Իշխանությունները հարկ չեն համարում պայքարել կեղծ նորություններ տարածողների դեմ " />

Ֆեյք նորությունները Մոլդովայում. հրդեհներ, երաշտ, ահաբեկչություններ և վարկաբեկված քաղաքական գործիչներ

Իշխանությունները հարկ չեն համարում պայքարել կեղծ նորություններ տարածողների դեմ

Հրապարակման օրիգինալը՝ Ziarul de Gardăի կայքում

Մոլդովայում անընդհատ կեղծ կայքեր են հայտնվում, որոնք կեղծ տեղեկատվություն են տարածում: Հաճախ դրանք իրական տեղեկատվական պորտալների նման են, և սոցցանցերի շատ օգտատերեր, չկասկածելով խարդախության մասին, ֆեյքն ընկերներին են ուղարկում: Ziarul de Garda թերթը պատմում է, թե ինչպես է աշխատում այդ սխեման, և ինչու է այն այդքան կենսունակ:

«Նորությունը», որը սեպտեմբերի մեկին տարածել է «Անկախ մամուլ» անունով պորտալն, ընդհանուր առմամբ տիպիկ է. դրանում, վկայակոչելով ոմն «տիկին Մարիայի», գունեղ նկարագրվում է, թե ինչպես են եվրոպամետ ընդդիմադիր քաղաքական գործիչ Մայա Սանդուին իբր ծաղրել դպրոցում: Տեղեկատվությունն արագ տարածվեց սոցցանցերի օգտատերերի շրջանում, և Սանդուն սկզբում ստիպված էր հերքել այն ֆեյսբուքյան իր էջում, այնուհետև միացավ նաև դպրոցի ադմինիստրացիան, որտեղ իբր տեղի էր ունեցել դեպքը:

«Անկախ մամուլ» կայքը (մոլդովերեն` Presa independentă) առաջին անգամ չէ իր հրապարակումները նվիրում մոլդովական «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուին: Օրինակ, ավելի վաղ նրանք հաղորդում էին, որ Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուն Սանդուին պոպուլիզմի համար է մեղադրել: Այս անգամ Բեսեսկուն էր ստիպված արդարանալ. նա հրապարակումը «ռուսական-դոդոնյան սուտ» անվանեց:

Վերջերս «Անկախ մամուլը» նոր մերկացմամբ է հանդես եկել, այս անգամ՝ ընդդիմադիր Լիբերալ կուսակցության նախագահ Միխայ Գիմպուի մասին, որն իբր «քաղաքականության հաշվին վաստակած» երկու միլիոն եվրո է ներդնում չորսաստղանի հյուրանոց գնելու գործում: Հրապարակումը վերահրապարակեցին որոշ ռուսամետ ռեսուրսներ:

Միխայ Գիմպուն հայտարարեց, որ դա սուտ է, և որ «Պետանվտանգության կոմիտեի մամուլի» հետ նա չի պատրաստվում բանավեճի բռնվել:

Presaindependenta.wordpress.com հասցեով կայքը գրանցված է ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկո քաղաքում, իսկ դրա ադմինիստրատորը ոմն Վասիլե Պոպան է Քիշնևից:

Հայտնի մեդիառեսուրսների անվանումները պատճենող կամ նման անվանումներ օգտագործող կայքերը հազվադեպ երևույթ չեն Մոլդովայում: Դրանք հրապարակում են ինչպես իրական նորություններ, այնպես էլ ֆեյքեր կամ խեղաթյուրված տեղեկատվություն, որը հաճախ վերաբերում է ներկայիս կառավարության քաղաքական ընդդիմադիրներին:

Ինչո՞ւ են ֆեյքերն այդքան արագ տարածվում

2017թ-ի մայիսին գրանցված jurnal-tv.legendary-new.info կայքը լուր է հրապարակել այն մասին, թե իբր մոլդովական սահմանին «տասներկու երեխա է հայտնաբերվել, որոնց Ռումինիա էին տանում օրգանները հանելու համար»: Հրապարակումը կարելի էր կարդալ միայն այն բանից հետո, երբ օգտատերը կիսվում էր դրանով սոցցանցերում. տեսքը ծածկում է «Կիսվել» կոճակով պատուհանը և չի փակվում, մինչև չսեղմես այն:

Այդ սխեման գործարկվել է նաև Pro-inside.website կայքի հրապարակումներում. այստեղ խոսքը գնում էր գինու մառանում տեղի ունեցած հրդեհի մասին, որտեղ «Մոլդովայի լավագույն գինիներն այրվել են մի քանի ժամում» (իրականում ոչ մի հրդեհ էլ չի եղել):

Ինչպե՞ս պայքարել դրա դեմ

Մոլդովայի մամուլի խորհրդի նախագահ Վիորիկա Զախարիան կոչ է անում ընթերցողներին դյուրահավատ չլինել և միշտ ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչ է գրված բրաուզերի հասցեի տողում.

«Եթե դուք այնտեղ անվանում եք տեսնում, որը շատ նման է հայտնի լրատվամիջոցի անվանը, դա նշանակում է, որ ինչ-որ մեկն այդ լրատվամիջոցի հանդեպ վստահության նվազեցման և միաժամանակ իր սեփական ֆեյք-պրոդուկտի հանդեպ հետաքրքրության բարձրացման սխեմա է գործարկել: [Այդպիսի կլոններ] ստեղծում են ոչ միայն խուճապ առաջացնելու կամ որոշակի քաղաքական անձանց վարկաբեկելու նպատակով, այլ նաև իրոք անկախ և վստահության արժանի լրատվամիջոցին հարված հասցնելու համար», – ասում է Զախարիան:

Մեծ մասամբ կայքերն անանուն ադմինիստրատորներով են գրանցված (ընդ որում, հաճախ սերվերը գտնվում է Ռուսաստանում): Սակայն Մոլդովայում կա նվազագույնը մեկ մարդ, որը չի թաքցնում ոչ իր անունը, ոչ այն, որ նա իր կայքերում կեղծ տեղեկատվություն է տարածում: Կորնելիու Աբաբիյը «Դեմոկրատական կուսակցության» երիտասարդական կազմակերպության անդամ է, նա 21 տարեկան է: Նրա տրամադրության տակ տասնյակ կայքեր կան, որոնք մասնագիտանում են ֆեյքերի վրա: Առավել հաճախ դրանցում գրում են տասնյակ զոհերով ճանապարհատրանսպորտային միջադեպերի, խոշոր հրդեհների, երկրաշարժերի և կանխատեսումների և ամայացնող երաշտների մասին, հանդիպում են հուղարկավորությունից հետո կենդանացածների, արյունահեղ ահաբեկչությունների մասին լուրեր:

Կայքերի տերը պնդում է, որ այդ կեղծ նորությունները հրապարակում է միայն թրաֆիկի հաշվին գումար վաստակելու համար և քաղաքական նպատակներ չի հետապնդում: Սակայն քաղաքականության մասին «լուրերն» այստեղ քիչ չեն. Աբաբիյի գրանցած կայքերը գրում են հիմնականում Դեմոկրատական կուսակցության քաղաքական ընդդիմադիրների մասին, որի անդամն է նա, և հիմնականում՝ բացասական երանգով:

Նրանք դրա համար չե՞ն պատժի

Անկախ մամուլի ասոցիացիան դիմել է Մոլդովայի ոստիկանություն՝ խնդրելով հաղորդել, թե արդյո՞ք երկրի սահմաններից դուրս գրանցված և կեղծ նորություններ տարածող կայքերի վերաբերյալ հետաքննություն է վարվում: Մոլդովայի ոստիկանության գլխավոր տեսչության պետի տեղակալ Գեորգի Կավկալյուկը պատասխանել է, որ արտասահմանում գրանցված պորտալների հանդեպ հետաքննություն կարելի է վարել միայն այն դեպքում, եթե քրեական գործ է հարուցվում:

«Մենք կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանում ունենք: Մենք կարող ենք դիմել այլ պետությունների նմանատիպ հաստատություններին քրեական գործընթացի առկայության պարագայում», – հայտարարել է Կավկալյուկը:

Հայտնի է, որ ոստիկանություն է դիմել նաև ընդդիմադիր գործիչ Մայա Սանդուն: Նրան պատասխանել են, ըստ էության, նույն բանը. ոստիկանությունը համարում է, որ «հնարավոր չէ հայտնաբերել այն անձանց, որոնք դա արել են»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում