Ընդհանուր առմամբ, ներկա պահին ակցիայի գործում ինը մարդ է ներգրավված՝ ներառյալ Վրաստանի խորհրդարանի նախկին իշխող կուսակցության պատգամավոր Նիկա Մելիային" />

Ցույցի ցրումը Թբիլիսիում․ ձերբակալվել է ոստիկանը, որը բռունցքով հարվածում էր ցուցարարի դեմքին

Ընդհանուր առմամբ, ներկա պահին ակցիայի գործում ինը մարդ է ներգրավված՝ ներառյալ Վրաստանի խորհրդարանի նախկին իշխող կուսակցության պատգամավոր Նիկա Մելիային

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ խմբակային բռնության մեղադրանքով Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է ցույցի չորս շարքային մասնակցի և մեկ ոստիկանի։

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն հատուկ ճեպազրույցին հայտարարել է, որ ձերբակալված շարքային քաղաքացիները «տարբեր առարկաների օգտագործմամբ հարձակվում էին ոստիկանների վրա, նրանց դիմադրություն ցուցաբերում և, մասնակցելով կազմակերպված գրոհին, փորձում էին ներխուժել խորհրդարանի շենք»։

Փոխնախարարն ընդգծել է, որ բոլոր նշված անձինք ձերբակալվել են դատարանի որոշման հիման վրա։

Խորհրդարանի մոտ ակցիայի գործով քննությունն իրականացվում է երկու ուղղություններով։ Մեկը «ոստիկանության կողմից ուժի գերազանցումն» է, մյուսը՝ «խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում կամ մասնակցություն» և «խռովություն՝ սահմանադրական կարգի բռնի փոփոխման, Վրաստանի պետական իշխանության տապալման կամ գրավման նպատակով, որը ծանր հետևանքներ է առաջացրել»։

• Ո՞վ է ռուս ուղղափառ կոմունիստը, որը Թբիլիսիում բողոքի ցույցերի պատճառ է դարձել

 Թբիլիսիում ցրել են բողոքի ակցիան և պատրաստվում են ցրել հաջորդը։ Ի՞նչ է այս ամենը նշանակում և ի՞նչ սպասել

Հուլիսի 15-ին ձերբակալվել է ներքին գործերի ևս մեկ աշխատակից։

Նրան ձերբակալել են տեսագրությունների հիման վրա, որոնցում երևում է, որ իրավապահը, փորձելով ցուցարարներից մեկին ոստիկանական մեքենա նստեցնել, բռունցքով հարվածում է դեմքին։

Ընդհանուր առմամբ ներկա պահին ակցիայի գործով 9 մարդ է անցնում, ներառյալ Վրաստանի խորհրդարանի նախկին իշխող կուսակցության պատգամավոր Նիկա Մելիային։ Մելիան մեղադրվում է բռնության կազմակերպման մեջ՝ իշխանությունը գրավելու նպատակով։

Խորհրդարանը Մելիային զրկել է պատգամավորական անձռմխելիությունից, սակայն դատարանը որոշել է նրան ազատության մեջ թողնել գրավի դիմաց։ Պատգամավորին էլեկտրոնային թևնոց են հագցրել։ Նրան արգելվում է տնից դուրս գալ՝ չզգուշացնելով իրավապահներին։

Ցույցի ժամանակ ՆԳՆ ներկայացուցիչների կողմից ուժի գերազանցման մասին գործի շրջանակում տասը ոստիկանի, ինչպես նաև Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի տնօրեն Գիորգի Կակիչաշվիլիի լիազորությունները կասեցվել են։

Բողոքի ակցիաները Թբիլիսիում սկսվել են հունիսի 20-ին։ Հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց՝ իրենց բացասական վերաբերմունքն արտահայտելու ՌԴ պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի կապակցությամբ, որը Թբիլիսի էր եկել՝ մասնակցելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին։

Վրաստանի քաղաքացիների վրդովմունքն էր առաջացրել այն, որ խորհրդարանի նիստերի դահլիճում անցկացվող վեհաժողովը Գավրիլովը բացել էր ռուսերենով, և նա հանրային կերպով սատարում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությանը։ Ընդ որում, նա զբաղեցրել էր խոսնակի աթոռը։

Խորհրդարանի շենքի մոտ հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ իշխանությանն ուղղված մեկ հարցով «Ինչպե՞ս է հանդգնել օկուպանտ երկրի պատգամավորը զբաղեցնել Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը»։

Հունիսի 21-ի լուսադեմին ոստիկանության հատուկջոկատայինները ցրեցին ակցիան՝ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ կիրառելով։ Տուժեց ավելի քան 200 մարդ, երկուսը զրկվեց աչքից, մեկը մինչև հիմա միացված է արհեստական շնչառության ապարատին վնասվածքի պատճառով, երբ ռետինե փամփուշտը նրա գլխին էր դիպչել։

Հունիսի 21-ի ցերեկը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական էր տվել։ Հունիսի 24-ին իշխանությունները բավարարել էին ցուցարարների ևս մեկ պահանջ՝ 2020թի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով։

Այս պահի դրությամբ ակցիայի մասնակիցների գլխավոր և միակ պահանջն արդեն երեք շաբաթ է՝ ՆԳՆ ղեկավար Գիորգի Գախարիայի հրաժարականն է։

Հունիսի 20-ից սկսած՝ ամեն օր Թբիլիսիի խորհրդարանի մոտ, ինչպես նաև երկրի մյուս քաղաքներում՝ Քութայիսիում, Գորիում, Բաթումում, բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Ընդդիմությունն այն գիշերվա իրադարձությունները «պատժիչ գործողություն» է անվանում։ Ցուցարարներն, ինչպես նաև տեղի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մատնանշում են, որ ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին չի զգուշացրել ցույցը ցրելու համար ուժի կիրառման մասին։ Նրանք պնդում են, որ ոստիկանները թիրախավորում էին ցուցարարներին և կրակում՝ կիրառելով ռետինե փամփուշտներ, որոնք նախատեսված են խոշոր կենդանիներին վախեցնելու համար։

Իսկ Գախարիան հայտարարում է, թե ոստիկանությունը լեգիտիմ է գործել՝ կանխելով խորհրդարանի գրավումն ու պետական հեղաշրջման փորձը։ Բացի այդ, դատախազությունը սկսել է հետաքննել ուժի գերազանցման դեպքերը։


Կարդալ ավելին JAMnews-ում