Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական զրույցը կայացել է Դուշանբեում, որտեղ անցկացվում էր ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը " />

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են նվազեցնել լարվածությունը շփման գծում

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական զրույցը կայացել է Դուշանբեում, որտեղ անցկացվում էր ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը

Լուսանկարը՝ president.az

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Դուշանբեում, որտեղ անցկացվում էր ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Նրանք ոչ պաշտոնական շփում են ունեցել: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է, որ ինքն ու Իլհամ Ալիևը համաձայնության են եկել երեք կետի շուրջ:

1.

Երկու երկրների առաջնորդները, մասնավորապես, պայմանավորվել են քայլեր ձեռնարկել շփման գծում միջադեպերը կանխելու համար.

«Մենք պայմանավորվեցինք մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տալ, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումը իջեցնելու վերաբերյալ: Ես այս պայմանավորվածության մասին տեղյակ եմ պահել Արցախի հանրապետության ղեկավարին, և այս պայմանավորվածությունը նրա համար նույնպես ընդունելի է եղել: Ըստ էության, մենք կարող ենք ասել, որ կա պայմանավորվածություն, որ հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ: Ես համապատասխան հրաման եմ տվել մեր զինված ուժերին և ուրախ եմ արձանագրել, որ նախորդ գիշերն իմ վարչապետ ընտրվելուց հետո եղել է ամենահանգիստ, ամենախաղաղ գիշերը»:

2.

Փաշինյանը  ասել է նաև, որ զրույցի ընթացքում իրենք ևս մեկ անգամ արձանագրել են բանակցային գործընթացի նկատմամբ հավատարմությունը.

«Մենք արձանագրել ենք, որ բանակցություններով պետք է կարգավորվի ղարաբաղյան հարցը»:

3.

Փաշինյանի և Ալիևի երրորդ պայմանավորվածությունը վերաբերում է օպերատիվ կապի համակարգի ստեղծմանը:

 «Առայժմ դա համաձայնություն է: Իսկ թե ինչպիսին կլինի այդ կոմունիկացիոն կապը զուտ տեխնիկական առումով, այդպիսի կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Պարզապես համաձայնել ենք, որ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ նրանք օպերատիվ կապի այդպիսի համակարգ կարողանան մշակել»:

Սա երկու երկրների առաջնորդների առաջին զրույցն է, սակայն նրանք ծանոթացել են ավելի վաղ: Նրանց ծանոթացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հունիսին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:

Փաշինյան-Ալիև առաջին երկխոսությունը

Փաշինյան-Ալիև առաջին կարճ երկխոսությունը

Posted by Ազատություն ռադիոկայան on პარასკევი, 28 სექტემბერი, 2018

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի է ունեցել 1991–1994 թթ.: Զինադադարի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, այդ թվում նաև՝ Հայաստանի: Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված հարակից տարածքները համարում է օկուպացված և պահանջում է վերադարձնել դրանք:

Հակամարտության կողմերը պարբերաբար հաղորդում են շփման գծում բախումների մասին և միմյանց մեղադրում սադրանքների համար:


Կարդալ ավելին JAMnews-ում