Հուշարձանի վրայի գրառումը թանկ նստեց 22-ամյա ակտիվիստի վրա" />

Տասը տարվա ազատազրկում գրաֆիտիի համար

Հուշարձանի վրայի գրառումը թանկ նստեց 22-ամյա ակտիվիստի վրա

Հեյդար Ալիևի արձանի վրա «Շնորհավոր ստրուկի տոնը» գրառումը հայտնվեց նախկին նախագահի ծննդյան օրվա նախօրեին՝ այս տարվա մարտի 10-ին: Հենց այդ օրը երիտասարդ ակտիվիստ Գիաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը, որոնց վերագրում են սկանդալային գրաֆիտին, կալանավորվեցին թմրանյութերի վաճառքի մեղադրանքով: Իսկ հոկտեմբերի 25-ին Գիաս Իբրահիմովին 10 տարվա ազատազրկման դատապարտեցին:

Հատկանշական է, որ դատախազը մինչ այդ Իբրահիմովի համար 9 տարի էր խնդրել:

Սոցցանցերում երիտասարդ ակտիվիստներին մեկ «հուշարձանի գերի» են անվանում, մեկ՝ «գրաֆիտիի գերի»: Դատավճիռը հրապարակելուց հետո չարաբաստիկ գրառումը քաղաքում ևս մի քանի պատերի վրա հայտնվեց:

«Տականքներ, նրանք 22-ամյա ուսանողից են վախենում», – իր էջում գրում է հայտնի լրագրող և նախկին քաղբանտարկյալ Խադիջա Իսմայիլը:

«Մի կես տարի կնստի և դուրս կգա որպես հայտնի ապստամբ: Ներում կշնորհեն: «Ընդդիմադիրների» արտադրության կոնվեյերային միջոց է», – Ֆեյսբուքում գրում է օգտատերերից մեկը:

«Ես հպարտանում եմ իմ տղայով, Գիասը երիտասարդ է, 10 տարին ոչինչ է նրա համար: Իլհամ Ալիևը որդուս կյանքից 10 տարի խլեց, որպեսզի իր որդուն գահին նստեցնի, – ասում է Գիասի մայրը՝ Շուրա Իբրահիմովան: – Բայց ոչինչ, Ադրբեջանում Գիասի նման դեռ շատ երեխաներ կան: Նրա անունը պատմության մեջ կմնա, անգամ եթե նա չլինի»:

Փաստաբան Էլչին Սադիղովի խոսքով, դատավարությունը «սկզբից մինչև վերջ քաղաքական բնույթ էր կրում», բազմաթիվ խախտումներ կային: «Ի հեճուկս օրենքի՝ դատարանի վճիռը հրապարակվել է փակ նիստի ընթացքում, բացի այդ, Գիասը ՔԿՀ ղեկավարությունից սպառնալիքներ է ստացել», – ասում է փաստաբանը: Նրա խոսքով, իր պաշտպանյալից առգրավել են ավարտական լսումների համար նախատեսված ելույթի տեքստը: Սադիղովը մտադիր է իր պաշտպանյալի ազատ արձակմանը հասնել:

«Ադրբեջանում սկսել են աննախադեպ պրակտիկա կիրառել: Այսօր սահմանվել է պատիժ, որը գերազանցում է մեղադրող կողմի պահանջը», – գրում է նախկին քաղբանտարկյալ և իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը:

Վերջին դատական նիստի վկաներից մեկը նախկին քաղբանտարկյալ և ակտիվիստ Ռաշադատ Ախունդովն էր: Նրա խոսքով՝ իր վերջին ելույթում, երբ Գիասն ասաց «Ես չպետք է այստեղ լինեմ», նրան ընդհատեց դատարանի նախագահ Էնվեր Սեիդովը, որը ծիծաղեց և հարցրեց. «Իսկ որտե՞ղ պետք է լինես»:

Իր վերջին ելույթում Գիասը հայտարարեց. «Ես չեմ ուզում ինձ պաշտպանել առաջադրված մեղադրանքից: Յուրաքանչյուր մարդ, ով խիղճ ունի, գիտի, որ իմ կալանքի իսկական պատճառը երկրում ամենաթողության դեմ քաղաքակիրթ բողոքն էր: Ես չեմ խախտել գրված օրենքները: Սակայն համակարգն ունի չգրված օրենքներ, որոնցում ստրկությունը որպես ազատություն է ներկայացվում: Երբ խախտում ես այդ չգրված օրենքները, դժվար է «պատժից» խուսափել: Երբ մարդիկ խախտում են չգրված օրենքները, նրանց կալանավորում են զրպարտիչ մեղադրանքներով: Մեզ հաճախ են ասում՝ դուք ինքներդ ձեզ հորն եք գցել: Մենք դա հրաշալի գիտենք: Մենք մեզ հորն ենք գցել, քանի որ հույս ունեինք այնտեղ ջուր գտնելու և այս կեղտը մաքրելու: Մենք կարող ենք խորտակվել, սակայն հույս ունենք գտնելու այդ ջուրը»:

Իշխանամետ լրատվամիջոցները կալանքի մասին լուրը հրամցրին որպես դատավճռի մասին շարքային նորություն՝ ընդգծելով, որ դատապարտյալը NIDA երիտասարդական շարժման անդամ է, մանրամասն ներկայացնելով մեղադրանքի բոլոր հոդվածները. թմրանյութերի արտադրություն և կազմակերպված իրացում: Հուշարձանի վրայի գրառման մասին խոսք չեղավ: Անգամ haqqin.az-ը, որը բուռն քննադատում է ընդդիմությանը, այս անգամ բավականին սակավախոս էր:

Amnesty International-ը, Human Rights Watch-ն ու այլ միջազգային կազմակերպություններ քննադատեցին դատարանի որոշումը՝ այն քաղաքական և հակաժողովրդական անվանելով:

Այն կապակցությամբ, որ Ադրբեջանում դատարանը Հեյդար Ալիևի արձանին թողած «Շնորհավոր ստրուկի օրը» գրառման համար 22-ամյաերիտասարդին 10 տարվա ազատազրկման դատապարտեց, Freedom House-ը հետևյալ հայտարարությունն արեց.

«22-ամյա Գիաս Իբրահիմովի վճռին նախորդում էին խոշտանգումներ և թմրանյութերի վաճառքի ֆիկտիվ մեղադրանք, – ասում էմիջազգային ծրագրի փոխնախագահ Ռոբերտ Հերմանը: – Պետությունը անհանդուրժողականություն է դրսևորում ցանկացած տեսակիայլախոհության և ազատ կարծիքի հանդեպ, ինչն ի ցույց է դնում նրա վախը հասարակական կարծիքի հանդեպ»:

Հրապարակվել է 26.10.2016


Կարդալ ավելին JAMnews-ում