JAMnews-ի խմբագիր Դիմիտրի Ավալիանիի հոդվածը մոսկովյան Կարնեգի կենտրոնի համար" />

Քաղաքական ճգնաժամ Վրաստանում։ Հարվածներ օլիգարխին՝ դրսից և ներսից

JAMnews-ի խմբագիր Դիմիտրի Ավալիանիի հոդվածը մոսկովյան Կարնեգի կենտրոնի համար

Լուսանկարը՝ Պատրիկ Սալատի, JAMnews

Հոդվածի օրիգինալը

Վրաստանում օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի իշխանությունը որոգայթում է հայտնվել, որն ինք է իր համար պատրաստել երկար տարիներ։ Վրաստանում հանկարծակի բռնկված քաղաքական ճգնաժամը միանգամից երկու լեգենդ քանդեց, որոնց վրա պահվում էր նրա իշխանությունը՝ ներքին քաղաքականությունում առանձնահատուկ մարդասիրության և Մոսկվայի հետ հարաբերությունների նորմալացման աներևակայելի հաջողությունների մասին։ Դա մեծապես խաթարում է ռեժիմի լեգիտիմացումն ու ապագայում իշխանության պահպանումը շատ դժվար դարձնում։

Հունիսի քսանին Վրաստանի խորհրդարանի ամբիոնում ռուս պատգամավոր Միխայիլ Գավրիլովի ներկայության դեմ ինքնաբուխ սկսված բողոքի ակցիան վերաճեց մայրաքաղաքի կենտրոնում իսկական ջարդի, որի արդյունքում ավելի քան 200 մարդ վիրավորվեց։

Իրականում հստակ պատճառն այնքան էլ կարևոր չէր։ Վաղ թե ուշ դա տեղի էր ունենաու։ Հարցն այն էր, թե երբ և ինչն է առիթ լինելու։ Դժգոհությունն իշխանությունից, որը հասարակությունում երկար ժամանակ կուտակվում էր և ելք չէր գտնում, նման կերպ արտահայտվեց։ Եվ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը բնավ ամենագլխավորը չէր։

Խաղաղ հանրահավաքներ Թբիլիսիի խորհրդարանի առջև՝ հունիսի 21-ի արյունոտ ցրումից հետո։ Ֆոտոռեպորտաժ

Ջարդ՝ Թբիլիսիի կենտրոնում․ ինչպես ամեն ինչ եղավ։ Ֆոտոռեպորտաժ

Թբիլիսիում ցույցեր են, դրանք դաժանաբար ցրվել են։ Ի՞նչ է այս ամենը նշանակում և ի՞նչ սպասել

Իշխանություն, որը «ձեռք չէր բարձրացրել իր ժողովրդի վրա»

Թբիլիսիում հունիսի լույս 21-ի գիշերը բողոքի ցույցի դաժան ցրումը փակեց Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի կառավարման շրջափուլի մի ամբողջ էջ։ Եթե նախկինում ռեժիմն իրեն ներկայացնում էր որպես համեմատաբար «բուսակեր», ի տարբերություն 2003-2012թթ-ին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության, ապա այժմ այդ լեգենդի վերջը եկավ դաժանության հարցում ներկայիս իշխանությունները եթե չեն գերազանցել նախորդներին, ապա ոչնչով չեն զիջում։

Սակայն մի երկրում, որն իր անկախության հաշվարկը վարում է 1989թ-ի ապրիլի 9-ից, երբ խորհրդային զորքերը ցրեցին խաղաղ ցույցն ու 21 մարդ սպանեցին, ցույցը ցրելու հանդեպ վերաբերմունքը շատ զգայուն է։ Սաակաշվիլին անկում ապրեց մեծ մասամբ այն պատճառով, որ նրան չներեցին 2007թ-ի նոյեմբերի 7-ի և 2011թ-ի մայիսի 26-ի ցույցերի ցրումը։

Այս անգամ ուժային կառույցները չարդարացված դաժանություն ցուցաբերեցին՝ դուրս գալով խորհրդարանի շենքի բակ ցուցարարներին ներս չթողնելու խնդրի շրջանակից․ նրանք մաքրեցին ողջ պողոտան և հետապնդում էրն ցուցարարներին՝ դիմահար կրակոցներ արձակելով նրանց դեմքին ռետինե փամփուշտներով։

Մինչև հիմա պարզ չէ, թե ինչու իշխանությունը գնաց նման քաղաքական ինքնասպանության։ Դատելով վարչապետ Մամուկա Բախտաձեի և «Վրացական երազանքի» ուրիշ ներկայացուցիչների հայտարարություններից, նրանք սխալմամբ համարել են, որ բազմահազարանոց և հիմնականում երիտասարդական ցույցը կազմակերպել է Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցությունը։ Եվ, հետևաբար, իշխանությունը պահել հնարավոր էր միայն ցուցադրաբար պատժելով այդ կուսակցության կողմնակիցներին։ Նման մոտեցման սխալ լինելը հաստատվեց հաջորդ օրը, երբ առանց «Ազգային շարժման» որևէ միջամտության ցույցի եկավ ավելի շատ մարդ, քան նախօրեին։

Իվանիշվիլին ու Ռուսաստանը

Բիձինա Իվանիշվիլին, որն իր միլիարդանոց կարողությունն աշխատել է Ռուսաստանում 90-ական թվականներին, 2011թ-ին քաղաքականություն մտնելուց հետո իր հռետորաբանության գլխավոր թեմաներից մեկն էր դարձրել Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավումը։ Զուգահեռ իր գլխավոր նպատակ հռչակելով ձգտումը դեպի ՆԱՏՕ և ԵՄ։

Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ Իվանիշվիլիի հիմնական մեղադրանքներից մեկն այն էր, որ նա 2008թ-ին Ռուսաստանի հետ պատերազմ սանձազերծեց և իր անհեռանկար քաղաքականությամբ Վրաստանը զրկեց ռուսական շուկայից։

Իվանիշվիլիի օրոք բանակցություններ սկսվեցին Թբիլիսիի և Մոսկվայի միջև տնտեսական, հումանիտար և մշակութային հարցերի շուրջ (Աբաշիձե-Կարասին ձևաչափը), հաջողվեց վերականգնել գինու և գյուղմթերքի արտահանումն ու կանոնավոր տրանսպորտային հաղորդակցությունը։ Ռուսաստանի կողմից մի փոքր պարզեցվեց, սակայն չչեղարկվեց վիզային ռեժիմը։

Թբիլիսին և Իվանիշվիլին անձամբ, իրենց հերթին, մեղմացրին հռետորաբանությունը Ռուսաստանի և դրա իշխանությունների հասցեին։ Ճիշտ է, Իվանիշվիլին միշտ էր զերծ մնում Պուտինին հանրային կերպով քննադատելուց, անգամ ակնհայտ հարցերի դեպքում։

Ռուսաստանն իր շուկան բացեց Վրաստանի համար, սակայն արտահանման և Վրաստանում ռուս զբոսաշրջկների թվի աճը (երկու ցուցանիշով էլ Ռուսաստանը Վրաստանում առաջին տեղում է) երկիրը վերադարձնում է այն ժամանակները, երբ Վրաստանը կրիտիկական կախվածություն ուներ Ռուսաստանից։

Սակայն քաղաքական առումով կողմերը ոչ մի քայլ չարեցին դեպի մերձեցում․ Ռուսաստանը նախկինի պես պնդում է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան անկախ պետություններ են, իսկ Վրաստանը «պետք է ընդունի նոր իրողությունները»։ Թբիլիսին, իր հերթին, պնդում է, որ Վրաստանում չի կարող Ռուսաստանի երեք դեսպանատուն լինել՝ նկատի ունենալով, որ դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվելու, քանի դեռ ուժի մեջ է Ռուսաստանի կողմից վրացական շրջանների` Աբխազիայի և Հարավային Օսիայի, ճանաչումը։

Սակայն դա չխանգարեց նրան, որ Իվանիշվիլիի ժամանակ Վրաստանում բուռն ծաղկում ունենան ռուսական պետական լրատվամիջոցներն ու ռուսամետ կազմակերպությունները՝ Իրակլի II-ի միությունը, «Եվրասիական ընտրությունը», Պրիմակովի անվան ռուս-վրացական հասարակական կենտրոնը, որոնք ֆինանսավորվում են ռուսական պետության կողմից։ Նման կազմամկերպությունների գործունեությունն ուղղված է հիմնականում ՆԱՏՕ-ի և ԵՄ կուրսից հրաժարման և Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման պրոպագանդային։

Վրաստանում ավելի հաճախ են սկսել անցկացվել ռուսական ներկայացուցչական պատվիրակությունների մասնակցությամբ միջոցառումներ, որոնցից մեկը դարձավ ճակատագրական՝ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը Սերգեյ Գավրիլովի մասնակցությամբ։

Փականները փակվում են

«Ռուսաֆոբ սադրանք»․ այսպես է Թբիլիսիի բողոքի ցույցն ու դրան հաջորդած իրադարձություններն անվանել Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իսկ նախագահ Պուտինն արգելել է  թռիչքները դեպի Վրաստան՝ իբր ռուս քաղաքացիների անվատնգության համար։ Իրականում Վրաստանում գտնվող Ռուսաստանի ոչ մի քաղաքացի չի տուժել։ Վրաստանում փողոց դուրս եկած քաղաքացիները դեմ են դուրս եկել կառավարության ռուսամետ ժեստերի և երկու աթոռների վրա նստելու անվերջ փորձերին՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ ինտեգրման քաղաքականություն վարելու և միաժամանակ Կրեմլին հաճոյանալ ձգտելու դեմ։

Տրամաբանական է, որ մինչ այդ ապաքաղաքական երիտասարդությունն էր ցուցարարների հիմնական զանգվածը կազմում․ ներկայիս վրացական երիտասարդության զգալի մասն ընդհանրապես ծանոթ չէ Ռուսաստանին և նրա մասին գիտի միայն, որ Ռուսաստանն օկուպանտ է։ Դա նախկինի պես ամենատարածված կարգախոսն է Վրաստանում։ Երիտասարդության միայն մի փոքր մասն է խոսում ռուսերեն կամ շփվում ռուսաստանցիների հետ, օրինակ, նրանք, ովքեր զբոսաշրջային ոլորտում են ներգրավված։ Սակայն նրանցից գրեթե ոչ ոք Ռուսաստանում չի եղել, այս սերունդը սանտիմենտներ չունի, որոնք մնացել են խորհրդային դարաշրջանից, և այդ երկրի մասին պատկերացում նրանք կազմում են տեղական և միջազգային մամուլից, ներքաղաքական իրողություններից և Մոսկվայի վարած քաղաքականության հանդեպ իրենց հայացքներից։

Սակայն Վրաստանում ռուսական ազդեցության թեման, ըստ ամենայնի, միայն առիթ հանդիսացավ վաղուց կուտակված դժգոհության արտահայտման համար։ Դրա աճին կարելի է հետևել նույնիսկ NDI հարցումներով․ մարդկանց թիվը, որոնք կարծում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում, տարեցտարի աճում է և մայիսին կազմել է ռեկորդային 46 տոկոս։

Այն, որ «Վրացական երազանքն» արդեն այնքան էլ պոպուլյար չէ, ցույց տվեցին 2018թ-ի նոյեմբերի նախագահական ընտրությունները։ Երբ առաջին փուլում ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքեց գրեթե 40 տոկոս ձայն, ինչպես և իշխանության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին (նախկինում նա Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունում արտգործնախարար էր)։ Զուրաբիշվիլին հաղթեց երկրորդ փուլում միայն շնորհիվ «Վրացական երազանքի» ողջ ուժով գործի դրված ռեսուրսի։

Մայիսի 19-ին մի քանի մունիցիպալիտետներում քաղաքապետի միջանկյալ ընտրությունները ցույց տվեցին դժգոհության աճը, թեև այս ընտրություններում էլ բոլոր շրջաններում հաղթեց իշխող կուսակցությունը։ Կրկին՝ վարչական և ֆինանսական ռեսուրսի օգտագործմամբ։

Փաստացի ընդդիմությունը տվյալ պահին քաղաքապետի կամ համայնքային խորհրդի («սակրեբուլո») ընտրովի ոչ մի պաշտոն չունի։ Այսպիսով, Իվանիշվիլին իր կուսակցության միջոցով ողջ իշխանությունն իր ձեռքում է կենտրոնացրել անգամ տեղական մակարդակով։

Դատական բարեփոխումների բարդ ընթացակարգերի արդյուքնում Իվանիշվիլիի կուսակցությունը հավատարիմ դատավորների միջոցով նույնպես աստիճանաբար վերահսկողություն է սահմանում բոլոր մակարդակի դատարանների հանդեպ։ Իշխանության հենց այսպիսի «խցանումը», մրցակիցներին նույնիսկ քիչ չափաբաժնով իշխանություն չտալն ազդում է դրա պոպուլյարության վրա և շոգեկաթսայի էֆեկտ է ստեղծում, երբ դժգոհությունը ելքի ուղիների բացակայության պատճառով ներսում է կուտակվում, իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ կաթսան պայթելու է։

Պայթելու առիթ կա․ տնտեսությունը փաստացի լճացման մեջ է, հատկապես՝ Սաակաշվիլիի նախագահության ժամանակվա աճի տեմպերի համեմատ։ 2018թ-ին տնտեսական աճը կազմել է 4,8 տոկոս, իսկ աճի փուլի գագաթնակետը Սաակաշվիլիի կառավարման տարիներին 2007թ-ին՝ 12 տոկոս էր։ Երկրում միջին աշխատավարձը 2019թ-ին 1092 լարի է [մոտ $400]։

Դրամատիկ կերպով աճում է հանցավորությունը (58 տոկոս 2017-2018թ-ին)։ Խնամի-բարեկամ սխեման գրեթե պաշտոնական է դարձել, իսկ կոռուպցիոն սկանդալները՝ սովորական երևույթ։ 2018թ-ին կաշառակերության համար ձերբակալվել էր Զուգդիդիի քաղաքապետը, որն իշխող կուսակցությունից էր ընտրվել։ Այս տարվա ապրիլին՝ Բաթումի մի քանի բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել, այդ թվում՝ նախկին քաղաքապետն ու գործող քաղաքապետի տեղակալն՝ «ատկատների» մասին գործով։ Լրագրողները հսկայական անշարժ գույք են գտել, որը պատկանում է նախկին գլխավոր դատախազին, դրա ծագումը ոչ ոք չի էլ փորձել բացատրել։

Դժգոհության գլխավոր պատճառներից մեկն իրավապահ համակարգի և դատարանների վիճակն է։ 2018թ-ի մայիսին և հունիսին երիտասարդությունն արդեն զանգվածային ցույցերի էր դուրս եկել Թբիլիսիի գիշերային ակումբներում ոստիկանական ռեյդերի դեմ և ի աջակցություն Զազա Սարալիձեի՝ հասակակիցների հետ կռվի ժամանակ սպանված դեռահասի հոր, որի սպանությունը (ինչպես ապացուցել է խորհրդարանական քննչական հանձնաժողովը) հարկ եղած ձևով չի հետաքննվել։

Սակայն կուլիսների հետևից կառավարող օլիգարխ Իվանիշվիլիի ստեղծած համակարգի թերևս գլխավոր թերությունն այն է, որ կառավարության անդամներն ու պատգամավորներն ակնհայտորեն իրենց հաշվետու չեն համարում ժողովրդին։ Նրանք հաշվետու են միմիայն Բիձինա Իվանիշվիլիին։

«Վրացական երազանքը» հունիսի 21-ին փորձել է կասեցնել ցույցերը, պաշտոնանկ անելով խորհրդարանի խոսնակին։ Սակայն դա նրան շատ չի օգնել։

Խորտակված երազանք

Հունիսի 21-ի երեկոյան պարզ դարձավ, որ Ռուսաստանի նախագահի հրամանով չեղարկվում են դեպի Վրաստան ռուսական ավիաընկերությունների չվերթները։ Պուտինը գրեթե կրկնեց իր 13-ամյա վաղեմության որոշումը, երբ 2006թ-ին Վրաստանում Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության սպաների ձերբակալության պատճառով կոշտ էմբարգո մտցրեց Վրաստանից արտահանվող արտադրանքի նկատմամբ և դադարեցրեց տրանսպորտային հաղորդակցությունը երկրների միջև։ Պուտինի ներկայիս որոշումը եկամուտների կորստով է սպառնում նախևառաջ Վրաստանի զբոսաշրջության ոլորտում զբաղվածներին, ինչն անխուսափելիորեն կարտահայտվի տնտեսության, ազգային արժույթի փոխարժեքի վրա և այլն։

Վրաստանին նման ցուցադրական էկզեկուցիայի ենթարկելով՝ Պուտինը չէր կարող չգիտակցել, որ իր այդ քայլը «Վրացական երազանքի» համար էլ ավելի կբարդացնի ճգնաժամի հետևանքները տնտեսական խնդիրները կարող են հետագայում ցույցերի բերել։ Դա էլ ավելի կխաթարի Ռուսաստանի հանդեպ երկար տարիների ընթացքում դե ֆակտո ամենաբարեկամական կառավարության դիրքերը։ Կամ դա անհեռատեսություն է, կամ հույս, որ բնակչության տնտեսական հետաքրքրվածության պատճառով ցույցը կցրվի նախքան տնտեսական կորուստներ պատճառելը։ Կամ Կրեմլն էլ չի ուզում օգնել «Երազանքին», որը «չի արդարացրել իր բարձր վստահությունն» ու չի պատժել «ռուսաֆոբներին» այնպես, ինչպես նրանք արժանի էին։

Մի կողմից, աճող ցույցերը, մյոս կողմից, Պուտինի էմբարգոն Իվանիշվիլիին և նրա կուսակցությանը կրիտիկական դրության մեջ են դնում։ Վճռորոշ խորհրդարանական ընտրությունները կկայանան արդեն եկող տարի, և հավանականությունը, որ Իվանիշվիլիի իշխանությունը դրանց արդյունքում կավարտվի, այսօր ավելի մեծ է, քան մեկ շաբաթ առաջ։

Ив

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում