Հայաստանի որոշ գյուղերի տղամարդկանց 90% մեկնում է գումար վաստակելու ու տարվա մեծ մասն անցկացնում ընտանիքներից հեռու " />

Տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի գարնանը

Հայաստանի որոշ գյուղերի տղամարդկանց 90% մեկնում է գումար վաստակելու ու տարվա մեծ մասն անցկացնում ընտանիքներից հեռու

Մեկնում՝ թեկուզ պարտքով

Հայաստանի հյուսիսային հատվածի գյուղերում մեկնարկել է արտագնա աշխատանքի մեկնելու շրջանը։ Տղամարդկանց գրեթե 90 տոկոսը յոթ-ութ ամսով մեկնում է  Ռուսաստան աշխատելու, ընտանիքի ողջ հոգսը թողնելով կանանց ուսերին։

«Չորս օրից դուրս կգամ, գնում եմ Չիտա, Կրասնոյարկս։ Տոմսի փող էլ չունեմ, պարտքով կվերցնեմ կգնամ, կաշխատեմ կուղարկեմ, մերոնք կփակեն։ Ավտոբուսով եմ գնում, օդանավի այդքան գումար չտամ։ Կվերադառնամ նոյեմբերի վերջին»,– ասում է 16 տարի արտագնա աշխատանքի մեկնող Մհեր Գրիգորյանը։

44-ամյա Մհերն ապրում է Երևանից 100 կմ հեռավորության վրա գտնվող Լոռու մարզի Գեղասար գյուղում։ Ասում է, որ մեկնում է մյուս համագյուղացիների հետ։ Տղամարդկանց մեծ մասն է մեկնում՝ ընտանիք է պետք պահել

«Արցախյան պատերազմի մասնակից եմ: 1994 թվականին վիրավորվեցի գլխից, երրորդ կարգի հաշմանդամ եմ, արևի տակ երկար չեմ կարողանում մնալ, բայց մեկ է, գնում եմ։ Շատ կուզեի մնալ ընտանիքիս կողքին, բայց աշխատանք չկա։ Երևանում աշխատում էի շինարարությունում, օրական հինգ հազար դրամով, բայց դա չի բավականեցնում»։

Գեղասարում բնակիչների թիվը հասնում է  932-ի: Հիմնական զբաղվածությունն այստեղ ավանդաբար հողագործությունն է եղել։ Սակայն տեխնիկայի բացակայությունը, հաճախ էլ դրա մաշվածությունը շատերին հեռացրել է հողի մշակությունից։

37-ամյա Անդրանիկ Թորոսյանն էլ արտագնա աշխատանքի է մեկնում արդեն տասնյոթ տարի։ Ցավով է նշում, որ չի տեսել իր երկու տղաների մեծանալը`առաջին քայլերը, առաջին բառերը

«Չեմ հասկացել, երեխեքը երբ իմ բոյին դարձան, իրենք էլ իրենց հորից երևի բան չեն հասկացել։ Հինգ ամիս տանը, յոթ ամիս դրսում։ Ասեցի վարկ վերցնեմ, անասնապահական փոքր ֆերմա բացեմ յոթ-ութ անասունով, էն էլ վարկ չտրամադրեցին։ Ասեցին, վարկային պատմություն չունես։ Մտածում էի, գործ դնեմ, որ հրաժարվեմ խոպանից։

Ստիպված էլի բռնել եմ խոպանի ճամփան։ Ռուսաստանն էլ առաջվանը չէ, տաջիկները լցված են, աշխատաուժը էժանացել է, մեզ էլ քիչ են վճարում։ Միջինը 40 կամ 50 հազար ռուբլի, մաքուր մեզ մնում է մի 35 հազարը։ Բայց լինում է, որ ամիսներով չեն էլ վճարում»։

Գյուղի կենտրոնում գտնվող խանութը գեղասարցիների կենսամակարդակի ճշգրիտ ցուցիչն է։ Խանութի աշխատակից Սեյրան Պետրոսյանը ասում է, որ ժամերով խանութ մտնող չի լինում, մտնողների մեծ մասն էլ պարտքով է տանում ապրանքը։ Ցույց է տալիս պարտքերի մի քանի տետրերը։ Կանաչ գույնով ընդգծված են արդեն վճարվածները։

«Փակում են հիմնականում  թոշակի, նպաստի օրերին։ Լինում է, որ այնքան չեն տալիս, մինչև տղամարդիկ աշնանը վերադառնում են արտագնա աշխատանքից։ Մարդիկ էլ կան քաշված են գալիս։ Ու չգիտես արդեն, երբ կվճարի։ Հազիվ իրենց ձմեռվա ալյուրն ու փայտը առնում են՝ ու վերջ։

Էն սովետի տարիներին էլ էին գնում, բայց ոչ այսքան շատ։ Մարդիկ աշխատում էին Սպիտակի ու Վանաձորի գործարաններում, հիմա ոչինչ չկա», – ասում է Սեյրանը։

Գեղասարի բուժքույր Դուստրիկ Գրիգորյանն էլ պատմում է, որ հայրերի կարոտից երեխաները հիվանդանում են, ջերմում

«Ամիսներով չեն տեսնում, հեշտ չէ նրանց համար, ասում են. «Պապան գնացել է, կարոտում եմ»։ Էս գյուղերի կանայք խեղդվելով, տանջանքով ապրում են, աշխատում։ Խոտի հնձի ժամանակ, որ գաք գյուղ, մեր հարսների վիճակը սարսափելի է լինում, դառնում են տղամարդ»։

Գյուղի կանայք խոստովանում են. գարունը տանում է իրենց ամուսիններին, տխրում են, բայց միևնույն ժամանակ հասկանում, որ ապրելու այլ հնարավորություն չկա։ Գոհանում են կապի ժամանակակից միջոցներից, որոնց շնորհիվ կարողանում են շփումը պահպանել ամուսնների, տղաների հետ։

«Վայբերը, սկայպ՝ լավ է դրանք էլ կան։ Էս գյուղերի կանայք հերոս են։ Խոտի հունձը անում են, կարտոֆիլը հողից հանում են, փայտը ջարդում են։ Տեղ կա խոտքաղի ժամանակ մեխանիզացիան չի կարողանում մտնի ու կանայք են ծանր գերանդին քաշում։ Կնոջ գործ չէ, այդ պատճառով էլ հազար հիվանդություն ունեն», – պատմում է գյուղացիներից 62-ամյա Հայկուշ Հովհաննիսյանը։

Նա արդեն 43 տարի ռուսերեն է դասավանդում գյուղի դպրոցում։ Ասում է, որ գյուղի տղաները դպրոցից գնում են բանակ, բանակից խոպան, իսկ խոպանից նրանք էլ տուն վերադառնում հիվանդություններով՝ ծանր աշխատանքի պատճառով

«Կրկին չվելու շրջանն է։ Ամուսինս արդեն գնացել է, տղայիս էլ կճանապարհենք այս երկու օրը։ Իմ ու հարսիս աշխատավարձը չի հերիքի ոչ մի բանի, նա էլ է դպրոցում աշխատում։ Տղամարդիկ գնում են, մենք մտնում ենք հոգսի ու ծանրության տակ։ Ամառը յոլա ենք գնում, պահոցն ենք անում, պաշար ենք հավաքում, մինչև վերադառնում են»։

Հարևան գյուղում

Գեղասարի հարևանությամբ փռված է Շիրակամուտ գյուղը, որտեղից նույնպես մեկնում են արտագնա աշխատանքի։ Համայնքի ղեկավար Աշոտ Երանոսյանը նշում է, որ գյուղի շուրջ 1800 բնակիչներից 300-ը վերջին տարիներին ընդհանրապես տեղափոխվել ու մշտական բնակություն են հաստատել Ռուսաստանում:

«Հողն այստեղ մարդկանց չի կերակրում, որովհետև տարածաշրջանի մյուս համայնքների համեմատ Շիրակամուտը սակավահող տարածք է համարվում:

Շիրակամուտում շահավետ չէ նաև անասնապահությամբ զբաղվելը, քանի որ եղած սակավ արոտավայրերը հեռու են, բարձրադիր վայրերում։ Շատերը ստիպված գնում են արտագնա աշխատանքի կամ ընդմիշտ հեռանում», – ասում է նա։

Խորհրդային տարիներին գյուղում գործել է կարի ֆաբրիկա, որտեղ աշխատել է 250 մարդ։ Այսօր նույն ֆաբրիկայում աշխատում է ընդամենը 17 մարդ։ Վերելակների պահեստամասեր արտադրող գործարանում էլ աշխատել է 230 հոգի։ Հիմա այն ընդհանրապես չի գործում։

Շիրակամուտի  գրադարանավարուհի Թերեզա Ղամբարյանն ասում է, որ օրերս է ճանապարհել ամուսնուն ու տղային Սամարա։ Գնացել են շինարարությունում աշխատելու։

«Գյուղը լցվում է Նոր Տարուց առաջ՝ այդ ժամանակ են գալիս տղամարդիկ։ Գյուղն ապրում է արտագնա աշխատանքի շնորհիվ։ Չնայած դա էլ մի բան չի, մեկ էլ տեսնում ես, աշխատում են դատարկ գալիս, գումարը չեն տալիս, կամ ուշացած, կամ կեսը»,- պատմում է Թերեզան։

Գյուղի համայնքապետն էլ ցավով նշում է, որ երբեմնի ծաղկուն գյուղը ավերեց երկրաշարժն, ու մինչ օրս չի հաջողվում հասնել այն ժամանակների բարեկեցությանը։

Էպիկենտրոն

Շիրակամուտը և Գեղասարը գտնվում են 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ուղիղ էպիկենտրոնում։ Երկրաշարժը հողին հավասարեցրեց երկու գյուղն էլ։ Գեղասարում զոհվեցին 150, իսկ  Շիրակամուտում` 300 մարդ։

Տարիների ընթացքում գյուղերը քիչ թե շատ վերականգնվել են, սակայն ժամանակավոր կացարաններում դեռևս շարունակում են մարդիկ ապրել։ Գեղասարում խարխլված կացարաններում ապրում է 30 ընտանիք։ Շիրակամուտում վագոն տնակների թիվը հասնում է քառասունի։

Վերջին հույսը

Գյուղացիները հույսեր են կապում Հայաստանի նոր իշխանությունների հետ։ Քննարկում են կառավարության առաջարկություններն ու հայտարարությունները։

«Վարչապետը լավ բան է ասում՝ մնանք աշխատենք մեր երկրում։ Բայց եթե գոնե օրը մի տաս հազար դրամ վճարեին։ Իսկ այսպես հնարավոր չէ ապրել։ Բայց հավատում եմ, որ նորերը երկիրը կտանեն փոփոխությունների, դրական տեղաշարժի»,- ասում է Մհեր Գրիգորյանը։

Անդրանիկ Թորոսյանն էլ կրկին դժգոհելով, որ իրեն վարկ չեն տրամադրել, ասում է.

«Վարչապետը կոչ է անում, որ ինքներս ստեղծենք նոր աշխատատեղեր, նոր բան մտածենք։ Հիմա ես ուզում էի ֆերման բացել, բա  ինչո՞ւ չեն տալիս վարկ։ Ստիպված թողնելու եմ գնամ։ Բայց հույս ունեմ, որ լավ է լինելու, դեռ շուտ է, մեկ տարին բավական չէ, գնահատելու համար նոր իշխանություններին»։

Գյուղացիները դժգոհ են իրենց ապրուստից ու իրենք իրենց հույս են տալիս։

«Նակինում էլ էինք դժգոհում, բայց տեղ չէր հասնում, հիմա այլ է։ Հավատում ենք, ինչո՞ւ ոչ, իհարկե  մեկ տարում չի փոխվի։ 30 տարի է կերել են ու քանդել երկիրը, շուտ կփոխվի՞։ Հույս ունենք։ Մանավանդ մանկավարժներիս էլ խոստացել են, որ սեպտմեբերից աշխատավարձ են բարձրացնելու», – ասում է Հայկուշ Հովհաննիսյանը։   


Կարդալ ավելին JAMnews-ում