Վրաստանի ԱԳՆ-ն միջազգային հանրությունից օգնություն է խնդրում" />

Ցխինվալը Թբիլիսիին վերջնագիր է ներկայացրել ոստիկանական պահակետի պատճառով։ Ի՞նչ է լինելու

Վրաստանի ԱԳՆ-ն միջազգային հանրությունից օգնություն է խնդրում

Ցխինվալը Թբիլիսիին վերջնագիր է ներկայացրել ոստիկանական պահակակետն ապամոնտաժելու վերաբերյալ, հակառակ դեպքում հարավօսական կողմը պատրաստ է անցնել օսական գյուղերի անվտանգության ապահովմանը։

Երկրորդ օրն է, ինչ Հարավային Օսիայի վարչական սահմանի՝ այսպես կոչված տարանջատման գծի մոտ տեղակայված վրացական Չորչանա գյուղի շուրջ իրավիճակը լարված է։

Լարվածությունը ստեղծվել է այն բանից հետո, երբ գյուղի մերձակայքում բնակիչները ռուսական զրահատեխնիկա են նկատել, որից հետո Թբիլիսին որոշել է Չորչանայի մոտ հսկիչ պահակակետ տեղակայել։

Ցխինվալը վրացական կողմի այս գործողությունները սպառնալից է համարել և վերջնագիր ներկայացրել․ ապամոնտաժել պահակակետը, հակառակ դեպքում «մենք ինքներս կդիմենք օսական գյուղերի անվտանգության ապահովմանը», – ասված է վերջնագրում։

Թբիլիսին դիմել է միջազգային հանրության օգնությանը։

_______________________

Ողջ գիշեր պահակակետի մոտ աշխատել են լրագրողներ։

Ցխինվալի վերջնագիրը լրացել է օգոստոսի 30-ի առավոտյան վեցին։

Ըստ «Ազատություն ռադիակայանի» հաղորդագրության՝ վերջնագրի ժամկետի սպառման պահին պահակակետի մոտ իրավիճկը խաղաղ էր։ Ոստիկանությունից բացի այնտեղ են նաև Պետական անվտանգության ծառայության, արտգործնաարարության և Եվրամիության դիտորդների առաքելության ներկայացուցիչները։

Ի՞նչ է տեղի ունեցել Չորչանա գյուղի մոտ

Օգոստոսի 28-ից Չորչանա գյուղի մուտքի մոտ տեղացիները սկսել են ռուս զինվորականների, ռազմական ծանր տեխնիկայի և զրահամեքենաների տեղաշարժ նկատել։

Այս փաստը հաստատում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը։ Կատարվածի մասին տեղեկացվել է ԵՄ դիտորդների առաքելությունը։

Խաշուրիի շրջանի Չորչանա գյուղը 2008թ-ի օգոստոսից առաջ և հետո ներառված է Վրաստանի կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Չորչանան Թբիլիսիից 110կմ հեռավորության վրա է գտնվում և սահմանակից է օսական Ցնելիսի գյուղին։ Գյուղերն միմյանցից միայն անտառն է բաժանում։

Չորչանայի բնակիչները պատմում են, որ Ցնելիսիի մոտ շուրջ 100 ռուս զինծառայող կա, որոնք նախկինում չեն եղել։ Նկատվել է նաև զրահատեխնիկա, որը տեղաշարժվում էր տարանջատման գծի երկայնքով։

Որպես պատասխան գործողություն վրացական կողմն ուժեղացրել է ոստիկանական պահակակետը, որը Չորչանայում է գտնվում։

Տարանջատման գծի մոտ վրացական ոստիկանական ուժերի մոբիլիզացիան Ցխինվալի դժգոհությունն է առաջացրել։ Օսական կողմը հայտարարել է, որ պահակակետը սպառնալիք է, քանի որ Ցնելիսի գյուղից ընդամենը 250 մետրի վրա է գտնվում։

Հանդիպումն Էրգնեթիում և Ցխինվալի վերջնագիրը

Ստեղծված իրավիճակը պլանավորվում էր քննարկել Էրգնեթիում վրացական, օսական և ռուսական կողմերի հանդիպման ժամանակ, որին մասնակցում էր նաև Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքելու մեխանիզմի Եվրամիության առաքելությունը (IPRM)։ Սակայն բանակցություններն անարդյունք էին և, ի վերջո, ընդհանրապես, ձախողվեցին։

Հենց այդ հանդիպմանն է Ցխինվալը վրացական կողմին վերջնագիր ներկայացրել մինչև օգոստոսի 30-ի առավոտյան վեցն ապամոնտաժել Չորչանայի հսկիչ պահակակետը։ Հակառակ դեպքում, ըստ Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունների, նրանք իրենց իրավունք են վերապահում «սեփական ուժերով ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը»։

Էրգնեթիի հանդիպմանը Ցխինվալի ներկայացուցիչ Եգոր Կոչիևը հայտարարել է, որ «Վրաստանի հետ սահմանի մերձակայքում իրավիճակը ծայրահեղ լարված է»։

«Միակ պահանջն այն է, որ վրացական ուժերը լքեն շրջանը», – հայտարարել է նա։

Կոչիևի խոսքով՝ վրացի ոստիկանները գիշերը պահակակետ են տեղադրել օսական բնակավայրից 250մ հեռավորության վրա։

Նրա խոսքով՝ հարակից օսական գյուղերի բնակիչներն անհանգստացած են վրացական ուժերի հայտնվելով և դիմել են Ցխինվալի իշխանությունների օգնությանը։

«Եվ նրանք այդ օգնությունը կստանան», – հայտարարել է Կոչիևը։

Նրա խոսքով՝ վրացական պահակակետը գտնվում է Հարավային Օսիայի տարածքում, ինչը «հաստատվում է 1922թ-ի քարտեզներով և այլ փաստաթղթերով»։

Թբիլիսիի դիրքորոշումը

Վրացական կողմը հայտարարել է, որ Չորչանայի պահակակետի ապամոնտաժման հարցը չի էլ քննարկվում։

«Այդ տարածքը միշտ գտնվել է Վրաստանի կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ, ինչն, ամեն ինչից զատ, գրանցել է նաև Եվրամիության դիտորդների առաքելությունն, իսկ պահակակետի ապամոնտաժման հարցը չի դիտարկվում», – հայտարարել է փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, որը մասնակցել է Էրգնեթիի հանդիպմանը։

Օսական կողմի առաջադրած մեղադրանքները Թբիլիսին չի ընդունում։

«Բոլոր մեղադրանքներն անհիմն են։ Միայն վրացական պետությունը պետք է որոշի, թե որտեղ վրացական ոստիկանության պահակակետ տեղակայի», – լրագրողներին հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իրակլի Անտաձեն Էրգնեթիի ձախողված բանակցություններից հետո։

Նրա խոսքով՝ Չորչանայի պահակակետը ստանդարտ ոստիկանական պահակակետ է, որը որևէ սպառնալիք չի ստեղծում։ Չորչանայի շուրջ իրավիճակի սրացման համար ողջ պատասխանատվությունը վրացական կողմը դնում է Ռուսաստանի վրա։

«Չորչանայի պահակակետը գտնվում է Վրաստանի կենտրոնական իշխանության վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այդպես եղել է միշտ, այդպես է նաև այսօր։ Վրացական ոստիկանության պահակակետերի տեղակայման վայրի վերաբերյալ ցանկացած վերջնագիր աբսուրդային է և ցինիկ։ Իրավիճակի ցանկացած սրացման համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Ռուսաստանի Դաշնության՝ մի ուժի վրա, որն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում օկուպացված տարածքում», – ընդգծել է Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը։

Վրաստանի ԱԳՆ-ն օգոստոսի 29-ին հայտարարություն է տարածել, որում կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը «դադարեցնել ապօրինի գործողությունները, կատարել իր ստանձնած միջազգային պարտավորություններն, այդ թվում՝ 2008-ի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը, և հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Վրաստանի ԱԳՆ-ն դիմել է միջազգային հանրությանն «օկուպացիոն գծում ապօրինի գործողություններին համապատասխան կերպով արձագանքելու և դրանց կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու» համար։

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:


Կարդալ ավելին JAMnews-ում