Ուկրաինական Հրոմադսկոյե հեռուստաընկերությունը պատմում է այն մասին, թե ինչպես է աշխատում ուրիշի երեխաներ «կրելու» աճող շուկան" />

Քո ուրիշի մայրը. ինչու է Ուկրաինան դարձել փոխնակ մայրության կենտրոն

Ուկրաինական Հրոմադսկոյե հեռուստաընկերությունը պատմում է այն մասին, թե ինչպես է աշխատում ուրիշի երեխաներ «կրելու» աճող շուկան

 

Հրոմադկոյեի նյութը 

Ելիզավետա Պոգուդինան ապրում է ամուսնու և փոքր դստեր հետ Ուկրաինայի Խարկով քաղաքից ոչ հեռու: Ապրիլին նա աղջիկ է ունեցել և փոխանցել է Իսպանիայից եկած զույգի, որը չբերություն ունի:

Ելիզավետան փոխնակ մայր է: Նա վաղուց էր երազում սեփական տան մասին, իսկ գնելու համար փողը չէր հերիքում: Ելիզավետան որոշել է փոխնակ մայր դառնալ միանվագ խոշոր գումար ստանալու համար: Ընտանիքն աջակցել է, թեև ոչ միանգամից:

Փոխնակ մայրության մայրաքաղաք

Ուկրաինան երբեմն անվանում են «փոխնակ մայրության մայրաքաղաք». ի տարբերություն այլ երկրների մեծամասնության՝ օրենքն այստեղ թույլատրում է նույնիսկ առևտրային փոխնակ մայրություն:

«Եվրոպայի շատ երկրներում փոխնակ մայրությունը թույլատրված է միայն այն դեպքում, եթե այն փոխնակ մոր համար դրամական պարգևատրում չի ենթադրում», – ասում է IRTSA,Ukraine գործակալության իրավաբան Սերգեյ Անտոնովը, ընկերությունն Ուկրաինայում առաջիններից մեկն է, որն օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ծառայություններ է տրամադրում:

Ուկրաինայից զատ առևտրային փոխնակ մայրությունն օրինական է Վրաստանում, Ղազախստանում, Կամբոջայում, Ռուսաստանում և ԱՄՆ որոշ նահանգներում, սակայն երեխա չունեցող զույգերի մեծ մասն այնուամենայնիվ նախընտրում է Կիև մեկնել: Ըստ որոշ տվյալների՝ ուկրաինացի փոխնակ մայրերի պահանջարկն աճել է այն բանից հետո, երբ փակվել են այդ ծառայության խոշորագույն համաշխարհային շուկաները Թայլանդում և Հնդկաստանում:

Ուկրաինայի բժշկական զբոսաշրջության ասոցիացիայի տվյալներով, վերարտադրողական տեխնոլոգիաներն արտասահմանցիներին տրամադրվող ամենատարածված բժշկական ծառայությունների եռյակում են (ակնաբուժությունից և ատամնաբուժությունից հետո):  

Վերականգնողական բժշկությունը երկրում բավականին լավ է զարգացած. հավանաբար դրանում կարելի է գտնել ուկրաինացի փոխնակ մայրերի չլսված պահանջարկի պատճառը, կարծում է վերարտադրողական բժշկության Reprolife կիևյան կլինիկայի բժիշկ Ռոման Լիտվինենկոն:

Հնարավոր է, որ պատճառը համեմատաբար էժան լինելն է. ողջ «փաթեթի» միջին արժեքն Ուկրաինայում 30 հազար դոլար է. ամսական վճարվում է նաև 300 դոլար, որը փոխնակ մայրը ծախսում է սնվելու և կենցաղային  կարիքների վրա: Ուրիշի երեխային կրած և ծննդաբերած մոր պարգևատրումն Ուկրաինայում ավելի համեստ է, քան այլ երկրներում.

«Միանվագ վճարման չափը ծննդաբերությունից հետո տատանվում է 11.5-13 հազար դոլարի սահմաններում, ասում է հոգեբան Վերարտադրողական պերինատալ հոգեբանության և պսիխոսոմատիկայի ինստիտուտի հիմնադիր Անտոնինա Նակոնեչնայան, – Ամերիկայում գները սկսվում են 100 հազարից»:

Ինչ է ասում օրենքը

Ուկրաինայում փոխնակ մայրությունն օրենքով արգելված չէ, սակայն ոչ էլ կարգավորվում է դրանով։ Իրավաբան Սերգեյ Անտոնովը ստեղծված իրավիճակը համեմատում է անշարժ գույքի շուկայի հետ.

«Շատ գործակալներ կան, որոնք ոչ մի տեղ գրանցված չեն, սակայն անձանց միջև պայմանավորվածություններ են ձևավորում: Նույն բանը տեղի է ունենում Ուկրաինայում՝ փոխնակ մայրության շուկայում»:

Պաշտոնական գործակալություններն ու կլինիկաներն իրենց ծառայություններն են մատուցում՝ հիմնվելով Ուկրաինայի Ընտանեկան օրենսգրքի առանձին դրույթների և այլ նորմատիվ ակտերի վրա: Այսպես, առողջապահության նախարարության հրամաններից մեկը սահմանում է, թե հստակ ում կարող է ծառայություն մատուցել փոխնակ մայրը. պաշտոնապես ամուսնացած կնոջն ու տղամարդուն, որոնց մոտ չբերություն է ախտորոշվել:

Հրոմադսկոյեի լրագրողները փորձել են առողջապահության նախարարությունից պարզել, թե որքան փոխնակ մայր կա Ուկրաինայում և որքանով են նրանց իրավունքները պաշտպանված, սակայն պաշտոնական հարցմանը պատասխան չեն ստացել:

Ընդ որում, բոլոր զրուցակիներն ու նման համաձայնագրերի անմիջական մասնակիցները միաձայն հաստատել են. շուկան տարեցտարի աճում է:

Ընդ որում, նրանցից ոմանք խոստովանել են. երկրում բազմաթիվ ապօրինի ընկերություններ են աշխատում:

«Ուկրաինայում փոխնակ մայրության շուկան մոտ երկու երրորդով օրինական չէ»,ասում է Սերգեյ Անտոնովը:

Ուրիշի երեխայի մայր

Ուկրաինայում մայրը չի կարող «միտքը փոխել», այսինքն՝ իրավունք չունի կենսաբանական ծնողներին չտալու երեխային, որին կրել է:

Փոխնակ մայրության թեկնածուն անպայման պետք է նվազագույնը մեկ սեփական երեխա ունենա և չպետք է 35 տարեկանից մեծ լինի:

Պայմանագիրը, որը նա կնքում է, հաշվի է առնում բազմաթիվ նրբություններ՝ ամուսնու համաձայնությունից (եթե ամուսնացած է) մինչև հղիության ժամանակահատվածում ինտիմ մտերմության սահմանափակում:

«Որպես կանոն, փոխնակ մայրերին քննադատում են բոլորը՝ հարևաններից մինչև եկեղեցի, – ասում է հոգեբան Անտոնինա Նակոնեչնայան, – շատերն ամաչում են հղիությունից և ձգտում են այն թաքցնել»:

Փոխնակ մայր Մարիան (անունը փոխված է) Հրոմադսկոյեին հարցազրույց տալիս: 2018թ-ի հունիսի 20: Լուսանկարը՝ Հրոմադսկոյեի

«Ես ուզում էի, որ ոչ ոք այդ մասին չիմանար, – հիշում է Մարիան (անունը փոխված է), – ծնողներիս մոտ եմ մեկնել, երբ դեռ ժամկետը մեծ չէր, իսկ հետո ամբողջ ընթացքում Կիևում եմ եղել»:

Մարիան արդեն ուներ իր երեխային, ամուսնուց բաժանվել էր: Փոխնակության որոշում էր կայացրել «դժվար կենսական իրավիճակի» պատճառով: Կասկածներ ու վախեր եղել են, սակայն ամեն ինչ ստացվել է:

Սովորաբար երեխային վերցնում են ծնվելուց անմիջապես հետո, սակայն Մարիայի ծննդաբերությունը վաղաժամ է սկսվել, և ծնողներն ավելի ուշ են հասել:

«Ես նրանց նույնիսկ կրծքով եմ կերակրել, – պատմում է նա: Ես նրա կողքին եմ եղել մեկ ամիս: Նրանք [կենսաբանական ծնողները] խնդրել են, որ ես նրանց կողքին լինեմ, օգնեմ»:

Մարիան ասում է, որ, տեսնելով երեխային, միանգամից հասկացել է, որ դա իր երեխան չէ. «Իմ առաջնեկն ինձ նման էր, երբ նրան տեսա, ասացի, որ նա իմն է: Իսկ երբ այս երեխան ծնվեց, միանգամից գիտեի, որ նա ուրիշինն է»:

Նա չի թաքցնում, որ իր համար դա, առաջին հերթին, ընդամենը փող վաստակելու միջոց էր:

Գումար աշխատելը փոխնակ մայրությանը դիմած ուկրաինացի կանանց մեծ մասի համար գլխավոր պատճառն է: Առավել հաճախ թեկնածուները գյուղի ոչ հարուստ կանայք են:

Այնուամենյանիվ, բնավ ոչ բոլորի համար է փոխնակ մայրությունն ասոցացվում փողի հետ:

«Ինձ համար դա, առաջին հերթին, պատասխանատվություն է, – ասում է Հրոմադսկոյեի զրուցակից Ելիզավետան: – Չէ՞ որ մարդիկ ինձ կյանք են վստահել: Հղիության ժամանակ ես ոչ թե փողի մասին էի մտածում, այլ այն մասին, որ առողջ երեխա կրեմ և ծննդաբերեմ և օգնեմ նրա ծնողներին»:

 


Կարդալ ավելին JAMnews-ում