Սիրունի ու իր գործընկերների աշխատանքի ընթացքում կատարած ամեն քայլը կյանքի համար վտանգավոր է:" />

Քայլելով պատերազմի հետքերի վրայով

Սիրունի ու իր գործընկերների աշխատանքի ընթացքում կատարած ամեն քայլը կյանքի համար վտանգավոր է:

Սիրուն Օհանյանը մեկն է երեք կանանցից, ովքեր մոտ մեկ տարի է, ինչ աշխատում են «Հալո թրասթ» (The Halo Trust) կազմակերպությունում՝  Ղարաբաղյան պատերազմից մնացած ականները չեզոքացնելու նպատակով։

Մարտի 29-ին ականազերծման ընթացքում զոհվեցին Սիրունի գործընկերներից երեքը, իսկ երկուսը ստացան ծանր մարմնական վնասվածքներ։ Կազմակերպության տարածած հայտարարությունում ասվում է, որ «Հալո թրասթի» ականազերծողներն ավտոմեքենայում են եղել, երբ տեղի է ունեցել դժբախտ դեպքը։

1995-ից  ի վեր տեղի է ունեցել  376 դժբախտ պատահար. ականների կամ զինամթերքի պայթյունից անդամահատվել, բեկորային վնասվածքներ կամ տեսողության կորուստ է ունեցել 296 մարդ, իսկ զոհվել ՝ 80-ը։

 

«The Halo trust»-ը բրիտանական ոչ կառավարական կազմակերպություն է, Ղարաբաղում աշխատում է 2000թից։ Ըստ կազմակերպության տվյալների, ականազերծվել է հակամարտության տարածքի 90%-ը։  Ֆինանսական միջոցների առկայության դեպքում  աշխատանքները կարող են ավարտվել 2020թին։  Այժմ ականազերծման աշխատանքներում ներգրավված է 150 մարդ։

Գործընկերների հետ տեղի ունեցած դժբախտ դեպքից հետո Սիրունը մի քանի շաբաթ չէր կարողանում կիսել մեզ հետ իր ապրումները։

«The Halo Trust»-ի ներկայացուցչի խոսքերով, սա առաջին անգամ է, երբ Ղարաբաղում ականազերծման ընթացքում զոհվում են սակրավորներ։

«Մենք մոտ էինք այդ ականադաշտին, պայթյունից հետո երբ դեպքի վայր հասանք՝ տեսանք տղաների մարմինները անդամահատված, այս ու այն կողմ են ընկած: Մահացած սակրավորներին դեմքով  գիտեի, տղաներից մեկի հետ  մտերիմ էի»,- ասում է Սիրունը։

«Պայթյունից հետո, երբ ինձ հարցրին` արդյոք կարո՞ղ եմ վերադառնալ աշխատանքի, ասացի՝ դաշտում կհասկանամ։ Հաջորդ դաշտ դուրս գալուց զգացի, որ կարող եմ։»:

Սիրունը հայտնվեց ականազերծողների խմբում 2017թ. հունիսի 12-ին, թեեւ տանը համաձայն չէին։

«Եղբորս առաջարկով ընդունեցի այս գործին անցնելու որոշումը, նա էլ է այստեղ աշխատում։ Որոշմանս հայրս էր դեմ, բայց ․․․ երեք անչափահաս երեխա ունեմ, տան միակ աշխատողն էլ ես եմ»,-ասում է նա։

Խմբակիցները Սիրունին «Halo»-ի դեմքն են կոչում «մեր Սիրունը շատ սիրուն է»,- ասում են նրանք։

Մարտունու շրջանի ականադաշտերից մեկում, որտեղ աշխատում են ականազեծողները, սակրավոր կանայք  հանգստի ժամի համար անկյուն են ստեղծել։

Տղամարդկանց համար սկզբում անսովոր էր կանանց ներկայությունը, հետո հասկացան, որ սեռը կապ չունիկարևորը պրոֆեսիոնալ մոտեցումն է։

«Տղաների հետ աշխատելը մի քիչ ուրիշ է։ Երբ կանայք հայտնվեցին ջոկատում, այդ ժամանակ  բարձր եւ ահնարթ տարածքներում էինք ականազերծում իրականացնում կանանց համար մի քիչ դժվար էր, բայց հիմա հարմարվել են  ամենաբարդ տարածքներին անգամ։ Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք հավասարապես կարող են աշխատել, պարզապես կանանց կողքին պետք է հետեւենք մեր բառապաշարին, հայհոյախառը բառերից  խուսափելու համար։»,- ասում է  ականազերծող խմբի ղեկավարներից Արայիկ Մարգարյանը։

Աշխատանքային մեկ փուլը տեւում է 50 րոպե, որին հետեւում է 5 րոպեանոց դադարը «Խոսելու ժամանակ չենք ունենում, պետք է լուռ եւ զգոն հետեւել կանոններին՝բաց չթողնելով ականորսիչի ամենացածր ազդանշանն անգամ»,- բացատրում է Սիրունը։

Սիրունն ասում է, որ վերջին պայթյունի տեղանքով բազմիցս անցել են մեքենայով, ու մինչեւ հիմա չեն հասկանում, ինչպես է կատարվել այդ դեպքը։

«Կանայք թույլ են», «կանայք պաշտպանության կարիք ունեն», այս կարծրատիպերը անմիջապես ջարդվեցին, երբ շպարված ու զարդերով կանայք տղամարդկանց հետ աշխատանքի լծվեցին՝ ծանր ուսապարկերով, անտառներում ու ձորերում, անձրեւին ու արեւին։

Սիրունն ասում է, որ միշտ չեն շպարված աշխատանքի գալիս։

«Շպարից ու արդուզարդից  առավել կարեւորը հարգանքն է, տղամարդկանց մեջ պետք է հարգանքդ պահես»։

Սակրավորի հավաքածուն

Սակրավորներին հողը հաճախ ոչ թե ականով է «պարգեւատրում», այլ զարդերով, հնադարյան կճուճներով ու կոպեկներով։ Սիրունը 9 ամիսների ընթացքում  փոքրիկ հավաքածու ունի արդեն։  Պարսկական կոպեկներ, պղնձյա մատանի, որ  իսկ եւ իսկ իր մատին է։  Պղնձյա մատանիները նախկինում կրում էին նրանք, ովքեր արյան ճնշման խնդիր ունեին, ինքը խնդիր չունի, բայց ինչպես ասում է՝ հաճելի է, երբ հողը անակնկալներ է մատուցում։

«Մի անգամ մեծ ազդանշան ստացա, այնպիսին, որ դժվար էր առանց հրամանատարի կողմնորոշվել։ Կարծում էինք` մեծ ական է, հանելն էլ բարդ կլինի։  Զարմանքն ու զավեշտը խառնվեցին, երբ մեծ ականի փոխարեն թավա հայտնաբերեցինք»,- հիշում է Սիրունը։

Հակամարտությունն ու կինը

Սիրունի մայրը  1980թ. է Բաքվից Ղարաբաղ տեղափոխվել։ Պատերազմի ընթացքում  զոհվել է Սիրունի 8 տարեկան քույրը։ «Պատերազմն իր սեւ դրոշմն է թողել մեր ընտանիքին»,-ասում է նա։

Արդեն 24 տարի է անցել, բայց պատերազմի հետքերը դեռ կան։ Դեռ  ականապատ  բնակավայրեր կան, որտեղ մարդիկ սովորության համաձայն քայլում են, փորձում հողից բարիք ստանալ։

«Ամռան ամիսներին ականազերծում էինք մի դաշտ, որտեղ մորի շատ կար։ Տեղի բնակչության հետ գրեթե կոնֆլիկտի մեջ էինք մտել։ Պնդում էին, որ տասնյակ տարիներ մորի են քաղել այդ տարածքից ու ոչ մի բան չի եղել։ Դժվար է բացատրել, որ ականը անձ ու տարիք չի ճանաչում, պայթում է առանց նախազգուշացման»,- պատմում է Սիրունը։

Նա  կնոջ ներգրավվածությունն ականազերծման գործում կարեւորում է կանայք  ավելի զգուշավոր են եւ ուշադիր։

«Ականների հանդիպելիս մարմնովդ սարսուռ է անցնում, անմիջապես զգում ես չավարտված պատերազմի շունչը»,- ասում է սակրավորը։

37-ամյա Սիրունը քայլում է դեպի պատուհան՝ ստուգելու, թե համազգեստն արդեն չորացե՞լ է։ Երկուշաբթի առավոտյան նորից պետք է վերադառնա ականադաշտ։

Շաբաթ օրվա լվացքը Սիրունենց տանը միշտ ներառում է նաև նրա համազգեստը։

Երկու օր սիրո ու ջերմության մեջ 

Հրադադարից հետո վերակառուցված ճանապարհն ու համեմատաբար թարմ ասֆալտը Կաղարծու մատույցներում ավարտվում է ու ՍտեփանակերտՄարտունի մայրուղուց թեքվում դեպի ձախ։  

Քարքարոտ ճանապարհը տանում է դեպի Ղարաբաղի հարավարեւելքում գտնվող Մարտունու շրջանի  փոքրիկ  Կաղարծի գյուղ /հեռավորությունը Ստեփանակերտից 31 կմ/, ուր ապրում է Սիրուն Օհանյանի ընտանիքը։ Ճանապարհով անցնելիս մեքենայում նստած մարդը ցնցվում է, քանի որ այն հարթ չէ։

Նեղլիկ փողոցներ, իրար կից տներ։ Երկհարկանի տան պատշգամբից Սիրունն է երևում առանց  համազգեստի ու գլխարկի անճանաչելի է։ Նրա գրկում  դեռ 2 տարեկանը չլրացած տղան՝ Արտյոմն է։

Սիրունը տան անդամների ու ողջ գյուղի համար Նոնա Օհանյանն է։  Մանկության տարիներին տատիկի փաղաքշական «նանկա» բառից Սիրունը Նոնա անունը ստացավ։ Փաստաթղթերում ու աշխատավայրում Սիրուն է։

Փոքրիկ Արտյոմը 2 տարեկան է, դեռ չի խոսում, բայց ինչպես պատմում են հարազատները, ուրբաթ օրերին անընդհատ դեպի դուրս է նայում, ուշադիր լսում մեքենաների ձայնը ու տարբերում հենց այն մեքենայի ձայնը, որով մայրը տուն է գալիս։ Ասում են՝ կարոտից երբեմն ջերմությունն է բարձրանում։

Սիրունը երեք երեխաներին ծնողների խնամքին է թողելհայրը  զինվորական թոշակ է ստանում, ամուսինը Ռուսաստանում է։

Սիրունը շաբաթվա 5 օրերին ստիպված է Ստեփանակերտում մնալ, հարազատների, երեխաների հետ միայն շաբաթ եւ կիրակի օրերին է։  

«Տուն մտնելուն պես երեխաներին եմ գրկում, հետո` մորս։ Նա իմ կյանքում շատ մեծ նշանակություն ունի»,- ասում է Սիրունն ու   փորձում զսպել հուզմունքը։  Տան մյուս անկյունից Սիրունի մայրը լսում է մեր խոսակցությունը, իսկ հայրը լուռ ծխում է հերթական գլանակը։

Սիրունը՝ հարազատների ու տան անդամների հետ

Սիրունի միջնեկ զավակը՝ Արթուրը, իր սիրողական տեսախցիկով է հետեւում մորը, ամեն մի պահը նկարում, որ հաջորդ ու գալիք մյուս օրերին նկարահանածը դիտի՝ կարոտը փարատի։

«Արթուրն ինձ նման է,-ասում է Սիրունը,- հույզերի մասին չի խոսում, Սիլվան զանգում է, ասում, որ կարոտել է։ Իրենք գիտեն՝ Սիլվան հույսս է, Արթուրը՝ հավատս, իսկ Արտյոմը՝ սերս, փոքր է եւ , ցավոք, այդքան էլ շատ չի տեսել ինձ»։

Արտյոմը առանց պապիկի չի քնում

Արթուրը անընդհատ նկարում է մորը

իսկ Սիլվան ուրախությամբ կատարում է մոր ցանկացած խնդրանք

Սիրունը առավոտյան 5-ին արթնանում է, կամացուկ համբուրում երեխաներին ու աշխատանքի ուղևորվում՝ հաջորդ շաբաթ տուն վերադառնալու համոզվածությամբ։

«Կուզեի` երեխեքս ավելի լավ կյանք ապրեին, որ նրանց մեծացնելու բեռը ծնողներիս ուսերին չլիներ»,- նշում է Սիրունը։

Սիրուն Օհանյան

Չլսված ձայներ» նախագիծը InternationalAlert’s կազմակերպությանԼեռնային Ղարաբաղի հակամարտությանը 
վերաբերող աշխատանքի մաս է կազմումԱյնհակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների 
աշխատանքի և «ոչ պատերազմիոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրահակամարտության ազդեցությունը 
լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն էՆախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն էև’ սե փականհասարակության մեջև’ հակամարտության հակառակ կողմումընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից`«Եվրոպական գործընկերությունհանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության 
խաղաղկարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողներըդրանք պարտադիր չէոր արտացոլեն «International Alert»-ի կամ դոնորկազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունըՄեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններինորոնց կարելի է ծանոթանալ այստեղ

 


Կարդալ ավելին JAMnews-ում