Տղամարդկանց պատմություններ, որոնք երեխաների խնամքն իրենց վրա են վերցրել։ Ինչու են դիմել այդ քայլին և ինչու են նրանք այդքան քիչ Վրաստանում " />

Վրացի տղամարդիկ՝ «ֆիզարձակուրդում»․ հայրեր, որոնք խնամում են իրենց երեխաներին

Տղամարդկանց պատմություններ, որոնք երեխաների խնամքն իրենց վրա են վերցրել։ Ինչու են դիմել այդ քայլին և ինչու են նրանք այդքան քիչ Վրաստանում

31-ամյա Գիորգի Բալախաշվիլին սպասում է իր երկրորդ երեխայի ծնվելուն։ Նա պատրաստվում է կրկնել այն, ինչ Վրաստանում համարձակություն է ունեցել անել ընդամենը մի քանի տղամարդ։   Գիորգին երկրորդ անգամ է այդ քայլին գնում։ Հիմա ամեն ինչ շատ ավելի հեշտ է լինելու․ եռամյա Իլյան՝ Գիորգիի առաջնեկն, արդեն մանկապարտեզ է գնում։ Սկզբում երեխայի համար հոգ տանելը վախեցնում էր, հիշում է հայրը։ Տակդիրը փոխելը, խյուս պատրաստելն ու երեխային լողացնելը հոր համար այլևս խնդիր չէ։

«Հիշում եմ, որ եկավ այն պահը, երբ երեխայի եղունգները պետք է կտրեի։ Ես ու կինս հայացքներով փոխանակվեցինք և մի որոշ ժամանակ շփոթված էինք ինչպե՞ս մկրատով կտրել փոքրիկ մատների եղունգները՝ չվնասելով դրանք։ Բայց ես այնուամենայնիվ որոշեցի գործի անցնել։ Իրականում բարդ բան չկա ոչ երեխային քնեցնելու, ոչ էլ հագուստը փոխելու մեջ»։

Գիորգին չի կարծում, որ բացառիկ մի բան է արել կամ ինչ-որ յուրահատուկ հայր է դարձել։ Նա վստահ է, որ Վրաստանում շատ տղամարդիկ իր պես կվարվեին, եթե չլիներ այն կարծրատիպը, թե դա տղամարդու գործ չէ։ Ավանդական Վրաստանում երեխայի համար հոգ տանելը բացառապես կնոջ գործ են համարվում և կասկածում, որ տղամարդը կկարողանա գլուխ հանել երեխաներին դաստիարակելու գործից։

«Տղամարդիկ պարզապես չեն դիմում այդ քայլին։ Եվ երեխայի հետ մենակ մնալու քայլին՝ նույնպես։ Ոմանք վստահ չեն, որ իրենց մոտ կստացվի։ Չգիտեն՝ ինչ անել, երբ երեխան լալիս է, չի քնում կամ չի ուտում։ Նրանք կարծում են, որ դա միայն կինը կարող է անել։ Իսկ ես ամենասկզբից մի սկզբունքի էի հետևում եթե կինս ինչ-որ բան կարող է անել, ինչո՞ւ ես չեմ կարող», – ասում է Գիորգին։

• «Ուզում եմ մորս հետ ընկերություն անել»։ UNICEF-ի հետազոտությունը Վրաստանում երեխաների և ծնողների հարաբերությունների մասին

• Միստեր Դայակ. Երբ երեխաներին տղամարդիկ են դաստիարակում

• Առանց ընտրության իրավունքի. երբ Ադրբեջանում տղամարդկանց բռնի ամուսնացնում են

Ոչ հայրական հոգսեր

Վրաստանում համարվում է, որ ընտանիքում երեխայի հիմնական հոգսը պետք է տանի կինը, իսկ տղամարդու գործը գումար վաստակելն ու ընտանիքին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելն է։ Կարծրատիպը, որը ձևավորվել է դարեր առաջ, նախկինի պես արդիական է ժամանակակից Վրաստանում՝ մի երկրում, որտեղ հաճախ հենց կանայք են տղամարդկանցից ավելի շատ աշխատում և ապահովում ընտանիքը։

ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) 2014թ-ի տվյալների համաձայն՝ հայրերի 30-42%-ը երբեք երեխաների համար ուտելու բան չի պատրաստում մինչև նրանց վեց տարեկանը, երբեք չի բարուրում և չի լողացնում։ Ավելի մեծ երեխաների հետ կապված իրավիճակը դրանից լավը չէ։

Այդ նույն տվյալների համաձայն՝ հայրերի միայն յոթ տոկոսն է 7-12 տարեկան երեխաների համար ուտելու բան պատրաստում, լվանում նրանց հագուստն ու գիրք կարդում։ 13-18 տարեկան դեռահասների դաստիարակման գործում հայրերի մասնակցություն էլ ավելի քիչ է հայրերի միայն հինգ տոկոսն է ներգրավված ընթերցանության համար գրականություն ընտրելու, ուսուցիչների հետ հանդիպելու, տնային աշխատանքի կատարման կամ երեխայի հագուստը լվալու գործում։

«Ընտանիքի ղեկավարը» չի միջամտում

Հոգեբան Քեթի Թավարթքիլաձեն կարծում է, որ երեխաներին խնամելու և նրանց դաստիարակելու հարցում տղամարդկանց սակավ մասնակցությունը կապված է Վրաստանում ձևավորված մշակութային նորմերի և գենդերային դերերի մասին պատկերացումների հետ։

«Շատ հայրեր ակտիվորեն մասնակցում են երեխայի դաստիարակմանը, սակայն չեն բարձրաձայնում դա՝ իրենց ներսում կարծելով, որ տղամարդու գործով չեն զբաղվում», – ասում է նա։

Նրա խոսքով՝ նշված գենդերային դերերի համաձայն տղամարդը կնոջից մի աստիճան վերև է կանգնած, նա «ընտանիքի գլուխն» է, որը չպետք է միջամտի ներքին գործերին, երեխաների խնամքին, բայց միաժամանակ ընտանիքի բոլոր անդամները նրան են ենթարկվում։

«Շատ նուրբ սահման է տարանջատում նման դիրքն ընտանեկան բռնությունից», – պնդում է Թավարթքիլաձեն։

Ըստ հոգեբանի՝ շատ կարևոր է հուզական կապ ձևավորել հոր և երեխայի միջև երեխայի ծնվելուց անմիջապես հետո։

«Մինչև երկու տարեկանը ձևավորվում է կապվածության ունակությունը։ Առողջ կապվածությունն ամուր հուզական կապ է նշանակում երեխայի համար հոգ տանող մարդու հետ, և այդ կապը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում։ Դա նույնքան կարևոր է, որքան սնունդն ու օդը», – ասում է Քեթի Թավարթքիլաձեն։

Սակայն Վրաստանում, որպես կանոն, հայրերը նման կապեր չեն ձևավորում, ինչը հետագայում մեծապես անդրադառնում է երեխաների հետ նրանց հարաբերությունների վրա։ Այս մասին է վկայում այն հանգամանքը, որ դեռահասության տարիքում հայրերի հետ երեխաների հարաբերություններն ընկերական չեն լինում, այլ, ընդհակառակը, նրանք հեռանում են իրարից։

Առողջապահության համակարգի թբիլիսցի մասնագետ Սանդրո Ասատիանին՝ երեխայի խնամքն իր վրա է վերցրել։ Լուսանկարն՝ անձնական արխիվից

2017թ-ին ՄԱԿ Մանկական հիմնադրամը հետազոտություն է անցկացրել՝ ուսումնասիրելով Վրաստանում դեռահասների խնդիրները։ Հարցվածների մեծ մասը հայրերին որպես ավտորիտար կերպար է ներկայացրել՝ նրանց բնորոշելով որպես պահանջկոտ, խիստ, նկատղություններ անող և պատժող մարդկանց։ Երբեմն այս խիստ իմիջը պահպանվում է նաև հետագայում։

«Անընդհատ վազում էի երեխայի մոտ ու լսում, թե արդյոք շնչում է»

37-ամյա Գիորգի Չիկովանին արձակուրդ է վերցրել դստեր՝ Լեայի ծնվելուց հետո։ Դրանից առաջ նրանք կնոջ՝ Մարիամի հետ, գնահատել էին իրենց ֆինանսական դրությունն ու որոշել, որ Մարիամը մեկ ամսից ավել չի կարող ֆիզարձակուդ վերցնել։ Գիորգին աշխատում է պետական հիմնարկում և դասախոսություններ կարդում մասնավոր համալսարանում, իսկ կինն աշխատում է մասնավոր ընկերությունում։

Հայրը պատմում է, որ դստեր ծնվելուն հաջորդած մեկ ամիսը գրեթե չի հիշում։

«Լարված էի, սրթեսից 12 կգ նիհարեցի։ Առաջին ամսից հիշողություններ չունեմ։ Ոչ նորմալ ուտում էի, ոչ խմում։ Անընդհատ վազում էի երեխայի մոտ, լսում՝ արդյոք շնչում է», – հիշում է նա։

Գիորգին ասում է, որ իր բախտը շրջապատի հարցում բերել է։ Աշխատավայրում նրա որոշումը զարմանք է առաջացրել, սակայն գործընկերներն ըմբռնումով են մոտեցել։ Սկզբում ընկերները ֆիզարձակուրդի և հոր առնականության թեմայով կատակներ էին անում, բայց շուտով ձանձրացան։

Երեխայի հետ խաղալու, նրան խնամելու և սնունդ պատրաստելու պարտականությունները Գիորգին ու Մարիամն այսօր հավասար կիսում են։ Լեան մեկ տարեկան և յոթ ամսական է։ Նա սիրում է պարել հոր հետ և խաղալ։ Քնելուց առաջ հենց նրան է խնդրում գիրք կարդալ։

«Այդ ամիսների ընթացքում ես կյանքիս ամենակարևոր փորձն եմ ձեռք բերել երեխայի հետ լինելը նրա կյանքի առաջին իսկ օրերից թույլ է տվել այնպիսի հարաբերություններ ձևավորել, որտեղ ես երբեք օտար չեմ լինում», – ասում է Գիորգին։

Ֆիզարձակուրդի փողերը նրան, ով երեխա է ունեցել

Վրաստանի օրենսդրությունը տղամարդկանց երեխային խնամելու նպատակով արձակուրդ տրամադրելու առանձին հնարավորություն չի նախատեսում։ Օրենքում գրված է, որ ծնողը (սեռը չի նշվում), որը պետական հաստատությունում է աշխատում, երկամյա ֆիզարձակուրդի իրավունք ունի, որի կես տարին վճարովի է։ Իսկ մասնավոր ընկերություններն իրենք են որոշում աշխատակիցների ֆիզարձակուրդների ձևակերպման և վճարման հարցերը։

Պաշտոնապես օրենքը հավասար դրության մեջ է դնում ծնողներին՝ անկախ սեռից։ Սակայն այս արձակուրդի իրավունքից օգտվելու ցանկություն ունեցող տղամարդը խնդիրների է բախվում։ Երեխայի ծնվելուց հետո պետությունն առավելագույնը 1000 լարի [մոտ $375] է վճարում, իսկ հստակ չափը կախված է աշխատավարձից։ Սակայն այդ գումարը հայրերը չեն կարող ստանալ, քանի որ այն տրվում է ծննդատնից ստացված վկայականի հիման վրա․ գործնականում դա նշանակում է, որ փողը կարող է ստանալ միայն նա, ով ծննդաբերել է երեխային։

Այդ պատճառով էլ հստակ տվյալներ չկան արձակուրդ գնացած տղամարդկանց մասին։ Սոցիալական պաշտպանության գործակալությունը հաշվառում է կատարում ծննդատների վկայականների և տրամադրված գումարների հիման վրա։ Տղամարդն այդ գումարը կարող է ստանալ միայն մեկ դեպքում, եթե ծննդկանը մահանում է ծննդաբերության ժամանակ։

Այդ պատճառով էլ ֆիզարձակուրդն իրենց վրա վերցնող տղամարդիկ ստիպված են հրաժարվել պետական փողից։ Սակայն ոմանք այստեղից էլ են ելք գտնում։ Պաշտոնապես ֆիզարձակուրդը ձևակերպվում է մոր անունով նա պետությունից փոխհատուցում է ստանում։ Սակայն երեխային խնամում է հայրը, որն արձակուրդի մասին պայմանավորվածություն է ձեռք բերում իր գործատուի հետ։

Տղամարդկանց «ֆիզարձակուրդը»՝ Սահմանադրական դատարանում

Վրաստանի Սահմանադրական դատարան հայց է ներկայացվել 28-ամյա Լաշա Չալաձեի կողմից։ Նա պահանջում է հենց այդ նորմի չեղարկումը, որի համաձայն՝ ծննդատանը տրվող բոլոր անհրաժեշտ փաստսաթղթերը տրամադրում են միայն մայրերին։ Լաշան իրավաբան է։ Նա դեռ ամուրի է, երեխա չի սպասում, սակայն սկսել է հետաքրքրվել այս թեմայով և բացահայտել է, որ նշված հոդվածը հակասահմանադրական է նա կարծում է, որ ինքը նույնպես ֆիզարձակուրդի հավասար իրավունք ունի, ինչպես իր երեխաների ապագա մայրը։

«Ես չգիտեմ, թե արդյոք երբևէ կօգտվեմ ֆիզարձակուրդից, սակայն կարծում եմ, որ օրենքով ես այդպիսի հնարավորություն պետք է ունենամ։ Տղամարդը կարող է երեխա մեծացնել նույն կերպ, ինչպես և կինը», – ասում է Լաշան։

Այս առաջարկին կողմ է ՄԱԿ Բնակչության հիմնադրամը։ Միաժամանակ UNFPA-ն հարկ է համարում օրենքով բոլոր ընկերություններին և հաստատություններին պարտավորեցնել, անկախ սեփականության ձևից, պարտադիր կարգով աշխատակիցներին մինչև 14 օր ֆիզարձակուրդ տրամադրել։

Հիմնադրամի գենդերային ծրագրի մենեջեր Մարիամ Բանձելաձեն ասում է, որ տղամարդիկ հաճախ չեն էլ իմանում, որ ֆիզարձակուրդի իրավունք ունեն, առավելևս տեղյակ չեն այդ արձակուրդի ընթացքում իրենց իրավունքների մասին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բնակչության իրազեկվածությունը բարձրացնել, այդ հարցին հասարակության վերաբերմունքը փոխել և աջակցել տղամարդկանց, որ նրանք ավելի ակտիվ օգտվեն ֆիզարձակուրդի իրենց իրավունքից և մասնակցեն երեխաների դաստիարակության պրոցեսին։

«Մի բան է, թե ինչ բովանդակություն ունի օրենքը, մեկ այլ բան է այն, թե ինչպես դա հրամցնել բնակչությանն, ինչպես գործնականում ներդնել ցանկություն և մոտիվացիա, որպեսզի մարդիկ սկսեն օգտվել այդ արձակուրդից», – ասում է Մարիամը։

«Վրացի տղամարդիկ փոխվել են»

Իրակլի Կակաբաձեն ամենահայտնի վրացի հայրերից է, որը ֆիզարձակուրդ է գնացել։ Նա առաջինն օգտվեց այս իրավունքից, և առաջինն էր, ում մասին այդ կոնտեքստում հաղորդեցին լրատվամիջոցները։

Այսօր Իրակլին ընտանիքի հետ ապրում է Ստամբուլում։ Հին թաղամասերից մեկում փոքր վրացական սրճարան ունի, գործերը լավ են։

Նրա որդին՝ Դանիելն, արդեն ութ տարեկան է և դպրոց է գնում։ Իրակլին պատմում է, որ կինն աշխատանքային կարևոր առաջարկ ուներ, և երբ հայտնի դարձավ, որ հայրը կարող է ֆիզարձակուրդ վերցնել, նա որոշեց օգտվել դրանից և Վրաստանում նախադեպ ստեղծել։

Իրակլի Կակաբաձեն՝ երեխաների հետ։ Լուսանկարն՝ անձնական արխիվից

Դա այնքան էլ հեշտ չէր անել։ Միայն առողջապահության նախարարության հետ տևական պայքարից հետո են Իրակլին ու նրա այն ժամանակվա գործատուն՝ կրթության նախարարությունը, կարողացել այնուամենայնիվ ֆիզարձակուրդ ձևակերպել։

Ամենավատ արձագանքն օտար մարդկանց արձագանքն էր։ Երբ Իրակլիի պատմությունը հրապարակվեց մամուլում, Ֆեյսբուքում բազմաթիվ տհաճ մեկնաբանություններ գրվեցին։

«Ես ցնցված էի այդ մեկնաբանություններից։ Հատկապես վրդովվել էին կանայք։ Գրում էին, որ տղամարդիկ էլ այն չեն, «վերջանում են», ամեն ինչ արժեզրկվում է», – պատմում է Իրակլին։

Իրակլին հաճույքով է հիշում այն ընթացքը, երբ խնամել է Դանիելին։

«Երեխայի համար հոգ տանելով, դաստիարակությանը մասնակցելով ծնողն ինքն էլ է աճում։ Անձի տեսանկյունից։ Ունակություններն են զարգանում։ Ես կյանքում ավելի մեծ հաճույք չեմ ստացել, քան այն, երբ տեսնում էի, թե ինչպես է երեխան մեծանում, և գիտակցում էի, որ ինքս եմ դրան մասնակցել։ Երբ նրանց կյանքին չես մասնակցում, դժբախտ մարդ ես լինում»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում