Նրանք Կովկասը լքել են ավելի լավ կյանքի հույսով, սակայն դեպի Եվրամիություն ճանապարհին էլեկտրագնացքում են մնացել՝ Բելառուսի և Լեհաստանի արանքում" />

Փորձը փորձանք չէ։ Թե ինչպես են Չեչնիայի փախստականները գրոհում Բելառուսի լեհական սահմանը

Նրանք Կովկասը լքել են ավելի լավ կյանքի հույսով, սակայն դեպի Եվրամիություն ճանապարհին էլեկտրագնացքում են մնացել՝ Բելառուսի և Լեհաստանի արանքում

Ըստ Եվրոռադիոյի նյութի

Բրեստ, երկաթուղային կայարան։ Ժամը ցույց է տալիս առավոտյան 11:30, փողոցում արևն այրում է։ Սահմանային վերասկողության գոտի տանող դահլիճը սակավամարդ է, սակայն 17 րոպեից կժամանի Տերեսպոլ-Բրեստ էլեկտրագնացքը, և դահլիճը մարդկանցով կլցվի։ Նրանց թվում շատ կլինեն փախստականները Չեչնիայից, որոնց լեհ սահմանապահները Եվրամիություն չեն թողել և հետ են ուղարկել Բելառուս։

Չեչնիայից փախչում են տարբեր պատճառներով՝ քաղաքական հետապնդումներից մինչև անփողությունը։ Փախստականները Լեհաստան են մեկնում, քանի որ այն համարում են բնակության համար անվտանգ երկիր։

Այսօր Բրեստում մոտ հարյուր չեչեն փախստական կա։ Մեկ օրում սահմանը հատուկենտ մարդիկ են հատում։ Ոչ ոք չի հասկանում, թե ինչով են ղեկավարվում սահմանապաները։ Անցյալ տարի ընտանիքներից մեկը Եվրամիությունում էր հայտնվել 68-րդ փորձից։

Մինչ մենք գնացքին ենք սպասում, մեզ հետ ծանոթանում է Խավան (բոլոր հերոսների անունները փոխված են)։ Նա կիսով չափ ղազախ է, կիսով չափ՝ չեչեն, այդ պատճառով էլ Չեչնիայում մանկուց խնդիրներ ունի

«Չեչեն ազգականներս վերապահումով էին ինձ մոտենում։ Չեչեն խորթ մայրս ուզում էր ինձնից ազատվել։ Նրանք ինձ անընդհատ ասում էին «Կորչի՛ր քո Ղազախստան, մենք ամաչում ենք, որ դու մեզ մոտ ես ապրում»։

Նրա խոսքով, եթե Չեչնիայում կնոջն ազգականները վատ են վերաբերվում, ապա նույն կերպ են վարվում նաև մյուսները։ Դա է հենց պատճառը, որ նա փախել է։

•«Մեզ համար այստեղ լավ է։ Մենք չենք ուզում Ավստրիա մեկնել»

Վախեցած ծնողները հրաժարվում են իրենց երեխաներից․ Չեչնիայում հետապնդում են արդեն ոչ միայն իրավապաշտպաններին և ԼԳԲՏ-ին, այլև դեռահասներին

Չեչնիայի ղեկավարը սպառնում է սահմանազատումից բողոքող Դաղստանի բնակիչների «մատները կոտրել և լեզուն պոկել» 

Հասան․ «Մի օր ստիպված էի Սիրիա մեկնել»

Հասանը Չեչնիայից փախչում է քաղաքական շարժառիթներվ, սակայն հույս ունի վերադառնալ։

«Այժմ այնտեղ հստակ ամենաթողություն է և, կարելի է ասել, ցեղասպանություն․․․ Ձգտում ես ճիշտ ապրել խմել չի կարելի՝ չես խմում, ծխել չի կարելի՝ չես ծխում, սակայն նրանք այնուամենայնիվ ինչ-որ բան գտնում են։ Ռամզան Կադիրովը միշտ իր ենթականերից պահանջում է աշխատել, նրանք էլ ձգտում են աչքի ընկնել»։

Հասանը գումար էր վաստակում տաքսի վարելով։ Նրա մեքենայի մեջ թմրանյութ են գցել և ընտրություն տվել՝ կամ բանտ, կամ պատերազմ՝ որպես կամավոր։

«Ընտրիր, ասում են։ Որոշեցի, որ, ավելի լավ է, պայմանագիր ստորագրեմ, քան հինգ-տասը տարի բանտ նստեմ։ Անգամ եթե Սիրիա կամ Դոնբաս ուղարկեն, մտածում էի, որ կփախչեմ»։

Հասանը փորձել է Լեհաստան փախնել Բրեստով, սակայն սահմանը հատելու 13 անհաջող փորձից հետո որոշել է Ղազախստան մեկնել։ Այնտեղ 15 օր են տվել, որ լքի երկիրը։

«Հետո Վրաստան մեկնեցի, ինձ խորհուրդ չտվին այնտեղ ապաստան խնդրել։ Ասացին, որ, ընդհակառակը, խնդիրներ կլինեն։ Միանգամից ոստիկանությանը կփոխանցեն և հետ կուղարկեն Չեչնիա։ Մի խոսքով, որոշեցի Գրոզնի վերադառնալ։ Մի օր էլ ստիպված եղա Սիրիա մեկնել։ Արդյունքում մեզ տարան նավթահորերի մոտ մենք պետք է դրանք հսկեինք։ Ես այնտեղ երեք ամիս անցկացրի։ 120 հոգուց 20-ը հետ չվերադարձավ։ Այդ ընթացքում մեր դիրքերի մի քանի գրոհ եղավ։ Մենք նույնիսկ չէինք հասկանում, թե ում հետ ենք կռվում, այնտեղ և Թուրքիան է, և Իրանը, և Ամերիկան։ Արդեն չգիտես՝ ինչ է։ Ասադն ինքն իրենով է, կարծես ահաբեկիչների հետ է կռվում։ Իսկ Ռուսաստանն, օրինակ, պարզապես նավթ է կորզում, և վերջ»։

«Մենք լեհ սահմանապահների համար երրորդ տեսակի ենք»

Ամինան ամենաերիտասարդ փախստականն է, որին հանդիպում ենք Բրեստում։ Նա ջինսով է, երկար մազերը հավաքած չեն, նա շատ է ծխում։ Ասում է, որ Չեչնիայում նման բաների համար սովորաբար խնդիրներ են առաջանում։

«Չեչնիան մի վայր է, որտեղ կանայք գրեթե ոչ մի իրավունք չունեն։ Նրանք ոչինչ չեն որոշում։ Այնպես ստացվեց, որ ես հղիացա։ Ես ամուսնացած չէի այդ տղամարդու հետ, նա այլազգի էր։ Ես ամեն ինչ պատմեցի մորս։ Նա էլ հորս պատմեց, և դրանից հետո մի լավ ծեծ կերա։ Հայրս ասաց, որ աբորտ անեմ։ Ավելի ճիշտ, ասաց, որ ինքն ինձ աբորտի կտանի։ Նա ասում էր, որ ես խայտառակել եմ մեր ողջ ազգը, որ եթե իմ մասին իմանան, ապա շարիաթի դատարանով կպատժեն, կսպանեն, որովհետև նման բաները մեզ մոտ չեն ներվում»։

Ամինան ընկերոջ հետ փախել է նրա հայրենիք, սակայն մի քանի տարի անց որոշել է բաժանվել նրանից և երեխային հետը տանել։ Ամինան փախել է։ Ասում է, որ Բելառուսում կմնա, եթե չկարողանա Լեհաստան մեկնել։

Երրորդ վագոնի տոմս

Առավոտյան առաջին գնացքը Բրեստից դեպի Տերեսպոլ մեկնում է առավոտյան յոթին։ 6:30 կայարանը լցվում է չեչեն ընտանիքներով։ Մենք գնացքի տոմս ենք գնում Խավայի համար։ Գանձապահը, գլխով ցույց տալով փախստականին, հարցնում է 

Նրա համա՞ր է։

— Այո։

Այդպես էլ ասեիք։ Նրանց համար միայն երրորդ վագոնն է։

Ինչո՞ւ։

Սահմանապահներն են այդպես որոշել։

Բրեստից դեպի Տերեսպոլ ճանապարհը 20 րոպե է տևում։ Երբ գնացքը կանգնում է, մենք վերջինն ենք իջնում, որ տեսնենք, թե ուր են տանում փախստականներին։ Սակայն նրանք չեն կարող վագոնից դուրս գալ, քանի դեռ մնացած ուղևորները չեն լքել գնացքը։ Մենք նրանց էլ չենք տեսնի։ Միանգամից Ամինայի արտահայտությունն եմ հիշում․ 

Մենք լեհ սահմանապահների համար երրորդ տեսակի ենք։ Նրանք նույնիսկ հարցազրույցի ժամանակ էին ասում, որ այդ պատճառով ենք մենք երրորդ վագոնով երթևեկում։

Փախստականների ճամբարը

Բյալա-Պոդլյասկի փախստականների ճամբար Լեհաստանի ԱԳՆ-ն մեզ թույլ չտվեց այցելել։ Ճամբարը մռայլ գորշ շենք է, որը հեռվից բանտ է հիշեցնում շինության մի մասի վրա փշալարի առկայության պատճառով։ Տեղացիները պայմանականորեն ճամբարը բաժանում են փակի և բացի։ Փակն այն է, որ փշալարով շրջապատված է։ Այստեղ են հայտնվում նրանք, ովքեր Լեհաստանում միջազգային պաշտպանություն չստանալով, փախել են ճամբարից և փորձել մեկնել ԵՄ ուրիշ երկիր։ Ճամբարի բաց հատվածում են մնացածներն, այդ թվում նրանք, ում տեղափոխել են փակից։

Ճամբարի մոտ ծանոթանում են դաղստանցի Խաթունայի հետ։ Նրա դեմքի կեսը ծածկված է գլխաշորով։ Լեհական ճամբար նա երկու երեխաների հետ է եկել՝ 6-ամյա Ազիզի և 16-ամյա Արիանի։ Խաթունայի ամուսինը Դաղստանում ինչ-որ մարդկանց փող է պարտք մնացել, այնուհետև պարզապես անհետացել է։ Մի անգամ, երբ կինը մենակ է եղել, նրա տունը հրդեհել են։ Խաթունայի մարմնի մեծ մասն այրվել է նա մի քանի վիրահատություն է տարել, ազդրերից մաշկը պատվաստել են դեմքին։

Մեզ այսօր պոզիտիվ են տվել [փախստականի հումանիտար կարգավիճակ], — իր ուրախությամբ է կիսվում դաղստանցին։ – Տասն օրից մենք, առաջ Աստված, կմեկնենք Լինին քաղաքի ճամբար [Վարշավայից 45 րոպե հեռավորության վրա]։ 

17-ամյա Վիսխանն ու Ալեխանը (այս հերոսների անունները փոփոխված չեն) հոր և մյուս ազգականների հետ Ռոստովից են եկել։ Դրանից առաջ նրանք պատերազմից էին փախել․ փոխհրաձգության ժամանակ մահացել է տղաների մայրը։ 

Դուք երևի լսած կլինեք պատերազմի մասին, – ասում է Վիսխանը։ – Հայրս Չեչնիայում նույնպես խնդիրներ ուներ, բանտ էր նստել։

Բրեստում ընտանիքը մեկ ամիս է անցկացրել, Լեհաստան են կարողացել հասնել ութերորդ փորձից։

— Ճամբարում տեղ չկար, այդ պատճառով էլ մեզ թույլ չէին տալիս գալ, – ծիծաղում է Ալեխանը։

Մեր հանդիպումից երկու օր անց Ամինան որդու հետ ևս մեկ փորձ կկատարի և Լեհաստանում կհայտնվի։ 

Ինձ ու որդուս մոտ ամեն ինչ լավ է։ Սահմանափակումներ չկան, սեփական սենյակ ունենք, ամեն տեղ մաքուր է։ Երկու օրով կարող ենք մեկնել՝ ուր ցանկանանք։ Լավ են կերակրում, միշտ միս են տալիս։ Փողի առումով, ինձ որդուս հետ միասին տալիս են ամսական մոտ 419 զլոտի [մոտ $110]։ Վատ չէ, եթե հաշվի առնենք, որ այստեղ մեզ կերակրում են և մնալու տեղ ունենք։

Վիսխանը մի քանի օրից Բյալա-Պոդլասկիից մեկնում է ուրիշ կենտրոն Վոխին գյուղում։ Այնտեղ, ասում է, պայմաններն ավելի լավն են, քան բաշխիչ ճամբարում։

Այս տեքստի մնացած հերոսները նախկինի պես Բրեստում են։ Նրանք Կովկասը լքել են ավելի լավ կյանքի հույսով, սակայն դեպի Եվրամիություն ճանապարհին մնացել են Բելառուսի և Լեհաստանի էլեկտրագնացքում։ Ո՞վ գիտի՝ ինչ ժամանակով։

Եվրոռադիոն շնորհակալություն է հայտնում Human Constanta իրավապաշտպան կազմակերպությանը նյութի պատրաստմանն աջակցելու համար։


Կարդալ ավելին JAMnews-ում