Ինչպես են անցել այդ 10 տարիներն ու ինչ է մնացել հիշողության մեջ" />

Օգոստոսյան պատերազմից 10 տարի անց: Երկու երիտասարդ կանանց պատմություն հակամարտության երկու կողմից

Ինչպես են անցել այդ 10 տարիներն ու ինչ է մնացել հիշողության մեջ

Հարավային Օսիայի շուրջ 2008թ-ի օգոստոսյան պատերազմից 10 տարի է անցել, որին մասնակցում էին Վրաստանն ու Ռուսաստանը: Թբիլիսիի և Ցխինվալի/ի լրագրողները խոսել են այն մարդկանց հետ, որոնց վրա պատերազմն ամենաշատն է ազդել:

Նրանք հիշում են իրենց կյանքի ամենածանր օրերը, պատմում, թե ինչպես են ապրել այս 10 տարիներն ու ինչպես են տեսնում իրենց ապագան:

____________

Պիկրիա Շվելիձե, 42 տարեկան, վրացի, լքել է Հարավային Օսիայի Կեխվի գյուղում գտնվող իր տունը 2008թ-ի օգոստոսին

Պիկրիա Շվելիձե, լուսանկարն՝ ընտանեկան ալբոմից

«Պատերա՞զմ: Դրա մասին այն ժամանակ ոչ ոք չէր էլ մտածում: Այդ ամառ մենք պլաններ էինք կազմում. մի փոքր վերանորոգել տունը, երեխաներին նոր հագուստ գնել:

Օգոստոսի 5-ին երեխաներին մորս մոտ ուղարկեցի Արևմտյան Վրաստան: Տղաս այն ժամանակ 11 տարեկան էր, աղջիկս՝ 3:

Երեխաները հարազատ տուն այդպես էլ չվերադարձան: Աղջիկս այն չի էլ հիշում, իսկ ես ու տղաս հաճախ ենք հիշում մեր տունը, հարևաններին, փողոցը: Ես ուրախ եմ, որ նրանք չեն տեսել այն վիշտը, որը մեզ համակեց երկու օր անց:

Արդեն օգոստոսի 7-ին մեր գյուղը ռմբակոծեցին այնպես, որ ստիպված էինք հարևանների նկուղում պատսպարվել: Բոլորի դեմքին վախ էր, սակայն փորձում էինք միմյանց ինչ-որ կերպ աջակցել, հարևանը նույնիսկ փորձում էր անեկդոտներ պատմել:

Տղամարդիկ հանգստացնում էին, թե երկու մետր խորության վրա ենք գտնվում, և մեզ ոչինչ չի սպառնում: Մենք անգամ սննդի համար դուրս չէինք գալիս, այդպես էլ նստած էինք երկու օր առանց ջրի և սննդի:

Չգիտեինք, թե դրսում ինչ է տեղի ունենում, հեռախոսները չէին աշխատում: Օգոստոսի 8-ին մեզ արդեն սկսեցին ինքնաթիռներով ռմբակոծել: Այդ օրը վրացի զինվորներ եկան և սարսափելի լուր բերեցին. մարդիկ այստեղից փախչում են, մենք էլ պետք է հեռանանք:

Ես միայն այդ ժամանակ հասկացա, որ կյանքս փոխվում է, և թե ինչ դժբախտություն եկավ մեր գլխին:

Պիկրիան երեխաների հետ, լուսանկարն՝ ընտանեկան ալբոմից

Մենք լքեցինք մեր գյուղը օգոստոսի 8-ին երեկոյան ժամը 8-ի մոտ: Ազգականներիցս մեկը մեզ բոլորիս տարավ իր մեքենայով: Եվ երբ մենք արդեն շարժվեցինք, ես նոր հասակացա, որ խուճապի մեջ ոչ մի բան չեմ վերցրել հետս: Եվ հետո միայն պայուսակիս մեջ հայտնաբերեցի երեխաներիս նկարներից մի քանիսը, չեմ էլ հիշում, թե երբ եմ պայուսակս դրել:

Մենք անցնում էինք գյուղերի կողքով, և ոչ մի տեղ մարդ չկար արդեն, և բոլոր տներում դռները բաց էին: Մենք էլ էինք մեր դուռը բաց թողել, երբ վազում էինք դեպի մեքենան: Մենք այն ժամանակ մտածում էինք, որ շուտով ետ ենք վերադառնալու:

Այսօր ես ապրում եմ փախստականների Քարալեթի ավանում [գտնվում է Գորիից և հակամարտության գոտուց ոչ հեռու – JAMnews]: Երեխաներս մեծացել են, բայց դեռ այնքան բանի կարիք ունեն: Այս բոլոր տարիներն անցել են նոր իրականությանը հարմարվելով: Ամենասարսափելին առաջին երկու-երեք տարիներն էին: Ես կարծես ուրիշի տանն ապրեի, նույնիսկ նոր իրեր տան համար չէի ուզում գնել, մտածում էի, թե դա ժամանակավոր բան է, ինչի՞ս է պետք այստեղ տուն դնելը: Եվ հետո միայն գիտակցեցի, որ այդպես սին սպասումով ողջ կյանքս կարող է անցնել:

Վերխվեբի ավանը, որը կառուցվել է 2008թ-ի օգոստոսյան պատերազմից հետո Հարավային Օսիայից բռնի տեղահանված վրացիների համար: 2018թ-ի օգոստոս: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Ես ու ամուսինս այժմ ձգտում ենք կարգավորել մեր կյանքը, փորձում ենք երեխաներին կրթության տալ: Տղաս արդեն համալսարանի երրորդ կուրսում է սովորում, ձգտում է օգնել մեզ և ուսմանը զուգահեռ աշխատում է: Ուզում ենք տունն ընդլայնել. չորսով տնակում ենք ապրում: Միգուցե մինչև մյուս ամառ հաջողվի մեկ սենյակ ավելացնել:

Սակայն այնպիսի տուն, ինչպես Կեխվիում էր, երևի էլ երբեք չենք ունենա: Այն հսկայական էր, երկու ընտանիքի կհերիքեր: Այգին էլ էր շատ մեծ, դրա բերքով էլ ապրում էինք:

Բայց մեր տունն էլ չկա, ես այդ մասին իմացա պատերազմից հետո: Այն այրվել է: Համացանցում լուսանկարներ էլ եմ տեսել: Դա բոլոր հույսերի մարում էր: Երբեմն թվում էր, թե այդ ամենն ինձ հետ չի կատարվում:

Ամուսինս առաջին կարգի հաշմանդամ է, թոշակ է ստանում և փախստականների նպաստ. արդյունքում նույնիսկ 400 լարի չի լինում: Պատերազմը տակնուվրա արեց մեր ողջ կյանքը:

Ոչ ոքի նման բան չեմ ցանկանա: Եվ սրտիս խորքում դեռ առկայծում է հույսը, որ մի օր ես կկարողանամ, այնուամենայնիվ, հետ գնալ իմ տուն, որտեղ ծնվել եմ և ապրել կյանքիս մեծ մասը: Գիտեմ, որ տունս այրվել է, բայց բակը մնացել է, չէ՞: Չէ՞ որ այն հնարավոր չէ այրել:

Մեր գյուղում համընդհանուր տոն կար՝ մայիսի 20-ը, դա Կեխվի գյուղի օրն էր: Ուրախանում էինք, բոլոր հարևանները հավաքվում էին: Միգուցե մեր այդ տոնն այնտեղ արդեն ուրիշներն են նշում, ովքեր որ ապրում են մեր գյուղում»:

________

Անժելա Գուչմազովա, 39 տարեկան, օս, ապրում է Հարավային Օսիայի Սարաբուկ գյուղում

Անժելա Գուչմազովան ու նրա մայրը՝ Զարետա Կոկոևան: Լուսանկարը՝ Գանա Յանովսկայայի, JAMnews

«Մեր գյուղը պատերազմի ժամանակ կրակի տակ է հայտնվել 2008թ-ի օգոստոսյան սարսափելի իրադարձություններից մեկ ամիս առաջ: Ես արդյունքում ստիպված էի մորս թողնել այդտեղ՝ պատերազմի կրակի մեջ, իսկ ինքս գնդակոծությունից Հյուսիսային Օսիա փախչել մեկ տարեկան երեխայիս և քրոջս չորս փոքր երեխաների հետ»:

Անժելա Գուչմազովան պատմում է, որ նրա հարազատ Սարաբուկ գյուղը հայտնի է նրանով, որ Ցխինվալի/ի շրջանում մյուսների համեմատ գտնվում է բարձունքի վրա: Այդ պատճառով էլ այդտեղ խաղաղապահներ կային վրաց-օսական հակամարտության սուր փուլի ժամանակ: 2008թ-ի պատերազմի ժամանակ այդտեղ օս աշխարհազորայինների գումարտակ կար: Այդ պատճառով էլ 2008թ-ին մեր գյուղի ուղղությամբ կրակում էին և այն ռմբակոծում էին ավելի շատ, քան մնացած գյուղերը:

Պատշգամբում թեյ խմելու ընտանեկան ավանդույթը նրանք ստիպված էին դադարեցնել հուլիսի 15-ից հետո: Այդ գիշեր առանձնապես ուժեղ հրաձգություն էր:

«Մենք բոլորս քնած էինք: Ես, տղաս, քրոջս 4 երեխաներն ու մայրս: Լսվում էր գնդակների սուլոցը, դրանցից մեկը մխրճվեց պատի մեջ՝ անկողնուս վերևը: Ես բոլորին կարգադրեցի հատակին պառկել, խուճապի չմատնվել: Քրոջս աղջիկը չլսեց և ողջ սենյակի միջով վազեց ու վախից փաթաթվեց ինձ», – պատմում է Անժելան:

Կրարոցները շարունակվում էին հաջորդ օրերին ևս:

«Օգոստոսի 3-ին սկսվեց կանանց և երեխաների տարհանումը: Ես հասակնում էի, որ Սարաբուկում այդքան երեխաների հետ մնալը վտանգավոր է: Հարևանիս խնդրեցի մեզ առավոտ շուտ հասցնել ռուսական մաքսակետ, այնտեղ մեզ դիմավորելու էր փեսաս՝ քրոջս երեխաների հայրը:

Օգոստոսի 6-ին մենք շրջանցող հին ճանապարհով ճամփա ընկանք սարերի միջով: Անցել ենք վրացական Բանատ գյուղի կողքով, վախենում էինք, բայց ընտրություն չունեինք: Որ կողմով էլ որ անցնում էինք, դատարկ հին տներ էին և լքված կենդանիներ՝ շներ, խոզեր, կովեր:

Ճանապարհին մի ամբողջ ընտանիք կար կանգնած, օսեր էին, կանգնեցրին մեզ և խնդրեցին մեզ հետ տանել գոնե երեխաներին: Բայց մենք չէինք կարող նրանց օգնել, մեր փոքրիկ մեքենան մինչև վերջ բեռնված էր»:

Հարավային Օսիայում է մնացել Անժելայի մայրն ու եղբայրը:

«Մայրս ասաց, որ ոչ մի պարագայում չի հեռանա, մնալու է՝ հսկի տունը: Իսկ հետո արդեն նրանց հետ կապ չկար: Միայն ամենասկզբում եղբայրս ինձ Ցխինվալի նկուղներից մեկից, որտեղ նրանք պատսպարվել էին, գրեց, որ կենդանի են: Եվ վերջ»:

Պատմում է Անժելայի մայրը՝ 73-ամյա Զարետա Կոկոևան.

«Օգոստոսի լույս 8-ի գիշերը ես եղբորս տանն էի, այն մեր տնից մի փոքր ներքև է, և այնտեղ ավելի անվտանգ էր թվում: Մեր տան մոտ հենց ական ընկավ: Ես տեսա, թե ինչպես հարվածային ալիքը տեղահան արեց մուտքի դուռը, և իներցիայով վազեցի դեպի այն, որպեսզի բարձրացնեմ դուռն ու իր տեղը դնեմ: Եղբայրս ետևիցս վազեց:

Այդ պահին Էրեդվիի կողմից գյուղ սկսեցին մտնել վրացական տանկերն ու զինվորները: Մեզ սկսեցին բղավել, որ պետք է թաքնվել: Մենք դեն նետեցինք դուռն ու հետ վազեցինք, երեքս էլ նկուղում թաքնվեցինք. ես էի, եղբայրս ու նրա կինը: Վրացի զինվորականները մեզ այնտեղ գտան: Մենք երեքս էլ լավ գիտենք վրացերեն, և ձեռքերը վեր բարձրացրինք, որ երևար, որ անզեն ենք, և բարձր սկսեցինք վրացերեն գոռալ. «Մենք խաղաղ բնակիչներ ենք, մեզ ձեռք չտաք»: Զինվորներն ասացին, որ օս զինվորականների են փնտրում: Մենք պատասխանեցինք, որ այստեղ զինվորականներ չկան: Եվ մեզ բաց թողեցին»:

Այդ ընտանիքում պատերազմի ժամանակ, բարեբախտաբար, ոչ ոք չմահացավ: Սակայն մահացան նրանց ծանոթներն ու հեռավոր ազգականները:

Ստասն՝ Անժելա Գուչմազովայի որդին: Լուսանկարչը՝ Գանա Յանովսկայայի, JAMnews

«Ես ու մայրս այս բոլոր տարիներն մեր ուժերով ենք ապրել, նա կենսաթոշակ է ստանում, ես՝ աշխատավարձ, քիչ-քիչ մեր տունն ենք վերականգնում: Մենք՝ կանայք, ինքներս ենք մեզ պահում: Որդիս միայն 11 տարեկան է, ամուսին չունեմ, հայրս էլ մահացել է:

Երբեմն մոտենում եմ հորս լուսանկարին և խոսում նրա հետ: Սակայն վերջերս մայրս թաքցրել է լուսանարը, նրան դուր չի գալիս, որ այն անընդհատ մեզ է նայում: Ասում է, որ թաղումից հետո չի կարելի տանը մեծ դիմանկար պահել: Ես ու նա այդ պատճառով վիճում ենք միմյանց հետ», — պատմում է Անժելան:

Իսկ պատերազմից 7 տարի անց Սարաբուկ գյուղ է եկել մի շուն: Անժելան մտածում է, որ նա հարևան Վանատ գյուղից է, այնտեղ պատերազմից առաջ միասին ապրում էին օսեր և վրացիներ:

«Վրացական ընտանիքները տարհանվել են պատերազմից մի քանի օր առաջ, և այս շունը երևի մնացել է, և այդ ամբողջ ժամանակահատվածում սպասել է, որ տերերը վերադառնան:

Երբ նա եկավ, շատ վատ էր վիճակը, մտածում էինք, որ մեռնում է: Սակայն մենք նրա համար հոգ տարանք և Պոմպորա անվանեցինք: Այդ օրվանից նա 3 ձագ է ունեցել՝ տարեկան մեկը: Հարևանները տանում են ձագերին, բոլորը կարծում են, որ նրանք հանգստություն և հաջողություն են բերում»:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները հեղինակի անձնական դիրքորոշման արտացոլումն են և կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում