Տաթևի բնակիչները տեսան, թե ինչ լավ է աշխատում ճոպանուղին՝ և 15 հյուրատուն բացեցին, բայց դրանք հաճախ դատարկ են մնում " />

ՏաԹևեր՝ տու՛ր ինձ թևեր

Տաթևի բնակիչները տեսան, թե ինչ լավ է աշխատում ճոպանուղին՝ և 15 հյուրատուն բացեցին, բայց դրանք հաճախ դատարկ են մնում 

Ի՞նչ է Տաթևերը

Վերջին տարիներին Գորիսում ոչ ոք չի զարմանում անգլերեն լեզուն լսելիս: Համենայնդեպս «Do  you speak English?» հարցն ընկալվում է որպես ինքնին ենթադրվող, և նույնիսկ նրանք, ովքեր բացարձակ չեն խոսում անգլերեն, կհասկանան՝ զբոսաշրջիկն օգնության կարիք ունի, որպեսզի հասնի հյուրանոց, ռեստորան կամ տեսարժան վայրեր:

Հենց այդ հարցով ինձ դիմեց մի չինացի աղջիկ, որն ուզում էր հասնել Տաթև: Նա բացեց ուղեգիրքը և բացականչեց. «Այսօր վերջապես կտեսնեմ աշխարհի ամենաերկար ճոպանուղին»: Չհասցրի ինչ-որ բան ասել ու անհրաժեշտ հրահանգները տալ՝ իսկ նա արդեն երթուղայինի մեջ էր, որը լրիվ ուրիշ ուղղությամբ էր գնում… Հուսով եմ՝ այնուամենայնիվ հասավ Տաթև և Տաթևեր ճոպանուղին նրան դուր եկավ:

Տաթևեր նշանակում է «Տու՛ր ինձ թևեր»: Գաղափարն այնպիսին էր, որ այս նախագիծը պետք է թևեր տար Հայաստանի մի ամբողջ շրջանի՝ գրավեր զբոսաշրջիկներին և դառնար եկամուտի աղբյուր Սյունիքի մարզի բնակիչների համար: Հայաստանի այս հատվածը լեռնային վայր է՝ չքնաղ, սակայն ոչ հասարակ բնությամբ. բարդ լանդշաֆտ, մաքուր օդ և խիստ կլիմա: Մասամբ բնակլիմայական պատճառներով են այստեղ ճանապարհները ոչ միշտ բարեկարգ: 

Որոտանի կիրճով ձգվող 13 կիլոմետրանոց ուղին անցնելու համար, պետք է 40 րոպե հաղթահարել բարդ լեռնային, ոլորապտույտ և անբարեկարգ ճանապարհը: Սակայն շատ բան է փոխվել ճոպանուղու կառուցումից հետո: Այն միացնում է Հալիձորն ու Տաթևը: Սովորական կառույց չէ, շատ գեղատեսիլ վայրում է և ընդհանրապես՝ աշխարհում ամենաերկարն է և ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Երկարությունը 5752 մետր է, մի ծայրից մյուսը հասնելու համար պետք է ընդամենը 12 րոպե՝ 40 րոպե մեքենայով ոլորապտույտ ճանապարհ հաղթահարելու փոխարեն:

Ի՞նչ է տալիս Տաթևերը շրջանի բնակիչներին

Չնայած այն բանին, որ ճարտարապետական կառույցներով հարուստ այս շրջանը միշտ համարվել է զբոսաշրջային, նախորդ տարիներին տեղի բնակիչները հույսները կապում էին միայն գյուղատնտեսության հետ: Եվ միայն ճոպանուղու բացմամբ զբոսաշրջիկների թիվն այնքան ավելացավ, որ առաջացան եկամտի այլ աղբյուրներ ևս:

Գորիսից և շրջակա բնակավայրերից 49 մարդ է աշխատում «Տաթևեր» ճոպանուղում: «Մասնագետներ ընտրելիս՝ մենք նախապատվությունը տալիս են տեղաբնակներին», – ասում է ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը: Աշխատավարձն այստեղ վատը չէ՝ երկրում գործող միջինից բարձր:

Ի դեպ, ճոպանուղու ուղևորաշրջանառությունից կարելի է հասկանալ, որ զբոսաշրջիկների քանակը կայուն կերպով աճում է. 2010 թ., երբ Տաթևերը նոր էր բացվել, ուղևորների քանակը կազմել է 9 հազար մարդ (աշխատանքային 3 ամիսներին), 2014-ին՝ հասել է 100 հազարի, իսկ այս տարվա հունվար-օգոստոս ժամանակահատվածում Տաթևեր ճոպանուղին տեղափոխել է 75 հազար մարդ: Տաթևցիները, տեսնելով այդ դինամիկան, արագ բացեցին 15 հյուրատուն:

Ի՞նչն է պակասում

Ցավոք սրտի ոչ բոլոր հյուրատներն են լցված զբոսաշրջիկներով, և ասել, որ Տաթևերը թևեր է տվել տեղական բիզնեսին, դեռևս չենք կարող: Բայց այն միանշանակ խթան է դարձել աշխատասեր մասնավոր ձեռնարկատիրոջ համար:

Տաթևցի Սարո Մարտիրոսյանի ընտանիքը հացատուն և հյուրատուն ունի: Ինչպես մեկը, այնպես էլ մյուսը եկամուտ են բերում, բայց դեռևս ոչ մեծ:

Սարոյի խոսքով, հույսը դնել միայն ոչ մեծ հյուրատնից ստացվող եկամտի վրա հնարավոր չէ. «Մեր ընտանիքի հիմնական եկամուտը գալիս է մեղուներից, մենք մոտ 200 փեթակ ունենք: Մեղրն այժմ կարելի է վաճառել նաև զբոսաշրջիկներին»:

Տաթևի բնակիչ Նորվարդ Մովսիսյանն էլ է հացատուն բացել: «Երբ զբոսաշրջիկները գալիս են ճաշելու, առաջարկում եմ գնել իմ պատրաստած մուրաբաները, իմ ձեռքով հավաքած խոտաբույսերը: Եթե ամեն տնտեսություն զբաղվի ոչ միայն իր այգին մշակելով, այլն նաև նման մի բանով, անպայման արդյունքի կհասնի», – ասում է նա: 

«Խնդիրը մասամբ այն է, որ զբոսաշրջիկներն այցելում են Տաթև միայն մեկ օրով, առանց գիշերակացի, – կարծում է տեղի հյուրանոցներից մեկի տնօրեն Շահեն Զեյթունցյանը,- պետք են նոր նախագծեր, որոնք կօգնեն զբոսաշրջիկներին այստեղ ավելի երկար պահել: Դա շահավետ է բոլոր տեղացիների համար»:

Սակայն այդպիսի նախագծեր, ցավոք, չկան: Տեղացիները ոչ առանց հիմքերի կարծում են, որ միայն ճոպանուղով հնարավոր չէ զարգացնել շրջանը, պետք է գոնե այս շրջանի 8 համայնքներն իրար կապող ճանապարհները կարգի բերել:

«Բոլորը խոսում են շրջանի զարգացման մասին, բայց կոնկրետ ի՞նչ են անում: Դպրոցի վերանորոգումից զատ դեռևս ոչ մի լուրջ բան չի արվել», – ասում է Հալիձորի գյուղապետ Մարատ Գերասիմյանը:

Եթե որոշեք կանգ առնել Գորիսում, գիշերը հյուրանոցում կարժենա միջինը 12 հազ. դրամ (25 $), իսկ հոսթելում՝ կրկնակի էժան: Երկանգամյա սնունդը տեղի ռեստորանում կարժենա մոտ 5 հազ. դրամ (10$): Ճոպանուղով Տաթև վանական համալիր հասնելու համար պետք է վճարել 3500 դրամ (7$-ից մի փոքր ավել), իսկ երկկողմանի տոմսի արժեքը կազմում է 5 հազ. դրամ: Տաթևում մեկ օր հանգստանալու համար հարկավոր կլինի 12 հազ. դրամ (մոտ 25 $). 6 հազ. դրամ՝ հոսթելում գիշերելու համար, այդքան էլ ՝ սնվելու: 

Հրապարակվել է՝ 04.08.2016

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում