Բուռն էմոցիաների պատճառը ոչ թե նախագծի բովանդակությունն էր, այլ անձնական հարաբերությունները։ Առաջին ընթերցման ժամանակ մեծամասնությունը դրան կողմ էր քվեարկել, պատճառներ չկան կասկածելու, որ օրենքը չի ընդունվի" />

Օրենքով գողերի մասին օրինագծի քննարկում Հայաստանի խորհրդարանում՝ քրեական ոճով

Բուռն էմոցիաների պատճառը ոչ թե նախագծի բովանդակությունն էր, այլ անձնական հարաբերությունները։ Առաջին ընթերցման ժամանակ մեծամասնությունը դրան կողմ էր քվեարկել, պատճառներ չկան կասկածելու, որ օրենքը չի ընդունվի

Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին աղմկահարույց նախագիծը, որը խստացնում է «քրեական աշխարհին» պատկանելու դեպքում պատասխանատվությունը։ Նախագծի բովանդակությունը կառավարությունում դրա քննարկումից հետո հակիրճ բացատրել է երկրի վարչապետն, ընդ որում՝ ռուսերենով՝ «вор должен сидеть в тюрьме»՝ «գողը պետք է նստի բանտ»։

Իսկ խորհրդարանում «Օրենքով գողերի և հեղինակությունների» մասին օրինագիծը պատգամավորների միջև բուռն վեճի առիթ է դարձել։

Մի քանի րոպե խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը փորձում էր հանդարտեցնել վիճող պատգամավորներին։ Արդյունքի չհասնելով, նա ստիպված էր պատժամիջոցներ կիրառել՝ ամբողջ օրով նիստերի դահլիճից հեռացնելով մի քանի պատգամավորի։

Ռուսաստան․ դրախտ գողերի համա՞ր

Նամակներ հայաստանյան բանտից։ «Գողական ամենաթողություն»

Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը

Նախագիծը 2019 թ-ի սեպտեմբերին կառավարությոանն է ներկայացրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Փոփոխությունների համաձայն՝ «օրենքով գող» կարգավիճակը այժմ բավական կլինի քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

«Նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար», – ասել է Բադասյանը։

Արդարադատության նախարարը պարզաբանել է, որ լրացումները վերաբերելու են ոչ միայն «օրենքով գողերին», այլ նաև «քրեական հեղինակություններին»։

Բացի այդ, քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև այն մարդկանց համար, ովքեր կդիմեն «օրենքով գողերին» իրենց խնդիրների լուծման համար։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես կողմ է արտահայտվել փոփոխությունների փաթեթի ընդունմանը․

«Այդ ենթամշակույթի շահառուները էական վնասում են հանցագործությունների բացահայտմանը․․․ Կարծում եմ, իրավապահ մարմիններն այս պահից սկսած պետք է պատրաստվեն օրենքի իրացմանը, քանի որ, երբ այն ուժի մեջ մտնի, վճռական մեծ ծավալի աշխատանք պետք է իրականացվի»։

Հայաստանի կառավարությունը նախագիծը ընդունել է միաձայն։ Խորհրդարանը նույնպես առաջին ընթերցմամբ հաստատել է այն, և մտավախություն չկա, թե օրենքը չի ընդունվի վերջնական ընթերցմամբ։ Պատգամավորների միջև քաշքշուկի պատճառը ոչ թե նախագծի բովանդակությունն էր, այլ անձնական հարաբերությունները։

Ինչո՞ւ են վիճել պատգամավորները

Ամեն ինչ սկսվել է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթից։ Նա, դիմելով արդարադատության նախարարին, խորհուրդ է տվել պայքարել ոչ թե «օրենքով գողերի», այլ «գողական» բառի հետ կապված 3 տառից բաղկացած հասկացության դեմ։

Այնուհետև ամբիոնից ելույթ ունեցավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա «Բարգավաճ Հայաստանի» անդամներին կոչ արեց ներողություն խնդրել Պետրոսյանի վարքի համար։

Երբ Բաբաջանյանը ելույթից հետո վերադառնում էր դեպի իր նստատեղը, ճանապարհին նա լեզվակռվի բռնվեց ԲՀԿ պատգամավորներից մեկի հետ։ Աստիճանաբար վեճը թափ հավաքեց, և դրան միացան նաև մյուս պատգամավորները։

Ինչ-որ պահի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի կոչերը տեղ հասան․ պատգամավորները վերադարձան իրենց տեղերը։ Սակայն դա երկար չտևեց։ Մի քանի րոպե անց լեզվակռիվը վերսկսվեց, և այս անգամ արդեն իրենց տեղերը զբաղեցնելու խոսնակի կոչերին ոչ ոք չհետևեց։

Արդյունքում՝ Արարատ Միրզոյանը ստիպված էր կարգապահական պատժամիջոց կիրառել․ ԲՀԿ չորս պատգամավոր հեռացվեց նիստերի դահլիճից մինչև աշխատանքային օրվա ավարտը։


Կարդալ ավելին JAMnews-ում