Պետությունն ու հասարակությունն ընդունակ չեն լինում պաշտպանել պարբերաբար հետապնդումների ենթարկվող կանանց" />

Ֆեմիցիդը Վրաստանում․ հայտարարված մահերի ժամանակագրություն

Պետությունն ու հասարակությունն ընդունակ չեն լինում պաշտպանել պարբերաբար հետապնդումների ենթարկվող կանանց

Սպանություն՝ ապահարզանի փոխարեն

30-ամյա Նաթիա Գոգոլաձեն 2016 թ-ին Իտալիա է մեկնել՝ գումար վաստակելու և երկու երեխաներին կերակրելու համար։ Այդպես ստիպված են անել շատ վրացի կանայք, որոնք հուսահատվել են հայրենիքում աշխատանք գտնել։

Նաթիան Վրաստան է վերադարձել կես տարի առաջ։ Իտալիայում վաստակած գումարով նա սեքոնդ-հենդ հագուստի փոքր խանութ է բացել հայրենի Խաշուրի քաղաքում։

Կանանց երթը Թբիլիսիում։ Ֆոտոռեպորտաժ

Վրացական սերիալ, որը սկսել է ավելին լինել, քան ժամանցը

Թուրքիա․ կանանց սպանություններն ու նրանց նկատմամբ բռնությունն աճում է

Հոկտեմբերի 11-ին այդ խանութի մոտ է հայտնվել Նաթիայի նախկին ամուսին Իրակլի Դեկանոյիձեն։ Սկզբից նա նռնակ է նետել խանութի տարածք, որը չի պայթել։ Այնուհետև մի քանի անգամ կրակել է, և Նաթիան սարսափահար սկսել է փոխչել։

Նախկին ամուսինը հասել է և մի քանի անգամ հարվածել նրան ատրճանակի կոթով։ Նաթիան նույն օրը մահացել է քաղաքային հիվանդանոցում։

Այս սարսափելի իրադարձությունները պատմում է Քեթին՝ Նաթիայի մանկության ընկերուհին։ Ընկերուհիները երկու տարի չէին տեսնվել, այդ ժամանակահատվածում նրանք երկուսն էլ մեկնել են գումար վաստակելու, մեկն՝ Իտալիա, մյուսը՝ Թուրքիա։

Քեթին տուն է վերադարձել՝ իմանալով Նաթիայի սպանության մասին։

«Մենք պատրաստվում էինք միասին դիմավորել Նոր տարին։ Ինչպես մանկությունում», – ասում է Քեթին։

Նաթիան ամուսնացել է 16 տարեկանում, Քեթին ասում է՝ սիրով։ Սակայն հարաբերություններն արագ փչացել են։

«Կարծում եմ, որ նա ամուսնու հետ երջանիկ է եղել ընդամենը մեկ տարի։ Այնուհետև խնդիրներ են սկսվել․ տնտեսական դժվարություններ, ֆիզիկական և էմոցիոնալ բռնություն։ Նրանք բաժանվում էին և միանում։ Վերջին հինգ տարին միասին չէին ապրում», – ասում է Քեթին։

Նաթիան (աջից) և Քեթին։ Լուսանկարն՝ անձնական արխիվից

2019թ-ի հոկտեմբերի 11-ին՝ սպանության օրը, դատարանը պետք է քններ ապահարզանի մասին Նաթիայի դիմումը։ Իրակլին սպանել է կնոջը պլանավորված դատական նիստից մի քանի ժամ առաջ։ Նա նույն օրը կալանավորվել է։

Նաթիան հուղարկավորվել է հոկտեմբերի 15-ին հայրենի քաղաքում։ Թաղման ժամանակ նրա 11-ամյա որդուն արագ հեռացրել են դագաղ կողքից, իսկ 13-ամյա դուստրը դեռ երկար հրաժեշտ էր տալիս մորը։

Այժմ դատարանում որոշվելու է երեխաների ճակատագիրը։ Նրանք ապրում են իրենց մորական տատի և մորաքրոջ հետ։ Սակայն խնամակալության իր իրավունքն է վիճարկելու նաև հոր ընտանիքը։ Հորը կարող են զրկել ծնողական իրավունքից․ այդպիսի միջնորդությամբ են դատարանին դիմել սոցաշխատողները։

Պետությունը՝ սպանության հանցակից

2014թ-ի հուլիսի 25-ին ոստիկանության տեսուչ և քննիչ Սերգի Սացերաձեն և նրա նախկին կինը՝ 19-ամյա Սալոմե Ջորբենաձեն, ինչ-որ բան էին խոսում՝ Զեստաֆոնի քաղաքի կենտրոնական այգու նստարանին նստած։

Հանկարծ Սացերաձեն հանել է ատրճանակն ու սպանել նախկին կնոջը՝ նրա վրա հինգ անգամ կրակելով։ Այնուհետև նա հեռացել է, սակայն շուտով վերադարձել, ոստիկանություն կանչել և հանձնվել իշխանություններին։

Նախկին ամուսնու կողմից սպանված Սալոմե Ջորբենաձեի լուսանկարները Զեստաֆոնիի նրա տանը, Վրաստան։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Սալոմեն ամուսնացել է 22-ամյա Սերգիի հետ 16 տարեկանում։

Նա Զեստաֆոնի փոքր քաղաքում վառ և պոպուլյար աղջիկ էր, մասնակցում էր գեղեցկության մրցույթներին և շատ երկրպագուներ ուներ։

«Սալոմեն շատ էր հպարտանում իր արտաքինով, նրան դուր էր գալիս մոդել լինելը», – դստեր մասին է պատմում Սալոմեի մայրը՝ Ֆաթի Ջորբենաձեն։

Մի անգամ Սալոմեն գնացել է ընկերուհու ծննդյան տարեդարձին, որտեղից էլ Սացերաձեն նրան «առևանգել է»․ իր մեքենա նստեցրել, հայտարարել, որ այսուհետ նա իր կինն է լինելու, և տարել իրենց տուն։

«Ամուսնության» այս ձևը ժամանակակից Վրաստանում ավելի ու ավելի հազվադեպ է հանդիպում։ Ցանկացած նպատակով մարդուն առևանգելը ծանր հանցանք է, որի համար քրեական օրենսգիրքը մինչև ութ տարվա ազատազրկում է նախատեսում։

Սակայն Սալոմեի ծնողները դատի չեն տվել Սերգիին, քանի որ իրենց դուստրը համաձայնել է ամուսնանալ նրա հետ, այսինքն՝ ապրել նրա հետ որպես դե ֆակտո կին (քանի որ դե յուրե ամուսնությունը հնարավոր չէ մինչև 18 տարեկանը)։

Այսօր մայրը պատմում է, որ Սալոմեն մնացել է առևանգողի տանը միայն այն պատճառով, որ նա սպառնացել է Սալոմեին զենքով։

Սալոմեի մայրը երիտասարդ սևահեր կին է։ Ինչպես հարազատի կորցրած շատ վրացիներ, նա կրծքին իր դեռատի դստեր լուսանկարով մեդալիոն է կրում։

«Երբ նա 13 տարեկան էր, ես ու ամուսինս ավտովթարի ենթարկվեցինք։ Ես երեք ամիս անկողնուն գամված էի, ոչ կարող էի քայլել, ոչ վեր կենալ։ Իմ մասին հոգ էր տանում Սալոմեն, ինձ կերակրում էր, լողացնում, նույնիսկ դիմահարդարում անում»։

Տունը լի է Սալոմեի մասին հիշատակումներով․ ամենուր նրա լուսանկարներն են ու իրերը։

Սալոմեի սենյակում մահճակալի վրա նրա հագուստն է, նկարներն ու տետրերը, նրա նամակներն ու բանաստեղծությունները։

Այժմ այդ սենյակում քնում են Սալոմեի մայրն ու նրա 7-ամյա որդի Սանդրոն։

«Աղջիկս անընդհատ ապրում էր վախի մթնոլորտում և վեճերի մեջ, – պատմում էր Ֆաթին, – նա արգելում էր դստերս ընտանիքի հետ շփվել, դպրոց գնալ»։

Տունը լի է Սալոմեի մասին հիշատակումներով․ ամենուր նրա լուսանկարներն են ու իրերը։

Սալոմեի սենյակում մահճակալի վրա նրա հագուստն է, նկարներն ու տետրերը, նրա նամակներն ու բանաստեղծությունները։

Սալոմեին հաջողվել է հեռանալ Սերգիից և ծնողների տուն վերադառնալ որդու ծնվելուց հետո։ Սացերաձեն չէր ուզում բաժանվել․ նա խանդում էր, գալիս Սալոմեի տուն, սպառնում և սկանդալներ սարքում։

Մի քանի անգամ ընտանիքը դիմել է ոստիկանություն, դատախազություն և ՆԳՆ, սակայն ապարդյուն․ քննությունն անվերջ ձգձգում էին։ Սպանված աղջկա ծնողները համոզված են, որ բռնարարին պաշտպանում էին իրավապահ կառույցները որպես «իրենցից մեկը»։

Ոստիկանության սպա Սացերաձեին ոչ միայն չեն պատժել, այլ նաև կոչումը բարձրացրել են։ Այդ բարձրացումը, որը տեղի է ունեցել ողբերգությունից հաշված օրեր առաջ, Ֆաթին ճակատագրական է անվանում․ այն կարծես խրախուսել և Սացերաձեին համոզել է իր իրավացիության մեջ, որի դեմ ընտանեկան բռնության մասին բազում բողոքներ են ստացվել։

Մարդասպանին դատապարտել են 11 տարվա ազատազրկման։

«Նա ուզում էր դատախազ դառնալ, ասում էր, այդ ժամանակ ինքն իրեն կպաշտպանի։ Ասում էր նաև, որ անպայման հայտնի է դառնալու։ Ո՞վ կմտածեր, թե ինչպիսին է լինելու նրա հայտնիությունը», – ասում է Սալոմեի մայրը։

Սարսափելի վիճակագրություն

Սալոմեի և Նաթիայի սպանությունների միջև հինգ տարի է անցել։ Այդ տարիների ընթացքում ամուսինների կամ զուգընկերների կողմից սպանվել է 87 կին։

2019 թ-ի վիճակագրությունը դեռ չի հրապարակվել, սակայն արդեն պարզ է, որ լավատեսության առիթ այն չի տալու․ առանց ընտանեկան բռնության մասին հաղորդագրությունների, որոնք ավարտվել է կնոջ մահով, Վրաստանում ոչ մի ամիս չի անցնում։

Իրավապաշտպաններն այդպիսի սպանությունները ֆեմիցիդ են անվանում՝ տղամարդու կողմից կնոջ սպանություն ատելության պատճառով։

Չնայած նրան, որ նման հանցագործությունները Վրաստանում բազում են, օրենսդրորեն ֆեմիցիդ հասկացությունը ոչ մի տեղ ամրագրված չէ․ չնայած կանանց շարժման բազում փորձերի՝ խորհրդարանն այդպես էլ համապատասխան օրինագիծ չի ընդունել։

Կանանց շարժման ներկայացուցիչները պահանջում են, որպեսզի «ֆեմիցիդ» բառը ներառվի Վրաստանի քրեական օրենսգրքում և մեկնաբանվի որպես կնոջ միտումնավոր սպանություն, որը կատարվել է նրա ամուսնու, նախկին ամուսնու, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։

Ըստ քրեական օրենսգրքի՝ գենդերային հողի վրա կատարված սպանությունը ծանրացուցիչ հանգամանք է համարվում։ Սակայն իրավապաշտպանները վստահ են, որ միայն ֆեմիցիդը առանձին հոդված դարձնելն արդեն թույլ չի տա դատախազությանը մեղադրանք առաջադրելիս անտեսել հանցանքի իրական դրդապատճառը, ինչպես հաճախ տեղի է ունենում հիմա։ 

Օրդեր, որը չի պաշտպանում

Վրաստանում ֆեմիցիդի պատճառով մահացածների պատմությունները շատ նման են․ վաղաժամ ամուսնություն, ամուսնու խանդ, ֆիզիկական և հոգեբանական բռնություն, որոնց կանայք դիմացել են տարիներով։

Որպես ֆեմիցիդի պատճառ փորձագետները նշում են խնդիրների մի ամբողջ համալիր։

Գլխավորներից մեկը, իրավապաշտպանների կարծիքով, այն է, որ՝ չնայած գրեթե հարյուր սպանված կանանց, վրացական իրավապահները նախկինի պես լուրջ չեն վերաբերվում ընտանեկան բռնության արտահայտումներին։

Միաժամանակ ՆԳՆ-ն պնդում է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարն իր համար առաջնահերթ է։ ՆԳՆ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում նշվում է, որ հենց այդ գերատեսչությունն է նախաձեռնել 2018 թ-ին օրենսդրական փոփոխությունները, որոնք խստացնում են ընտանեկան բռնության համար պատիժը։ ՆԳՆ-ն նաև թեժ գիծ է բացել բռնության զոհերի համար և պետական ապաստան, որտեղ զոհերը կարող են մինչև վեց ամիպաշտպանություն ստանալ։

Սակայն, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, հաճախ իրավապահ մարմիններն ունակ չեն լինում պաշտպանել կնոջը, որը դիմել է իրենց օգնությանը։

Հետազոտությունները հաստատում են, որ ամուսինների կողմից սպանված կանանց մեծ մասը ողբերգությունից առաջ ոստիկանություն է դիմել։ Այսինքն իրավապահ մարմիններն իմացել են բռնության մասին, սակայն չեն պաշտպանել զոհին։ Այդպես է եղել և Սալոմեի, և Նաթիայի հետ։

Սալոմեի մայրը հիշում է, որ վերջն անգամ իր դուստրն ամուսնուց բողոքել է դատախազություն բառացիորեն սպանության օրը։

«Ոստիկանությունում նրան շփոթեցրել են, և իր դիմումի մեջ նա մեղմել է այն, ինչ իրականում կար։ Այնուամենայնիվ, Սալոմեն գրել է, որ ամուսինն իր նկատմամբ մինչև հիմա բռնություն է կիրառում», – ասում է Սալոմեի մայրը։ Նա համոզված է, որ պետությունը կարող էր պաշտպանել իր դստեր կյանքն ու անվտանգությունը, սակայն չի արել դա։

Նաթիայի սպանությունից մի քանի ամիս առաջ ոստիկանությունը պաշտպանող օրդեր էր դուրս գրել, փաստաթուղթ, որն արգելում է ամուսնուն մոտենալ նրան։ Դա տեղի էր ունեցել հերթական վեճից հետո, պատմում է Քեթին։ Ամուսինը սափորով հարվածել էր Նաթիային, և բժիշկները ստիպված էին կարեր դնել։

«Նա հենց ոտաբոբիկ ոստիկանություն էր վազել։ Նրանք ամեն ինչ գրի էին առել և պաշտպանող օրդեր դուրս գրել»։

Այդ փաստաթղթերը Վրաստանում հայտնվել են վերջերս և սկզբից համարվում էին գրեթե խնդրի լուծում։ Սակայն շուտով պարզ դարձավ, որ այդ թուղթը զոհին ոչ միշտ կարող է պաշտպանել։

Մինչև 2018թ-ի նոյեմբեր օրդերի խախտումը պատժվում էր ընդամենը յոթօրյա կալանքով։ Հիմա դա քրեական հանցանք է, որի համար բանտ կարող են նստեցնել մինչև մեկ տարի ժամկեով, իսկ կրկնվելու դեպքում՝ մինչև երեք տարի։

Նախկին ամուսնու կողմից սպանված Սալոմե Ջորբենաձեի մայրն ու որդին։ Զեստաֆոնի, Վրաստան։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Հարյուր «փրկիչ» թևնոց

Այժմ պետությունը ևս մեկ նախաձեռնություն է փորձարկում, որը միգուցե կարող է կանխել կանանց նկատմամբ բռնությունը․ էլեկտրոնային թևնոցները։ Այդպիսի թևնոցներ հագցնում են բռնարարի թևին, որպեսզի իրավապահները հետևեն նրա տեղաշարժին և կարողանան օպերատիվ կերպով միջամտել, եթե նա մոտենա զոհին։

Այս նախաձեռնությունը դեռևս չի աշխատում, որովհետև խորհրդարանականնները դեռ նոր են պատրաստվում դիտարկել համապատասխան օրինագիծը։

ՆԳՆ-ն մշակել է այն «ՄԱԿ-կանայք» կազմակերպության հետ համագործակցությամբ։

Ցավոք, թևնոցը հնարավոր չի լինի համատեղել բոլոր դուրս գրվող օրդերների հետ․ ՆԳՆ-ն միայն հարյուր թևնոց ունի, իսկ դա համադրելի չէ ընտանեկան բռնության դեպքերի թվի հետ։

 Օրինակ, 2018 թ-ին ՆԳՆ-ն դուրս է գրել ավելի քան 7600 օրդեր։

Այդքան թևնոց գնել վրացական բյուջեն դեռ ի վիճակի չէ։

Այս էլեկտրոնային սարքի մեկ կոմպլեկտն արժե 2820 դոլար։ ՆԳՆ-ն միջոցներ է ստացել «ՄԱԿ-կանայք» կազմակերպությունից 100 կոմպլեկտ ձեռք բերելու համար։

Ենթադրվում է, որ 2021թ-ին վրացական պետությունն այդ ծախսերն իր վրա կվերցնի։

«Սափարի» կանանց իրավապաշտպան կազմակերպության նախագահ Բայա Պատարայան կարծում է, որ էլեկտրոնային թևնոցները ֆեմիցիդի կանխման կարևոր քայլ են․

«Եթե բռնարարը կալանավորված չէ, նրան պետք է խստորեն վերահսկել։ Ակնհայտ է, որ պաշտպանող օրդերը դա չի ապահովում, այդ պատճառով էլ էլեկտրոնային բրասլետը թեթևություն կլինի շատ կանանց համար», – ասում է Բայա Պատարայան։

Կանանց շարժման ակտիվիստների աշխատանքի շնորհիվ՝ Վրաստանում մի շարք առաջադեմ օրենքներ են ընդունվել և մի քանի առանցքային կոնվենցիա վավերացվել։ Այսպես, 2014 թ-ին Վրաստանի խորհրդարանը վավերացրել է Կանանց նկատմամբ բռնության Ստամբուլյան կոնվենցիան։ Խորհրդարանն ընդունել է նաև սեռական ոտնձգությունների մասին օրենք։

Օրենքները լավն են, ասում են ակտիվիստները, դրանք մշակվել են արևմտյան երկրների շատ օգտակար փորձի հիման վրա, սակայն, ավաղ, հաճախ պարզապես չեն աշխատում։

Իրավապաշտպանները կարծում են, որ գլխավոր խնդիրը ոստիկանության և դատախազության անարդյունավետությունն է։

 Եվս մեկ մեղավոր՝ հասարակությունը

Ֆեմիցիդի հետազոտողներն ասում են, որ Վրաստանում կանանց նկատմամբ բռնությունը պայմանավորված է կրթության ցածր մակարդակով, սոցիալական և տնտեսական խնդիրներով, ինչպես նաև մշակութային և կրոնական ավանդույթներով։

Նույնիսկ այսօր Վրաստանում քչերն են իրենց խոստովանում, որ ընտանեկան բռնությունը հանցագործություն է, և անհրաժեշտ չեն համարում միջամտել ընտանեկան կոնֆլիկտին և պաշտպանել կնոջը բռնարարից։ Որոշ զոհեր ոստիկանություն չեն դիմում՝ կարծելով, որ «ընտանեկան տարաձայնություններն ընտանիքի գործն են»։

Ֆեմիցիդի փաստերի մասին հեռուստատեսային սյուժեներում կարելի է լսել հարևանների, ազգականների և ականատեսների մեկնաբանությունները, որոնք կատարվածի համար մեղադրում են զոհին, ոչ թե մարդասպանին։

«Ի՞նչ սպասել, եթե վիճում ես ամուսնուդ հետ և չես ենթարկվում նրան», – այսպիսի մեկնաբանություն հնչեց վերջերս երիտասարդ կնոջ սպանության մասին սյուժեում։

Իրավապաշտպաններն ընդգծում են, որ հաճախ կարծրատիպեր տարածող են դառնում հենց լրագրողները, որոնք պատմում են ֆեմիցիդի մասին։

Այնպես որ, նրանք կարող են որպես սպանության պատճառ նշել խանդը, կամ իրենց թույլ տալ հստակեցնել, թե զոհը «ինչ-որ մեկին ուներ»․ դա կարելի է գնահատել որպես մարդասպանի վարքի անուղղակի արդարացում։

Իլյայի պետական համալսարանի պրոֆեսոր Թամար Ցխադաձեի խոսքով՝ ֆեմիցիդի պատճառներից մեկը վրացական հասարակությունում առնականության նորման է, որը տղամարդու արժանապատվությունը կապում է նրա զուգընկերուհու սեռական պահվածքի հետ։

«Բռնությունն ուղղակիորեն կապված է իշխանության հետ։ Եվ կասկածներ չկան, որ տղամարդիկ կանանց նկատմամբ ավելի մեծ իշխանություն ունեն և իրենց իրավունք են վերապահում նրանց ստիպել․․․ Կանայք ընկալվում են որպես սեռական օբյեկտներ, այլ ոչ թե ինքնուրույն սուբյեկտներ։ Այսինքն՝ կինը սեռական հարցերում նախաձեռնողականություն արտահայտելու կան ընտրություն անելու իրավունք չունի, և եթե նախաձեռնող լինի, կպատժվի», – ասում է Ցխադաձեն։

Եթե վերլուծենք Վրաստանում ֆեմիցիդի դեպքերն, ապա կպարզվի, որ հաճախ զոհ են դառնում կանայք, որոնք որոշել են իրենց կյանքում ինչ-որ բան փոխել՝ ի հեճուկս ամուսնու ցանկությունների։

Օրինակ, նրանք որոշում են բաժանվել ամուսիններից և ինքնուրույն ապրել։

«Ամուսիններն ու ազգականները կնոջը թույլ չեն տալիս ինքնուրույն կյանք սկսել։ Մինչ օրս համարվում է, որ կինը պետք է հնազանդ լինի, պետք է հոգ տանի մյուսների համար, ենթարկվի իր հորը, եղբորը կամ ամուսնուն, և հենց նա սեփական նախաձեռնությամբ հանդես գա, մեծ դիմադրության կհանդիպի», – ասում է Բայա Պատարայան։

Իլյայի պետհամալսարանի պրոֆեսոր Էմզար Ջգերենայիան կարծում է, որ խնդիրները սկսվում են ընտանիքում երեխաների դաստիարակությունից․

«Ծնողները դրական են նայում որդիների սեռական ակտիվությանը և հպարտանում են, եթե նրանք շատ զուգընկերուհիներ ունեն, սակայն աղջիկներն այդպիսի իրավունք չունեն։ Քույրը նախկինի պես պարտավոր է արդուկել եղբոր հագուստը, նրա համար ուտելու բան պատրաստել և այլն։ Ընտանիքներում այս ստանդարտը պետք է քանդվի։ Ծնողները պետք է իրենց երեխաներին բացատրեն, որ ազատությունը և տղաների, և աղջիկների համար է»։

Բայա Պատարայայի խոսքով՝ պետությունը քիչ բան է անում այդ մշակութային կարծրատիպերը կոտրելու համար․

«Մեզ անհրաժեշտ է կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում, ինչը խորը բարեփոխում է պահանջում՝ սկսած կրթական համակարգից․ կանանց իրավունքների մասին պետք է պատմեն դեռ դպրոցում։ Կանանց պետք է ավելի շատ հնարավորություններ տրամադրել տնտեսապես և քաղաքականապես, իսկ պետությունը գործողությունների հստակ պլան պիտի ունենա։ Հնարավոր է, որ մենք անհրաժեշտ օրենքներ ընդունում ենք, սակայն այս առումով մենք լրջորեն հետ ենք մնացել», – ասում է նա։

«Ռուսալեզու նորությունների փոխանակման» աջակցությամբ

Կարդալ ավելին JAMnews-ում