Երբ տեղական արտադրությունը աջակցություն չի ստանում, այն անհետանում է աշխատանքային տեղերի հետ միասին" />

Փոքր բիզնեսը Հարավային Օսիայում մահանում է

Երբ տեղական արտադրությունը աջակցություն չի ստանում, այն անհետանում է աշխատանքային տեղերի հետ միասին

Ցխինվալի կենտրոնում՝ Ալան Ջիոևի անվան փողոցում բավականին հայտնի խանութ կա: Հասարակ խանութ է՝ մեկ սրահով: Տեղական արտադրանքը 20 տոկոս է կազմում, մնացածը Ռուսաստանից է:

Վալենտինան ժամանկին ոչ մեծ տնամերձ տարածք ուներ, որտեղ վարունգ և դեղին լոլիկ էր աճեցնում: 2008թ. պատերազամի ժամանակ նրա տունը քանդվել է: Հետագայում այն վերակառուցել են, սակայն նոր նախագիծը Վալետինայի հողամասի մեծ մասն է զբաղեցրել, և բանջարանոցին ոչինչ չի մնացել:

Վալենտինան նախընտրությունը միշտ տալիս է տեղական արտադրանքին: «Ապա հոտ քաշեք տեղական լոլիկից: Ամենահամեղը Դմենիս ու Զնաուր գյուղերից են: Իսկ սրանք (մատնացույց է անում ներկրվածները) աշխատում եմ չգնել: Միայն երբ աշնանը տեղական բանջարեղեն չի մնում, գնում եմ, որպեսզի ամանորյա սեղանը զարդարեմ»:

Սա տիպիկ կարծիք է՝ տեղի բնակչությունը նախընտրում է սեփական արտադրանքն օգտագործել: Ընդ որում, տեղի պաշտոնյաները նույնպես տեղական ապրանք են գնում: Սակայն փոքր բիզնեսի աջակցության ծրագիր Հարավային Օսիայում այդպես էլ չեն ստեղծել:

1997-ից մինչ 2010թ. փոքր բիզնեսի արտոնյալ վարկավորման մասին օրենք էր գործում, որը պահանջում էր ուղղել բյուջեի եկամտային հատվածի 1 տոկոսը փոքր բիզնեսին: Հետո օրենքը փոխվեց և այլ անվանում ստացավ՝ «Փոքր ձեռնարկատիրության պետական աջակցման մասին օրենք», որում ձևակերպումները բավականին լղոզված են:

Ըստ Հարավօսական պետական համալսարանի տնտեսագիտության ու ձեռնարկատիրության ամբիոնի դոցենտ Ազա Թաբիլովայի, դրանով Վադիմ Բրովցևի կառավարությունը [կառավարության ղեկավար 2009-2011թթ. – JAMnews] զգալի հարված հասցրեց Հարավային Օսիայի տնտեսությանը:

Aza Tibilova

 Եթե նախկին օրենքը շարունակեր գործել, այսօր ռուսական ֆինանսավորման 1 տոկոսը փոքր բիզնեսին 60-70 մլն ռուբլի [մոտ 1 մլն դոլար] կբերեր յուրաքանչյուր տարի, ասում է Գեննադի Կոկոևը, որը 2002-2003թթ. Հարավային Օսիայի տնտեսական զարգացման նախարարն է եղել:

Gennady Kokoev

Ըստ նրա, 2014թ.-ին 2008թ.-ց հետո առաջին անգամ հանրապետությունից մեկնողների թիվը գերազանցել է եկողների թիվը:

«Գործազուրկների մեծ մասը հիմնականում երիտասարդությունն է, և նրանցից շատերը իրենց բիզնեսն են ուզել սկսել: Սակայն բանկում վարկերի տոոկսադրույքը կազմում է 18-24 տոկոս, և դա արդեն ցանկացած ծրագիր անհաջողության է մատնում: Նույնիսկ բարձր շահութաբերության պարագայում ամբողջ գումարը գնալու է բանկի տոկոսների մարմանը»:

 

 

Ալանը մի քանի տարի է զբաղվում է կենցաղային քիմիայի վաճառքով՝ այն չի փչանում, ինչպես մթերքը, հետևաբար և անհաջողության մատնվելու ռիսկը քիչ է: Նա ապրանքը Ռուսաստանից է ներկրում: Բախտը բերել է և 12%-ով 1,5 մլն ռուբլի [մոտ 23,000 դոլար] վարկ է վերցրել (բախտը բերել է այն իմաստով, որ 18%-ից ցածր տոկոսարույք այժմ չի լինում):

Ինչպես Ալանն է ասում, իր եկամուտը միջինում օրական 100 հազ. ռուբլի կլիներ [մոտ $1,500] – եթե ապրանքը բերելու հետ կապված վճարումներ չլինեին:

«Ավելի հեշտ է Ռուսաստանի հետ սահմանը հատել, քան Հյուսիսային Օսիայի հետ մերը: Ռուսական մաքսակետում դրույքները [կաշառքի – JAMnews] հաստատուն են՝ ամեն մեքենայից 1,000 ռուբլի [$15]: Իսկ մեր մաքսայինում ստիպված եմ 3,000 [$45] և ավելին վճարել: Մեկ-մեկ, իհարկե, հանդիպում են ծանոթներ, որոնք անվճար են անցկացնում»

Գների կտրուկ աճը այնքան էլ չի անհանգստացնում Ալանին՝ կենցաղային քիմիան միշտ մեծ պահանջարկ ունի: Իսկ ահա օտարերկրյա ապրանքների հանդեպ կիրառվող ռուսական պատժամիջոցները նրան վախեցնում են: Ըստ նրա, շուկայի համարյա ողջ կենցաղային քիմիան մեկ խոշոր ընկերության է պատկանում, որի դեմ պատժամիջոցներն արդեն գործում են: «Հեռուստատեսությամբ ասացին, որ արգելեու են այն: Բայց ես ուղղակի չեմ պատկերացնում՝ ինչ է լինելու: Ես, օրինակ, շուկայում ռուսական լվացքի փոշի չեմ տեսել: Այժմ բելառուսական արտադրանք կա, սակայն շատ քիչ է»:

2014թ. ամռանը Հարավային Օսիան հայտարարեց փոքր բիզնեսին աջակցելու նոր ծրագրի մեկնարկի մասին: Ենթադրվում էր 45-45-10 հայտնի սխեման կիրառել, երբ ձեռնարկատերը բիզնես-նախագծում ներդնում է դրա արժեքի 10%-ը (փողի, հողատարածքի կամ գույքի տեսքով), իսկ ներդրողն ու բանկը՝ համապատասխանաբար 45 տոկոս:

Սակայն մի քանի հարց պարզ չէ: Ի՞նչ պայմաններով են ներդրողն ու բանկը 90% ներդրում անում: Ո՞վ է այդ բիզնեսի սեփականատերը, եթե ներդրումների մեծ մասն արել են ռուսական բանկն ու ներդրողը: Բացի այդ, խոսքը գնում է ռուսական բանկի մասին, ու, ստացվում է, որ ձեռնարկատերը օտարերկրյա պետության կառույցի հետ է պայմանագիր կնքում:

Ամեն դեպքում, գործնականում այդ ծրագրին ոչ ոք չի կարող մասնակցել՝ ձեռկարկատերերի մեծ մասն այդ 10%-ը չունի:

Առանձին փորձագետնրի գնահատականով, 2011-2013թթ. անհատ ձեռնարկատերերի քանակը Հարավային Օսիայում կրճատվել է 1,173-ից մինչև 902: Այդ 902 –ի թվում են նաև հանքային ջրի փաթեթավորմամբ զբաղվող մանր ընկերությունները, շրջանների փոքր թռչնաբուծարանները: Ինչպես նաև ձկնային տնտեսությունը, որը ստեղծվել է Ձաուսի շրջանում: Գոյություն ունի նաև երիտասարդների նախաձեռնություն, ովքեր սեփական ուժերով փոքր ֆերմաներ են սարքում խոշոր եղջերավոր անասուն պահելու համար, և նույնպես Ձաուսի շրջանում:

Գեննադի Կոկոևի կարծիքով, Հարավային Օսիայի համար անգնահատելի կլիներ մի քանի խոշոր ձեռնարկությունների հիմնումը, օրինակ, ինչպիսին էր սպիտակեղենի տրիկոտաժի երբեմնի գործարանը, որտեղ 2000 մարդ էր աշխատում: Նման ձեռնարկությունները հետո սեփական սոցիալական ենթակառուցվածքներն են ունենում՝ այգիներ, դպրոցներ, կապ, առևտուր՝ այսինքն ստեղծվում են նոր աշխատանքային տեղեր:

Հարավային Օսիայի գործարարների միության նախագահ Մարինա Ձիգոևան ասում է, որ «հնարավոր չէ մենակ էնտուզիազմի հաշվին առանց պետության աջակցության ու լուրջ տեխնիկայի տնկել, աճեցնել ու ժամանակին հավաքել քիչ թե շատ մասշտաբային բերք»:

“Գյուղերում նույնիսկ էժան տրակտորներ չկան, իսկ տրակտորիստներ՝ առավել ևս: Եղած միավորները նույնիսկ պայմանավորվածության դեպքում 5-6 փորձից հազիվ են դաշտ մտնում կեսօրին: Եթե դաշտը լավ չցանկապատես, հնարավոր չի լինի պահպանել տնկածդ՝ կովերն ու ձիերը արածում են հենց դաշտում: Սկսնակ ֆերմերը շատ տարիներ պիտի ծախսի, որ իրեն ամեն անհրաժեշտ բաներով ապահովի»

Տնտեսագետ Ազա Թիբիլովան ասում է, որ կառավարությունը ինքն իրեն հետ է պահում ու չի կարողանում նույնիսկ ձևակերպել խնդիրը՝ ո՛չ իր առջև, ո՛չ ռուսաստանի ներկայացուցիչների: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով են Կրեմլում պատասխանատվությունն իրենց վրա վերցրել ու որոշել գործունեության այն ոլորտները, որոնց ուղղվելու են Հարավային Օսիային տրամադրվող միջոցները:

Փոքր ու միջին բիզնեսի աջակցության վարչությունում հրաժարվեցին մեկնաբանել իրավիճակը: Միայն հակիրճ հայտնեցին 45-45-10 վարկային ծրագրի մասին, սակայն չկարողացան գեթ մեկ բիզնես-նախագիծ նշել, որն այդ սխեմայով է հիմնվել:

 

Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որխմբագրության դիրքորոշումն արտացոլեն

Կարդալ ավելին JAMnews-ում