35-ամյա հեռուստահաղորդավարուհուն կասկածում են Վլադիմիր Պուտինի հետ համաձայնության գալու մեջ" />

Քսենյա Սոբչակը մտադիր է Ռուսաստանի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել

35-ամյա հեռուստահաղորդավարուհուն կասկածում են Վլադիմիր Պուտինի հետ համաձայնության գալու մեջ

REUTERS/Սերգեյ Կարպուխին

35-ամյա հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հայտարարել է 2018թ-ի մարտին Ռուսաստանի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին:

Քսենյա Սոբչակը հայտնի ռուս քաղաքական գործիչ, Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետ Անատոլի Սոբչակի աղջիկն է: Անատոլի Սոբչակի կարիերան սկսվել է 1989թ-ին, երբ նա գլխավորել է Թբիլիսիում 1989թ-ի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների հետաքննման հանձնաժողովը: Քսենյա Սոբչակը մանկուց ծանոթ է Վլադիմիր Պուտինին, որն իր հոր մոտ է սովորել Լենինգրադի համալսարանում, իսկ հետագայում աշխատել է որպես նրա տեղակալ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում: Ռուսաստանում Քսենյա Սոբչակը հայտնի է որպես «Տուն-2» սկանդալային հեռուստաշոուի հաղորդավար:

Քսենյա Սոբչակն իրեն գործող ռուսական իշխանության քննադատ է հայտարարել:

Սակայն փորձագետների և սոցցանցերի օգտատերերի մեծ մասը կարծիք է հայտնել, որ ընտրություններին նրա մասնակցության գլխավոր խնդիրը հանրության ուշադրության շեղումն է այն փաստից, որ դրանց չի մասնակցելու առաջատար ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:  Նրան ռուսական իշխանությունները մտադիր են թույլ չտալ մասնակցել ընտրություններին դատվածության պատրվակով:

Ահա ռուս հեղինակավոր քաղաքագետ Կիրիլ Ռոգովի կարծիքը.

“Մասնակցելով ընտրություններին և կրկնելով Նավալնիի օրակարգի ավելի մեղմ տեսակը՝ Սոբչակը ցույց է տալու, որ ընդդիմադիր գործունեությունը Ռուսաստանում հնարավոր է… դրանով լեգիտիմացնելով այդ ընտրություններին Վլադիմիր Պուտինի ապագա հաղթանակը”:


Կարդալ ավելին JAMnews-ում