Ինչպե՞ս է ապրում նախկին վարչապետի և Վրաստանի ամենահարուստ մարդու հարազատ գյուղը" />

Օլիգարխի հարազատ գյուղը․ լեգենդ՝ վրացական երազանքի մասին

Ինչպե՞ս է ապրում նախկին վարչապետի և Վրաստանի ամենահարուստ մարդու հարազատ գյուղը

Չորվիլա գյուղը, 2019թ-ի փետրվար։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Ցանկապատերից մեկի վրա մնացած հայտարարության թերթիկը գյուղի բնակիչներին համընդհանուր ժողովի կոչ է անում։ Ժողովին գյուղացիները պետք է որոշեն, թե ամենաշատն ինչի կարիք ունեն՝ մշակույթի և հանգստի այգո՞ւ, թե՞ մանկական զվարճանքների կենտրոնի։

Դուք ժողովին գնալո՞ւ եք, – հարցնում եմ գյուղի խանութի մոտ կանգնած մի կնոջ։

—  Առանց ինձ էլ գլուխ կհանեն, – նա շաղակրատությամբ աչքի չի ընկնում։

Սաչխերեի մունիցիպալիտետի Չորվիլա գյուղը գտնվում է Արևմտյան Վրաստանում՝ Թբիլիսիից 166կմ հեռավորության վրա, այստեղ մոտ մեկուկես հազար մարդ է ապրում։ Սա Վրաստանի միակ բնակավայրն է, որի բնակիչները վաղուց սովոր են, որ իրենց խնդիրները լուծվում են այնպես, որ իրենք կարիք չունեն միջամտելու և ինչ-որ ջանքեր թափելու։

Նա, ով այդ ամենն անում է, ավելի լավ գիտի, թե նոր դպրոցին ինչ է անհրաժեշտ, ինչ աշխատավարձ պետք է ստանան ուսուցիչները, ում է անվճար բուժում հասնում և այլն։

Դարավոր ծառեր․ միլիարդատիրոջ գլխավոր մոլությունը

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին քաղաքականություն է վերադառնում

Պայքար վրացի միլիարդատիրոջ համար

Օրինակ, երբ սկսվել է գյուղի վերականգնումը, տեղի բնակիչներին հարցրել են միայն այն մասին, թե ինչ գույնի տանիք են նրանք նախընտրում՝ կանա՞չ, թե՞ կարմիր։

Երկար տարիներ Արևմտյան Վրաստանի Իմերեթի ոչ հարուստ շրջանի այս գյուղը լեգենդներով է պարուրված։ Եվ դա հասկանալի է այստեղ է ծնվել Վրաստանի նախկին վարչապետն ու երկրի ամենահարուստ մարդը՝ Բիձինա Իվանիշվիլին։

Նրա մասին այստեղ խոսում են սովորաբար շշուկով և զգուշավորությամբ, հատկապես՝ լրագրողների ներկայությամբ։

Արդեն հինգ տարի է, ինչ Բիձինա Իվանիշվիլին լքել է վարչապետի պաշտոնը։ 2012թ-ին նա շատերի համար անսպասելիորեն Միխեիլ Սաակաշվիլիին մեջքի վրա գցեց խորհրդարանական ընտրություններից հետո։ Սաակաշվիլին իշխող «Ազգային շարժման» ղեկավարն էր, որը Վրաստանը ղեկավարում էր ինը տարի շարունակ, և թույլ ու պառակտված ընդդիմության ֆոնին անհաղթի տպավորություն էր թողնում։

Վարչապետի պաշտոնը լքելուց հետո Իվանիշվիլին երկար ժամանար իր մասին զգացնել չէր տալիս, և միայն անցյալ տարվա ապրիլին է որոշել քաղաքականություն վերադառնալ։

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, 2016թ-ի հոկտեմբեր։ REUTERS/David Mdzinarishvili

Այժմ Իվանիշվիլին իշխող «Վրացական երազանքի» նախագահ է։ Այսօր նա պաշտոնապես բարձր պաշտոն չի զբաղեցնում, սակայն նա գաղտնիքի շղարշով պարուրված օլիգարխը չէ, ինչպիսին էր նախքան քաղաքականություն մտնելը։ Սակայն ոչ ոք չի կասկածում, որ այս մարդը Վրաստանի ոչ պաշտոնական ղեկավարն է և բոլոր կարևոր քաղաքական հարցերը նա է լուծում։ Միանձնյա։ Այդ թվում՝ թե ով պետք է վարչապետ լինի, իսկ ով՝ նախագահ։ Իվանիշվիլին անսահման իշխանություն ունի և փաստացի ոչ մի պատասխանատվությամբ կաշկանդված չէ։

Իվանիշվիլին Չորվիլայում մեծ կալվածքներ ունի։ Նրա տունը մասնակիորեն շրջապատված է փայտյա ցանկապատով, մասնակիորեն՝ քարե պատով։

Տան դիմաց ուղղաթիռի հրապարակ կա։

Իվանիշվիլին իր հարազատ գյուղում այսօր էլ է հաճախ լինում։ Սակայն տեղացիները նրան հազվադեպ են տեսնում։ Իվանիշվիլիի ժամանման և մեկնման մասին չորվիլացիներն իմանում են ուղղաթիռի թռիչքից։

Բարեկեցության օազիս

Արդեն վեց տարի է, ինչ Իվանիշվիլին 2012թ-ի հոկտեմբերյան ընտրություններից հետո իշխանության է եկել։

Չորվիլա մենք մեկնում ենք իմանալու, թե ինչ է այստեղ փոխվել, չէ՞ որ այս գյուղին որոշ ժամանակ բարի նախանձով էր նայում ողջ Վրաստանը։

Բիձինա Իվանիշվիլիի տունը Չորվիլա գյուղում, Վրաստան։ 2019թ-ի փետրվար։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

«Չորվիլան Իմերեթիի ամենաեվրոպական գյուղն է»։ «Չորվիլայում սոցիալիզմ է»։

«Բիձինան Չորվիլայում արել է այն, ինչ խորհրդային իշխանությունը մարդկանց մշտապես խոստանում էր, բայց այդպես էլ չարեց»։

«Իվանիշվիլին ողջ Վրաստանի համար կանի այն, ինչ արել է Չորվիլայի համար»։

Եվ այսպես մինչև 2012թ-ը խոսում էին Չորվիլա գյուղի մասին։ Մինչև 2012թ-ն այն շրջապատող շատ միֆեր ճիշտ դուրս եկան։

Չորվիլան իր փայտյա ցանկապատերով ավելի շատ շվեյցարական բնակավայր է հիշեցնում, քան վրացական։ Տներն այստեղ կապիտալ վերանորոգված են, ճանապարհները՝ խնամված։

Մտնում ենք գյուղ։ Կարմիր տանիքներին փոխարինում են կանաչները։ Տպավորությունը, որ ինչ-որ շվեյցարական բնակավայրում ես հայտնվել։

Ավաղ, մեր մեքենան անպատրաստ էր անսպասելի ձյանը և կանգ առավ հենց գյուղ մուտքի մոտ։ Մնացածը՝ ոտքով։

Չորվիլա գյուղը, 2019թ-ի փետրվար։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Այսպես, չպլանավորված կերպով մեր ուղեկիցն է դառնում մեզ մոտով անցնող Թեմոն, որին խնդրում ենք մեզ Չորվիլայի կենտրոն հասցնել։ Իրականում նրա անունն այլ է։ Պարզապես չորվիլացիներն իրենց գլխավոր բարերարի պես վերջին տարիներին չեն սիրում հրապարակայնություն՝ նախընտրելով անանունությունը։

«Ինձ գլխացավանք պետք չէ, սիրելիներս։ Մեզ մոտ լրագրողներին չեն սիրում», – ասում է Թեմոն։

Մենք շուտով համոզվում ենք դրանում։

Կանգ ենք առնում բակերի մոտ։ Կանչում ենք տանտերերին, որ ասենք-խոսենք։

Իմերեթական հյուրընկալությունն այստեղ լրագրողների վրա չի տարածվում։ Նկատում ենք, թե ինչպես են որոշ տներում տանտերերը զգուշությամբ նայում պատուհաններին կախված վարագույների ետևից։ Մյուս տներում մեր կանչին արձագանքում են միայն շները։ Դարպասը չի բացում և տուն չի կանչում ոչ ոք։ Զրուցակիցներին ստիպված ենք փողոցում «բռնել»։

Լեգենդ՝ Չորվիլայի մասին․ սկիզբ և վերջ

Միջին տարիքի մի կին գյուղի կենտրոնում փոքր խանութ ունի։ Նա Իվանիշվիլիին ճանաչում է դեռ դպրոցից։

«Նա ինձնից փոքր է, սակայն մենք ծանոթ ենք։ Իր համադասարանցիներին նա մեծապես աջակցում է․․․ Իսկ բոլորի համար ընտանեկան նպաստ է նշանակել․․․», – ասում է նա՝ ձգտելով խուսափել տեսախցիկից։

Այստեղ բոլորը միաձայն պնդում են, որ այն ամենն, ինչ արվել է Չորվիլայի համար մինչև 2012թ-ը, վրացական գյուղերի մեծ մասը երազել անգամ չի կարող։

Իվանիշվիլիի փողերով Չորվիլայում նոր դպրոց է կառուցվել, Սաչխերեում՝ անվճար հիվանդանոց։ Վերանորոգվել և կառուցվել են տներ, ուսուցիչներն ու բժիշկները մշտապես լրացուցիչ նպաստ են ստացել աշխատավարձի չափով։

Չորվիլա գյուղը, 2019թ-ի փետրվար։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Տեղի բնակիչները գազի համար չէին վճարում։ Նրանք գազի անվճար տաքացուցիչներ, հեռուստացույցներ և սառնարաններ են ստացել։ Սառնարանները մթերքով են լցվել, որոնք գնվել են կրկին Իվանիշվիլիի փողերով։ Եվ այս ամենը՝ ոչ միայն ընտրյալներին, այլ Չորվիլայի բոլոր ընտանիքներին։

Հեքիաթն ավարտվեց 2012թ-ին։

Այսօր Չորվիլայում անվճար գազ չկա։

Ուսուցիչներն ու բժիշկները հավելավճարներ չեն ստանում։

Հանդիսությունների տունը, որ Բիձինա Իվանիշվիլին էր կառուցել և որն անվճար սպասարկում էր չորվիլալացիներին հարսանիքների և թաղումների ժամանակ, արդեն մի քանի ամիս է, ինչ անվճար ծառայություններ չի տրամադրում։

Սաչխերե շրջկենտրոնի հիվանդանոցների ծառայությունների հիմնական մասը չորվիլացիների համար անվճար էր մինչև 2012թ-ն, այնուհետև արտոնությունները չեղարկվեցին։

Եթե մինչև 2012թ-ն Իվանիշվիլին իր բոլոր համագյուղացիներին տների վերանորոգման համար փող էր տալիս, ապա այժմ տալիս է միայն մանկապարտեզին, որը վերանորոգվել է երեք տարի առաջ։

Ինչո՞ւ ամեն ինչ այդպես փոխվեց

Տեղացիները մի քանի պատճառ են նշում։ Իվանիշվիլիի գործոնը դրանցում չկա։

Օրինակ, միլիարդատիրոջ մոտ հարևան տարեց Գուրամն ասում է, որ այդ Սաակաշվիլին է Բիձինա Իվանիշվիլիին ստիպել դադարեցնել օգնությունը չորվիլացիներին։ Նա դրա համար հենց նախկին նախագահին է մեղադրում․

«Սաակաշվիլին է նրան խնդրել, որովհետև (մյուս շրջաններում) շատերը դժգոհ էին, որ այստեղ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացվում էին։ Նա (Իվանիշվիլին) դադարեց այստեղ վճարել, որպեսզի ոչ ոքի չնեղացնի»։

Միաժամանակ Գուրամը հաղորդում է, որ Իվանիշվիլին մինչև այսօր հոգ է տանում գյուղի համար։ Նրա խոսքով՝ միլիարդատերը Չորվիլայում իր մարդիկ ունի՝ պարետները, որոնք հետևում են կատրվող ամեն ինչին և զեկուցում Իվանիշվիլիին, թե ով ինչի կարիք ունի։

Կապանաձեների ընտանիքն ուղիղ վեց տարի առաջ առաջին անգամ գազի վճարման անդորրագիր է ստացել։ Մինչ այդ Կապանաձեները գազի համար չէին վճարում։

Գրեթե նույն ժամանակահատվածում ընտանիքի ղեկավարը՝ գյուղի ուսուցիչը, դադարել է աշխատավարձի հավելավճար ստանալ և ծախսերը կտրուկ աճել են։

Ուսուցիչ Թեմուր Կապանաձե։ Չորվիլա գյուղ, Վրաստան։ 2019թ-ի փետրվար։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

 

Թեմուր Կապանաձեն Իվանիշվիլիի առատաձեռնության դադարեցման պատճառների իր վարկածն ունի։ Նրա խոսքով՝ չորվիլացիներն իրենք են մեղավոր նրա համար, ինչ տեղի ունեցավ սկսեցին ուրիշի հաշվին ապրելուց հղփանալ։

«Պետք է-պետք չէ, բոլորի մոտ լույսը շուրջօրյա վառ էր։ Այնքան էլեկտրաէներգիա էր սպառվում, որքան Ռուսթավի քաղաքում ամբողջությամբ։ Ինքս եմ բազմիցս տեսել, թե ինչպես էին մարդիկ միացնում տաքացուցիչներն ու միաժամանակ բացում պատուհանը։ Եվ որքա՞ն այդպես պետք է շարունակվեր։ Մարդը, որը կարողանում է փող վաստակել, փողի գինը գիտի», – նյարդայնացած ասում է Թեմուր Կապանաձեն։

Նա միակն է, ով մեզ տուն հրավիրեց և թույլ տվեց ազատորեն նկարահանել, ինչ ցանկանանք։ Նրա, ինչպես նաև մյուսների տները, նույնպես կառուցված է Իվանիշվիլիի փողերով։

Թեմուր Կապանաձեն բերում է խնամքով պահվող դպրոցական ալբոմը, ցույց տալիս դպրոցական էքսկուրսիայի լուսանկարը, որտեղ պատկերված են ինքն ու ապագա միլիարդատերը։

Բիձինա Իվանիշվիլիի դպրոցական լուսանկարը (ներքին շարքի մեջտեղինը), 1970թ․։ Լուսանկարը՝ Թեմուր Կապանաձեի անձնական արխիվից։ Չորվիլա գյուղ, Վրաստան։

Հանդիսությունների պալատը, որը կառուցվել է Իվանիշվիլիի կողմից, խոսակցության առանձին թեմա է։

Դա ժամանակակից ոճի ապակե շենք է։ Մի քանի տարվա ընթացքում չորվիլացիներն այստեղ հարսանիքներ, ծննդյան տարեդարձներ էին նշում և հոգեհացի արարողություններ կատարում։ Դահլիճից նրանք կարող էին անվճար օգտվել։

Ավելին՝ բոլոր նորապսակներն Իվանիշվիլիից երեք հազար դոլար էին նվեր ստանում։ Այստեղ նույնիսկ կատակում էին, որ միայն այդ պատճառով է, որ Չորվիլայում ամուրիներ և չամուսնացած կանայք չկան։

Այսօր Հանդիսությունների պալատի ծառայությունները վճարովի են դարձել։ Մի քանի օրից այստեղ առաջին «վճարովի» հարսանիքը տեղի կունենա։

Անանուն մի անցորդի խոսքով՝ այս իրադարձությանը «հսկայական սկանդալ» էր նախորդել «Ինչ-որ փողեր են «կերվել»։ Այդ պատճառով էլ տնօրենին հեռացրել են»։ «(Իվանիշվիլին) կարողանում է պատժել, և դուք, հավանաբար, գիտեք դա», – ասում է կինն ու համոզիչ լինելու համար ձեռքին ձեռնաշղթաներ հագցնելու նշան ցույց տալիս։

Այսօր շենքը մունիցիպալիտետի սեփականությունն է և վարձով է տրվում։

Հանդիսությունների սրահը Չորվիլայում, 2019թ-ի փետրվար։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Չորվիլացներն այլևս չեն կարող անվճար օգտվել Սաչխերեյի հիվադանոցի ծառայություններից, որը կառուցվել և վերազինվել է՝ ժանակակից չափանիշների համաձայն։ Գյուղի բժիշկ Ինգա Կապանաձեն խուսափում է այն մասին խոսակցությունից, թե ինչպես են գործերը 2012թ-ից հետո։ Նա Իվանիշվիլիին շնորհակալ է այն ամենի համար, ինչ եղել է մինչ այս։

«Միայն նրա շնորհիվ է, որ Չորվիլան բարեկարգ բուժարան ունի, որում երկու բժիշկ և երեք սանիտար է աշխատում», – ասում է Ինգա Կապանաձեն։

2012թ-ից հետո Չորվիլայում Իվանիշվիլիի բարեգործության ամենաակնառու օրինակը ֆուտբոլի դաշտն է և մանկապարտեզը, որը նրա փողերով է վերանորոգվել 2017թ-ին։

Մանկապարտեզ Չորվիլա գյուղում, 2019թ-ի փետրվար։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Մինչ երեխաները քնած են, մանկապարտեզի վարիչը սիրով ու ջերմությամբ ցուցադրում է մաքրությամբ փայլող լուսավոր սենյակները, ինչպես թանգարանի ուղեկցորդ, որը ցույց է տալիս սիրելի հեղինակների գլուխգործոցները։

«Աչքերս լցվում են, երբ նման մարդկանց մասին անարժան զրույցներ են տարվում», – ասում է Լալի Մակասարաշվիլին։ Նա տանել չի կարողանում, երբ Իվանիշվիլիին քննադատում են։

Չորվիլայում նրան ոչ ոք չի քննադատում։

Պատրանքների վարպետ

«Իսկ ո՞վ չի սիրում շոգին նստել հով ստվերում», – այսպես արձագանքեց տեղացիներից մեկը միլիարդատիրոջ տարօրինակ հոբբիի՝ դարավոր ծառեր հավաքելու մասին հարցին։

«Ստվերում գտնվել» սա մի ժամանակ իրոք Իվանիշվիլիի ամենահարմարավետ դիրքորոշումն էր։

2008թ-ին, երբ լրագրող Ուենդել Սթիվենսոնը «Պրոսպեկտ» ամսագրի համար աշխատում էր Միխեիլ Սաակաշվիլիի դիմանկարի վրա, նախկին նախագահը հարցազրույցի ժամանակ ասաց

«Իվանիշվիլին նման է կոմս Մոնտե-Քրիստոյին։ Ես նրան տեսել եմ ընդամենը մեկ անգամ։ Նա քաղաքական հավակնություններ չունի։ Ընդհանրապես ոչ մի հավակնություն չունի»։

Բիձինա Իվանիշվիլիի կալվածքների դարպասները Չորվիլա գյուղում, Վրաստան։ 2019 թ-ի փետրվար։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Ամեն ինչ փոխվեց 2011թ-ի հոկտեմբերի 6-ին, երբ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց քաղաքական կուսակցություն հիմնելու մասին։

Մի քանի օր անց Թբիլիսիում վեր խոյացող նրա «ապակե պալատի» դռները բացվեցին քաղաքական գործիչների և լրագրողների համար։ Նա իր թևի տակ հավաքեց գրեթե ողջ վրացական ընդդիմությունը, որի թվում էին ինչպես արևմտամետ առաջնորդներ, այնպես էլ հետադիմականներ և ռուսամետ կուսակցություններ։

Եվ այդ ժամանակ Չորվիլան կարևոր դեր խաղաց։

«Իվանիշվիլին ողջ Վրաստանը Չորվիլայի կվերածի», – սա ագիտատորների մեսիջներից մեկն էր, որոնք մարդկանց պատմում էին ապագա դրախտի մասին, որը կառուցվելու է ընտրություններում Իվանիշվիլիի հաղթանակի դեպքում։

Լեգենդներով պատված գյուղը նպաստում էր նրան, որ ընտրողը հավատա Իվանիշվիլիի թիմի նախընտրական խոստումներին100 նոր գործարան, 5 մլն լարի (մոտ 3 մլն դոլար՝ այն ժամանակվա փոխարժեքով)՝ յուրաքանչյուր գյուղին, կոմունալ վճարումների կրկնակի կրճատում, բենզինի գների նվազում, «անվճար փողեր», այսինքն՝ երկարաժամկետ, առավելագույնը 3% տոկոսադրույքով վարկեր։

Արդյունքում, 2012թ-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներում արտացոլվեցին ընտրողների այն հույսերը, թե ողջ Վրաստանը կարող է ապրել Չորվիլա գյուղի բարեկարգված և անհոգ կյանքով։

«Իվանիշվիլիի իսկական տաղանդը կամ աճպարարությունն այն է, որ նա տարբեր պատրանքներ ստեղծեց տարբեր սոցիալական խմբերի համար», – ասում է քաղաքագետ Գիա Նոդիան։

Նրա խոսքով՝ նրանից իրենց բաժին պատրանքը ստացան բոլորը՝ և նրանք, ում հայացքներն Արևմուտքին էին հառած, և նրանք, ովքեր սգում էին Ռուսաստանի հետ խզված հարաբերությունները։ Փոքրամասնությունները հավատում էին իրավահավասարության մասին նրա դատողություններին, իսկ հոմոֆոբները նրան աջակցում էին ավանդույթների հանդեպ հարգանքի մասին նրա խոսակցություններին։

«Այդ պատրանքների մեծ մասը ոչ միմյանց հետ էին կապված, ոչ էլ համատեղելի էին միմյանց հետ, սակայն դրանք աշխատեցին։ Չորվիլան իրականություն է, սակայն որպես մոդել այն պատրանք է», – կարծում է Նոդիան։

2011թ-ին Դավիթ Զուրաբիշվիլին և նրա Հանրապետական կուսակցությունն առաջիններից մեկն էին, որ ստացան Իվանիշվիլիի կոալիցիա մտնելու հրավերը։ Զուրաբիշվիլին այսօր խոստովանում է, որ Իվանիշվիլին կարողացավ նրան «խաբել»։

«Ժամանակի ընթացքում, երբ ես նրան ավելի լավ ճանաչեցի, հասկացա, որ ճիշտ խոսքերին նա բոլորովին այլ իմաստ է հաղորդում։ Օրինակ, երբ ասում է, որ «հասարակությունը պետք է վերահսկի իշխանությունը», նա այդ հասարակության տակ անձամբ իրեն նկատի ունի», – ասում է Զուրաբիշվիլին։

«Վրացական երազանքի» խնդիրները

Իվանիշվիլիի համար կառավարման յոթերորդ տարում ամենաբարդ փուլը սկսվեց։ Սկզբում նախագահի՝ անձամբ նրա կողմից ընտրված թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին քիչ էր մնացել՝ ձախողեր ընտրությունները։ Հաղթանակի համար լրացուցիչ փուլ և Իվանիշվիլիի աննախադեպ աջակցությունն անհրաժեշտ եղավ։

Իվանիշվիլին, որ երկար տարիների ընթացքում լավ է յուրացրել «բարեգործության ուժը» և իր յուրաքանչյուր բարեգործությունից քաղաքական դիվիդենդներ շահել, այս անգամ անսովոր քայլ արեց․ նախընտրական փուլում նրան պատկանող «Քարթու» հիմնադրամը վճարեց քաղաքացիների բանկային պարտքերը, որոնք ներառված են այսպես կոչված «սև ցուցակներում»։ ԵԱՀԿ-ն իր հաշվետվությունում դա «ընտրակաշառք» անվանեց։

Սակայն Իվանիշվիլիի թիմում ճգնաժամը շարունակվում է։ Իշխող կուսակցությունը, որի նախագահն է նա, մեկ-մեկ կամ փոքր խմբերով լքում են դրա անդամնեը։ «Վրացական երազանքը» խորհրդարանում արդեն կորցրել է սահմանադրական մեծամասնությունը։

Գիա Նոդիայի կարծիքով՝ Իվանիշվիլիի քաղաքական կյանքում նման ճգնաժամեր դեռ ավելի ու ավելի շատ են լինելու, քանի որ նա ինքն է դարձել իր իսկ պատրանքներից մեկի զոհը՝ համարելով, որ կարողանալու է ղեկավարել Վրաստանը որպես «Վրաստան Ltd» ինչ-որ մի ընկերություն։

«Նա ձեռք է բերել Վրաստան կոչվող ձեռնարկութան բաժնետոմսերի 51%-ը։ Մենեջեր է նշանակել Իրակլի Գարիբաշվիլիին (նախկին վարչապետ)։ Երբ նա էլ պետք չէր, նրա փոխարեն բերեց մենեջեր Կվիրիկաշվիլիին, այնուհետև՝ մենեջեր Բախտաձեին (ներկայիս վարչապետը), սակայն իրականում ոչ ոքի չէր վստահում ոչ մի փուլում։ Նա վստահ է, որ ինքը որոշումներ կայացնելիս չի սխալվում, այդ նրանք իր որոշումները չեն կատարում, ովքեր պետք է կատարեն»։

***

Արդեն մթնել էր, երբ մենք դուրս եկանք Չորվիլայից։ Մեր ուղեկցորդին հոնորար առաջարկեցինք մեզ վրա ծախսած ժամանակի և բենզինի համար։

«Թող գոնե այս բարի գյուղում ես լինեմ, ինչպես Բիձինան»,պատասխանեց նա՝ հրաժարվելով փողից։

«Մեդիացանցի» աջակցությամբ
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում