Ընդդիմությունն ու ակտիվիստները կոչ են անում բողոքի նոր ակցիաներ սկսել" />

Քաղաքական ճգնաժամ Վրաստանում։ Խորհրդարանը ձախողել է անցումը համամասնական համակարգի՝ խախտելով ցուցարարներին տրված խոստումը

Ընդդիմությունն ու ակտիվիստները կոչ են անում բողոքի նոր ակցիաներ սկսել

Վրաստանի ընդդիմությունը ձախողել է սահմանադրությունում՝ առաջին ընթերցմամբ ներկայացված փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում էր համամասնական ընտրական համակարգին անցում կատարելուն։ Այդպիսով խախտվել է խոստումը, որն իշխանությունները տվել էին 2019թ-ի հունիսին բողոքի ակցիաների մասնակիցներին։

Որպես բողոքի նշան այդ որոշման դեմ պատգամավորների մի մասը լքել է խորհրդարանական մեծամասնությունը։ Նրանց թվում են նաև խորհրդարանի կոմիտեների մի քանի նախագահ։

Ընդդիմությունը պատրաստվում է փողոցային ցույցերի և իր կողմնակիցներին լիակատար մոբիլիզացիայի կոչ անում։ Քաղաքական գործիչները համոզված են, որ այդ գործընթացների հետևում կանգնած է ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլին։

• Քաղաքական ճգնաժամ Վրաստանում։ Հարվածներ օլիգարխին՝ դրսից և ներսից

____________________

Լիագումար նիստին 141 պատգամավոր էր ներկա։

101 պատգամավոր, այդ թվում՝ ընդդիմությունից, սատարել է համամասնական ընտրական համակարգին անցմանը։ Երեք պատգամավոր դեմ է քվեարկել։ Սակայն որոշման ընդունման համար անհրաժեշտ էր 113 քվե, հետևաբար, նախագիծը մերժվել է։

Օրինագծի ձախողումը դահիլճում աղմուկ և հուզմունք է առաջացրել։

Անցումը համամասնական համակարգին 2019թ-ի հունիսին Թբիլիսիի կենտրոնում ցույցերի մասնակիցների գլխավոր պահանջներից մեկն էր։ Այն ժամանակ երկրի ոչ ֆորմալ առաջնորդ և «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին խոստացել էր կատարել այդ պահանջը։

Երկու ամիս առաջ «Վրացական երազանքը» գրանցել էր համամասնական համակարգի անցնելու մասին սահմանադրությունում փոփոխությունների փաթեթի նախագիծ։ Փաստաթուղթը ստորագրել էր խորհրադրանական մեծամասնության 93 պատգամավոր։

Սակայն քննարկումների մեկնարկից հետո պարզվել էր, որ պատգամավորների մի մասը «միտքը փոխել է», փոփոխությունները «երկրի համար սպառնալիք» է համարում և չի սատարում փոփոխություններին։

Սակայն Վրաստանում քչերն են հավատում, որ «Վրացական երազանքի» մինչ այդ պահը բավականին պասիվ պատգամավորները (այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլիի բիզնեսին մոտ կանգնածները) համարձակվել են դեմ գնալ իրենց առաջնորդին նույնիսկ այնպիսի սկզբունքային հարցում, ինչպիսին են սահմանադրական փոփոխությունները։

Ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ և բոլորին կոչ անում փողոց դուրս գալ։

«Լիակատար մոբիլիզացիա է հայտարարվել, եկեք խորհրդարանի մոտ», – հայտարարել է հունիսյան ցույցերի կազմակերպիչներից մեկը՝ Շոթա Դիգմելաշվիլին։

Պատգամավորները լքում են խորհրդարանական մեծամասնությունը

Իշխող կուսակցության յոթ պատգամավոր՝ փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, Իրինա Պրուիձեն, Գիորգի Մոսիաշվիլին, Դմիտրի Ցկիտիշվիլին, Թամար Խուլորդավան և Սոֆիո Կացարավան, որոշել են լքել «Վրացական երազանքի» շարքերն ու հրաժարվել խորհրդարանում իրենց պաշտոններից։

«Այդ փոփոխությունները շատ կարևոր էին մեզ համար։ Անկախ նրանից, թե որն է այդ սահմանադրական փոփոխության ձախողման պատճառը։ Մենք այլ ընտրություն չունենք, քան լքել մեր խորհրդարանական պաշտոններն ու մեծամասնությունը, քանի որ այս փոփոխությունների ձախողումը շատ ծանր հարց է, որի համար մենք մեզ վրա չենք կարող պատասխանատվություն վերցնել», – ասել է Թամար Չուգոշվիլին։

«Վրացական երազանքը» մի քանի ամիս առաջ լքած պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն այս գործընթացը «քաղաքական ինտրիգ» է անվանել։ Նույնպես մեծամասնության նախկին պատգամավոր Էկա Բեսելիան իրադարձությունները բնութագրել է որպես «ճակատագրական սխալ»։

Դավիթ Բակրաձեն՝ «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը, հայտարարել է, որ ընդդիմությունը կքննարկի, թե ինչպես պատասխանել իշխող կուսակցության այս քայլին․

«Մենք հայտնվեցինք վատթարագույն քաղաքական ճգնաժամում։ Ցավոք, մենք բոլորս, ողջ Վրաստանն է սրա համար մեծ գին վճարելու։ Սակայն պետք է վճարեն նրանք, ովքեր ստեղծել են այս ճգնաժամը»՝ «Վրացական երազանքը», դրա քաղաքական ղեկավարությունն ու անձամբ Բիձինա Իվանիշվիլին։ Այնպես որ, մոտ օրերս մենք կքննարկենք քայլերը։ Չեմ բացառում ոչինչ՝ սկսած ընտրությունները բոյկոտելուց։ Մեր քայլերը կտրուկ են լինելու։ Իր գործողություններով «Վրացական երազանքը» մեզ այլընտրանք չի թողել»։

Ինչո՞ւ է համամասնական ընտրական համակարգն այդքան կարևոր ընդդիմության համար

Այսօր Վրաստանի խորհրդարանն ընտրվում է խառը համակարգով․ 150 պատգամավորների կեսն ընտրվում է կուսակցական ցուցակներով, մյուս կեսը՝ միամանդատ մեծամասնական ընտրատարածքներից։ Ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները կարծում են, որ գործող համակարգը չի կարող հարկ եղած ձևով արտահայտել ընտրողի կամքը, քանի որ մեծամասնական ընտրատարածքներում իշխող կուսակցությունն ավանդաբար առավելություն ունի։

Անցումն ամբողջությամբ համամասնական համակարգի «Վրացական երազանքի» 2012թ-ի նախընտրական խոստումներից էր, սակայն իշխանության գալուց հետո կուսակցությունը որոշեց հետաձգել ընտրական համակարգի փոփոխությունը մինչև 2024թ․։

Ցույցերը Թբիլիսիում և Իվանիշվիլիի խոստումը

Թբիլիսիում բողոքի զանգվածային ցույցերը հախուռն ձևով սկսվել են հունիսի 20-ին այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանի շենքում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին երկրի օրենսդիր մարմնի խոսնակի աթոռն էր զբաղեցրել ռուսական Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։

Ցույցերը վերաճեցին ոստիկանության հետ բախման, որի հետևանքով վիրավորվեց ավելի քան 200 մարդ, մի քանի ցուցարար զրկվեց աչքից։

Կատարվածի պատճառով հրաժարական տվեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Ակցիաները շարունակվեցին Թբիլիսիում նաև հունիսի 20-ից հետո։ Իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց համամասնական համակարգի անցնելու մասին՝ բավարարելով ցուցարարների պահանջներից մեկը։ Սակայն մյուս պահանջը՝ ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի պաշտոնանկությունն, իշխանությունները չկատարեցին։ Սեպտեմբերին Գախարիային խորհրդարանը վարչապետ նշանակեց։

Բողոքի ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները հայտարարում են, որ, ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին խոստումը խորհրդարանում ձախողելով, իշխանություններն ու անձամբ Իվանիշվիլին ցինիկաբար խախտեցին ժողովրդին տրված խոստումը։

Կազմակերպիչները հայտարարել են բողոքի նոր ակցիայի մեկնարկի մասին Թբիլիսիի ժամով 19:00-ին։


Կարդալ ավելին JAMnews-ում