Այն մասին, թե ինչ է տեղի ունենում Աբխազիայում, և փոքրիկ հարցում տեղացիների շրջանում" />

Վրաց-աբխազական պատերազմի ավարտի 25-ամյակն Աբխազիան նշում է որպես Հաղթանակի օր

Այն մասին, թե ինչ է տեղի ունենում Աբխազիայում, և փոքրիկ հարցում տեղացիների շրջանում

Վաց-աբխազական պատերազմի ավարտի 25-ամյակն Աբխազիայում նշում են որպես Հայրենական պատերազմում Աբխազիայի ժողովրդի հաղթանակի օր։

Աբխազիայում զինված հակամարտությունը սկսվել է 1992 թ-ի սեպտեմբերի 14-ին, տևել 13 ամիս և 13 օր և ավարտվել 1993 թ-ի սեպտեմբերի 27-ին աբխազական և հյուսիսկովկասյան զորքերին վրացական զինված ուժերի պարտությամբ։ Որոշ տվյալների համաձայն՝ զինված հակամարտությունը խլել է մոտ 13 հազար մարդու կյանք, փախստական է դարձել մոտ 300 հազարը, առավելապես վրացիներ։

 

2008թ-ին՝ օգոստոսյան պատերազմից հետո, Ռուսաստանի կառավարությունն Աբխազիան ճանաչել է որպես անկախ պետություն։ Վրաստանի կառավարությունն, իր հերթին, այդ տարածքը պաշտոնապես հայտարարել է օկուպացված։

Աբխազիայում հաղթանակի 25-ամյակը մեծ շուքով են նշում․ ռազմական շքերթ, «Անմահ գունդ» ակցիա և Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի պատկերով առաջին աբխազական թղթադրամի թողարկում։

Պաշտոնական տոնական ամսաթիվը հանրապետությունում համարվում է սեպտեմբերի 30-ը։ Դա այն օրն է, երբ 1993թ-ին աբխազական զորքերն Ինգուր գետով հասել են Վրաստանի սահման։

Սակայն, ըստ տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի, Աբխազիայում սկսում են տոնել երեք օր շուտ՝ սեպտեմբերի 27-ին։ Այս օրը համարվում է Սուխումի ազատագրման օր։

Կայքում կարդացեք նաև: 25 տարի է անցել վրաց-աբխազական պատերազմի ավարտից։ Վրաստանում սեպտեմբերի 27-ը նշում են որպես Սուխումիի անկման օր

Յուրաքանչյուր տարի Հաղթանակի և անկախության տոնին նվիրված միջոցառումները սկսվում են վրաց-աբխազական պատերազմում զոհվածների հուշարձանին ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով։ Այդպիսի հուշարձաններ կան Աբխազիայի յուրաքանչյուր բնակավայրում։

Սուխումում տեղադրված հուշարձանին զետեղված են 1992-1993թթ-ին պատերազմում զոհված բոլոր չորս հազար զինվորների անունները։

Աբխազիայում գրեթե ընտանիք չկա, որը չի տուժել պատերազմից և հարազատ չի կորցրել։ Այս տարի առաջին անգամ է անցկացվում «Անմահ գունդ» ակցիան։ Յուրաքանյուր ցանկացող կարող է միանալ երթին և փողոցներով քայլել պատերազմի ժամանակ զոհված կամ դրանից հետո վիրավորումից ու հիվանդություններից մահացած իր հարազատների լուսանկարներով։

Սեպտեմբերի 30-ին Սուխումի Ազատության հրապարակում ռազմական շքերթ կանցկացվի որին կմասնակցեն ինչպես կանոնավոր զորքեր, այնպես էլ պատերազմի վետերաններ։

Աբխազիայի ազգային բանկը հոբելյանի կապակցությամբ թողարկել է 500 ապսար [մոտ $75] արժողությամբ աբխազական առաջին արժեթուղթը, որի վրա պատկերված է Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբան՝ աբխազների համար այդ պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշը։

Աբխազական առաջին թղթադրամը

Աբխազիայի բնակիչները պատասխանել են JAMnews-ի երեք հարցերին

Հարց առաջին․ ի՞նչն եմ Աբխազիայում ամենաշատը սիրում և ինչո՞ւ

Եվա, 28 տարեկան․ «Ամենաշատն Աբխազիայում ինձ դուր է գալիս այն, որ սա իմ տունն է։ Այստեղ են ապրում հարազատներս ու ընտանիքս։ Ես գիտեմ իմ երկրի պատմությունն ու հպարտանում եմ նրանով։ Մենք մեծ կորուստներ ենք կրել, սակայն արժանացել ենք ազատության և անկախության»։

Սարիա, 32 տարեկան․ «Ամենաշատը ես սիրում եմ Աբխազիայի բնությունը։ Մենք ձմեռ չունենք, շոգ ամառվանից անցում ենք կատարում դեպի տաք աշուն, այնտեղից էլ՝ գարուն։ Աբխազիան, առաջին հերթին, գեղեցկություն է»։

Դաուր, 35 տարեկան․ «Ես սիրում եմ իմ երկիրն ազատության համար։ Այն, որը վաստակել են մեր նախնիներն ու այն, որը մենք հիմա կամաց-կամաց մեր երեխաներին ենք փոխանցում։ Այդ ազատության զգացումն ամենաարժեքավոր բանն է, որ կարող է լինել մարդու հետ։ Դեռ հայրս ու պապս երբեք չէին հավատա, որ Աբխազիան կարող  այսպիսին լինել»։

Հարց երկրորդ․ ի՞նչն ինձ ամենաշատը դուր չի գալիս Աբխազիայում

Եվա, 28 տարեկան․ «Ինձ դուր չի գալիս, որ այս տարիների ընթացքում այդպես էլ իշխանության չկարողացան գալ պրոֆեսիոնալներ, որոնք միաժամանակ ունեն մարդկային որակներ, իսկական հայրենասիրություն։ Կային գիտակներ, սակայն դա նրանց չէր խանգարում գործել կոռուպցիոն սխեմաների շրջանակում»։

Սարիա, 32 տարեկան․ «Ինձ ամենաշատը դուր չի գալիս անտաշությունը։ Նկատի ունեմ միմյանց և մեր հյուրերի հանդեպ անհարգալից վերաբերմունքը։ Քանի որ շատ հաճախ եմ տեսնում, որ մերոնք չարություն և ագրեսիա են արտահայտում»։

Դաուր, 35 տարեկան․ «Ամենաշատն ինձ դուր չի գալիս Աբխազիայում տիրող խառնաշփոթը։ Այն ամենուր է․ մեր չինովնիկների գլուխներից մինչև դպրոցական ծրագրեր։ Կարծես, ամեն ինչ դիտմամբ վատ արվի։ Երբեմն վատ է արվում այն, ինչ իրականում անհնար է վատ անել։ Այդ խառնաշփոթի զգացումն անվերջ է։ Ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ, սակայն յուրաքանչյուրն ինչ-որ բանից դժգոհ է»։

Հարց երրորդ․ ի՞նչ պետք է անեն իշխանություններն առաջին հերթին

Եվա, 28 տարեկան․ «Առաջին հերթին իշխանությունները պետք է կարգի բերեն ենթակառուցվածքները։ Պատերազմից 25 տարի է անցել, իսկ Սուխումի կենտրոնում մինչև հիմա անսարք ճանապարհներ են, կիսավեր տներ։ Մյուս քաղաքների մասին, ավելի լավ է, չհիշատակել»։

Սարիա, 32 տարեկան․ «Իշխանություններն, ի վերջո, պարտավոր են ապահովել մեր անվտանգությունն ու հարմարավետությունը։ Դա վերաբերում է նաև ուժային գերատեսչություններին, և նրանց, ովքեր պատասխանատու են բնակարանային տնտեսության և սոցիալական հարցերի համար»։

Դաուր, 35 տարեկական․ «Գլխավորն, ինչ պիտի անեն իշխանություններն, օրենքները թղթի վրա չթողնելն ու ի կատար ածելն է։ Առաջինը․ օրենքը պետք է պահպանվի։ Երկրորդը․ օրենքի առջև պետք է բոլորը հավասար լինեն։ Երրորդը․ պետությունը պետք է ստիպի հավատալ իրեն որպես պետության, այլ ոչ թե առանձին անհատների և կարգախոսների»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Դմիտրի Ստատեյնովի

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն։

Կարդալ ավելին JAMnews-ում