Նրանք Հայաստանում կարողացել են զրոյից հիմնել իրենց գործը և երկրի լիիրավ քաղաքացի դառնալ" />

Սիրիահայերի բիզնես-ֆենոմենը: Չորս հայրենադարձի պատմություն

Նրանք Հայաստանում կարողացել են զրոյից հիմնել իրենց գործը և երկրի լիիրավ քաղաքացի դառնալ

Ս

իրիական հակամարտության հինգ տարիների ընթացքում Հայաստան ներգաղթած գրեթե 17 հազար սիրիահայերը հայրենիք բերեցին նոր բիզնես մշակույթ, նոր  ավանդույթներ, որոնք կրում են արևելյան ինքնատիպ մշակույթի կնիքը:

Հայաստանում բնակվող սիրիահայերից 500-ին արդեն հաջողվել է սեփական գործ հիմնել և մի շարք ոլորտներում հաջողություններ գրանցել: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել սիրիահայերի նորաբաց ռեստորաններ ու սրճարաններ: Հայտնի են նրանց  արտադրած կոշիկների, ջինսի, տրիկոտաժի տեսականին և կահույքը: Երևանի կենտրոնում  բացվել է Հալեպի շուկան, որտեղ մեկ տասնյակից ավելի սիրիահայեր իրացնում են իրենց փոքր բիզնեսի արտադրանքը:

40

-ամյա սիրիահայ Շանթ Խայալյանը Հայաստան է տեղափոխվել 2013-ին,  արդեն երեք տարի է զբաղվում է օրգանական օճառների արտադրությամբ: Նրա պատրաստած օճառների համար հումք է հանդիսանում բացառապես Հայաստանի լեռներից ու դաշտերից հավաքած խնկածաղիկը, երիցուկը, եղինջը, մաղադանոսը, վարդն ու խաղողի կորիզը: Օճառների հիմքում զեյթունի ձեթն է: Մեկ ամսում պատրաստում է մոտ 8000 կտոր օճառ, և այդ նույն ծավալի շապմուններ, յուղեր:

• Ռուսաստանը դարձել է վրացական պնդուկի իրացման հիմնական շուկա` փոխարինելով Եվրամիությանը

Ամանորյա նվերների շքերթ նկարչուհու արվեստանոցում

«Հայաստանյան շուկա մուտք գործելու ու քո տեղը գտնելու համար պետք է շատ ինքնատիպ գաղափար ներկայացնես: Իմ արտադրանքը «Beauty products» անվամբ Եվրամիության արտոնագիր է ստացել: Շատ կարևոր է ճիշտ կառավարումը: Գործի հաջողության գրավականն է մեծ երազանքը,  նպատակիդ հասնելու համար` պայքարը: Շատերն էին ասում. Հայաստանում հնարավոր չէ գործ դնել, ես հակադրվեցի այդ մտքին, գիտեի որ հաջողելու եմ: Իմ երազանքն է մի օր օճառի մեծ գործարան բացելը»,- ասում է գործարարը:

4 տեսակի օճառներով գործը սկսած Խայալյանը այսօր արդեն արտադրում է 25 տեսակի օճառ և 16 տեսակի շապմուն, դրանք արտահանում է Շվեյցարիա, Վրաստան, շուտով նաև Ռուսաստան:

Շանթ Խայալյանը այն 110 ձեռնարկատերերից մեկն է, ովքեր իրենց բիզնես ծրագրերն իրականացնելու համար օգտվեցին սիրիահայերի համար նախատեսված ցածր վարկային ծրագրից: Այն իրականացվեց Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

Խայալյանը ծրագրի շրջանակում ստացել է 12 հազար ԱՄՆ դոլար վարկ՝ 4 տոկոսով, այն դեպքում, երբ տեղական բանկերը վարկեր տրամադրում են 10 տոկոսից սկսած:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը նշում է. սիրիահայերը բիզնեսին վերաբերում են անկաշկանդ, նրանց բիզնեսմեն լինելու փաստը մեծ վստահություն է տվել ծրագրի կազմակերպիչներին:

«Մենք հասկացանք, ինչ է նշանակում սիրիահայերի գործոնը Հայաստանում տնտեսությունը բարձրացնելու համար: Նրանք դասական բիզնեսմենի օրինակ են: Հայաստանի անկախության 26 տարիները շատ քիչ էին ստեծելու բիզնեսմեն  հետխորհրդային մենթալիտետից հետո, իսկ սիրիահայերը ուղղակի երրորդ սերունդ են, որ բիզնեսով են զբաղվում, և իրենց զգում են, ինչպես ձուկը՝ ջրում: Ինչպես Էնշտեյն էր ասում, մարդիկ Հայաստան բերեցին  ոչ միայն  իրենց իրերի կապոցը,  այլև իրենց  ուղեղն ու ձիրքը»,- ասում է Հայրապետյանը:

Ա

նցած դարի սկզբին՝ Հայոց ցեղասպանության ընթացքում, մեծ թվով հայեր Օսմանյան կայսրությունից ներգաղթելով  Սիրիա, ինքնուրույն ոտքի կանգնեցին  պահպանելով հայի իրենց ինքնությունը: Սիրիայում հայերը որպես առանձին սոցիալական ու տնտեսական միավոր բավականին հաջողված են եղել: Սա նրանց արդեն երկրորդ տեղահանումն է, նրանց մեջ, հենց իրենց խոսքերով, գենետիկորեն աշխատում է նույն մեխանիզմը՝ ապավինել սեփական ուժերին:

Ալեքսան Քարադանյանը համոզված է. այն սիրիահայերը, ովքեր որոշեցին հիմնավորվել Հայաստանում, կպայքարեն իրենց իրավուքների համար:

«Այդ  պայքարը մեր մեծերից է գալիս: Գործը մենք դրեցինք, մեզ ոչ ոք գործ չտվեց: Մեր պապերը երբ գաղթեցին ու Թուրքիայից եկան Սիրիա, ուրիշ գնալու տեղ չունեին, աշխատեցի` հիմք գցեցին, ջանք դրեցին… ու արեցին: Նրանք զրոյից սկսեցին օտար երկրում, մենք մեր հայրենքում` 21-րդ դարում, ինչո՞ւ պետք է չհաջողենք, խնդիրը անձի մեջ է: Դժվարությունները շատ են այստեղ, չմոռանանք որ  շրջափակման մեջ ենք, ամեն ինչը բերում ենք դրսից՝ ամենափոքր դետալից սկսած, բայց բոլոր խնդիրներն էլ լուծում են գտնում»,- ասում է Քարադանյանը:

Սիրիահայերը դե ֆակտո  փախստականեր են, բայց իրենց  ընկալումներում և ինքնագնահատականներում մերժում են դա, ցույց տալով, որ ցանկացած միջավայրում կարող են նորից ոտքի կանգնել: Իսկ Հայաստանը միանշանակ ընկալում են որպես հայրենիք:

Ալեքսան Քարադանյանը Հալեպում զբաղվել է հագուստի վրա տպագրությամբ, ունեցել է երեք տպարան, դիզայներական սեփական գրասենյակ: 2012 թվականի ամռանը ընտանիքով Հայաստան տեղափոխվելուց հետո, աշնանն արդեն նույն գործն է սկսում հայրենիքում, օգտվելով Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի վարկային ծրագրից:

«Սփյուռքի նախարարությունում տրիկոտաժի մասնագետներիս ծանոթացրին տեղի արտադրողների հետ: Հենց այդ օրը հայաստանցի մի արտադրող ինձ առաջարկեց տպարան բացել Երևանում և շապիկների վրա դիզայն անել: Ինքը պատվերներ տվեց, ես բացեցի տպարանը, ինչը քաջալերեց ինձ: Հիմա արդեն մեկ ամսում մինչև 4000 շապիկ ենք տպում, թեման հայկական է, մեր գնորդները զբոսաշրջիկներ են, սկսել ենք իհարկե շատ քիչ քանակությունից: Մեր գործը հիմնականում ամռան ամիսներին է»,- ասում է «Սոնա-Պրինտ»-ի տնօրեն Ալեքսան Քարադանյանը:

Քարադանյանները մեկ այլ ընտանեկան բիզնես էլ են բացել՝ «Ալեքսան Արտ» դիզայներական ընկերությունը, որը զբաղվում է բաժակների, բանալիների, բրոշյուրների դիզայնով:

Ե

րևանի կենտրոնում փոքրիկ սիրիական ռեստորան են բացել Սոնիկ Կարճիկյանը և Երան Բալմանուկյանը:  Ընդամենը 30 քմ տարածք ունեցող ռեստորանը ավելի բազմամարդ է լինում կեսօրին ու երեկոյան: Կանայք իրենց ձեռքով են պատրաստում սիրիական ուտեստները: Ասում են, որ հեշտ չէ Հայաստանում բիզնես բացելը, ու հարց տալիս. իսկ որտե՞ղ էր հեշտ լինելու:

«Ուր էլ գնայինք՝ Եվրոպա, Կանադա, Ամերիկա, պետք է ունենայինք այս դժվարությունները, որովհետև նոր միջավայր է, նոր շուկա, նոր փորձառություն մեզ համար: Անգամ Սիրիայում, եթե նոր գործ հիմնելու լինեի, պետք է համբերեի մեկ կամ երկու տարի, մինչև բիզնեսը ոտքի ելներ: Նեղվում ենք միայն հարկերից, մեկ էլ մենք մի քանի վարձ ենք տալիս` տան, տեղի, երեխաների ուսման, այս ամենը  խեղճացնում է մեզ: Հատկապես ծանր է բիզնեսի համար ձմռանը, երբ օդի հետ ամեն ինչ, ասես, սառում է»,– ասում է Սոնիկ Կարճիկյանը, ում ընտանիքը Լաթաքիայում մի քանի խանութ է ունեցել:

«Ամեն դեպքում, Հայաստանի առավելությունը այն է, որ մերն է: Աշխատում ենք սրտացավորեն, մենք ապրում ենք այս ռեստորանով, որակը պահում ենք շատ բարձր, մեզնից ենք սկսում ու մեզ չենք խաբում»,- ասում է Սոնիկը:

Նա մասնակցել է նաև զբոսավարների դասընթացների և պատվերի դեպքում ուղեկցում է արաբ խմբերին: Նրա նորաբաց «Երևանյան տուր» ֆեյսբուքյան էջը հատկապես արաբախոս զբոսաշրջիկների համար է: Փորձում է կազմակերպել բժշկական տուրիզմ Հայաստանում:

«Ուզում ենք մեր գործը ավելի հիմնավոր բացել այս ոլորոտում, զբոսաշրջիկներին առաջարկելով Հայաստանում հանգիստը համադրել մատչելի գնով բուժման հետ, հատկապես ատամնաբուժության ոլորտում: Կառաջարկենք նաև գեղեցկությանը նպաստող ամենատարբեր ծառայություններ, որոնք Հայաստանում բավականին մատչելի են`մաշկի մաքրում, բոտոքս… Այս ամենը մարդկանց հետաքրքրում է, նամանավանդ եթե համեմատում ենք դրսի գների հետ»,- ասում է Սոնիկ Կարճիկյանը:

Մ

ագի Խորոզեանի «Magie’s sweet Delicacies» էջը ֆեյսբուքում շատերն են արդեն ճանաչում, սակայն նրա երազանքն է Երևանում քաղցրավենիքի խանութ բացելը:  

«Դեռ չեմ կարող, աշխատում եմ պատվերներով` հարսանիքներ, ծնունդներ, պատրաստում եմ սեղանը զարդարող հատուկ քաղցրավենիքներ բոլորովին նոր տեխնոլոգիայով, ինչը այստեղ դեռ չկա, փորձ եմ անում նաև հանձնել խանութներին: Դասընթացները անցել եմ Դուբայում, այնտեղ արդեն իմ հաճախորդներն ունեի, բայց աղջիկս շատ էր ուզում գալ Հայաստան ու մենք տեղափոխվեցինք այստեղ: Հուսամ, կկարողանամ Հայաստանում հիմնավորվել այս գործով»,- ասում է Մագին:

Սիրիահայերը համակերպվել են`երկիրը տնտեսապես հարուստ չէ, շուկան փոքր է, բիզնեսը դժվարությամբ է աճում, բայց միևնույն է` աշխատում են:

«Այսքան ջանք ու եռանդ որ Սիրիայում դնեինք, կդառնայինք միլիոնատեր, և դարձել էինք, դուրսը աշխատում ես՝ դառնում ես փողատեր, այստեղ դառնում ես սովորական ապրող: Այսինքն համոզմունքի հարց է. ուզում ես փողատեր դառնալ ու դուրս գնալ, թե ուզում ես ապրել հայրենիքում, երեխեքդ բակերում հայերեն լսեն ու հայերի հետ խաղան։ Այդ դեպքում մնում ես  Հայաստանում»,– ասում է Ալեքսան Քարադանյանը:

Անահիտ Հայրապետյանն էլ արժևորում է նրանց բացառիկ ազնվությունը. «Բիզնեսը նրանց համար պատվի հարց է, իրենց անունն ու եկամուտն է, և դա տարբերվում է  խորհրդային դաստիարակություն ստացած մարդու մտածելակերպից: Նրանց բիզնեսի կուլտուրան, գործի նկատմամբ վերաբերմունքը, նրանց  ծառայությունը՝ այս ամենն օրինակելի է»:


Կարդալ ավելին JAMnews-ում