիա։

Կենտրոնի նպատակն է սաներին ավելի ինքնուրույն ու աշխատունակ դարձնել։ Այստեղ նաև հոգում են երեխաների սննդի, հիգիենայի, առաջին անհրաժեշտության դեղորայքի մասին:

Իսկ 2016-ին արդեն «Էմիլի Արեգակը» նախաձեռնեց ու ստեղծեց «Արեգակ» փուռ֊-սրճարանը:  18-ը լրանալուց հետո կենտրոնի սաներն այլևս չէին կարող հաճախել այն։ Իսկ դա նշանակում էր, որ նրանք, մեծ հաշվով, զրկվում էին նաև տանից դուրս գալու ու որևէ տեսակ շփման հնարավորությունից.

«Փորձում էինք իհարկե ինչ որ բան անել՝ կենտրոնում 18-ը լրացած մեր սաների զբաղվածությունն ապահովել, բայց ոչ բոլորին կարող էինք ներգրավել:  Եվրոպական միությունը հայտատարել էր դրամաշնորհի մրցույթ, որը տրամադրվում էր սոցիալական ձեռներեցության ծրագրի համար։ Մտածեցինք 18 տարեկաններին ներգրավել ու հիմնեցինք «Արեգակ» փուռն ու սրճարանը։ «Էմիլի Արեգակ» կենտրոնին կից հսկայական այգի ու նաև ձեռքի աշխատանքներ կատարելու համար գործիքներ ձեռք բերեցինք ու սկսեցինք մեր գործը», – պատմում է ծրագրի ղեկավար Տիգրանուհի Հակոբյանը:

Հայաստանում վերջին շրջանում շատ մեծ թիվ են կազմում սոցիալական ձեռնարկությունները: Դա սոցիալկան, մշակութային կամ էկոլոգիական խնդիրների լուծմամբ զբաղվող կազմակերպություններ են: Դրանք հաճախ նորարարական մեթոդներով են աշխատում և լուծում երկրի տարբեր համայնքների խնդիրները:

Եթե սովորական ձեռնարկատերերն իրենց գործունեության հաջողությունը գնահատում են ստացվող շահույթով, ապա այս դեպքում չափանիշը՝ սոցիալական խնդրի լուծման արդյունավետությունն է: Շահույթը սոցիալական ձերնարկության համար կարևոր է, բայց այլ տեսանկյունից: Այն դիտվում է որպես կազմակերպության նպատակներն իրականացնելու հնարավորություն:

Շահույթ դեռ չկա, բայց սպասվում է

«Փոքրիկները գալիս են մեզ մոտ իրենց դպրոցի նախաճաշը գնելու, երիտասարդները՝ սրճելու, մեծահասակները գալիս են հաց տանեն տուն: Սկզբնական շրջանում չէին համակերպվում համեմատաբար բարձր գնի հետ, բայց փորձելուց հետո հասկացան, որ բնական հումքի ու բարձր որակի համար են վճարում», – ասում է «Արեգակ» սրճարանի հանրային կապերի պատասխանատու Հասմիկ Թոփալյանը:

Բայց սրճարանի այցելուները գալիս են այստեղ ոչ միայն ուտեստների բարձր որակի պատճառով։

«Այստեղ աշխատում են էն մարդիկ, ովքեր պետք է իրենց զգան հասարակության լիարժեք անդամ։ Ես մեծ հաճույքով եմ էստեղից գնումներ անում: Մի փոքրիկ լումա էլ մենք ներդնենք, որ այս գործը կայանա», – ասում է գյումրեցի Ստյոպա պապիկը։

«Ընկերուհիներով եկել ենք, իմանալով, թե էստեղ ովքեր են աշխատում։ Մենք հենց այդ նպատակով ենք եկել։ Ողջունում ենք, որ մարդկանց չեն առանձնացնում, հակառակը՝ ներգրավում են աշխատանքի մեջ», – խոստովանում են Անին ու Սյուզին։

«Հայաստանում ընդհանրապես փուռ-սրճարան հազվադեպ կարելի է հանդիպել, գաղափարը շատ լավն է, ջերմ մթնոլորտ է ստեղծված», – ավելացնում է կողքի սեղանից Պերճը:

«Լուրերից եմ իմացել սրճարանի մասին: Սուրճը փորձեցի, հիմա մշտապես գալիս եմ այստեղ։ Անձնակազմը շատ ընկերական է, միշտ ժպիտով են դիմավորում: Շատ մարդիկ գիտեմ, որ հատուկ գալիս են Գյումրի՝ այս սրճարանից օգտվելու համար», – ասում է Վանաձորից հյուր եկած Իվանը:

«Հաճախ ենք ամանեղեն կոտրում»

«Եղել է իրար վրա ենք սուրճ լցրել, հաճախորդի վրա էլ ենք թափել։ Հիմա քիչ ենք ամանեղեն կոտրում, քիչ ենք թափում», – ժպտալով պատմում է ծրագրի ղեկավար Տիգրանուհի Հակոբյանը։

Ասում է, ամիսների աշխատանքը նաև ցույց է տվել, թե որքան պատասխանատու աշխատողներ են հաշմանդամություն ունեցող մարդիկ։

Ըստ ՀՀ օրենքի հաշմանդամություն ունեցողները պետք է աշխատեն 4 ժամ, բայց շատերը ցանկանում են ավելի երկար մնալ «Արեգակում»: Այս պահին փուռ-սրճարանում աշխատում է 20 մարդ, միջին աշխատավարձը 100.000 դրամ է։

Ծրագրի ղեկավարն է ասում, դեռ շահույթ չունեն, բայց մի քանի ամսից արդեն ակնակալում են։ Այդ ժամանակ կմտածեն նաև սրճարանն ընդլայնելու մասին:


Կարդալ ավելին JAMnews-ում