Ղարաբաղյան հակամարտությունն իր ազդեցությունն է ունեցել նաև Հայաստանի հուշանվերների շուկայի վրա, դրանք հաճախ քաղաքական մեսիջ են կրում " />

Քաղաքականացված հուշանվերների շուկան

Ղարաբաղյան հակամարտությունն իր ազդեցությունն է ունեցել նաև Հայաստանի հուշանվերների շուկայի վրա, դրանք հաճախ քաղաքական մեսիջ են կրում

Երևանի կենտրոնում գործող հուշանվերների բացօթյա շուկայում՝ Վերնիսաժում, Ղարաբաղյան ներկայությունն ամենուր է։ Ղարաբաղյան թեմայով հուշանվերների շարքում ամենից տարածվածը թերևս Տատիկ-պապիկի արձանի պատկերով իրերն են։

Հուշարձանի պաշտոնական անունն է՝ «Մենք ենք, մեր սարերը», սակայն շատերն ուղղակի ասում են Տատիկ-պապիկի արձան։  

Արձանի պատկերով կարելի է գտնել մագնիսներ, ափսեներ, գրիչներ, նարդի, պայուսակներ, կախազարդեր, ականջօղեր, ժամացույցներ, շապիկներ, կրծքազարդեր, բաժակներ և նույնիսկ կրակայրիչներ։

Չորացրած նուռը նույնպես հուշանվեր է դառնում․ այստեղ հպարտանում են, թե՝ նուռն էլ է Ղարաբաղից բերվում, մշակվում ու դառնում զարդ, կախազարդ, աքսեսուար։

Ազգությամբ ռուս Վլադիմիրը տարբեր վայրերում է աշխատել՝ մատուցող, վաճառող, բայց կավագործության դասընթաց անցնելուց հետո ընտանիքով սկսել են զբաղվել հուշանվերների արտադրությամբ։ 

Վերնիսաժում վաճառվում են Վլադիմիրի և իր եղբայրների ստեղծած գործերը, որոնք պատրաստվել են թանգարանային նմուշների նմանությամբ։

«Օրինակ՝ ունենք աղամանի տեսակ, որը հենց Արցախում էլ օգտագործել են: Սրա մեջ նախկինում մի մասում մոմ են վառել, մյուսում աղ են լցրել: Հատկապես տուրիստներին սա շատ է գրավում»:

Նման աշխատանքների համար Վլադիմիրը պատմություն է ուսումնասիրել ու դեռ շարունակում է ուսումնասիրել, որպեսզի գնորդին, հատկապես ոչ տեղացուն կարողանա բացատրել, ներկայացնել, թե ինչ են խորհրդանշում հուշանվերների վրայի պատկերները կամ հենց իրենք, հուշանվերները:

«Բոլորն էլ գնում են՝ ռուս, ամերիկացի, կան մարդիկ, որ գալիս են ու ասում՝ մեզ տվեք հենց Արցախը խորհրդանշող ինչ-որ ապրանք, ես զարմանում եմ՝ ի՞նչ տարբերություն Արցախ, թե՞ Երևան, բայց երբ զրուցում եմ, նկատում եմ, որ գնացել են Արցախի որևէ բնակավայր ու տպավորվել են, հիմա ինչ-որ բան են ուզում իրենց հետ տանել»:

Ղարաբաղի զինանշանն ու եկեղեցիները զարդարում են անգամ նարդի խաղի տուփերը։  

«Փայտե աշխարհ» արտադրության հեղինակ Էդվարդ Ավդալյանը պատմում է, որ մեծ պահանջարկ ունեն նարդիները, որոնք հաճախ ընկերներն ու հարազատները գնում են հենց ծնունդով ղարաբաղցիների համար:

Էդվարդ Ավդալյանը պատմության նախկին ուսուցիչ է, 90-ականներին, երբ ուսուցչի աշխատավարձը բավարար չէր ընտանիք պահելու համար, սկսել է զբաղվել հուշանվերների արտադրանքով:

«Ինչպես կյանքն է ստիպում փոխել մասնագիտությունը, մասնագիտությանդ մեջ էլ պահանջարկն է թելադրում, թե ինչ արտադրել: Արցախին նվիրված հուշանվերների լայն ընտրանի ունենք, քանի որ պահանջարկը կա», – պատմում է նա:

«Մուղդուսյան» արվեստի կենտրոնում այս տարի  ֆինանսական ճգնաժամին լուծում տալու համար սկսեցին պատրաստել կրծքազարդեր, որոնցում օգտագործվում են Ղարաբաղյան տարածաշրջանին հատուկ տարազի նախշերը։ 

“Մտածեցի այնպիսի արտադրանք ստեղծելու մասին, որ և՛ որոշակի պահանջարկ կունենա գնորդների մոտ, և՛ կօգնի որոշակի չափով հոգալ կենտրոն հաճախող երեխաների մեծամասնության ճանապարհածախսն ու արվեստի կրթություն ստանալը, ինչպես նաև ձեռք բերել ջնարականյութեր, ներկանյութեր”, – ասում է կենտրոնի ղեկավար Մարիամ Մուղդուսյանը: 

Վերջին երկու ամսվա ընթացքում արդեն վաճառվել է 200 «ՀՆԱՐ»՝ կրծքազարդ։ 

«Արցախի մշակույթը, գորգերի վառ գույները գրավիչ են ու արտակարգ լուծումներ ունեն: Արցախի վիշապագորգը դետալիզացիա ենք անում հագուստի վրա. փորձը ցույց տվեց, որ Արցախի հետ կապվող «ՀՆԱՐ»-ները, այսինքն կրծքազարդերը, մեծ պահանջարկ ունեն»:

Ի դեպ, ԼՂ-ի վիշապագորգերի նախշերը տեղ են գտել նաև կոշիկների վրա։  

Չի բացառվում նաև, որ իրականություն դառնա Մարիամի մեկ այլ գաղափար ևս՝ դրանք կիրառվեն հագուստների արտադրության մեջ, տեղացի դիզայներների կողմից։ 

«Անշուշտ, զբոսաշրջիկին չի մտահոգում՝ ով է դա պատրաստել, բայց դա կրծքազարդ է, ձեռք են բերում, կրում են, տեսնում են չճանաչված երկրի սիմվոլիկան։ Դեկորատիվ կիրառական արվեստն ու հուշանվերները Արցախը տեսանելի են դարձնում»,-կարծում է Մարիամը:

Հայաստանում ղարաբաղյան հուշանվերների տարածվածությունը մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանը բացատրում է նախ և առաջ պահանջարկով, քանի որ եթե այն չվաճառվի, չի էլ հայտնվի վաճառասեղաններին:

ԼՂ-ի գերբը, որը ևս շատ տարածված է հուշանվերների շուկայում, ըստ Համլետ Մելքումյանի ռազմահայրենասիրական բովանդակություն ունի:  

«Գերբով հուշանվերներն ամբողջությամբ պետական այրերի, զինվորականների կաբինետային նվեր են դառնում, այդ տրամաբանության մեջ էլ ստեղծվում են, այսինքն՝ դրանցով հայրենասիրական իմաստ է փոխանցվում», – ասում է Համլետը:

Հուշանվերային շուկայում թեև պատերազմ, կոնֆլիկտ, թշնամանք հասկացություններ չկան, բայց ռազմահայրենասիրություն կա։ Երբեմն հուշանվերներն էլ են քաղաքականացված։ Օրինակ՝ հուշանվերները, որոնց վրա քարտեզներ կան։ 

«Վերցնում են դասական ընդունված քարտեզներն ու արտատպում դրանք հուշանվերների վրա, ցույց տալով, թե Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է կամ հայկական երկրորդ պետությունը»:

Չլսված ձայներ» նախագիծը International Alert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այն հակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփական հասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնոր կազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: Մեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին JAMnews-ում