Սակայն կոնֆետներով հյուրեր նրանց մոտ շատ հազվադեպ են գալիս: Պատմություններ և լուսանկարներ" />

Ցխինվալի՝ տարեցների և հաշմանդմների տանը բոլորը սիրում են կոնֆետներ

Սակայն կոնֆետներով հյուրեր նրանց մոտ շատ հազվադեպ են գալիս: Պատմություններ և լուսանկարներ

Ցխինվալի՝ տարեցների և հաշմանդամների տանը ամենասիրելի տոնը Նոր տարին է: Դեկտեմբերին և հունվարին նրանց ավելի հաճախ են հիշում, շատ կոնֆետներ և նվերներ են բերում:

«Մենք 19 շահառու ունենք, և բոլորը երեխաների պես սիրում են կոնֆետներ»,ասում է պանսիոնատի տնօրեն Չերմեն Տեբլոևը:

Լիդիա Պանկրաշինան ծնունդով Ռոստովից է: 45 տարեկանում ամուսնացել է օսի հետ և տեղափոխվել Հարավային Օսիա: Նրանք երեխաներ չեն ունեցել, մի քանի տարի առաջ էլ ամուսինն է մահացել: Եվ նա ինքն է եկել պանսիոնատ: Ասում է, որ մանկությունում հավատում էր Ձմեռ պապին, երազում տեսնել նրան: Սակայն նվերներ երբեք չի ստացել, ընտանիքն աղքատ է եղել: Փոխարենը երբ 7-րդ դասարան է եղել, ծնողներն ամանորին նոր վերարկու են նվիրել: «Մոխրագույն, օձիքով», — հիշում է Լիդիան:

Չերմեն Տեբլոևը որպես պանսիոնատի տնօրեն է աշխատում արդեն գրեթե 20 տարի: Իսկ ծերանոցը բացվել է 1980-ականներին՝ խորհրդային տարիներին: Այն ժամանակ այստեղ ավելի քան 160 մարդ էր ապրում, իսկ շենքը երեքհարկանի էր: 1992թ-ին հրդեհ է բռնկվել, 7 տարեց է մահացել: Հաջողվել է փրկել շենքի միայն առաջին հարկն, այդպես էլ բոլորը մինչև հիմա այնտեղ են տեղավորվում:

Իս սկզբանե առաջին հարկը հարմարեցված չէր բնակվելու համար: Աստիճանաբար ջեռուցում են քաշել, վերանորոգել ընդհանուր զուգարանները: Հեռուստացույց կա, բազմոց՝ նախասրահում, մեծ գորգ՝ բետոնե հատակին: Սենյակները մեծ չեն, պահարան և աթոռակ՝ մահճասեղանի փոխարեն:

Գարի Կոկոևը զվարճասեր է: Նա ընտանիք չունի: «Այդպես է ստացվել», – ասում է նա: Այլևս ոչինչ իր մասին չի պատմում, միայն այն, թե որքան էր սիրում ամանորյա տոները. «Տատս ու մայրս տարբեր քաղցրավենիքներ էին պատրաստում, և մենք ուտում էինք ողջ տարվա տեղը»:

Բարեգործական հիմնադրամներից մեկն ամանորյա նվերներ էր ուղարկել պանսիոնատ՝ կոնֆետներ, բանան, յուրաքանչյուր շահառուին երկուական բանան էր բաժին հասել: Այն բաժանում են ճաշի ժամին: Ճիշտ է, ըստ Չերմենի, միայն 14 մարդ կուրախան դրա համար, մնացած հինգը ծանր հիվանդ են, անկողնային են և առանձնապես ուտել չեն ուզում:

«Մեզ մոտ դպրոցականներ էին եկել, երգում էին, պարում, ձեռագործ աշխատանքներ էին բերել, բացիկներ, մրգեր: Մեր ծերերն ուրախանում էին, անգամ պարում նրանց հետ: Լինում են նաև մեծ նվերներ, օրինակ, հեռուստացույց, սառնարան»,ասում է Չերմենը:

Յուրի Ասաևը կուրացել է 7 տարի առաջ գլաուկոմայի պատճառով: Ասում է, որ աղջ կյանքում զվարճացել է, խմել: Հետո որոշել է լրջանալ, ընտանիք կազմել, այդ ժամանակ էլ սկսվել են առողջական խնդիրները: Հիմա նա հարազատներ չունի: Յուրին հիշում է, թե ինչպես մի անգամ Ամանորին նա փայտյա ինքնաթիռ նվեր ստացավ: «Խանութներում այդպիսի ինքնաթիռներ չէին վաճառում: Կարծում եմ՝ հայրս էր ինձ համար պատրաստել», — ասում է նա:

Տարեցների և հաշմանդամների պանսիոնատը գոյատևում է բյուջետային ապահովման հաշվին, տարեկան մոտ 4 մլն ռուբլի (մոտ 71 հազար դոլար) է ստանում, այդ գումարից գնվում է սնունդ, դեղորայք, վճարվում 23 աշխատակցի աշխատավարձ: Բացի այդ, պանսիոնատի հաշվին են փոխանցվում տարեցների կենսաթոշակները:

«Իրենց կենսաթոշակի մի մասը՝ 25 տոկոսը, նրանք առձեռն են ստանում գրպանի ծախսերի համար: Մնացած գումարը ծախսվում է նրանց համար հագուստ, լրացուցիչ դեղորայք գնելու համար, եթե անհրաժեշտ է, սակայն մենք այդ գումարները կարող ենք ծախսել միայն առողջապահության նախարարի հատուկ թույլտվությամբ», – պատմում է պանսիոնատի տնօրենը:

Զաիրա Սանակոևան ողջ կյանքում ապրել է Հարավային Օսիայի Ձաուի շրջանում: Աշխատել է որպես բուժքույր: Հիմա հաճախ մոռանում է իր անունը: Երեխաներ չի ունեցել, մոտ ազգականներ նույնպես չունի: Մանկությունից հիշում է, թե ինչ համեղ էին «Աքլորիկ» կոնֆետները, մորաքույրն էր իր համար գնում, որն էլ մեծացրել է Զաիրային:

Այստեղ հիմնականում ապրում են նրանք, ովքեր երեխաներ չունեն: Սակայն կան նաև այնպիսիք, որոնց երեխաները կամ չեն կարող, կամ չեն ուզում հոգ տանել նրանց համար:

«Մեզ մոտ մի Բաբուցա Գոբոզովա կար: Նրա աղջիկներն ասյտեղ՝ քաղաքում, էին ապրում, մեկը՝ մեզնից շատ մոտ, հենց պանսիոնատի դիմաց: Նրանք միշտ գալիս էին ծերերին այդ 25% կենսաթոշակը տրամադրելու օրը: Մի անգամ կորավ Գոբոզովայի նոր անկողնային սպիտակեղենը, մենք յուրաքանչյուրին բաժանել էինք: Երկար փորձում էինք պարզել, թե ինչ է եղել, բայց այդպես էլ ոչ մի արդյունք չունեցանք: Եվ մի անգամ իմ կաբինետի պատուհանից նայում եմ և հանդիպակաց պատշգամբում նրա աղջկա լվացքի մեջ տեսնում այդ նույն սպիտակեղենը», – պատմում է Չերմենը:

Մահը նույնպես սովորական երևույթ է ծերանոցում: Չերմեն Տեբլոևն ասում է, որ սովորաբար իրենք են հենց հուղարկավորում իրենց շահառուներին, ազգականները հազվադեպ են տանում ծերերի մարմինները:

«Մենք դագաղ ենք պատվիրում, թաղում կազմակերպում և նրանց հուղարկավորում տեղի գերեզմանոցում: Գերեզմանի վրա փայտե խաչ ենք տեղադրում: Ես ունեմ մեր ծերերի բոլոր գերեզմանների քարտեզը, եթե հանկարծ ազգականները հայտնվեն և ցանկանան ցանկապատել այն կամ հուշաքար տեղադրել: Սակայն 19 տարվա աշխատանքիս ընթացքում ինձ նման հարցերով ոչ ոք չի դիմել»,ասում է Չերմեն Տեբլոևը:

Բորիս Չեխոևը փոխգնդապետ է, նա իրեն այդպես է անվանում: Երկար տարիներ Վրաստանում է ապրել: Պատմում է, որ ամուսնացած է եղել: Սակայն կինը շուտ է մահացել, հետո որդուն են սպանել: Նա տեղափոխվել է Հարավային Օսիա և հիմա, բոլորովին մենակ լինելով, ապրում է պանսիոնատում:

Թեև պանսիոնատին շատ բան է պետք, այնուամենայնիվ, կարծում է տնօրենը, ամենապահանջվածը հաստիքով հոգեբանն է:

«Նրանք միայնակ տարեց մարդիկ են, շատերը՝ հիվանդ: Բոլորն ունեն իմ հեռախոսահամարը, և ինձ երեկոյան մեր տարեցներից կամ մեկն է զանգահարում, կամ մյուսը: Տխրում են, լալիս, ասում, որ ուզում են արագ մահանալ: Ես խոսում են նրանց հետ, բայց ես հոգեբան չեմ, կարող եմ առանց գիտակցելու վնասել անգամ», — ասում է Չերմենը:

Ճաշին պանսիոնատում լոբի է մսով և բանջարեղենի վինեգրետ: Մսով կերակուր ճաշացանկում կա օրական գոնե մեկ անգամ: Յուրաքանչյուր կենվորին օրական սննդի համար բաժին է ընկնում 120 ռուբլի [մոտ $2]: Բայց եղել են ժամանակներ, երբ այդ գումարը կազմել է ընդամենը 30 ռուբլի:

Ասում են, որ 2018թ-ին պանսիոնատին նոր շենք են տալու: «Նվազագույնը հույս կա»,ասում է տնօրենը:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:

Կարդալ ավելին JAMnews-ում