Ինչ կլինի «բուժումից» հրաժարվող տնտեսության հետ" />

Տրանսֆերտային ասեղից ազատվելու շանսը

Ինչ կլինի «բուժումից» հրաժարվող տնտեսության հետ

Դրամական փոխանցումները (կամ ինչպես ասում են՝ տրանսֆերտները) լավ բան են, մինչև այն պահը, երբ դրանք դադարում են։ Այսպես էր սկսել իր հոդվածը բրիտանական The Economist-ը՝ անդրադառնալով նախկին ԽՍՀՄ երկրների՝ Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների թեմային։

Հայաստանում դրանք, իհարկե, չեն դադարել, բայց հատկապես 2015-ին շեշտակի նվազել են։ Սակայն արդեն հստակ է՝ վատ է։ Վատ է ոչ թե այն պատճառով, որ դրամական փոխանցումները նվազում են, այլ՝ որովհետև տնտեսությունը դրանից շատ խորն է կախված։

Ու այդ կախվածության պատճառով՝ ամենևին կապ չունի՝ պակասո՞ւմ են դրանք, թե՞ ավելանում. երկու դեպքում էլ խնդիրները երաշխավորված են։ Ներկայումս խնդիրներ են ծագում, որովհետև դրսից եկող փողի նվազման պատճառով նվազել է ներքին սպառումը, ինչը բացասաբար է ազդում տնտեսական ակտիվության վրա։ 2000-ականների վերջին հակառակն էր՝ դրամական փոխանցումներն աճում էին, ինչի հետևանքով դրամն արժևորվում էր՝ վնասելով տեղական արտադրող-արտահանողներին։

Սա հիվանդություն է՝ թմրամոլության պես, որով տառապում են նախկին ԽՍՀՄ տարածքի գրեթե բոլոր երկրները (իհարկե՝ բարդության աստիճանը յուրաքանչյուրի մոտ տարբեր է)։ Թմրամոլների դեպքում էլ է այդպես՝ երբ չափաբաժինը անհրաժեշտ քանակից քիչ է լինում, հիվանդը հայտնվում է նոպայի մեջ։ Իսկ ավել լինելը կարող է գերդոզավորման հանգեցնել՝ մահվան ելքով։

ԱՊՀ երկրների դեպքում նմանություններից մեկն այն է, որ գրեթե բոլորի մոտ դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը Ռուսաստանն է։ Ու Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումը ազդում է գրեթե բոլորի վրա։

Ո՞ր երկիրը ինչքանով է կախված «տրանսֆերտային ասեղից»: Դա գնահատելու ամենաընդունելի ցուցանիշը դրամական փոխանցումներ/ՀՆԱ հարաբերակցությունն է։

Հայաստանում, նախնական գնահատականներով, այդ ցուցանիշը 2015 թվականի համար կազմել է շուրջ 15%։ Դրսում աշխատող միգրանտները նախորդ տարի Հայաստան են ուղարկել շուրջ 1,6 մլրդ դոլար (Ռուսաստանից ուղարկվող փոխանցումները այդ թվում 1 մլրդ դոլար են), իսկ ՀՆԱ-ի մեծությունը մոտավորապես 10,6 մլրդ էր։

2014-ին, ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ շուրջ 11.6 մլրդ դոլար էր, իսկ դրամական փոխանցումների ներհոսքը՝ ավելի քան 2.1 մլրդ։ Այսինքն՝ փոխանցումներ/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում էր 18%-ը։ Ու այդ ցուցանիշը նվազել է՝ ոչ թե ՀՆԱ-ի աճի, այլ դրամական փոխանցումների կրճատման հետևանքով։ Ֆիզիկական անձանց կողմից միայն Ռուսաստանից ուղարկվող գումարները 2015-ին նվազել են ավելի քան կես մլրդ ԱՄՆ դոլարով, ինչը Հայաստանի նման փոքր տնտեսության համար բավականին լուրջ թիվ է։

Սակայն մյուս երկրների համեմատ Հայաստանի վիճակը անգամ նախանձելի է։ Դա երևում է գծապատկերից (այն ինքնուրույն ենք կազմել՝ տարբեր աղբյուրներից հայթայթելով 2015-ի ՀՆԱ-ի մեծության և դրամական փոխանցումների ներհոսքի տվյալները):

Remittances-arm

Ինչպես տեսնում եք, դրամական փոխանցումներից կախվածության առումով առաջատարը Տաջիկստանն է. 2015 թվականին միգրանտների ուղարկած գումարները կազմել են այս երկրի ՀՆԱ-ի 32.5%-ը (մոտավորապես 2.6 մլրդ դոլար)։ Ղրղզստանում ցուցանիշը 20.3% է (շուրջ 1.5 մլրդ դոլար), Մոլդովայում 17.4% (1.1 մլրդ դոլար)։

Այս հարաբերակցությունը փոքր-ինչ ավելի ցածր է Վրաստանում՝ 7.6%, սակայն բացարձակ մեծությամբ արտերկրում աշխատող վրացիները իրենց երկիր ուղարկում են նույնքան, որքան մոլդովացիները՝ 1.1 մլրդ դոլար։
Ադրբեջանում այս հարաբերակցությունը փոքր է՝ 2%-ից էլ քիչ, սակայն արտերկրում աշխատող ադրբեջանցի միգրանտները նույնպես քիչ գումարներ չեն ուղարկում՝ 2015-ին մոտ 1.2 մլրդ դոլար։ Պարզապես Ադրբեջանի ՀՆԱ-ն է մեծ՝ մոտ 63 մլրդ դոլար` պայմանավորված նավթարդյունաբերությամբ։ Նույն պատկերը նաև նավթ ու գազ ունեցող Թուրքմենստանում է և Ուզբեկստանում։ Նրանց դեպքում էլ այլ տիպի կախվածություն է՝ նավթից, որը «տրանսֆերտային ասեղից» պակաս խնդրահարույց չէ։

Բոլոր այս երկրներում դրամական փոխանցումների ներհոսքը 2015 թվականին նվազել է և այժմ էլ նվազում է՝ պայմանավորված, առաջին հերթին, Ռուսաստանի անբարենպաստ տնտեսական վիճակի հետ։
Վրաստան եկող դրամական փոխանցումները կրճատվել են 25%-ով, Ադրբեջանինը՝ 30.8%-ով, Տաջիկստանինը՝ 33.3%-ով, Ղրղզստանինը՝ 26.2%-ով, Մոլդովայինը՝ 30%-ով։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի բանկի տվյալներով, 2015 թվականին ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով ԱՊՀ երկրներ փոխանցվել է մոտավորապես 8 մլրդ դոլար՝ 2014 թվականի 18.3 մլրդի փոխարեն։

Այս շեշտակի նվազումը, բնականաբար, խնդիրներ է հարուցել բոլորի համար։ Ու այդ խնդիրները առավել լուրջ են այն երկրների համար, որտեղ դրամական փոխանցումներից կախվածությունը մեծ է։

Ասում են՝ խնդիրները որպես այդպիսին լավ բան չեն։ Սակայն մյուս կողմից դրանք հնարավորություն են տալիս, ստիպում են որոշ եզրակացություններ անել, հասկանալ սխալներն ու շտկումներ կատարել։ Իսկ գլխավոր եզրակացությունն այն է, որ հարկավոր են լուրջ, կառուցվածքային փոփոխություններ՝ տնտեսության կառուցվածքն առողջացնելու ու կախվածությունը թուլացնելու համար։ Ոչ թե կոսմետիկ քայլեր են պետք, այլ իրական կամք ու գործողություններ՝ «տրանսֆերտային ասեղից» ազատվելու համար։

Եթե այդ քայլերը պատշաճ ձևով կատարվեն, այսօր խնդիրների առաջ կանգնած երկրները որոշ ժամանակ անց շահած դուրս կգան՝ ավելի ուժեղ և նորարարական տնտեսությամբ։ Իսկ եթե ամեն ինչ լինի ձևական, թղթի վրա, ապա կախվածությունն ավելի կուժեղանա։ Իսկ հետևանքը կլինի այն՝ ինչ լինում է բուժումից հրաժարվող ցանկացած թմրամոլի հետ։

Հրապարակվել է՝ 22.03.2016


Կարդալ ավելին JAMnews-ում