Ո՞վ առաջինը սկսեց: Դիտարկումներ՝ Բաքվից, Երևանից, Ստեփանակերտից և Մոսկվայից" />

Փորձագետները՝ Ղարաբաղյան դեպքերի մասին

Ո՞վ առաջինը սկսեց: Դիտարկումներ՝ Բաքվից, Երևանից, Ստեփանակերտից և Մոսկվայից

Տեղեկատվություն Բաքվից

Քաղաքագետ, «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի նախագահ Արաստուն Օրուջլուն այսպես է մեկնանանում դեպքերը.

«Այս սրացումը կարելի է բացատրել Ադրբեջանի և ԱՄՆ հարաբերությունների ջերմացմամբ: Ռուսաստանը Հայաստանի միջոցով ուզում էր զգուշացնել Ադրբեջանին: Սակայն պատասխան արձագանքն անսպասելի էր:

Մեր տվյալներով, մեր զորքերը ոչ միայն հետ են մղել հարձակումը, այլ նաև առաջ են անցել շփման գծից: Չեմ կարծում, որ սա երկար տևի:

Ռուսաստանն ինքը շահագրգռված չէ իր սահմանների մոտ թեժ հակամարտության առկայությամբ: Սակայն փոխհրաձգությունը շարունակվում է»:

Հենց նոր ASAN Radio-ի եթերում շփման գծում գտնվող Վագիֆ Դարգահլին՝ Ադրբեջանի պաշտպանության բանակի մամուլի խոսնակը, հաստատեց բոլոր տեսակի ռազմական տեխնիկայի կիրառմամբ մարտերի մասին տեղեկությունը: Խաղաղ բնակչության տարհանման լուրը հերքեց:
Չհաստատված տվյալներով, սահմանամերձ բնակավայրերից տարհանում են խաղաղ բնակչությանը:

Սոցցանցերում ամենաթեժ թեման Ռուսաստանի ու ԱՄՆ դերը հակամարտության հանկարծակի սրման գործում.

«Մինչ այժմ հակամարտության գոտում իրավիճակի սրումը ռուսական հեռուստաալիքների նորությունների թեմա չեր դարձել: Այժմ Էն-Տե-Վե, Ռոսիա 24 հեռուստաալիքներն այդ նորությունը հաղորդում են որպես երկրորդ կամ երրորդ՝ ըստ կարևորության: Աստված մեզ պահապան»:

Փորձագետի կարծիք. Երևան

Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի իստիտոիտի տնօրեն.

«Ղարաբաղից տվյալ պահին ամենաթարմ նորության համաձայն, սա այնքան էլ նման չէ պատերազմի սկզբի: Պատերազմի ճիշտ սկիզբ կլիներ ճակատային հարձակումը դեպի խորքեր Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը որակեց որպես դեստրուկտիվ և փաստացի, որպես հաստատում, Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսում:

Կարելի է ենթադրել, որ ահա այսպիսի անգրագետ ձևով լայնամասշտաբ պատերազմ է սկսվում, սակայն, ինձ թվում է, որ սա հերթական, բայց դիմակայության մակարդակով բավականին կտրուկ գործողություն է, որը բարձրացնում է դիմակայության մակարդակը: Իսկ եթե դա այդպես է, ակնհայտ է, որ հրաման կա, և կարելի է ենթադրել, որ այն Ալիևը տվել է Վաշինգտոնից՝ ելնելով այնտեղ առաջացած ինչ-որ խնդիրներից: Չեմ կարծում, որ կարգավորումը մինչ այդ էլ ինչ-որ հեռանկարներ ուներ, սակայն նմանատիպ գործողություններով Ադրբեջանը նեղացնում է այդ հնարավորությունների շրջանակը առաջին հերթին իր համար»:

Սոցիալական կայքերում.

«Ալիևի նյարդերը տեղի են տվել: Նրան այնքան էլ լավ չեն ընդունել Վաշինգտոնում. մարդու իրավունքների, ժողովրդավարական չափանիշների, խոսքի ազատության խախտումների, ընդդիմությանը տրորելու, պետական միջոցների յուրացման, կոռուպցիայի վերաբերյալ հարցադրումներ: Բայց ինքն իրեն է վնասել: Հարձակումը խափանվեց: Թիկունքից աջակցություն չեղավ, լրացուցիչ ուժերը լռվեցին Ղարաբաղից հեռու, հավանաբար, հարձակման հրամանն անսպասելի էր բանակի համար: Այժմ դիրքային մարտեր են ընթանում»:

Փորձագետի կարծիք. Ստեփանակերտ

Ալեքսանդր Կանանյան

«Իմ համեստ կարծիքով, եթե ադրբեջանցիները պատրաստվեին իրական լայնամասշտաբ պատերազմ սկսել, այսօր իրավիճակը առաջնագծում այլ կլիներ: Տեղի ունեցող իրադարձություններն ավելի շուտ չնախատեսված սրացում են հիշեցնում, որը վերահսկողությունից դուրս գալու եզրին է: Արցախում գտնվող մարդկանց պնդմամբ, իրավիճակը կայուն է, խուճապ չկա և չի լինի: Տվյալ պահին պետք է ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանն ու չստուգված տեղեկատվություն չտարածել: Եվ որպես եզրահանգում. ամեն ինչ կամ լավ է լինելու, կամ՝ շատ լավ: Առայժմ այսքանը»:

Փորձագետի կարծիք. Մոսկվա

Անկախ լրագրող Միխայիլ Շևելյովի կարծիքով, Սիրիայում իրեն գլոբալ խաղացողի դերում հաստատելու փորձերի ակնհայտ ձախողումից հետո Մոսկվային անհրաժեշտ է արտաքին աշխարհի հետ խոսելու գոնե ինչ-որ փաստարկներ: Ղարաբաղյան հակամարտությունը նրա ձեռքի տակ եղած սակավաթիվ հնարավորություններից է: Բացի այդ, Կրեմլն այժմ ծայրահեղ նյարդային վիճակում է արևմտյան լրատվամիջոցներում սպասվող մերկացնող հրապարակումների պատճառով: Այս իրավիճակում ցանկացած տեղեկատվական առիթ, որը շեղում է հասարակության ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից, մեծ պահանջարկ ունի:

«Էխո Կավկազա» ռադիոյի տեսաբան (Ազատություն ռադիոկայան) Վադիմ Դուբնովը կարծում է, որ եթե անգամ Մոսկվային կարելի է կասկածել կատարվածի համար, ամեն դեպքում սա բացարձակապես քաղաքական բնույթի չի կրում։ Այս ամենն ինչ-որ լոկալ ռազմական մոտիվների հետևանք է, ինչպես եղել է 2014-ի ամռանը տեղի ունեցած սրացման ընթացքում: Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Մինսկի խումբը ծայրահեղ արժեքավոր է Ռուսաստանի համար նրանով, որ սա վերջին բանակցային հարթակն է, որտեղ ռուսական և ամերիկյան կողմերը ուղղակիորեն շփվում են:


12:00, 2016թ. ապրիլի 2

Տեղեկատվություն Երևանից

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր վաղ առավոտյան ղարաբաղյան հակամարտության շփման գծում զինված բախումներ են սկսվել:

Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հրետանու, զրահատեխնիկայի և օդուժի կիրառմամբ: Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ «հակառակորդը փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր»:

Ինչպես հայտնում են Հայաստանի լրատվամիջոցները, հայկական զինուժը խոցել է ադրբեջանական ուղղաթիռ: Հայկական պաշտոնական աղբյուրները հայտնում են նաև, որ երկու կողմերն էլ զոհեր են տվել, սակայն ադրբեջանական կողմի զոհերը գերազանցում են:

Տեղեկատվություն Բաքվից

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը (Հայաստանի պաշտպանության նախարարությունից մի քանի ժամ անց) նմանատիպ պաշտոնական հայտարարություն է տարածել շփման գծում բախումների վերաբերյալ:

Ադրբեջանը պնդում է, որ «հայկական զինված ուժերը խոշոր տրամաչափի զենքերից գնդակոծել են ադրբեջանական դիրքերը շփման գծի ողջ երկայնքով, որից հետո ադրբեջանական բանակը պատասխան գործողությունների է դիմել»: Նախարարությունը հերքել է հայկական աղբյուրների տեղեկատվությունը խոցված ուղղաթիռի մասին:

Տեղեկատվություն Ստեփանակերտից

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաստատել է բախումների մասին լուրը: Ըստ հաղորդագրության, տվյալ պահին (ժամը 12:00, 2016թ. ապրիլի 2) «ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր»: Մարտական գործողությունները շարունակվում են:

• Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի է ունեցել 1991–1994 թթ.: Զինադադարի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, այդ թվում նաև՝ Հայաստանի: Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված հարակից տարածքները համարում է օկուպացված և պահանջում է վերադարձնել դրանք:

• Հակամարտության կողմերը ժամանակ առ ժամանակ հայտնում են շփման գծում բախումների մասին և մեղադրում միմյանց սադրանքի համար:

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի արխիվից 2012թ. «Համագործակցություն-2012» ՀԱՊԿ զորավարժություններ

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:

Հրապարակվել է՝ 02.04.2016

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում